ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ |
Վարչական գործ թիվ ՎԴ/5980/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5980/05/08 |
2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ռ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Ռոբերտ Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Հովհաննես Պողոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Էրեբունի» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր), երրորդ անձ Ռոբերտ Մկրտչյանի՝ Կադաստրի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Հովհաննես Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 200 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մնացական Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ 04.07.1997 թվականին արված գրառումը, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով վերացնել այն հետևանքները, որոնք առաջացել են Կադաստրի կողմից 04.07.1997 թվականի գրառումը կատարելուց հետո:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է մասնակի անվավեր ճանաչել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 200 հասցեի անշարժ գույքի նկատմամբ Մնացական Մկրտչյանի սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ 04.07.1997 թվականին արված գրառումը` Հովհաննես Պողոսյանին պատկանող 13,64քմ սենյակի մասով, իսկ հողամասի վերաբերյալ` 1/2 մասով: Մնացած մասով հայցը մերժվել է: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով ներկայացված հետևանքները վերացնելու պահանջի մասով գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մկրտչյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հովհաննես Պողոսյանը և Կադաստրը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ, 65-րդ հոդվածները և 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածը, 279-րդ հոդվածի 1-ին մասը, 280-րդ հոդվածի 1-ին մասը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 21-րդ և 24-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանի կողմից պատշաճ չի գնահատվել այն փաստը, որ Անուշ Հովհաննիսյանի անվամբ գրանցված անշարժ գույքը 1978-1982 թվականների դրությամբ փաստացի գոյություն չի ունեցել: Նշվածը հիմնավորվել է ՀՍՍՀ Երևանի քաղխորհրդի գործկոմի Լենինյան շրջանի գործկոմի 19.10.1978 թվականի թիվ 27 արձանագրությամբ: Նշված որոշման հիման վրա Անուշ Հովհաննիսյանը հաշվառվել է Լենինյանի շրջխորհրդի գործկոմի բնակարանի կարիքավորների ցուցակում: Այն փաստը, որ Անուշ Հովհաննիսյանի գույքը գոյություն չի ունեցել, ապացուցվել է նաև Արշակունյաց պողոտայի 200 հասցեի հարևանների գրավոր և բանավոր վկայություններով: Հետևաբար, գոյություն չունեցող գույքի նկատմամբ իրավունքի գրանցում չէր կարող կատարվել:
Մնացական Մկրտչյանին 04.07.1997 թվականին տրված վիճելի սեփականության իրավունքի գրանցման վկայականում 13,64քմ մակերեսով սենյակը փաստացի չի գույքագրվել,այլ ընդամենը նշվել է, որ այն քանդված է:
Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ 1968 թվականից մինչև 1991 թվականի դրությամբ հողը պետական սեփականություն էր, քաղաքացիաիրավական հարաբերություններում գործարքների օբյեկտ չէր, հետևաբար Անուշ Հովհաննիսյանը այն չէր կարող կտակել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 14.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել։
2.1. Հովհաննես Պողոսյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Դատարանի 14.04.2009 թվականի վճռով նյութական և դատավարական իրավունքի նորմերը չեն խախտվել: Վճիռը բխում է ՀՀ օրենսդրության, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, 1991 թվականի հունվարի 29-ի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի, «Անշարժ գույքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի պահանջներից:
2.2. Կադաստրի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքի պատասխանում Կադաստրը նշել է, որ Դատարանը վճիռը կայացրել է նյութական և դատավարական նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա, և վճռաբեկ բողոքին առարկություններ չի ներկայացրել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 29.03.1965 թվականի Երքաղսովետի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի 42 տոմարի 565 գույքային թերթի համաձայն` Երևանի Արշակունյաց (Օրջոնիկիձեի) փողոցի 200 տունը, որը բաղկացած է եղել 17,6քմ, 13,6քմ բնակելի սենյակներից, 7,9քմ միջանքից և գտնվել է 200քմ հողամասի վրա, պատկանել է Անուշ Հովհաննիսյանին (գ.թ.7):
2) 18.09.1968 թվականի թիվ 9732 կտակով Անուշ Հովհաննիսյանը Երևանի Արշակունյաց (Օրջոնիկիձեի) փողոցի 200 հասցեի անշարժ գույքն ամբողջությամբ կտակել է Հովհաննես Պողոսյանին: Անուշ Հովհաննիսյանը մահացել է 15.03.1982 թվականին: Ըստ կտակի ժառանգության իրավունքի 17.09.1982 թվականի վկայագրի Հովհաննես Պողոսյանը ընդունել է ժառանգությունը (գ.թ. 15, 17):
3) Երքաղսովետի գործկոմի հաշվետեխնիկական բյուրոյի 42 տոմարի 565 գույքային թերթի «Հետագա նշումներ և գրանցումներ» բաժնում արձանագրվել է «Համաձայն Երևան քաղաքի 1-ին պետ. նոտարի 17.09.1982թ. թիվ 1335 ժառանգական վկայականի ըստ կտակի Ա. Մ. Հովհաննիսյանի մահից հետո նրա գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում Հովհաննես Ստեփանի Պողոսյանը, ժառանգաբար անցնող գույքը բաղկացած է 17,6քմ, 13,6քմ բնակելի մակերեսներից, 7,9քմ միջանցքից» (գ.թ.7):
4) Սույն գործում առկա 22.09.1982 թվականի հատակագծի համաձայն՝ (Օրջոնիկիձեի) փողոցի 200 հասցեի անշարժ գույքը պատկանում է Հովհաննես Պողոսյանին (գ.թ. 8, 16):
5) Երևանի Շենգավիթ շրջանի ժողդատարանի` 05.04.1996 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով վավեր է ճանաչվել 08.05.1965 թվականին Անուշ Հովհաննիսյանի և Մնացական Մկրտչյանի միջև կնքված նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագիրը, որով Ռոբերտ Մկրտչյանի հայրը՝ Մնացական Մկրտչյանը, Հովհաննես Պողոսյանի տատից` Անուշ Հովհաննիսյանից, 1.000 ռուբլիով գնել է Երևանի Արշակունյաց փողոցի 200 տան 18քմ մակերեսով սենյակը՝ ընդհանուր միջանցքով: Նշված վճռի հիման վրա վրա 04.07.1997 թվականին գրանցվել է Մնացական Մկրտչյանի սեփականության իրավունքը 17,6քմ մակերեսով բնակելի սենյակի նկատմամբ և 7,9 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ որպես ընդհանուր, իսկ 13,6քմ մակերեսով բնակելի սենյակը հաշվառվել է որպես քանդված (գ.թ. 21, 29):
6) Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 1978 թվականի 19/10 թիվ 27 արձանագրությամբ նշվել է. «քաղաքացուհի Անուշ Հովհաննիսյանը ներկա դրությամբ օգտագործում է մեկ բնակելի սենյակ 13, 64 քմ բնակելի մակերես առանց որևէ օժանդակ և կոմունալ հարմարությունների: Անուշ Հովհաննիսյանը հնարավորություն չի ունեցել իր սենյակը վերանորոգելու, որի պատճառով սենյակի պատերը քայքայվել են ու կորցրել իրենց տեսքը, ծածկը մասամբ փուլ է եկել և տունը դարձել բնակության համար ոչ պիտանի»: Տվյալ արձանագրությամբ միաժամանակ որոշվել է հաստատել Շրջսովետի գործկոմի դեպուտատական բնակարանային հանձնաժողովի 29/9-78 թվականի նիստի որոշումը և քաղ. Անուշ Հովհաննիսյանին /մեկ անձ/, որպես բնակարանային տան բնակչի և ծերության թոշակառուի վերցնել քաղ. ֆոնդում բնակ. հաշվառման(գ.թ. 12):
7) Մնացական Մկրտչյանը մահացել է 11.11.1999 թվականին (կադաստրային գործ, գ.թ. 42):
8) 08.05.2001 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի` Սվետլաննա Հակոբյանը, Ռոբերտ և Նունե Մկրտչյանները ժառանգել են Մնացական Մկրտչյանի գույքը, որը բաղկացած է եղել Երևանի Արշակունյաց փողոցի 200 բնակելի տնից և հողից, որի պատկանելիությունը ժառանգատուին հաստատվել է Կադաստրի կողմից 17.05.2001թ. տրված 1597-0657 տեղեկանքով և բաղկացած է 25,5քմ ընդհանուր մակերեսով տնից և 500քմ մակերեսով հողամասից (կադաստրային գործ, գ.թ. 47):
9) 08.05.2001 թվականի թիվ 1-1682 ժառանգության իրավունքի վկայագրի և ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման հիման վրա գրանցվել են Սվետլաննա Հակոբյանի, Ռոբերտ և Նունե Մկրտչյանների իրավունքները, յուրաքանչյուրը 1/3 մասով և 29.06.2001 տրվել է թիվ 401709 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (գ.թ. 30-31):
10) 19.07.2001 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրով Սվետլաննա Հակոբյանը և Նունե Մկրտչյանը Երևանի Արշակունյաց փողոցի 200 բնակելի տան և հողի` իրենց պատկանող մասերը նվիրել են Ռոբերտ Մկրտչյանին (կադաստրային գործ, գ.թ. 47):
11) 19.07.2001 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի, ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման, ինչպես նաև 08.05.2001 թվականի թիվ 1-1682 ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա գրանցվել է Ռոբերտ Մկրտչյանի իրավունքը, և 17.08.2005 թվականին տրվել է թիվ 1510017 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (գ.թ. 18-20):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 530-րդ հոդվածի համաձայն` ժառանգումն իրականացվում է ըստ օրենքի և ըստ կտակի:
Ժառանգումն ըստ օրենքի տեղի է ունենում, երբ և որքանով այն չի փոփոխվել կտակով: Եթե ժառանգներ չկան ոչ ըստ օրենքի, ոչ ըստ կտակի, կամ ժառանգներից ոչ մեկը չի ընդունել ժառանգությունը, կամ կտակարարը բոլոր ժառանգներին զրկել է ժառանգությունից, ապա մեռածի գույքը ժառանգման իրավունքով անցնում է պետությանը:
Իրավահարաբերության ծագման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 537-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր քաղաքացի իր ամբողջ գույքը կամ նրա մի մասը (չբացառելով սովորական տնային կահավորանքի ու գործածության առարկաները) կարող է կտակով թողնել ինչպես ըստ օրենքի ժառանգների թվի մեջ մտնող, այնպես էլ դրանց թվի մեջ չմտնող մեկ կամ մի քանի անձանց, ինչպես նաև պետությանը կամ պետական, կոոպերատիվ և մյուս հասարակական առանձին կազմակերպությունների:
Նույն օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն: Չի թույլատրվում ժառանգության ընդունումը պայմանով կամ վերապահումներով:
Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:
Այս հոդվածում նշված գործողությունները պետք է կատարվեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
Նույն օրենսգրքի 531-րդ հոդվածի համաձայն` ժառանգության բացման ժամանակ է համարվում ժառանգատուի մահվան օրը, իսկ նրան մեռած հայտարարելու դեպքում` նույն օրենսգրքի 21-րդ հոդվածում նշված օրը:
Սույն գործով Դատարանը հաստատված համարելով, որ Հովհաննես Պողոսյանը ընդունել է Անուշ Հովհաննիսյանի ժառանգությունը, մասնավորապես 13,64 քմ սենյակը, հանգել է այն հետևության, որ Հովհաննես Պողոսյանը լինելով 13,64 քմ սենյակի սեփականատերը 29.01.1991 թվականի ՀՀ հողային օրենսգքրի ուժով նաև Երևանի Արշակունյաց (նախկին Օրջոնիկիձեի) փողոցի 200 հասցեում գտնվող 200 քմ մակերես ունեցող հողամասի 1/2 մասի սեփականատերն է:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Արշակունյաց (նախկին Օրջոնիկիձեի) փողոցի 200 հասցեում գտնվող 200 քմ մակերեսով հողամասի վրա գտնվող 17,6քմ, 13,64քմ բնակելի սենյակները, 7,9քմ միջանցքը պատկանել է Անուշ Հովհաննիսյանին, Երևանի Շենգավիթ շրջանի ժողդատարանի 05.04.1996 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Անուշ Հովհաննիսյանը դեռևս 1965 թվականի նոտարական վավերացում չստացած առուվաճառքի պայմանագրով 17,6քմ և 7,9քմ միջանցքը վաճառել է Մնացական Մկրտյանին, նշված վճռի հիման վրա վրա 04.07.1997 թվականին գրանցվել է Մնացական Մկրտչյանի սեփականության իրավունքը 17,6քմ մակերեսով բնակելի սենյակի նկատմամբ և 7,9 քմ մակերեսով միջանցքի նկատմամբ որպես ընդհանուր, իսկ 13,64 քմ մակերեսով բնակելի սենյակը հաշվառվել է որպես քանդված: 18.09.1968 թվականի թիվ 9732 կտակով Անուշ Հովհաննիսյանն իր անշարժ գույքն ամբողջությամբ կտակել է Հովհաննես Պողոսյանին, Անուշ Հովհաննիսյանը մահացել է 15.03.1982 թվականին, Հովհաննես Պողոսյանը 17.09.1982 թվականի ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի ընդունել է ժառանգությունը:
Բացի այդ, սույն գործում առկա է նաև Հայկական ՍՍՀ ժողովրդական դեպուտատների Երևան քաղաքի Լենինյան շրջսովետի գործադիր կոմիտեի 1978 թվականի 19/10 թիվ 27 արձանագրությունը, որով հաստատվել է, որ այդ պահին Անուշ Հովհաննիսյանի կողմից օգտագործվող 13,64 քմ բնակելի մակերես ունեցող մեկ բնակելի սենյակը չունի որևէ օժանդակ և կոմունալ հարմարություններ, ավելին Անուշ Հովհաննիսյանը հնարավորություն չի ունեցել իր սենյակը վերանորոգելու, որի պատճառով սենյակի պատերը քայքայվել են ու կորցրել իրենց տեսքը, ծածկը մասամբ փուլ է եկել և տունը դարձել բնակության համար ոչ պիտանի: Տվյալ արձանագրությամբ միաժամանակ որոշվել է Անուշ Հովհաննիսյանին (մեկ անձ), որպես բնակարանային տան բնակչի և ծերության թոշակառուի վերցնել քաղ. ֆոնդում բնակ. հաշվառման:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշնակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը, դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե (,,ex officio,,):
Վճռաբեկ դատարան իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգքրի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունք է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչության ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի ժառանգության բացման ժամանակ՝ 15.03.1982 թվականին, Անուշ Հովհաննիսյանին պատկանող 13,64 քմ մակերեսով սենյակը, որպես ժառանգության զանգված գոյություն ունենալու փաստը:
Մինչդեռ, սույն գործով Դատարանը չպարզելով ժառանգության բացման ժամանակ վեճի առարկա 13,64 քմ մակերեսով սենյակի առկայության փաստը, միայն հիմք ընդունելով Հովհաննես Պողոսյանի կողմից ժառանգության ընդունելու փաստը, բավարարել է հայցապահանջը:
Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել, որ Հովհաննես Պողոսյանը լինելով վիճելի 13,64 քմ սենյակի սեփականատերը 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի ուժով նաև Երևանի Արշակունյաց (նախկին Օրջոնիկիձեի) փողոցի 200 հասցեում գտնվող հողամասի սեփականատերն է:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է օրենքի ուժող հողի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածին, նշել է, որ նշված հոդվածի ուժով հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու համար էական նշանակություն ունի այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու անձի կողմից հողամասը փաստացի առանձնացված լինելու հանգամանքը և այն տիրապետելու փաստը (տես՝ Յուրիկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արամ, Կարինե, Հրաչուհի, Կարեն Պողոսյանների, Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 24.07.2009 թվականի թիվ ԱՎԴ1/0090/02/08որոշումը):
Մինչդեռ, սույն վարչական գործով Դատարանը հաստատված համարելով, որ 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով հողամասի 1/2 նկատմամբ սեփականատեր է նաև Հովհաննես Պողոսյանը, չի պարզել 1991 թվականի դրությամբ տվյալ հողամասը փաստացի առանձնացված լինելու և այն տիրապետելու հանգամանքը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճռի` հայցը բավարարելու մասը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.04.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |