Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-868
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.31/13(747) Հոդ.327
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 մարտի 2010 թ.

 

1995 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 16.02.2010թ. դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը (այսուհետ` արձանագրություն) ստորագրվել է 1995թ. սեպտեմբերի 29-ին` Մոնրեալում:

Արձանագրության նպատակն է նախատեսել դրույթ այն մասին, որ 1944թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում կնքված` Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի բնագիրը լինի նաև արաբերենով:

Ըստ արձանագրության` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է, մասնավորապես.

- Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի 94-րդ հոդվածի ա) կետի դրույթներին համապատասխան` արձանագրության վավերացմամբ ընդունել կոնվենցիայում առաջարկված հետևյալ փոփոխությունը`

կոնվենցիայի առկա տեքստի եզրափակիչ պարբերությունը փոխարինել հետևյալով`

«Կատարված Չիկագոյում, 1944 թվականի դեկտեմբեր ամսվա յոթերորդ օրը, անգլերենով: Սույն Կոնվենցիայի անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն տեքստերը հավասարապես նույնական են: Այդ տեքստերն ի պահ են հանձնվում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արխիվներ, իսկ դրանց հաստատված պատճեններն այդ կառավարության կողմից փոխանցվում են այն պետությունների կառավարություններ, որոնք կստորագրեն սույն Կոնվենցիան կամ կմիանան դրան: Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Վաշինգտոն քաղաքում:»,

- արձանագրության վավերագիրն ի պահ հանձնել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

19 մարտի 2010 թ.

ՍԴՈ-868