Գլխավոր տեղեկություն
Համար
N 393-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2010-15.09.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2010.05.25/7(11) Հոդ.440
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 393-Ն

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱՐՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և 51-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման հետ կապված ծախսերի փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 21
Երևան

 
 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 393-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՎԱՐՏԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՏՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՍՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կամ oտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատություններ ավարտած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) պատվերով այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն (այդ թվում` ադյունկտուրա կամ օրդինատուրա) ստացած զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում ուսման համար պետության կատարած ծախսերի (այսուհետ՝ ուսման ծախսեր) փոխհատուցման կարգը:

2. Զինծառայողի կողմից ուսման ծախսերը փոխհատուցվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 51-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով զինվորական կոչումից զրկվելու, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման կամ ազատության սահմանափակմամբ այլ պատժի դատապարտվելու կամ պայմանագրի` զինվորական ծառայության անցման պայմանները չկատարելու կամ զինծառայողի պատիվն արատավորող արարք կատարելու պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերում:

3. Փոխհատուցման ենթակա են ուսման համար պետության կատարած հետևյալ ծախսերը`

1) Հայաստանի Հանրապետությունում ռազմաուսումնական հաստատություն ավարտած կամ լիազոր մարմնի պատվերով այլ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած կամ ակադեմիական կրթություն ստացած զինծառայողի համար՝ ուսումնառության ընթացքում զինծառայողին տրված դրամական բավարարումը, սննդի փոխհատուցումը, հանդերձանքի ծախսը, ինչպես նաև մեկ սովորողի հաշվով հաստատության կատարած ծախսերը, իսկ ակադեմիական կրթության դեպքում՝ նաև ուսումնական հաստատությունում վճարովի համակարգի համար սահմանված տարեկան վարձավճարը.

2) oտարերկրյա պետությունում ռազմաուսումնական հաստատություն ավարտած կամ ռազմական երկկողմ համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունում ուսումնառություն անցած կամ լիազոր մարմնի պատվերով ակադեմիական կրթություն ստացած զինծառայողի համար՝

ա. ուսումնառության ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 26-ի N 190-Ն որոշման 1-ին և 3-րդ կետերի համաձայն կատարված, ինչպես նաև մեկ սովորողի հաշվով հաստատության կատարած ծախսերը,

բ. ուսումնառության ընթացքում զինծառայողի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների՝ Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա պետություն մեկնելու կամ օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու տրանսպորտային և ուղեբեռի տեղափոխման, օտարերկրյա պետությունում բնակելի տարածության վարձակալության, ինչպես նաև զինծառայողի անձնագիրն օտարերկրյա պետությունում վավերականության համար կատարված ծախսերը:

Սույն կետում նախատեսված ծախսերը հաշվարկվում են «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի (այսուհետ՝ օրենք) 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ մեկ սովորողի համար կատարվող ծախսերով:

4. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության առաջին 3 տարվա ընթացքում ծառայությունից արձակվելու դեպքում ուսման ծախսերը հաշվարկվում են սույն կարգի 3-րդ կետում սահմանված փաստացի ծախսերի կրկնապատիկի չափով:

5. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նախատեսված փոխհատուցման ենթակա ուսման ծախսերը հետուսումնական պայմանագրային ծառայության յուրաքանչյուր լրիվ ծառայած տարվա համար` ներառյալ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում ակադեմիական կրթություն ստանալու ժամանակահատվածը, նվազեցվում են հաշվարկված ուսման ծախսերի ընդհանուր գումարի 10 տոկոսի չափով:

6. Ռազմաուսումնական կամ այլ բարձրագույն ուսումնական կամ ակադեմիական կրթություն իրականացնող հաստատություն ուսման գործուղվող զինծառայողի, իսկ 18 տարին չլրացած անչափահասի դեպքում՝ նրա ծնողի կամ որդեգրողի, կամ հոգաբարձուի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, որում պարտադիր նշվում են օրենքով և սույն կարգով նախատեսված ժամկետներն ու պայմանները, որոնց դեպքում ուսումնական ծախսերը ենթակա են փոխհատուցման, 18 տարին չլրացած անչափահասի ծնողի կամ որդեգրողի, կամ հոգաբարձուի պարտականությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1068-րդ հոդվածի պահանջների:

7. Օրենքի 51-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում իր ծառայության վայրի զորամասի հրամանատարին (կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին), որում նշվում են զինվորական ծառայությունից հրաժարվելու պատճառը և ուսման ծախսերը փոխհատուցելու պատրաստակամությունը: Լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ գտնվող զինծառայողը զեկուցագիր է ներկայացնում լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարին: Հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու զեկուցագիր ստացած հրամանատարը (պետը) պարտավոր է ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում զեկուցագիրը՝ կից գրությամբ, ուղարկել լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարին, որը փաստաթղթերը կադրային մարմնում մուտք լինելուց հետո ոչ ուշ, քան 15-օրյա ժամկետում պարտավոր է զինծառայողի ծառայությունից արձակումը համաձայնեցնել շահագրգիռ ծառայությունների հետ և ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափը ներկայացնել զինծառայողին: Գումարի չափի հետ միասին ներկայացվում են նաև հիմնավորող հաշվարկները: Զինծառայողին զինվորական ծառայությունից արձակումը համաձայնեցվող և փոխհատուցման ենթակա գումարի չափը հաշվարկող ծառայությունները սահմանվում են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:

8. Սույն կարգի 7-րդ կետում սահմանված ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի վերաբերյալ զինծառայողի կողմից առարկություն չլինելու դեպքում փոխհատուցման ենթակա գումարը 10-օրյա ժամկետում զինծառայողը վճարում է կանխիկ՝ լիազոր մարմնի իրավասու ֆինանսական ծառայություն, կամ փոխանցմամբ՝ լիազոր մարմնի հատուկ հաշվին: Ընդ որում, արտարժույթով կատարված ծախսերը փոխհատուցվում են վճարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ տվյալ արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համարժեք Հայաստանի Հանրապետության դրամով: Ուսման ծախսերի փոխհատուցման ենթակա գումարի չափի հետ համաձայն չլինելու դեպքում զինծառայողը լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարի անունով ներկայացնում է զեկուցագիր, որում նշվում է գումարի չափի վերաբերյալ առարկության հիմնավորումը: Եթե առարկությունը հիմնավոր է, ապա գումարի չափը ենթակա է փոփոխման՝ փաստացի ծախսերի ճշգրիտ հաշվարկմամբ:

9. Լիազոր մարմնի իրավասու ֆինանսական ծառայությունը զինծառայողի կողմից կանխիկ կամ փոխանցումով կատարված վճարման վերաբերյալ փաստաթուղթը վճարման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմնի կադրային ստորաբաժանում, որը դրանք կցելով զինծառայողի ծառայությունից արձակման հրամանի նախագծին ներկայացնում է զինծառայողին ծառայությունից արձակելու իրավասություն ունեցող հրամանատարին (պետին):

10. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելիս` զինծառայողի կողմից ուսման ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու դեպքում՝ ուսման ծախսերի բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի պահանջների համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան