Գլխավոր տեղեկություն
Համար
N 1356-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2010-20.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.04/7(306) Հոդ.1268
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.11.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2008
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 նոյեմբերի 2008 թվականի N 1356-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական կողմի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. նոյեմբերի 26

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2008 թվականի

նոյեմբերի 20-ի N 1356-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջկառավարական համատեղ հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվել է 2002 թվականի ապրիլի 22-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրի հիման վրա:

2. Սույն կանոնադրությամբ սահմանվում են հանձնաժողովի հայկական կողմի նպատակները, գործառույթները, իրավունքները, ձևավորման կարգը և գործունեության կազմակերպումը:

3. Հանձնաժողովի հայկական կողմը հասարակական հիմունքներով գործող մարմին է, որն իր իրավասության սահմաններում կատարում է աշխատանքներ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության oրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հայկական կողմն իրականացնում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև համատեղ հանձնաժողովի ստեղծման մասին» համաձայնագրով նախատեսված և համաձայնագրի իրագործմանն ուղղված հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև բոլոր բնագավառներում հարաբերությունների խրախուսում, մասնավորապես՝ տնտեսական, առևտրային, մշակութային, գիտական, տեխնիկական, տեղեկատվական ոլորտներում.

2) բանակցությունների միջոցով տեղեկատվության և փորձի փոխանակման զարգացում և երկկողմ համագործակցության խրախուսում.

3) Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետությունում հայկական սփյուռքի միջև կապերի ամրապնդում, համագործակցության խթանում և ընդլայնում։

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի հայկական կողմն իր գործառույթների իրականացման համար իրավունք ունի`

1) ընդունելու որոշումներ իր աշխատանքին առնչվող կազմակերպական և ընթացակարգային հարցերի մասին.

2) Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնելու իր գործառույթների իրականացման վերաբերյալ առաջարկություններ.

3) հանձնաժողովի հետ պայմանավորվածության համաձայն ստեղծելու համատեղ` մշտական և ժամանակավոր հիմունքներով գործող աշխատանքային մարմիններ.

4) կազմակերպելու խորհրդակցություններ` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով գործադիր իշխանության մարմինների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպությունների ղեկավարների և փորձագետների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների (կամավորության սկզբունքով) մասնակցությամբ:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ

 

6. Հանձնաժողովը կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության ներկայացրած անդամներից, ովքեր նշանակվում են երկու կողմից` պահպանելով հավասար մակարդակներով ներկայացուցչությունն ապահովելու սկզբունքը:

7. Հանձնաժողովի հայկական կողմը բաղկացած է նախագահից, անդամներից և քարտուղարից:

8. Հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող գործադիր իշխանության և այլ մարմինների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նշանակելով հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և քարտուղարին:

Գործադիր իշխանության և այլ մարմինների ղեկավարները Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին (համանախագահին) և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնում են իրենց ներկայացուցիչների նշանակման և փոփոխության մասին:

(8-րդ կետը խմբ. 04.03.10 N 274-Ն)

9. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահի առաջարկությամբ:

11. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը`

1) հանձնաժողովի համանախագահն է.

2) համակարգում է հանձնաժողովի հայկական կողմի գործողությունների պլանում ներառված միջոցառումների իրականացման աշխատանքները.

3) վարում է հանձնաժողովի հայկական կողմի նիստերը.

4) հանձնաժողովի հայկական կողմի անդամների միջև բաշխում է պարտականությունները և նշանակում պատասխանատուներ` հանձնաժողովի հայկական կողմի գործառույթներից ու խնդիրներից բխող հարցերի պատրաստման համար.

5) իրականացնում է հսկողություն հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման նկատմամբ.

6) (ենթակետն ուժը կորցրել է 04.03.10 N 274-Ն)

7) իրականացնում է այլ գործառույթներ` Հայաստանի Հանրապետության կառավարության և հանձնաժողովի հայկական կողմի որոշումներին համապատասխան:

(11-րդ կետը փոփ. 04.03.10 N 274-Ն)

12. Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն, առանց հատուկ լիազորությունների, բանակցություններ վարելու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքման և այդ պայմանագրի տեքստի փոխհամաձայնեցման շուրջ:

13. Հանձնաժողովի հայկական կողմի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի հայկական կողմի գործունեության կազմակերպման, հանձնաժողովի հանդիպումների համար փաստաթղթերի նախապատրաստման, հանձնաժողովի հայկական կողմի նախագահի` հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարությունների և հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին հետևելու, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական և վարչական հարցեր լուծելու համար:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հաջորդաբար` Հայաստանի Հանրապետությունում և Կատարի Պետությունում` հանձնաժողովի ընդունող կողմի նախագահի նախագահությամբ:

15. Հանձնաժողովի հայկական կողմը նիստեր է գումարում նախապես համաձայնեցված պարբերականությամբ և ժամկետներում` ըստ գործողությունների պլանի:

16. Գործողությունների պլանը մշակվում է յուրաքանչյուր տարվա համար` հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկված անդամների առաջարկությունների հիման վրա: Գործողությունների պլանը ներառում է միջոցառումների իրականացման համար հստակ ժամանակացույցը և սահմանում միջոցառումների կատարման համար պատասխանատուներին: Գործողությունների պլանը հաստատում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:

17. Գործողությունների պլանում ներառվում են այն հարցերը, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովի հայկական կողմի և իր աշխատանքային մարմինների կողմից` նշելով դրանց նախապատրաստման կարգը, քննարկման ժամկետները, ծավալը և նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության կամ հանձնաժողովի հայկական կողմի քննարկմանը ներկայացնելու ժամկետները:

18. Հանձնաժողովի հայկական կողմի նիստը համարվում է իրավազոր` հանձնաժողովի անդամների երկու երրորդի մասնակցության դեպքում:

19. Նիստի oրակարգի յուրաքանչյուր հարցի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի հայկական կողմի նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:

20. Ընդունված որոշումներն ստորագրում է հանձնաժողովի հայկական կողմի նախագահը:

21. Լրացուցիչ հաստատում կամ իրագործման համար ներպետական իրավական ակտի ընդունում պահանջող որոշումներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար` լրացուցիչ հաստատվելուց կամ համապատասխան իրավական ակտ ընդունվելուց հետո:

22. Հանձնաժողովի հայկական կողմի նախագահը տարեկան մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հաշվետվություն հանձնաժողովի գործունեության վերաբերյալ և յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն իրենց ընթացիկ գործունեության մասին:

23. Ընդունված որոշումներն իրագործելու նպատակով հանձնաժողովն իրավունք ունի ստեղծելու ժամանակավոր և մշտական մարմիններ` ենթահանձնաժողովներ, հանձնախմբեր կամ աշխատանքային խմբեր:

24. Հանձնաժողովը որոշում է մշտական և ժամանակավոր մարմինների նպատակները, լիազորությունները և կազմը: Այդ մարմինները միայն հանձնաժողովի կազմից ձևավորվելու դեպքում դրանց ստեղծման և անհատական կազմի հաստատման համար լրացուցիչ ներպետական իրավական ակտի ընդունում չի պահանջվում:

25. Հանձնաժողովի նիստերի և նրա մշտական ու ժամանակավոր մարմինների գործունեության հետ կապված ծախսերը հոգում է ընդունող երկիրը` յուրաքանչյուր կողմի oրենսդրությամբ սահմանված կարգով:

26. Ճանապարհածախսը և հանձնաժողովի հանդիպման ընթացքում մասնակիցների, ինչպես նաև մշտական և ժամանակավոր մարմինների անդամների` ընդունող երկրում գտնվելու հետ կապված ծախսերը հոգում է հանդիպմանը մասնակցելու համար իր ներկայացուցիչներին գործուղող պետության կառավարությունը:

(հավելվածը խմբ., փոփ. 04.03.10 N 274-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 694-Ն 20.05.2022, N 1356-Ն
04.03.2010, N 274-Ն 01.04.2010, N 1356-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան