ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 մարտի 2010 թվականի N 319-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. ապրիլի 7 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)
1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`
1) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, մարզպետը, Երևանի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի անդամ.
2) հաստատության կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) եռօրյա ժամկետում ընդունում է որոշում տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:
3. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:
4. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը եռօրյա ժամկետում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հնգօրյա ժամկետում խորհուրդ գրավոր ներկայացնում է տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները:
5. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:
6. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:
7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են առաջին հայտարարության հրապարակման օրվանից մինչև երկրորդ հայտարարության հրապարակման երեսուներորդ օրը ներառյալ: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո ոչ շուտ, քան երրորդ և ոչ ուշ, քան հինգերորդ աշխատանքային օրը:
8. Խորհուրդը տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:
9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը.
3) ուսումնական հաստատության կառավարման իրավունքը (հավաստագիր):
10. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`
1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ).
5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).
6) աշխատանքային գրքույկի պատճենը:
11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է հավակնորդին:
12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է հավակնորդներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն` հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):
13. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ:
14. Մրցույթի անցկացման օրվանից առնվազն հինգ օր առաջ խորհուրդը հրավիրում է (գրավոր) ներկայացուցչին` դրա մասին պատշաճ կարգով տեղեկացնելով լիազորված մարմնին:
15. Սույն կարգի 14-րդ կետով սահմանված պահանջը խորհրդի կողմից չկատարվելու դեպքում ներկայացուցչի մասնակցությունը մրցույթին (հավակնորդի պահանջով) ապահովում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:
16. Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:
17. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում են`
1) ութ անդամից կազմված խորհուրդներում` առնվազն վեց անդամ.
2) յոթ անդամից կազմված խորհուրդներում` առնվազն հինգ անդամ:
18. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ (բացառությամբ անկանխատեսելի դեպքերի) և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե`
1) խորհրդի նիստը իրավազոր չէ: Այս հիմքով հետաձգված մրցույթի ժամանակ խորհրդի անդամների մասնակցության նվազագույն թիվը մեկով պակասեցվում է.
2) հավակնորդներից ոչ մեկը չի ներկայացել ընտրությանը.
3) ներկայացուցիչը չի ներկայացել մրցույթին:
19. Խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը մրցույթի հետաձգման որոշման և մրցույթի նոր օրվա մասին երկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հավակնորդին (հավակնորդներին) և լիազորված պետական մարմնին:
20. Հայաստանի Հանրապետության մարզպետի (Երևանի քաղաքապետի)` խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:
21. Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:
22. Հավակնորդը բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը:
23. Հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց:
24. Հարցազրույցի ընթացքում հավակնորդի գործնական հմտություններն ստուգելու նպատակով տրվում է հինգ հարց` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած և հրապարակած հարցաշարից: Հարցերն ընտրում է հավակնորդը` վիճակահանությամբ: Հարցերի պատասխանները նախապատրաստելու համար հավակնորդին տրվում է մինչև տասնհինգ րոպե ժամանակ:
25. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել:
26. Տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
27. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը հավակնորդների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:
28. Եթե տնօրեն չի ընտրվում, նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, որին մասնակցում են առնվազն երկու ձայն ստացած հավակնորդները: Կրկնակի քվեարկությամբ ևս տնօրեն չընտրվելու դեպքում սույն կարգի համաձայն հայտարարվում է նոր մրցույթ:
29. Ընտրության արդյունքները չեղյալ են համարվում դատական կարգով կամ ներկայացուցչի բացասական եզրակացության, լիազորված մարմնի, հավակնորդի, խորհրդի անդամի բողոքների հիմքերով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:
30. Լիազորված մարմնի, հավակնորդի, ինչպես նաև խորհրդի անդամի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ուղղված գրավոր բողոքի դեպքում կամ ներկայացուցչի բացասական եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորվում է հանձնաժողով (հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը), որն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` բողոքը կամ ներկայացուցչի բացասական եզրակացությունը նախարարություն ներկայացնելուց յոթնօրյա ժամկետում:
31. Խորհրդի նախագահը տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:
32. Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է խորհրդի կողմից ընտրված տնօրենի ներկայացրած անձնական գործը, փաստաթղթերը, ներկայացուցչի եզրակացությունը, ինչպես նաև դիտորդի, խորհրդի անդամների կարծիքները (դրանց առկայության դեպքում) ընտրության կազմակերպման ու անցկացման մասին և ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
1) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը համապատասխանում է հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին.
2) հաստատության (հաստատության անվանումը) տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթը չի համապատասխանում հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի պահանջներին (նշվում են խախտումները):
33. Լիազորված մարմնի կողմից սույն կարգի 32-րդ կետով սահմանված որոշումներից որևէ մեկը չընդունվելու դեպքում ընդունված է համարվում նույն կետի 1-ին ենթակետով սահմանված որոշումը:
34. Լիազորված մարմինն ընտրված տնօրենի հետ տասնհինգ օրվանից ոչ ուշ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:
35. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:
36. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|