ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0178/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0178/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարեն Թովմասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Կարեն Թովմասյանի ընդդեմ Մարիա Խաչատրյանի, երրորդ անձ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ղեկավարի` անչափահաս երեխայի հետ անարգել շփվելու (տեսակցելու) պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կարեն Թովմասյանը պահանջել է թույլատրել անարգել շփվելու անչափահաս որդու` 25.08.2005 թվականին ծնված Ռազմիկ Թովմասյանի հետ՝ սահմանելով տեսակցության հետևյալ կարգը` շաբաթվա 3 օրերը, ցանկալի է ուրբաթ, շաբաթ և կիրակի:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, որոշվել է թույլատրել Կարեն Թովմասյանին շփվելու որդու` Ռազմիկ Թովմասյանի հետ՝ սահմանելով տեսակցության հետևյալ կարգը` յուրաքանչյուր չորեքշաբթի օրը ժամը 12:00-ից մինչև 20:00-ն և յուրաքանչյուր ուրբաթ օրը ժամը 12:00-ից մինչև շաբաթ օրը ժամը 20:00-ն:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.08.2009 թվականի որոշմամբ Մարիա Խաչատրյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 27.04.2009 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Կարեն Թովմասյանին թույլատրվել է տեսակցել որդու` 25.08.2005 թվականին ծնված Ռազմիկ Թովմասյանի հետ յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ ժամը 17:00-ից մինչև 21:00-ն և յուրաքանչյուր կիրակի ժամը 11:00-ից մինչև 18:00-ն մոր` Մարիա Խաչատրյանի ներկայությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Թովմասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ և 54-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածների համաձայն` երկու ծնողներն էլ հավասար իրավունքներ ունեն երեխաների նկատմամբ և կրում են հավասար պարտականություններ նրանց դաստիարակության հարցում: Ծնողները պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Սույն գործով հիմնավորվել է, որ հայցվորը ևս ունի բոլոր հնարավորությունները վերը նշված հոդվածներով սահմանված իր պարտականությունները կատարելու համար: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Կարեն Թովմասյանի իրավունքների և պարտականությունների կատարման հնարավորությունները` հայցվորի համար սահմանելով շաբաթվա ընթացքում ընդամենը մի քանի ժամ տեսակցություն:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ երեխան փոքրահասակ է, ունի հարթաթաթություն, ինչպես նաև միայն ըստ մոր հայտարարության` երեխան ունի փորկապություն, որի պատճառով սնվում է որոշակի սննդակարգով: Մինչդեռ գործով հիմնավորված է, որ երեխան հաճախում է մանկապարտեզ, հետևաբար, օրվա մեծ մասն անցկացնում է օտար անձանց խնամքի ներքո: Տրամաբանական է, որ շաբաթվա ընթացքում մի քանի ժամ երեխայի հետ հոր շփման համար չի կարող խոչընդոտ հանդիսանալ ոչ հարթաթաթությունը, ոչ էլ սննդակարգը, առավել ևս, որ հայրը քաջատեղյակ է երեխայի խնդիրների և սննդակարգի մասին, ի վիճակի է այն ապահովվելու:
Մոր ներկայությամբ երեխայի հետ հոր շփման մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը բացարձակ անհիմն է, քանի որ որևէ իրավական կամ փաստական հանգամանք կամ հիմք սույն գործով առկա չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել երեխայի շահերը և կողմերի միջև հարաբերությունների լարվածությունը, որի պատճառով անհնար կլինի երեխայի հետ հանգիստ պայմաններում և անարգել շփվելու ինչպես հորը, այնպես էլ հոր ընտանիքի անդամներին:
Ի վերջո, վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի տեսակետը, որն ըստ էության մանրամասն ուսումնասիրել է բոլոր ուշադրության արժանի հանգամանքները և տվել օբյեկտիվ եզրակացություն երեխայի տեսակցության կարգի հետ կապված:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.04.2009 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Կարեն Թովմասյանը և Մարիա Խաչատրյանը 2004 թվականի նոյեմբեր ամսից գտնվում են փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ, ունեցել են մեկ երեխա` 25.08.2005 թվականին ծնված Ռազմիկ Թովմասյանին:
2. Կարեն Թովմասյանը և Մարիա Խաչատրյանը բնակվում են առանձին, ընդ որում` Կարեն Թովմասյանը բնակվում է Աբովյան քաղաքում, իսկ Մարիա Խաչատրյանը` Երևան քաղաքում:
3. Երեխան բնակվում է մոր` Մարիա Խաչատրյանի հետ:
4. Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 10.04.2009 թվականի թիվ 26/10-1494 գրության համաձայն` «ուսումնասիրությունից պարզվել է, որ կողմերը ապահովված են բնակարանով, ապրում են իրենց ծնողների հետ, ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները երեխայի խնամքն ու դաստիարակությունը իրականացնելու համար: Հարցը քննարկվել է Խ.Հ.Հ-ի կողմից և սահմանվել է տեսակցության հետևյալ կարգը`
Հաշվի առնելով անչափահասի շահերը և ղեկավարվելով Հ.Հ. Ընտ. օր-ի 49, 54 և 56 հոդվածի դրույթներով տեսակցության օրեր սահմանել յուրաքանչյուր չորեքշաբթի` ժամը 12:00 մինչև 20:00 և ուրբաթ` ժամը 12:00 մինչև շաբաթ 20:00» (գ.թ.12):
5. Բժիշկ Մարգարիտ Հովհաննիսյանի կողմից տրված «112 ձև» գրության քաղվածքի համաձայն` «երեխան ծնվել է հասուն 3.400կգ քաշով, 52 սմ հասակով, ըստ Աբգարի 818 բալով: БСЖ-ն և մյուս պատվաստումները ստացել է ժամանակին: Երեխայի մոտ կա քթի միջնապատի թեքվածություն, երկկողմանի հարթաթաթություն, ըստ մոր խոսքերի երեխայի մոտ կա նաև փորկապություն» (գ.թ.29):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխաների նկատմամբ (ծնողական իրավունքներ):
Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին, ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին:
Նշված հոդվածներից հետևում է, որ ծնողների վրա է դրված երեխաների դաստիարակության, այդ թվում` առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման հարցերի լուծման պարտականությունները, ընդ որում` նշված պարտականությունները ծնողների միջև բաշխված են հավասարապես, ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ` իհարկե հաշվի առնելով երեխաների շահերը:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 54-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` երեխայից առանձին ապրող ծնողը իրավունք ունի երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանը մասնակցելու, երեխայի կրթություն ստանալու հարցերը լուծելու: Ծնողը, որի հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի մյուս ծնողի հետ երեխայի շփմանը, եթե նման շփումը վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը, նրա բարոյական զարգացմանը:
Սույն գործով Դատարանը, հիմք ընդունելով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 10.04.2009 թվականի թիվ 26/10-1494 գրությունը, հայցը բավարարվել է մասնակիորեն, սահմանել է տեսակցության հետևյալ կարգը` յուրաքանչյուր չորեքշաբթի օրը ժամը 12:00-ից մինչև 20:00-ն և յուրաքանչյուր ուրբաթ օրը ժամը 12:00-ից մինչև շաբաթ օրը ժամը 20:00-ն:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, Կարեն Թովմասյանի համար սահմանելով տեսակցության կարգ, ըստ էության հաշվի չի առել այն հանգամանքը, որ չորեքշաբթի, ուրբաթ օրերին (ընդամենը 4 ժամ), իսկ կիրակի օրը (ընդամենը 7 ժամ) երեխային տեսակցելու համար յուրաքանչյուր անգամ այլ քաղաք գնալը, ինչպես նաև տեսակցությունը Մարիա Խաչատրյանի ներկայությամբ իրականացնելն անհարկի սահմանափակում է Կարեն Թովմասյանի՝ երեխայի խնամքով ու դաստիարակությամբ զբաղվելու իրավունքը, ինչպես նաև չի բխում երեխայի շահերից: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 10.04.2009 թվականի թիվ 26/10-1494 գրությամբ արձանագրված փաստերը և որևէ պատշաճ հիմնավորմամբ չի հերքել հանձնաժողովի առաջարկած տեսակցության կարգով հոր շփումը երեխայի հետ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն oրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:
Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:
Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:
Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 10.04.2009 թվականի թիվ 26/10-1494 գրությամբ արձանագրված փաստերը մերժելու հիմքերը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 27.04.2009 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |