ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ԵՔՐԴ/0502/01/08 |
ԵՔՐԴ/0502/01/08
|
Նախագահող դատավոր՝ Ժ. Հովսեփյան |
Դատավորներ` |
Ռ. Ազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Դ. Ավետիսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
Ե. Դանիելյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Ա. Պողոսյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Կ. Աբրահամյանի |
2009 թվականի դեկտեմբերի 18-ին |
Երևան քաղաքում |
դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ պաշտպան Կ.Քամալյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
1. 2006 թվականի փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 62200906 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 4-րդ մասի և 271-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
2007 թվականի հունիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում հարուցվել է թիվ 62204307 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի և 271-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և միացվել է թիվ 62200906 քրեական գործին:
2007 թվականի սեպտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքում հարուցվել է թիվ 26105507 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
2007 թվականի սեպտեմբերի 7-ին թիվ 26105507 քրեական գործը միացվել է թիվ 62200906 քրեական գործին:
Նախաքննության մարմնի 2007 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Ա.Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նույն օրն Ա.Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
2008 թվականի հունվարի 16-ին թիվ 62200906 քրեական գործից անջատվել է Ա.Գրիգորյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը, որին տրվել է 62204307 համարը:
2008 թվականի մայիսի 7-ին Ա.Գրիգորյանը հայտնաբերվել և արգելանքի է վերցվել:
2008 թվականի հոկտեմբերի 8-ին թիվ 62204307 քրեական գործից 62204307Ա/Մ համարով անջատվել է Ա.Գրիգորյանի վերաբերյալ մասը:
Նույն օրը որոշում է կայացվել Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխելու, լրացնելու և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նոր մեղադրանք առաջադրելու մասին:
2008 թվականի հոկտեմբերի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:
2. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Հարավային քրեական դատարան:
2009 թվականի փետրվարի 5-ին ընդունված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետի կարգով` 2009 թվականի փետրվարի 27-ին Ա.Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ըստ ընդդատության:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճռով Ա.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 6 տարի ժամկետով` մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 10 տարի ժամկետով` անձնական գույքի մեկ երկրորդի բռնագրավմամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 13 տարի ժամկետով` անձնական գույքի մեկ երկրորդի և մաքսանենգության առարկաների բռնագրավմամբ:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
Նախագահող դատավորը չի ստորագրել դատական ակտը՝ ներկայացնելով հատուկ կարծիք:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Գրիգորյանի պաշտպան Կ.Քամալյանը:
Վճռաբեկ դատարանը 2009 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները
5. Ընդհանուր իրավասության և վերաքննիչ դատարանները հաստատված են համարել հետևյալը.
Ա.Գրիգորյանը 2007 թվականի մայիս ամսից մինչև սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվելու ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում իրացնելու ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափի` 1 կիլոգրամ 296,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոց, որն իր վարած «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով, ՀՀ մաքսային հսկողությունից թաքցնելով, Մեղրու մաքսակետով տեղափոխել է Հայաստանի Հանրապետություն և իրացրել է Սյունիքի մարզի բնակիչներ Վահան Սարգսյանին և Դավիթ Գրիգորյանին:
6. Սույն գործով առաջին ատյանի դատարանը, հիմք ընդունելով Վահան Սարգսյանի, Դավիթ Գրիգորյանի, վկաներ Մանուշակ Մինասյանի, Ռուզաննա Ալեքսանյանի ցուցմունքները, դատաքիմիական փորձաքննության թիվ 07-0721, 08-0453 եզրակացությունները, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները, Ա.Գրիգորյանի կողմից Դ.Գալստյանին ապօրինի իրացված և վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված, իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափի` 536,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցը, Ա.Գրիգորյանի անձնագրի զննության արձանագրությունը, իր դատավճռի «Դատարանի իրավական վերլուծությունները» բաժնում նշել է` «Ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի արարքի որակումը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով ճիշտ է. նա կատարել է թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց» (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, էջ 80):
7. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում նշել է` «(…) ներքին համոզմամբ վերաքննիչ քրեական դատարանը նույնպես հանգում է այն հետևության, որ Արմեն Մենտորի Գրիգորյանի կողմից կատարվել են հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով» (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, էջ 127):
8. Ամբաստանյալ Ա.Գրիգորյանը քրեական գործի ողջ քննության ընթացքում ցուցմունք է տվել, որ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ:
ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի հիմքում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները դրել են վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությունը:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
9. Բողոքաբերը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 215-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված հանցանքներն ինչպես նախաքննության մարմնի, այնպես էլ դատարանների կողմից հաստատված չեն:
10. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները մաքսանենգությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ափիոն տեսակի թմրամիջոց ներմուծելու մեջ Ա.Գրիգորյանին մեղավոր են ճանաչել միայն վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությամբ` համաձայն որի` նա բազմիցս հատել է նշված երկրների սահմանները: Այլ ապացույցներ, որոնցով կհաստատվեր, որ Ա.Գրիգորյանն ափիոն տեսակի թմրամիջոցը ներկրել է ԻԻՀ-ից, հնարավոր չի եղել ձեռք բերել, հետևաբար տվյալ հանցանքի կատարման մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության մասին ստորադաս դատարանների հետևությունները հիմնված են ենթադրությունների վրա:
11. Բողոք բերած անձը նշել է նաև, որ դատարանները, հաշվի չառնելով Ա.Գրիգորյանի անձը բնութագրող և նրա պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ, նրա նկատմամբ նշանակել են ակնհայտ խիստ պատիժ:
12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը, Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 215-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել և կարճել գործի վարույթը կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացնել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
13. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.
I. Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության հաստատված լինելը և այդ արարքի համար նշանակված պատժի համաչափությունը.
14. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերը հետևյալն են. առաջին` առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը հաստատվա՞ծ է արդյոք գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ և երկրորդ` այդ արարքի համար պատասխանատվություն նախատեսող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սանկցիայի շրջանակներում Ա.Գրիգորյանի նկատմամբ պատիժ նշանակելիս ստորադաս դատարանները հաշվի առե՞լ են արդյոք նրա անձը բնութագրող և պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները:
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանների կողմից հաստատված է համարվել այն հանգամանքը, որ Ա.Գիրգորյանն ապօրինի իրացրել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց գնահատելով թույլատրելիության, վերաբերելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Ա.Գրիգորյանի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքում հաստատված է, իսկ պաշտպանության կողմի պատճառաբանությունները հերքված են Վահան Սարգսյանի, Դավիթ Գրիգորյանի, վկաներ Մանուշակ Մինասյանի, Ռուզաննա Ալեքսանյանի ցուցմունքներով, դատաքիմիական փորձաքննության թիվ 07-0721, 08-0453 եզրակացություններով, բջջային հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրություններով, Ա.Գրիգորյանի կողմից Դ.Գալստյանին ապօրինի իրացված և վերջինիս մոտ անձնական խուզարկությամբ հայտնաբերված, իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափի` 536,66 գրամ ափիոն տեսակի թմրամիջոցով (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):
16. Անդրադառնալով Ա.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատժի համաչափությանը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կատարված հանցագործության, հանցավորի անձի, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման արդյունքում, պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներին համապատասխան, ստորադաս դատարանների կողմից Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ:
17. Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ ապացուցված է գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, նշված հոդվածի սանկցիայի շրջանակներում ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ, հետևաբար այդ առումներով ստորադաս դատարանների դատական ակտերն օրինական և հիմնավորված են, իսկ պաշտպանի բողոքում առկա փաստարկներն իրենց հաստատումը չեն գտնում քրեական գործի նյութերում:
II. Թմրամիջոցների մաքսանենգության մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորության ապացուցված լինելը.
18. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երրորդ իրավական հարցը հետևյալն է. թմրամիջոցների մաքսանենգության մեջ ամբաստանյալ Ա.Գրիգորյանի մեղավորությունը հաստատվա՞ծ է արդյոք գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
19. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն`
«(…)
3. Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ:
4. Մեղադրանքն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի կամ կասկածյալի (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման` կատարված հանցագործությանը կասկածյալի կամ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու արդյունքում, եթե սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները»:
20. Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Ա.Գրիգորյանը քրեական գործի ողջ քննության ընթացքում տված ցուցմունքներով հայտնել է, որ թմրանյութի մաքսանենգություն չի կատարել:
Դատարաններն ամբաստանյալ Ա.Գրիգորյանի նշված ցուցմունքը որևէ ապացույցով չեն հերքել և ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն` առանձնապես խոշոր չափի թմրամիջոցի մաքսանենգություն, կատարելու մեջ նրան մեղավոր են ճանաչել` մեղադրանքի հիմքում դնելով միայն վերջինիս անձնագիրը զննելու մասին արձանագրությունը, համաձայն որի` Ա.Գրիգորյանը մեղադրանքում նշված ժամանակահատվածում բազմիցս հատել է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
Վերոշարադրյալից երևում է, որ Հայաստան-Իրան և հակառակ ուղղությամբ սահմանները հատելու վերաբերյալ անձնագրում առկա գրառումներից բացի քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց, որը կվկայեր, որ Ա.Գրիգորյանը Վ.Սարգսյանին և Դ.Գրիգորյանին իրացրած առանձնապես խոշոր չափի ափիոն տեսակի թմրամիջոցը ձեռք է բերել Իրանի Իսլամական Հանրապետությունում և մաքսային հսկողությունից թաքցնելով` ապօրինաբար ներկրել Հայաստանի Հանրապետություն: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանգամանքը, առանց այլ հավաստի ապացույցների բավարար ամբողջության, չի կարող վկայել այն մասին, որ Ա.Գրիգորյանը կատարել է թմրանյութի մաքսանենգություն:
21. Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների մաքսանենգություն, այսինքն` ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք գործելու մեջ Ա.Գրիգորյանի մեղավորության մասին ինչպես ընդհանուր իրավասության դատարանի, այնպես էլ վերաքննիչ դատարանի հետևությունները (տե՛ս սույն որոշման 6-րդ և 7-րդ կետերը) հիմնված են ենթադրությունների վրա և հաստատված չեն գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների բավարար ամբողջությամբ:
22. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները, Ա.Գրիգորյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված քրեական դատավարության սկզբունքի` անմեղության կանխավարկածի խախտում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի խախտում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն`
«1. Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: (…):
3. Դատավճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե`
1) գործով վարույթի կարճման կամ քրեական հետապնդման դադարեցման համար հիմքերի առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը չի կարճել վարույթը կամ չի դադարեցրել հետապնդումը: (…)»:
Ուստի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն, սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով պետք է բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել ու Ա.Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունը հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հաստատելու, այն ենթադրությունների վրա հիմնված լինելու անթույլատրելիության և չփարատված բոլոր կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու իրավական հարցերի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արմեն Մենտորի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի ապրիլի 6-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել, այդ մասով գործի վարույթը կարճել ու քրեական հետապնդումը դադարեցնել` կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:
2. Արմեն Մենտորի Գրիգորյանի նկատմամբ ստորադաս դատարանների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 10 տարի ժամկետով ազատազրկումը, ինչպես նաև դատական ակտերի մնացած մասերը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Դ. Ավետիսյան |
Դատավորներ` |
|
Հ. Ասատրյան |
Ե. Դանիելյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|