Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.224
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ4/0054/02/08/

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ4/0054/02/08/

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ`

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 Վ. Ավանեսյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլմիր Աղաջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Էլմիր Աղաջանյանի դիմումի` ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Էլմիր Աղաջանյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 06.08.2008 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.06.2009 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Լիդա Աղաջանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.08.2008 թվականի վճիռը բեկանվել է, և դիմումը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էլմիր Աղաջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լիդա Աղաջանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 4-րդ կետը, 214-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ և 207-րդ հոդվածի 5-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի քննությանը մասնակից չդարձված անձն իրավասու է վերաքննիչ բողոք բերել միայն իր իրավունքի խախտման փաստի հիմքով, մինչդեռ տվյալ դեպքում Լիդա Աղաջանյանը, վերաքննիչ բողոքում ներկայանալով իբրև հանգուցյալ Արամ Աղաջանյանի ժառանգ, որևէ կերպ չի հիմնավորել այդ հանգամանքը, հետևաբար նաև` տվյալ իրավահարաբերությունում ժառանգական իրավունքի և այդ իրավունքի խախտման փաստի առկայությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոքում Լիդա Աղաջանյանը նշել է, որ Արամ Աղաջանյանն իր հոր հորեղբոր որդին է, այսինքն` Լիդա Աղաջանյանը Արամ Աղաջանյանի որևէ հերթի ժառանգը չէ, քանի որ ըստ օրենքի ժառանգների թվին չի դասվում:

Բացի այդ, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի վճռով մերժվել է Արամ Աղաջանյանի ժառանգության ընդունման ժամկետը բաց թողելու պատճառը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու պահանջի մասին Լիդա Աղաջանյանի դիմումը: Փաստորեն, Լիդա Աղաջանյանը, բողոքարկելով դատական ակտը, ոչ թե փաստել, այլ հերքել է ինչպես իր ժառանգական իրավունքի առկայությունը, այդ իրավունքի խախտման փաստը, այնպես էլ իրավունքի վերաբերյալ վեճի ծագումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.06.2009 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 Դատարանը սույն գործը քննել է հատուկ վարույթի կանոններով, որն ինքնին ենթադրում է, որ իրավահարաբերությունում պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Սույն գործի փաստերից ակնհայտ է, որ գործը ենթակա է քննության հայցային վարույթի կանոններով, քանի որ Դատարանը չի պարզել վիճելի գույքը տիրազուրկ լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այլ անձանց ժառանգական իրավունքների առկայությունը կամ բացակայությունը: Այսինքն, սույն գործի քննության ժամանակ Լիդա Աղաջանյանը զրկված է եղել իր քաղաքացիական իրավունքները ներկայացնելու և դատական կարգով պաշտպանելու իրավունքից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 10.01.2005 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 473318 վկայականի համաձայն` Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գտնվող 0,078հա տնամերձ հողամասը և բնակելի տունը սեփականության իրավունքով գրանցված է Արամ Աղաջանյանի անվամբ (գ.թ. 6-8):

2) Տավուշի մարզի Հաղարծին գյուղի գյուղապետի 04.03.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Էլմիր Աղաջանյանը 1995 թվականից փաստացի օգտագործում է Արամ Աղաջանյանին պատկանող տունը և վճարում է տան ու տնամերձ հողամասի հետ կապված բոլոր հարկերը, իսկ նույն գյուղապետի կողմից 04.03.2008 թվականին հաստատված Հաղարծին գյուղի երեք բնակիչների հայտարարությունների համաձայն` Էլմիր Աղաջանյանը 1995 թվականից մինչ օրս փաստացի տիրապետում է հանգուցյալ Արամ Աղաջանյանին պատկանող Հաղարծին գյուղում գտնվող տնատիրությունը (գ.թ. 14-17):

3) Արամ Աղաջանյանը մահացել է 07.12.2007 թվականին (գ.թ. 10):

4) ՀՀ Դիլիջան նոտարական տարածքի նոտարի 06.08.2008 թվականի գրության համաձայն` Արամ Աղաջանյանի կողմից Դիլիջան նոտարական տարածքում կտակ չի արվել, նրա մահից հետո ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու հայտարարություններ չեն արվել, ժառանգական գործ չի կազմվել (գ.թ. 20):

5) Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի վճռով մերժվել է Արամ Աղաջանյանի ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու պահանջի մասին Լիդա Աղաջանյանի դիմումը: Նշված վճռով հաստատվել է, որ Արամ Աղաջանյանը Լիդա Աղաջանյանի հոր` Հայկ Աղաջանյանի, հորեղբոր տղան է (գ.թ. 56-58):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն oրենքով նախատեuված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մաuնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըuտ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 103-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե իրավաբանական նշանակություն ունեցող փաuտերի հաuտատման կամ ըuտ ներկայացնողի և oրդերային կորցրած արժեթղթով հավաuտված իրավունքները վերականգնելու մաuին դիմումը քննելիu վեճ է ծագել իրավունքի մաuին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով դիմումն առանց քննության թողնելու հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ հատուկ վարույթի կարգով քննվող գործերն այն գործերն են, որտեղ պետք է բացակայի նյութաիրավական վեճը: Հատուկ վարույթի հիմնական տարբերությունը հայցային վարույթից կայանում է հենց իրավունքի մասին վեճի բացակայության մեջ: Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վեճի առկայության կամ բացակայության հարցը պետք է պարզի` ելնելով տվյալ գործի փաստերից, ինչպես նաև օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում իրավունքի վերաբերյալ վեճի առկայությունն ստուգելիս դատարանը պարտավոր է պարզել, թե արդյո՞ք գործի փաստերից ելնելով առերևույթ առկա է փոխադարձ կապ քննարկվող փաստի և այլ անձի իրավունքների միջև, և արդյո՞ք նման փաստի հաստատումը կարող է որևէ կերպ ազդել այլ անձի իրավունքների ծավալի վրա: Նման կապի, ինչպես նաև այդ փաստի և այլ անձի իրավունքների ծավալի փոփոխության միջև պատճառահետևանքային կապի բացակայության դեպքում իրավունքի մասին վեճի վերաբերյալ հայտարարությունն ինքնին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի իմաստով հայցն առանց քննության թողնելու հիմք չէ (տե՛ս, Ռուդիկ Գասպարյանի դիմումը` գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0250/02/08 գործով 17.04.2009 թվականի որոշումը):

Վերը նշվածի հիման վրա` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Սույն գործով Դատարանը, պարզելով, որ Արամ Աղաջանյանի մահից հետո ժառանգության ընդունման հարցով նոտարին հայտարարություն չի տրվել, ժառանգատուն իր գույքը որևէ մեկի չի կտակել, իսկ վիճելի գույքը ավելի քան 12 տարի անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետվում է Էլմիր Աղաջանյանի կողմից, դիմումը բավարարել է:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով և դիմումն առանց քննության թողնելով, պատճառաբանել է, որ սույն քաղաքացիական գործով Դատարանը չի պարզել վիճելի գույքի տիրազուրկ լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ գույքի նկատմամբ այլ անձանց ժառանգական իրավունքների առկայությունը կամ բացակայությունը: Դրա հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ Դատարանը, քննության առարկա չդարձնելով վկայակոչված փաստերը, սույն գործով անտեսել է քննարկվող փաստի և Լիդա Աղաջանյանի իրավունքների միջև առկա առերևույթ փոխադարձ կապը, արդյունքում` գործին մասնակից չդարձնելով Լիդա Աղաջանյանին` դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ վճիռ է կայացրել:

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Արամ Աղաջանյանի կողմից Դիլիջան նոտարական տարածքում կտակ չի արվել, նրա մահից հետո օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում ժառանգության ընդունման կամ դրանից հրաժարվելու հայտարարություններ չեն արվել, ժառանգական գործ չի կազմվել: Ավելին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 19.01.2009 թվականի վճռով մերժվել է Լիդա Աղաջանյանի դիմումը` Արամ Աղաջանյանի ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժամկետը վերականգնելու պահանջի մասին: Նշված վճռով հաստատվել է նաև, որ Արամ Աղաջանյանը Լիդա Աղաջանյանի հոր` Հայկ Աղաջանյանի, հորեղբոր տղան է:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիդա Աղաջանյանն Արամ Աղաջանյանի հորեղբոր թոռն է և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1218 հոդվածների ուժով Արամ Աղաջանյանի որևէ հերթի ժառանգ չէ, ուստի Արամ Աղաջանյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունք չունի:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վեճի առարկա գույքի և Լիդա Աղաջանյանի իրավունքների միջև փոխադարձ կապ առկա չէ, և Տավուշի մարզի Հաղարծին գյուղում գտնվող 0,078հա տնամերձ հողամասի և բնակելի տան նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման փաստը չի ազդում Լիդա Աղաջանյանի իրավունքների ծավալի վրա: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը Լիդա Աղաջանյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վճիռ չի կայացրել:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լիդա Աղաջանյանի կողմից վիճելի գույքի նկատմամբ իրավունք չունենալու պայմաններում սույն գործով բացակայում է իրավունքի մասին վեճը:

Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում եմ վերոնշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված՝ առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 06.08.2008 թվականի վճռին:

2. Լիդա Աղաջանյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան