Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.12.30/10(18)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
15.04.2007
Ստորագրման ամսաթիվ
15.04.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2008

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև` հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

արտահայտելով երկու Պետությունների միջև բարեկամության ու համագործակցության կանոնակարգմանն ու բարելավմանն ուղղված իրենց պատրաստակամությունը,

ընդունելով ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցավորության և թմրադեղերի ու հոգեներգործուն նյութերի միջազգային ապօրինի շրջանառության տարածման սպառնալիքը,

հաշվի առնելով սույն Համաձայնագրին առնչվող միջազգային այն պայմանագրերը, որոնց մասնակից են իրենց պետությունները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Կողմերը, հիմք ընդունելով սույն Համաձայնագիրը և իրենց ազգային օրենսդրությանը, կիրականացնեն համագործակցություն հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի ոլորտում:

 

2. Սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունը մասնավորապես ներառում է.

ա) տեղեկատվության փոխանակում ահաբեկչական խմբերի և կազմակերպությունների, նրանց փոխհարաբերությունների, ղեկավար անձանց, անդամների, ընդհատակյա կազմակերպչական կառույցների, դրանց արտաքին դրսևորումների, գտնվելու վայրի, ֆինանսական միջոցների, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող զենքերի վերաբերյալ,

բ) հանցագործություն կատարած, քննությունից կամ դատավճռի կատարումից խուսափող, ինչպես նաև անհայտ կորած անձանց հետախուզում,

գ) տեղեկատվության փոխանակում ահաբեկչության դեմ պայքարող կառույցների կողմից օգտագործվող զանազան մեթոդների, միջոցների և տեխնիկայի վերաբերյալ,

դ) գիտական ու տեխնոլոգիական փորձի փոխանակում օդային և երկաթուղային փոխադրումների պաշտպանության և անվտանգության ոլորտում` օդանավակայանների և երկաթուղային կայարանների, արդյունաբերական շինությունների և էներգիա մատակարարող շենքերի, ինչպես նաև ահաբեկչության պոտենցիալ թիրախ հանդիսացող այլ տեղակայանքների անվտանգության ապահովման և պաշտպանության միջոցների արդիականացման նպատակով:

 

Հոդված 2

 

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարում Կողմերը պետք է իրենց ազգային օրենսդրությանը և սույն Համաձայնագրին համապատասխան.

1. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի, դրանց ղեկավարների, անդամների, կառուցվածքի, գործունեության և փոխհարաբերությունների մասին:

 

2. Փոխանակեն տեղեկատվություն և փորձ կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ներգրավված կառույցների կողմից կիրառվող ժամանակակից մեթոդների և տեխնիկայի մասին:

 

3. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ, ինչպես նաև իրականացնեն համատեղ միջոցառումներ կազմակերպված հանցավորության դեմ պայքարն ապահովելու նպատակով. հիշյալ աշխատանքները կիրականացվեն մասնավորապես հետևյալ ոլորտներում.

ա) զենքերի, զինամթերքի, ինչպես նաև բոլոր տեսակի պայթուցիկների մաքսանենգ փոխադրում և ապօրինի վաճառք,

բ) կորած կամ գողացված ճանապարհատրանսպորտային միջոցներ (բոլոր տեսակի),

գ) մշակութային և պատմական արժեք ներկայացնող առարկաների, թանկարժեք քարերի և մետաղների մաքսանենգ փոխադրում,

դ) ինքնությունը հաստատող փաստաթղթերի ցանկացած տեսակի կեղծում,

ե) արժեթղթերի, թղթադրամների, վարկային քարտերի և այլ արժեքավոր իրերի կեղծում և դրամանենգություն,

զ) անօրինական միգրացիա, մարդկանց առևտուր, մարդկային օրգանների անօրինական վաճառք,

է) ահաբեկչություն:

 

Հոդված 3

 

Համաձայն 1961թ. ընդունված և 1975թ. մարտի 25-ի Արձանագրությամբ լրամշակված Թմրամիջոցների մասին միակ Կոնվենցիայի և 1998թ. դեկտեմբերի 20-ին ընդունված Թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի Կոնվենցիայի` Կողմերը պետք է.

1. Իրականացնեն տեղեկատվության և փորձի փոխանակում և ցուցաբերեն աջակցություն թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի արտադրության, դրանց միջազգային ապօրինի շրջանառության, ձեռք բերելու և տարածելու նպատակով կիրառվող, ինչպես նաև դրա դեմ պայքարին ուղղված նոր մեթոդների վերաբերյալ:

2. Փոխանակեն տեղեկատվություն և տվյալներ թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի արտադրությամբ և առևտրով զբաղվող անձանց, դրանք թաքստոցների, հիշյալ անձանց կողմից օգտագործվող փոխադրամիջոցների և աշխատանքային մեթոդների, հոգեներգործուն նյութերի սկզբնաղբյուր և նպատակակետ հանդիսացող վայրերի, ինչպես նաև միջազգային տնտեսական գործունեության այնպիսի ապօրինի ձևերի մասին, ինչպիսիք են փողերի լվացումը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացումը և այդ հանցագործությունների վերաբերյալ ցանկացած այլ մանրամասներ:

3. Ձեռնարկեն համակարգված ոստիկանական միջոցառումներ, այդ թվում` առաքման վերահսկում` ապօրինի թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառությունը կանխարգելելու նպատակով:

4. Փոխանակեն տեղեկատվություն հանցագործության վիճակի և թմրանյութերի ապօրինի շրջանառության ոլորտում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքների մասին:

5. Փոխանակեն տեղեկատվություն թմրադեղերի շրջանառության վերահսկման ոլորտում իրենց օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կանոնակարգերի մասին:

 

Հոդված 4

 

Վերոհիշյալ հանցագործությունների կամ Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված այլ հանցագործությունների կատարման համար հետախուզվող կամ քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հայտնաբերման, ձերբակալման, քրեական պատասխանատվության ենթարկելու, որոնման և ազատազրկման ընթացակարգերն իրականացնելիս Կողմերը պետք է հաստատեն համագործակցություն և փոխգործակցություն:

 

Հոդված 5

 

Ահաբեկչական գործողությունների և կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի կանխարգելման նպատակով Կողմերը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ և արդյունավետ միջոցառումներ, ինչպես նաև թույլ չտան, որ իրենց տարածքներն օգտագործվեն հիշյալ հանցագործությունների ծրագրման, կազմակերպման կամ իրականացման համար, այդ թվում` կանխարգելեն ահաբեկիչ կամ հանցավոր տարրերի` խմբակային կամ անհատական կարգով իրենց երկրում մնալը, այդ խմբերին չտրամադրեն ֆինանսական աջակցություն, նրանց չընձեռեն ֆիզիկական կամ ռազմական ուսուցում ստանալու հնարավորություն:

 

Հոդված 6

 

Հանցավորության, հատկապես ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի ապօրինի առևտրի դեմ պայքարում Կողմերը պետք է համագործակցեն հետևալ եղանակով.

1. Իրականացնեն տեղեկատվության փոխանակում քրեական տեխնոլոգիաների օգտագործման, ինչպես նաև փոխադարձ քրեական հետազոտության մեթոդների և միջոցների վերաբերյալ:

2. Փոխանակեն տեղեկագրեր, հրապարակումներ և սույն Համաձայնագրում ներառված ոլորտների վերաբերյալ գիտահետազոտական աշխատանքների արդյունքներ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջոցառումների կազմակերպման և իրականացման համար:

3. Իրականացնեն մեթոդների և ծառայող անձնակազմի փոխանակում, ինչպես նաև աջակցեն միմյանց` իրենց անվտանգության և ոստիկանության անձնակազմի վերապատրաստման գործում:

4. Տրամադրեն փոխադարձ օգնություն գիտական և տեխնիկական զարգացման, ոստիկանական մեթոդների և սպառազինության վերաբերյալ:

5. Փոխանակեն տեղեկատվություն իրենց տարածքներում հանցավորության վիճակի մասին:

6. Իրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օպերատիվ տեղեկատվության փոխանակում յուրաքանչյուր երկրում գործող ահաբեկչական կամ այլ հանցախմբերի, ինչպես նաև խմբավորումների միջև եղած կապերի մասին:

7. Շարունակաբար և փոխադարձ հիմքերով իրականացնեն ահաբեկչության ներկայիս սպառնալիքների, թմրադեղերի և հոգեներգործուն նյութերի անօրինական շրջանառության և կազմակերպված հանցագործության մասին տեղեկատվության, ինչպես նաև դրանց դեմ պայքարելու նպատակով ստեղծված տեխնիկայի և կազմակերպչական միջոցների վերաբերյալ տվյալների նորացում:

 

Հոդված 7

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվել համագործակցությունից, եթե դրանով վտանգվում են իր ազգային ինքնիշխանությունը կամ ազգային շահերը, կամ եթե դա հակասում է իր ազգային օրենսդրությանը: Համագործակցության մերժումը պետք է մյուս Կողմին ներկայացվի գրավոր` առանց ուշացման:

2. Սույն Համաձայնագիրն իրականացվում է համաձայն յուրաքանչյուր Կողմի ազգային օրենսդրության:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի կատարման համար իրավասու մարմիններ են հանդիսանում.

ա) հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը,

բ) եգիպտական կողմից` Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներքին գործերի նախարարությունը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի կատարմանն ուղղված խնդիրների ու ռազմավարությունների ճշգրտման և համատեղ գործողությունների քննարկման նպատակով Կողմերը կարող են կազմակերպել հանդիպումներ սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված մարմինների ղեկավարների, ինչպես նաև նրանց տեղակալների միջև: Հանդիպումների վայրը և օրը կընտրվի Կողմերի փոխադարձ համաձայնությամբ: Հանդիպումների ֆինանսական ծախսերը կհոգա հյուր ընդունող Կողմը: Ճանապարհածախսը կհոգա ուղարկող Կողմը:

 

Հոդված 10

 

Կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է երաշխավորել մյուս Կողմի տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և այն չփոխանցել երրորդ պետության, եթե տեղեկատվություն տրամադրող Կողմի օրենսդրությամբ հիշյալ տեղեկատվությունը համարվում է գաղտնի:

 

Հոդված 11

 

Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերն իրար հետ կհաղորդակցվեն անմիջականորեն կամ դիվանագիտական ուղիներով կամ իրենց դեսպանություններում նշանակված կապի պատասխանատուների միջոցով, ինչպես նաև տեղեկատվություն կփոխանակեն ինտերպոլի ուղիներով:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված Կողմերի միջև ծագած վեճերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալուց երեսուն օր հետո:

 

2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է սույն Համաձայնագրում կատարել փոփոխութուններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրությամբ:

Արձանագրությունն ուժի մեջ կմտնի սույն հոդվածի 1-ին կետի համաձայն և կկազմի սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է մյուս Կողմի հետ դիվանագիտական ուղիներով փոխանակվող գրավոր ծանուցմամբ ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագիրը: Դադարեցումն ուժի մեջ կմտնի ծանուցագրերն ստանալուց վեց ամիս անց:

 

Կատարված է Կահիրե քաղաքում 2007 թվականի ապրիլի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագրի մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 26.01.2008թ.: