ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/7039/05/08 |
վարչական գործ թիվ ՎԴ/7039/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում քննելով ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի «ԱՄՖ» լիակատար տնտեսական ընկերակցության հիմնադիր Ֆրունզիկ Գալստյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ «ԱՄՖ» ՍՊԸ-ի՝ «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 40 և 41 համարների տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ֆրունզիկ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել «ԱՄՖ» ՍՊԸ-ի անվամբ 30.09.1999 թվականին ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 40 և 41 համարների տակ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով որպես գործին մասնակից չդարձված անձ վճռաբեկ բողոք է ներկայացրել ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ֆրունզիկ Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը սույն վարչական գործին Ընկերությանը մասնակից չի դարձրել, իսկ այդ գործով ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի մասին բողոքաբեր Ընկերությունը տեղեկացել է 07.11.2009 թվականին, երբ ՀՅՔԴ/0414/04/08 քաղաքացիական գործով Ընկերության ներկայացուցչի՝ 14.08.2009 թվականի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացել է 05.11.2009 թվականի գրությունը, որին կցված էր վիճարկվող վճիռը:
«ԱՄՖ» ՍՊԸ-ն ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռով ճանաչվել է սնանկ և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի որոշմամբ նշված վճիռն օրինական ուժ է ստացել։ Նշված սնանկության գործով պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակում, ի թիվս այլ անձանց, ընդգրկվել է նաև սույն գործով բողոք բերած Ընկերությունը՝ 66.168.919 ՀՀ դրամի պահանջով:
Դատարանի 30.06.2009 թվականի վճռի հետևանքով նվազեցվել է այդ գործով երրորդ անձ ներգրավված «ԱՄՖ» ՍՊԸ-ի ունեցվածքը, մինչդեռ վերջինս ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճռով արդեն իսկ ճանաչված էր սնանկ։ Արդյունքում` Դատարանը, Ընկերությանը գործին մասնակից չդարձնելով, կայացրել է վճիռ, որով շոշափվում են Ընկերության իրավունքները, քանի որ այդ վճիռը բացասաբար է անդրադարձել Ընկերության՝ ՀՅՔԴ/0414/04/08 քաղաքացիական գործի շրջանակներում պարտապան «ԱՄՖ» ՍՊԸ-ի գույքի հաշվին սեփական պահանջների լիարժեք (պատշաճ) բավարարում ստանալու իրավունքի վրա։
Վերոգրյալի հիման վրա Ընկերությունը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Ընկերության իրավունքների և պարտականությունների վերաբերյալ չի կայացվել և չէր էլ կարող կայացվել գործն ըստ էության լուծող դատական ակտ, քանի որ վերջինս այդ դատական ակտի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընկերությունը բողոքում չի նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.12.2008 թվականի որոշմամբ բեկանել և փոփոխել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ 0414/04/08 վճիռը և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ընդունելու պահից սնանկ չի եղել մինչև ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշման կայացման պահը:
Ընկերության 66.168.919 ՀՀ դրամի չափով պահանջի քննությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2009 թվականի որոշմամբ կասեցվել է, քանի որ Ընկերության և «ԱՄՖ» ՍՊԸ-ի միջև առկա է վեճ, և այդ ընկերությունների փոխադարձ պարտքերի հաշվանցումից հետո պարզ կդառնա, որ իրականում Ընկերությունն է պարտք մնում «ԱՄՖ» ՍՊԸ-ին։
Այնուհանդերձ, եթե հիմք ընդունվի բողոքաբերի տրամաբանությունը, ապա կստացվի, որ ցանկացած իրավաբանական անձի վերաբերող քաղաքացիական կամ վարչական գործ քննելիս դատարանը նրա բոլոր պահանջատերերին պետք է ներգրավի որպես դատավարության մասնակից, որովհետև հետագայում, եթե տվյալ իրավաբանական անձը երբևէ անցնի սնանկության փուլ, ինչ-որ անհայտ ժամանակ կայացված ցանկացած դատական ակտ կառնչվի իրավաբանական անձի պահանջատերերի կամ պարտատերերի իրավունքներին և պարտականություններին:
Եվ վերջապես, Դատարանի վճիռը չի կարող ազդել բողոքաբերի իրավունքների վրա, որովհետև ինչպես երևում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2009 թվականի որոշումից, Ընկերության պահանջը գրավով ապահովված առաջնահերթ պահանջ է, իսկ գրավադրված գույքը «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող «Սպորտ» ԲԲԸ-ի 56 տոկոս բաժնետոմսերն են, որոնց արժեքն էլ «ԷՍԿՈ-Կոնցեռն» ՓԲԸ-ի գնահատմամբ կազմում է 200.000.000 ՀՀ դրամ:
Վերոգրյալի հիման վրա Ֆրունզիկ Գալստյանը պահանջել է մերժել Դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ Ընկերության ներկայացրած վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 30.09.1999 թվականի թիվ 0098959 և 0098960 վկայականների համաձայն՝ ք. Հրազդան, Շահումյան փողոցի հասցեում գտնվող 969,23 քմ մակերեսով կիսակառույց սպորտային ակումբի և 2.557,22 քմ մակերեսով կահույքի ֆաբրիկայի նկատմամբ գրանցվել է «ԱՄՖ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը, որի վերաբերյալ գրանցումները կատարված են համապատասխանաբար ՀՀ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 3-1-Ա մատյանի 41 և 40 համարների տակ:
2) ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճռով Ընկերության դիմումը բավարարվել է և «ԱՄՖ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշմամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի վերաքննիչ բողոքը բավարարվել է. մասնակիորեն բեկանվել է ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 վճիռը և այն փոփոխվել է՝ «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը մերժվել է (ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանին կից):
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է. բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, վերլուծելով գործով հաստատված փաստական այն հանգամանքները, որ ««Դրամական պարտավորությունների կարգավորման մասին» 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի չկատարված դրամական պարտավորությունը Նախարարության հանդեպ կազմել է 55.834.617 ՀՀ դրամ, 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրով ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ն երաշխավորել է 11.05.2006 թվականի համաձայնագրով «ԱՄՖ» ՍՊԸ-ի ստանձնած պարտավորության 40.533.200 ՀՀ դրամի չափով կատարումը, ի կատարումն 16.05.2006 թվականի երաշխավորության պայմանագրի Նախարարությունը, փաստաթղթերի հանձնման-ընդունման ակտով ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ին է հանձնել 55.834.617 ՀՀ դրամ պահանջը հաստատող փաստաթղթերը: Տվյալ ակտում ա, բ և գ կետերի 55.834.617 ՀՀ դրամ պահանջի հիմքում դրված են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր», որ «բացի այդ, գործում առկա է Ծառայության «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» 07.08.2008 թվականի որոշումը, որի համաձայն՝ 05.08.2008 թվականի «Սպորտ» ԲԲԸ-ում «ԱՄՖ» ՍՊԸ-ին պատկանող 2.972 հատ հասարակ անվանական բաժնետոմսերը 42.363.957,8 ՀՀ դրամ մեկնարկային գնով հանձնվել է գործով պահանջատեր ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ին, որպես սեփականություն, և 04.08.2008 թվականի դրությամբ «ԱՄՖ» ՍՊԸ-ի պարտքը ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ կազմում է 14.292.117 ՀՀ դրամ», եզրահանգում է արել այն մասին, որ ««ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 ՀՀ դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է» (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործի փաստերից հետևում է, որ սույն վարչական գործի դատաքննության ընթացքում և վճռի կայացման պահին առկա է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշումը, որով Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է. բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի որոշումը և օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին, որպիսի դատական ակտով բավարարվել էր «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը: Միաժամանակ նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը հաստատված է համարել այն հանգամանքները, որ ««ԱՄՖ» ՍՊԸ-ի ընդհանուր դրամական պարտավորությունը «Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի նկատմամբ 55.834.617 ՀՀ դրամից կազմում է 14.292.117 ՀՀ դրամ, տվյալ դրամական պարտավորության հիմքում ընկած են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, ուստի «ԱՄՖ» ՍՊԸ-ի վճարային պարտավորությունն անվիճելի է»։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Ընկերության իրավունքներին և պարտականություններին:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից՝ արգելվում է պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող որևէ քաղաքացիական կամ վարչական գործի վարույթի սկսումը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ՝ պարտապանի մասով: Նույն հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ կարճվում է սնանկության վարույթին առնչվող կամ դրա ընթացքի վրա ազդող պարտապանի համար գույքային պարտավորություն առաջացնող այն քաղաքացիական գործի վարույթը, որտեղ պարտապանը հանդես է գալիս որպես պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ՝ պարտապանի մասով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
Վերը նշված նորմերի վերլուծության և սույն գործի փաստական հանգամանքների համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 17.04.2009 թվականի թիվ ՀՅՔԴ/0414/04/08 որոշման առկայության պայմաններում (որով օրինական ուժ է տրվել ՀՀ հյուսիսային քաղաքացիական դատարանի 21.10.2008 թվականի վճռին, որպիսի դատական ակտով բավարարվել էր «ԱՄՖ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին Ընկերության դիմումը) սույն վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին, քանի որ սույն գործով պատասխանող կողմում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ հանդես է եկել վարչական գործի դատաքննության ընթացքում և վճռի կայացման պահին արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սնանկ ճանաչված «ԱՄՖ» ՍՊԸ-ն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը:
Այսպիսով, Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ և 240-րդ հոդվածների ուժով Դատարանի 30.06.2009 թվականի վճիռը բեկանելու և գործի վարույթը կարճելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և վարչական գործի վարույթը կարճել:
2. Ֆրունզիկ Գալստյանից հօգուտ ««Տոնտոն» ինվեստիցիոն» ՍՊԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ե. Խունդկարյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|