ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Վավերացնել 2005 թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքում ստորագրված «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2009 թվականի նոյեմբերի 3-ի ՍԴՈ-837 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 7 ապրիլի 2010 թվականի, քաղ. Երևան ԱԺՈ-195-Ն
Հ. Աբրահամյան
Հայաստանի Հանրապետության
առարկությունը
«Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ
Ադրբեջանի Հանրապետության կողմից 2005թ. սեպտեմբերի 15-ին «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիայի ստորագրման ժամանակ կատարված և վավերագրի հանձնման ժամանակ հաստատված հայտարարության վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.
Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: