Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.02.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.08.15/39(913)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.02.1992
Ստորագրման ամսաթիվ
14.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական երաշխիքների մասին

 

Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը և Ուկրաինան, այսուհետ` Համագործակցության մասնակից պետություններ,

ելնելով զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական և իրավական պաշտպանության ապահովման համար համաձայնեցված միջոցների ընդունման անհրաժեշտությունից,

հաշվի առնելով Համագործակցության մի պետությունից մյուս պետություն զինվորական ծառայություն անցնելու համար փոխադրվելու կամ պահեստազոր զորացրվելու զինծառայողների իրավունքները,

զինծառայողների համար կյանքի պատշաճ մակարդակի և զինվորական ծառայության պարտականությունների կատարման համար պայմանների, ինչպես նաև այդ միջոցների իրականացման համար իրավական հիմքի ստեղծման նպատակով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Զինծառայողները, զինվորական ծառայությունից զորացրված և Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում բնակվող անձինք, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները օգտվում են նախկին ԽՍՀ Միության օրենքներով և այլ նորմատիվ ակտերով սահմանված իրավունքների և արտոնությունների մակարդակից:

Զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների նշված իրավունքների և արտոնությունների միակողմանի սահմանափակումներ չեն թույլատրվում:

Համագործակցության մասնակից պետություններն իրավունք ունեն միջոցներ ձեռնարկելու զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ուժեղացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Համագործակցության պետություններն իրենց օրենսդրությամբ սահմանում և ապահովում են զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների քաղաքական, սոցիալ-տնտեսական և անձնական իրավունքների ու ազատությունների ամբողջությունը` համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սույն Համաձայնագրի դրույթների, այդ թվում՝ հետևյալ իրավունքները.

պահպանել Համագործակցության մասնակից պետության քաղաքացիությունը, որը նրանք ունեցել են նախքան զինվորական ծառայության անցնելը,

որպես սեփականություն ունենալ իրենց պատկանող գույքը և ըստ իրենց հայեցողության տնօրինել այն,

բնակվել իրենց կողմից զբաղեցված բնակելի շինություններում,

ստանալ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակը: Զինծառայողների կենսաթոշակային ապահովման կարգը սահմանվում է միջկառավարական համաձայնագրերով,

Համագործակցության պետության պետական սահմանը հատելիս, անձնական գույքը անցկացնել առանց տուրքեր, հարկեր և այլ վճարումներ կատարելու, բացառությամբ առարկաների, որոնց արտահանումը (ներմուծումը) արգելված է համապատասխան պետության օրենսդրությամբ,

կրթություն ստանալ Համագործակցության պետության բարձրագույն, միջին և միջին մասնագիտական կրթական հաստատություններում, օգտվել նախադպրոցական մանկական հաստատություններից,

օգտվել բժշկական և սոցիալական ապահովության այլ տեսակներից,

զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո աշխատանքի տեղավորվել պետական մարմիններում, ձեռնարկություններում, հաստատություններում և կազմակերպություններում:

Բացի այդ զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները, իրավունք ունեն ընդունել կեցության պետության քաղաքացիությունը, մշտական բնակվել նրա տարածքում կամ ընտրել բնակության այլ վայր:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Համագործակցության պետությունները, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ովքեր չունեն բնակության վայր կամ բնակության պայմանների բարելավման կարիք ունեն, ապահովում են բնակելի շինություններով` համաձայն կեցության պետության օրենսդրության:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Համագործակցության մասնակից պետությունները պարտավորվում են 1992 թվականին մշակել և ընդունել փոխհամաձայնեցված օրենսդրական ակտեր զինծառայողների, զինվորական ծառայությունից զորացրված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության մասին:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի փետրվարի 14-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվներում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

* Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի փետրվարի 14-ից: