Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.04.26/5(9) Հոդ.431.35
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0512/01/08

ԵԱՔԴ/0078/01/09

 

Նախագահող դատավոր՝ Ա. Հովհաննիսյան

Դատավորներ`

Ա. Դանիելյան, Ե. Դարբինյան


Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

 Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

     

 2009 թ. դեկտեմբերի 18-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով մեղադրողի վճռաբեկ բողոքը Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2009թ. մարտի 8-ին դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 14107509 քրեական գործը:

2. 2009թ. մայիսի 21-ին Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվել է:

2009թ. մայիսի 23-ի որոշմամբ Դ.Հովհաննիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

3. 2009թ. հունիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 15-ի դատավճռով Դ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով:

4. Դ.Հովհաննիսյանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ փոփոխել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 15-ի դատավճիռը: Դ.Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 3 (երեք) տարի 1 (մեկ) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Դ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. սեպտեմբերի 25-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել գործով մեղադրողը:

5. Վճռաբեկ դատարանը 2009թ. դեկտեմբերի 1-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները

6. Դ.Հովհաննիսյանը դատապարտվել է այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ՊՆ 25836 զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 2009թ. մարտի 7-ին՝ ժամը 1700-ի սահմաններում, առանց համապատասխան թույլտվության, ինքնակամ թողել է զորամասը և գնացել Երևան՝ Դավիթաշեն թաղամասի ռեստորաններից մեկում իր ընկեր Էդուարդի ծննդյան տարեդարձը նշելու, որտեղ օգտագործել է ոգելից խմիչք: Ծննդյան արարողությունից վերադառնալիս իր ընկերոջ՝ Հովիկի ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով ժամը 2200-ի սահմաններում Երևանի Վրացական և Մամիկոնյանց փողոցների խաչմերուկի վրա ավտոմեքենայի հեռարձակ լույսերով երթևեկելու պատճառով նա վիճաբանության մեջ է մտել հանդիպակաց ուղղությունից եկող «Ֆրի-Դեյ» տաքսի ծառայության վարորդ Գևորգ Կարապետյանի հետ, որի ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածել է նրա կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին և վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Դրանից հետո Դ.Հովհաննիսյանը դեպքի վայրից դիմել է փախուստի և վերադարձել զորամաս:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքի հեղինակը գտնում է, որ վերաքննիչ դատարանի որոշումը պատժի մասով անհիմն է, քանի որ նրա նկատմամբ նշանակված պատիժը չափազանց մեղմ է, չի համապատասխանում հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանին և բնույթին, նրա անձը բնութագրող տվյալներին, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներին: Դատարանը, ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, անտեսել է մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ Դ.Հովհաննիսյանն առանց համապատասխան թույլտվության ինքնակամ թողել է իր ծառայության վայրը, կրել է դանակ, որը բնութագրում է նրան որպես վտանգավորություն ներկայացնող անձնավորություն: Առաջին ատյանի դատարանը որպես Դ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը, սակայն վերաքննիչ դատարանն անհիմն պատճառաբանությամբ ամբաստանյալի կողմից ալկոհոլի օգտագործումը չի դիտել որպես Դ.Հովհաննիսյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ բողոք բերած անձը գտել է, որ վերաքննիչ դատարանն առանց հիմնավոր պատճառաբանությունների ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով, խախտել է կատարած արարքի և նշանակված պատժի համաչափության վերաբերյալ նյութական իրավունքի (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ հոդվածներ), ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԲ-124/07 որոշման պահանջները, խաթարել պատժի նպատակները, խախտել սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

Ելնելով վերոգրյալից՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. սեպտեմբերի 25-ի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. հուլիսի 15-ի դատավճռին:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը՝ Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Դ.Հովհաննիսյանի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կարո՞ղ էր արդյոք չհամարել նրա արարքը ծանրացնող հանգամանք և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

9. ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները: Սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից: Այն սահմանում է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի, համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար: Սոցիալական արդարության վերականգնումը հնարավոր է, եթե հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակվի այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար:

10. Պատիժ նշանակելու արդարության սկզբունքը դրսևորվում է օրենքով նախատեսված մի շարք պահանջներով: ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատժի տեսակը և չափը որոշվում է հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Պատիժը համարվում է արդարացի, եթե դատարանը ճիշտ է գնահատում գործի բոլոր հանգամանքները, անձին բնութագրող բոլոր տվյալները և քրեական օրենքով նախատեսված պահանջներից ելնելով՝ հանցագործության մեջ մեղավոր անձի նկատմամբ նշանակում է այնպիսի պատիժ, որն անհրաժեշտ է և բավարար այդ անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

11. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Փաստորեն պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց ռեալ (իրական) պատիժ կրելու դատապարտյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Չնայած պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսել, դատարանը պարտավոր է, ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով, հաշվի առնել նաև հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը: Դատարանի կողմից նշանակվող պատժի արդարացիության հիմնական պահանջն այն է, որ պատիժը պետք է համապատասխանի հանցագործության վտանգավորության աստիճանին ու բնույթին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելու համար կարևոր նշանակություն ունեն հանցագործության կատարման հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, մեղքի ձևը, հանցավորի կողմից այդ հանցագործության հանրորեն վտանգավոր հետևանքները նախատեսելու բնույթն ու աստիճանը:

Վերը նշված հարցերի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է նաև ՎԲ-192/07, ՎԲ-50/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08 որոշումներում:

13. ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի համաձայն` պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատարանը, ելնելով հանցագործության բնույթից, կարող է ծանրացնող չհամարել սույն հոդվածի առաջին մասի 14-րդ կետում մատնանշված հանգամանքը:

Գործի նյութերից երևում է, որ առաջին ատյանի դատարանը հանցանքն ալկոհոլ օգտագործած վիճակում կատարելը համարել է պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք:

Վերաքննիչ դատարանը, «հաշվի առնելով ամբաստանյալի անձը և գործի հանգամանքները», Դ.Հովհաննիսյանի կողմից ալկոհոլի օգտագործումը չի դիտել որպես «քրեական պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող պայման»:

14. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված` հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը ոչ թե պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող պայման է, այլ ծանրացնող հանգամանք:

Բանն այն է, որ յուրաքանչյուր կոնկրետ գործով հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դատարանը ծանրացնող հանգամանք պետք է համարի միայն այն դեպքում, երբ ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է հանցանքը կատարելուն նպաստող պայման: Ինչ վերաբերում է պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներին, ապա դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի և բնույթի, հանցավորի անձնավորության մասին և ամեն մի կոնկրետ գործով անհատականացնել պատիժը: Պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների ցանկի վերլուծությունը ցույց է տալիս, որ քննարկվող հանգամանքները վերաբերում են ինչպես հանցագործությանը, այնպես էլ հանցավորի անձնավորությանը կամ բնութագրում են հանցագործությունն ու հանցավորի անձնավորությունը միաժամանակ: Այդ պատճառով էլ պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները պետք է դիտարկել որպես հանցակազմի սահմաններից դուրս հանգամանքներ, որոնք ուղղակի կամ անուղղակի վերաբերում են հանցագործությանը կամ հանցավորի անձնավորությանը, բարձրացնում կամ իջեցնում են հասարակական վտանգավորության աստիճանը և ազդում պատժի վրա:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից երևում է, որ հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը դատարանը կարող է ծանրացնող հանգամանք չհամարել` ելնելով հանցագործության բնույթից: Ուստի այդ հարցը լուծելիս դատարանը պարտավոր է հանգամանորեն պարզել և հաշվի առնել, թե հանցավոր արարքն իր բնույթով կապվա՞ծ է արդյոք հանցանք կատարած անձի` ալկոհոլ օգտագործած լինելու հետ:

16. Հանցագործության` հանրության համար վտանգավոր բնույթն իր մեջ ներառում է ոտնձգության օբյեկտը, մեղքի ձևերը և կատարված հանցագործության ծանրության տեսակը (ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդված): Այդ հատկանիշների համակարգի, դրանց փոխադարձ կապի պարզումը հնարավորություն է տալիս հստակ որոշել հանցավոր արարքի որակական բնութագիրը, ճիշտ որակել արարքը և պայմաններ ստեղծել պատժի անհատականացման համար:

17. Փաստորեն հանցագործության` հանրության համար վտանգավոր բնույթում իր արտացոլումն է գտնում արարքի որակական կողմը և այն իր մեջ չի ներառում կատարվածի կոնկրետ հանգամանքները: Հանցագործության բնույթը կախված չէ նաև հանցավորի անձից:

Սակայն վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, Դ.Հովհաննիսյանի կողմից հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարելը չի համարել պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք` «հաշվի առնելով ամբաստանյալի անձը և գործի հանգամանքները», որոնք կապ չունեն հանցագործության բնույթի հետ:

Փաստորեն վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին, որով թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը չպետք է կիրառվեր:

18. Գործի նյութերով հիմնավորվել է, որ զորամասն ինքնակամ թողած ժամկետային զինծառայող Դ.Հովհաննիսյանն ալկոհոլ օգտագործած վիճակում աննշան առիթով՝ ավտոմեքենայի հեռարձակ լույսերով երթևեկելու պատճառով, վիճաբանության մեջ է մտել տաքսի ծառայության վարորդի հետ, իր մոտ եղած դանակով ուղղակի դիտավորությամբ հարվածել է վերջինիս կենսականորեն կարևոր օրգանին՝ կրծքավանդակի աջ կեսի հետևի մակերեսին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի (տես սույն որոշման 6-րդ կետը):

19. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված արարքը մարդու առողջության դեմ ուղղված հանցագործություններից ամենավտանգավորն է: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն՝ այն դասվում է ծանր հանցագործությունների շարքը: Անձի կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների մեծ մասը կատարվում է ալկոհոլի ազդեցության տակ, ընդ որում, որպես կանոն, այդ վիճակը նպաստում է նման հանցագործությունների կատարմանը: Սույն գործի փաստական տվյալները վկայում են այն մասին, որ ալկոհոլի ազդեցությունը հանդիսացել է Դ.Հովհաննիսյանի կողմից նշված հանցանքը կատարելուն նպաստող պայման:

Այս պայմաններում խոստովանական ցուցմունքներ տալը, բարձրագույն կրթություն ունենալը, նախկինում դատված չլինելը, 2008թ. հուլիսին ամբաստանյալի մոր մահանալը չեն վկայում այն հասարակական վտանգավորության բացակայության մասին, որը բնորոշ է Դ.Հովհաննիսյանի կատարած հանցագործությանը: Դրանք չեն նվազեցնում ամբաստանյալի կատարած արարքի՝ հանրության համար վտագավորության աստիճանը և Դ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու օբյեկտիվ հիմք չեն:

20. Փաստորեն վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով գործի վերը նշված հանգամանքները, պատիժ նշանակելիս Դ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառել, ինչն անարդարացի է ակնհայտ մեղմ լինելու պատճառով, չի համապատասխանում նրա կատարած հանցագործության ծանրությանը և ամբաստանյալի անձին:

21. ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել Դ.Հովհաննիսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործության կանխմանը հասնելու հնարավորության մասին:

22. Վերաքննիչ դատարանը, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Դ.Հովհաննիսյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելով, թույլ է տվել ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի՝ 5-րդ, 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների խախտում, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է և հանգեցրել է նույն օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող անօրինական և չհիմնավորված որոշման կայացմանը:

23. Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են պատժի մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են:

24. Քանի որ գործի նյութերով հերքվում են վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված՝ Դ.Հովհաննիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու մասին փաստարկները, և հաստատվում են պատիժ նշանակելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռի օրինական, հիմնավորված ու պատճառաբանված լինելը, անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի դատական ակտը և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:

25. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դավիթ Ռոբերտի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 25-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հուլիսի 15-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան