Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության եվ Ուկրաինայի գլխավոր դատախազության միջեվ համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը և Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, այսուհետ՝ Կողմեր,
- կարևորելով հանցավորության դեմ պայքարում համագործակցության ամրապնդումը,
- հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի վրա,
- ելնելով քրեաիրավական ոլորտի այն միջազգային պայմանագրերի դրույթներից, որոնց մասնակիցն են հանդիսանում Կողմերը,
- ձգտելով բարձրացնել քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու բնագավառում համագործակցության արդյունավետությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն իրենց ընձեռված լիազորությունների սահմաններում կիրականացնեն փոխհամագործակցություն` սույն Համաձայնագրին, ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են Կողմերի պետությունները:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերն իրենց իրավասության սահմաններում պարտավորվում են մյուս Կողմի խնդրանքով կամ սեփական նախաձեռնությամբ ցուցաբերել փոխադարձ օգնություն և համագործակցել հետևյալ հարցերով՝
- դատախազական-քննչական գործունեության նյութերի փոխանակում,
- նյութերի տրամադրում, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործ հարուցելու համար,
- հանցագործությունների և դրանք կատարողների մասին տեղեկությունների, ինչպես նաև հանցավորության վիճակի և միտումների վերաբերյալ տվյալների տրամադրում,
- գործող ազգային օրենսդրության, հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,
- դատախազական-քննչական կադրերի պատրաստում և որակավորման բարձրացում, նրանց գիտական, մեթոդական և տեղեկատվական ապահովում,
- այլ ձևերով, որոնք չեն հակասում նրանց պետությունների ազգային օրենսդրությանը և այն միջազգային պայմանագրերի դրույթներին, որոնց մասնակիցներն են հանդիսանում այդ պետությունները:
Հոդված 3
Սույն Համաձայնագրի նպատակների համար Կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են անմիջականորեն, եթե միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներ են հանդիսանում Կողմերը, այլ կարգ նախատեսված չէ:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում փոխադարձ հաղորդակցությունների ժամանակ Կողմերն օգտագործում են իրենց պետական լեզուն՝ պարտադիր ռուսերեն թարգմանությամբ, կամ ռուսերենը:
Հոդված 5
Համաձայնագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ խնդրանքները և օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցումները կազմվում են գրավոր, ստորագրվում են իրավասու անձի կողմից և ամրագրվում հայցող Կողմի զինանշանային կնիքով:
Անհետաձգելի դեպքերում խնդրանքները և հարցումները կարող են ուղարկվել ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով դրանց հետագա գրավոր հաստատմամբ:
Հոդված 6
Կողմերը կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի աջակցեն իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միմյանց հարցումների կատարմանը` հնարավոր սեղմ ժամկետներում և ամբողջ ծավալով:
Այլ իրավասու մարմինների կողմից հարցումների կատարման դեպքում Կողմերից յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկի դրանց արագ և բազմակողմանի կատարումը կազմակերպելու համար:
Իրավական օգնության վերաբերյալ հարցում ուղարկելու ժամանակ հայցող Կողմը, անհրաժեշտության դեպքում, կարող է մատնանշել այն ժամկետը, որի ավարտից առաջ անհրաժեշտ է ստանալ կատարված հարցման նյութերը, իսկ հայցվող Կողմը միջոցներ է ձեռնարկում հարցման կատարման համար` հաշվի առնելով սահմանված ժամկետը:
Հոդված 7
Սահմանված ժամկետում հարցումը կատարելու անհնարինության դեպքում հայցվող Կողմն այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմին:
Եթե հարցման կատարումը կապված է մեծ թվով քննչական գործողությունների կատարման և զգալի ծավալով փաստաթղթերի ստացման հետ, ապա հայցվող Կողմը հայցող Կողմին է ուղարկում մասնակիորեն կատարված հարցման փաստաթղթերը և նյութերը դրանք ստանալուց անմիջապես հետո:
Հոդված 8
Իրավական օգնության վերաբերյալ հարցումները պատրաստելիս Կողմերը միջոցներ են ձեռնարկում այն անձանց անկետային տվյաների, փաստացի բնակության վայրի մասին տվյալների իսկության ստուգման ուղղությամբ, որոնց հետ անհրաժեշտ է կատարել հայցվող դատավարական գործողությունները, և ապահովում են հայցվող դատավարական գործողությունների ցանկի և բովանդակության հստակ շարադրումը:
Հոդված 9
Եթե հայցող Կողմը հարցեր ունի իրավական օգնության մասին հարցման կազմման վերաբերյալ, ապա մինչև ստորագրված հարցումն ուղարկելը կարող է այդ փաստաթղթի նախագիծը ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով ուղարկել հայցվող Կողմին` դրա ուսումնասիրման և շտկման համար:
Հոդված 10
Հայցող Կողմը հարցմանը կից գրության վրա նշում է քրեական գործի համարը, ինչպես նաև գրանցման համարը, որին այդ հարցման վերաբերյալ հետագա գրագրության ժամանակ պետք է հղում կատարվի:
Հոդված 11
Իրավական օգնության վերաբերյալ հարցման կատարումն ընդունելիս հայցվող Կողմը ֆաքսիմիլային կապի ուղիներով կամ էլեկտրոնային փոստով տեղեկացնում է հայցող Կողմին հարցումը ստանալու ամսաթվի, կատարման համար հարցումը փոխանցելու ամսաթվի և այն մարմնի մասին, որին հանձնարարվել է հարցման կատարումը (անհրաժեշտության դեպքում` կապի մեջ մտնող անձի տվյալների մասին):
Այդպիսի հաղորդագրության մեջ պարտադիր պետք է նշված լինի հայցող Կողմի գրանցման համարը և հայցվող Կողմի գրանցման համարը:
Հոդված 12
Կողմերն իրենց իրավասությունների սահմաններում աջակցություն կցուցաբերեն իրենց պետությունների իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց ժամանմանը իրենց վարույթում գտնվող քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցումներով քննչական գործողությունների կատարմանը մասնակցելու համար:
Համագործակցության գործող պրակտիկայի համաձայն` քննչական գործողություններին մասնակցելու նպատակով ուղևորությունների հետ կապված ծախսերն իր վրա է վերցնում գործուղող Կողմը:
Հոդված 13
Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով, հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում դրա 15-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված բոլոր հարցերը Կողմերը լուծում են բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով՝ հարգանքի և փոխըմբռնման սկզբունքների հիման վրա:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու ոլորտում գործնական որոշումներ փնտրելու Կողմերի ձգտումով, ինչպես նաև սույն Համաձայնագրին բնորոշ գործընկերության ոգով:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից և կնքվում է անորոշ ժամկետով:
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը կդադարի դրա գործողության դադարեցման մասին ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից 30 օր հետո:
Կատարված է Կիև քաղաքում 2008 թ. նոյեմբերի 13-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ուկրաիներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Տարաձայնություններ առաջանալու դեպքում առավելություն կունենա ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2009թ-ի հուլիսի 8-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|