Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.02.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.04.23/16(750).1 Հոդ.431.18
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.02.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.02.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ/0234/05/09

վարչական գործ թիվ ՎԴ/0234/05/09

2010թ.

Դատավոր՝ Ա. Միրզոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի փետրվարի 5-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի հայցի ընդդեմ «Արաբկիր համայնքի թիվ 5 մանկապարտեզ նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Հաստատություն) տնօրեն Զվարդ Զաքարյանի՝ 80.000 ՀՀ դրամ տուգանքի գումարի բռնագանձման պահանջի մասին և Հաստատության տնօրեն Զվարդ Զաքարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի` վարչական ակտը վերացնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնը պահանջել է բռնագանձել Զվարդ Զաքարյանից «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1524/61 որոշմամբ սահմանված 80.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Զվարդ Զաքարյանը պահանջել է վերացնել Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1524/61 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1524/61 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջներին:

Մինչդեռ Դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու վերաբերյալ իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված են որոշակի առանձնահատկություններ, որոնցից են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում ընդունված որոշման բովանդակությանը ներկայացվող պահանջները:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի և 92-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի կողմից 16.05.2008 թվականին կազմված թիվ 1799 ստուգման ակտում նկարագրված են արձանագրված խախտումները, այն էական փաստական հանգամանքները, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշումը, իսկ դատաքննությամբ հետազոտված ապացույցներում առկա են դրանց հիմնավորումները: Այսպես, ստուգման ակտում արձանագրված «Խոհանոցում օդի ջերմաստիճանը գերազանցում է թույլատրելի նորմը 3.5 աստիճան ցելսիուսով» խախտման համար հիմք է հանդիսացել Հաստատությունում իրականացված լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքում կազմված 07.05.2008 թվականի մետերոլոգիական չափումների արձանագրությունը: Հաջորդ խախտումը` խմբասենյակում բնական և արհեստական լուսավորվածության վերաբերյալ, հիմնավորվում է 07.05.2008 թվականի լուսավորվածության չափումների արձանագրությամբ, որի համաձայն` բնական լուսավորության գործակիցը 1.5 տոկոսի փոխարեն երկու ավագ խմբերի խմբասենյակում կազմում է 0.5 և 0.3 տոկոս, իսկ արհեստական լուսավորվածությունը` 100 լյուքսի փոխարեն` 60 լյուքս և 50 լյուքս: Սպասքի, գույքի լվացման կարգը պահպանված չլինելու խախտումը հիմնավորվում է 07.05.2008 թվականի մակաբուծական և մանրէաբանական հետազոտության արձանագրություններով, որոնց համաձայն` սեղանի մաքրման շորից, սրբիչ 5-ից, գդալների պահման տարայից, սավանից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Ընդ որում` ծանոթանալով ստուգման ակտին և ստորագրելով այն` արձանագրված խախտումներն ի սկզբանե ընդունել է նաև Հաստատության տնօրենը` նշելով, որ խախտումները հնարավորինս կվերացվեն:

 

3) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 84-րդ հոդվածի 2-րդ մասը, 159-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ Դատարան ներկայացված հակընդդեմ հայցը չի պարունակում դրա համար անհրաժեշտ բովանդակային տարրեր հանդիսացող հայցի էության հակիրճ նկարագրությունը, այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջի իրավական հիմքերը, տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ, այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, հայցադիմումը և կից փաստաթղթերի պատճենները պատասխանողին կամ գործին մասնակցող այլ անձանց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան ստանալը հավաստող փաստաթղթեր և այլն: Այսինքն` Դատարանը վարույթ է ընդունել հայց ներկայացնելու կանոնների խախտմամբ ներկայացված հակընդդեմ հայցն այն դեպքում, երբ այն ենթակա էր վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.08.2009թ. վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 29.04.2008 թվականի թիվ 01046/02 հանձնարարագրի հիման վրա` 06.05.2008 թվականից մինչև 16.05.2008 թվականն ընկած ժամանակահատվածում Հաստատությունում անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում (գ.թ. 15):

2) Ստուգման արդյունքներն արձանագրվել են 16.05.2008 թվականի թիվ 1799 ստուգման ակտում, որի համաձայն` ի թիվս այլ խախտումների, առկա են հետևյալ խախտումները` խոհանոցում օդի ջերմաստիճանը գերազանցում է թույլատրելի նորմը 3.5 աստիճան ցելսիուսով, ավագ 2-րդ խմբում բնական լուսավորության գործակիցը 1.5 տոկոսի փոխարեն խմբասենյակում կազմում է 0.3 և 0.5 տոկոս, իսկ արհեստական լուսավորվածությունը` 100 լյուքսի փոխարեն 60 լյուքս և 50 լյուքս, պահպանված չէ սպասքի, գույքի, խաղալիքների լվացման կարգը, քանի որ Հաստատությունն ապահովված չէ հոսող տաք ջրով, լվացուկների 5 տոկոսում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Ստուգման ակտում որպես նշված խախտումների հիմնավորում հղում է կատարվել լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքներին: Ստուգման ակտը ստորագրել և ստացել է Հաստատության տնօրեն Զվարդ Զաքարյանը (գ.թ. 5-7):

3) Լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքում 07.05.2008 թվականին կազմված մետերոլոգիական գործոնների, լուսավորվածության չափումների, մակաբուծական, մանրէաբանական հետազոտության արձանագրությունների համաձայն` Հաստատության խոհանոցում օդի ջերմաստիճանը 18.5 աստիճան ցելսիուս է, բնական լուսավորության գործակիցը ավագ խմբի խմբասենյակում կազմում է 0.5 և 0.3 տոկոս, արհեստական լուսավորվածությունը` 60 լյուքս և 50 լյուքս, իսկ սեղանի մաքրման շորից, սրբիչ 5-ից, գդալների պահման տարայից, սավանից հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (գ.թ. 77, 76, 79-80):

4) Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի 16.05.2008 թվականի սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին թիվ 1600 արձանագրության համաձայն՝ Հաստատությունը թույլ է տվել ՀՀ առողջապահության նախարարի «Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների) N 2-III-1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանի 2.2, 3.10, 3.12, 7.1, 10.2, 3.13, 6.1, 5.1, 6.3, 5.3, 7.10, 9.3, 9.4, 9.14, 10.1, 11.4 կետերի և 4, 5 և 13 գլուխների պահանջների խախտումներ (գ.թ. 14):

5) Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1534/61 որոշման համաձայն` ուսումնասիրվել են թիվ 1799 ստուգման ակտն ու թիվ 1600 արձագրությունը և որոշվել է Հաստատության տնօրեն Զվարդ Զաքարյանի նկատմամբ նշանակել 80.000 ՀՀ դրամի չափով տուգանք (գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում նշել է, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթն առանձին տեսակի վարչական վարույթ է, որը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով:

Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները:

Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում…, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (տե՛ս, Տեսչության հայցն ընդդեմ Տաթևիկ Մնացականյանի՝ 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ3/0294/05/08 որոշումը):

Դատարանը հակընդդեմ հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1524/61 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին:

Մինչդեռ, սույն գործում առկա Տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի «Տուգանք սահմանելու մասին» 26.05.2008 թվականի թիվ 1524/61 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան: Մասնավորապես, որոշման մեջ նշված են այն ընդունած մարմնի, այդ թվում` պաշտոնատար անձի անվանումը, գործի քննության ժամանակը, գործի քննությամբ հաստատված հանգամանքները, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը.

2) վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

Սույն գործով Դատարանը հայցը մերժելիս և հակընդդեմ հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ 16.05.2008 թվականի թիվ 1799 ստուգման ակտում նկարագրված չեն արձանագրված խախտումները, այն էական փաստական հանգամանքները, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատասխան որոշում: Պարզ չէ, թե ինչ հանգամանքների առկայության հիման վրա է վարչական մարմինը եզրահանգել, որ առկա են արձանագրված խախտումները:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` 16.05.2008 թվականի թիվ 1799 ստուգման ակտում ի թիվս այլ խախտումների, նշվել են հետևյալ խախտումները` խոհանոցում օդի ջերմաստիճանը գերազանցում է թույլատրելի նորմը 3.5 աստիճան ցելսիուսով, ավագ երկու խմբում բնական լուսավորության գործակիցը 1.5 տոկոսի փոխարեն խմբասենյակում կազմում է 0.3 և 0.5 տոկոս, իսկ արհեստական լուսավորվածությունը` 100 լյուքսի փոխարեն 60 լյուքս և 50 լյուքս, պահպանված չէ սպասքի, գույքի, խաղալիքների լվացման կարգը, լվացուկների 5 տոկոսում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Ստուգման ակտում որպես նշված խախտումների հիմնավորում հղում է կատարվել լաբորատոր-գործիքային հետազոտությունների արդյունքներին, մասնավորապես` սույն գործում առկա 07.05.2008 թվականի մետերոլոգիական գործոնների, լուսավորվածության չափումների, մակաբուծական և մանրէաբանական հետազոտության արձանագրություններին:

Սույն գործի փաստերի համադրման և ստուգման ակտի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ակտում նկարագրվել են արձանագրված խախտումները, նշվել են այն իրավական նորմերը, որոնց պահանջները Հաստատության կողմից չեն կատարվել, հղում է կատարվել համապատասխան փաստաթղթերին և այլն: Մինչդեռ, Դատարանը բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման հիման վրա չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես` 16.05.2008 թվականի ստուգման ակտը և 07.05.2008 թվականի մետերոլոգիական գործոնների, լուսավորվածության չափումների, մակաբուծական և մանրէաբանական հետազոտության արձանագրությունները, ինչի արդյունքում հանգել է սխալ հետևության:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում սույն վճռաբեկ բողոքի երրորդ հիմքին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.08.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արաբկիրի տարածքային կենտրոնի հայցը բավարարել՝ «Արաբկիր համայնքի թիվ 5 մանկապարտեզ նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Զվարդ Զաքարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 80.000 (ութսուն հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը: «Արաբկիր համայնքի թիվ 5 մանկապարտեզ նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Զվարդ Զաքարյանի հակընդդեմ հայցը մերժել:

2. «Արաբկիր համայնքի թիվ 5 մանկապարտեզ նախադպրոցական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Զվարդ Զաքարյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան