Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բուլղարիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով իրենց երկրների միջև ձևավորված տնտեսական ավանդական երկարամյա կապերը,
հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 1994 թ. ապրիլի 25-ի Համաձայնագրի գործողությունը դադարելու հանգամանքը ու առևտրատնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում հայ-բուլղարական երկկողմ համագործակցությունը շարունակելու ցանկությունը,
համաձայնեցին հետևյալի վերաբերյալ.
Հոդված 1
Կողմերը պայմանավորվում են սույն Համաձայնագրին և իրենց երկրների ազգային օրենսդրությանը համապատասխան, տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում հայ-բուլղարական համագործակցության արդյունավետ իրականացմանը և զարգացմանն առնչվող հարցերի կարգավորման նպատակով, իրենց իրավասու պետական մարմինների հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից ստեղծել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական Հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):
Հանձնաժողովի նիստերն առնվազն երկու տարին մեկ անգամ կանցկացվեն հաջորդաբար Երևանում և Սոֆիայում` Կողմերի միջև դիվանագիտական ուղիներով նախապես համաձայնեցված ժամկետներում:
Հոդված 2
Հանձնաժողովի քննարկման առարկա կդառնան տնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում Կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գերակա ուղղությունները, դրանցից բխող համագործակցության նոր փոխշահավետ կապերի ձևավորումը, համատեղ ծրագրերի իրագործումը և համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
Հոդված 3
Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև յուրաքանչյուր Կողմից պահանջվող թվով խորհրդատուներ և փորձագետներ: Հերթական նիստերի ծրագրերը և օրակարգի նախագիծը Հանձնաժողովի համանախագահների միջև կհամաձայնեցվեն խորհրդակցությունների միջոցով` նիստից առնվազն 60 օր առաջ: Նիստի ընթացքում կհաստատվեն օրակարգի նախապես փոխհամաձայնեցված հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք կարող են յուրաքանչյուր հանդիպման սկզբում Հանձնաժողովի համանախագահների փոխհամաձայնությամբ ընդգրկվել օրակարգում:
Հոդված 4
Հանձնաժողովի նիստերի ընթացքում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնեցման սկզբունքով: Անհետաձգելի դեպքերում Հանձնաժողովի համանախագահներն իրավունք կունենան Հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում համատեղ փոխհամաձայնեցված որոշումներ ընդունել:
Հանձնաժողովի նիստերի արդյունքներն ու որոշումները կամրագրվեն Հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրվող արձանագրություններում:
Հոդված 5
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին Արձանագրություններով: Արձանագրությունները հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում վերջինիս ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
Հոդված 6
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով երկրորդ ծանուցումը ստանալու օրվանից և գործում է անորոշ ժամկետով:
Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու օրվանից 6 ամիս հետո:
Համաձայնագրի գործողության դադարումից հետո շարունակում են գործել դրա ուժի մեջ գտնվելու ընթացքում կնքված պայմանագրերը` մինչև դրանցով նախատեսված պարտավորությունների կատարումը:
Կատարված է Երևան քաղաքում 2007թ. նոյեմբերի 13-ին, երկու բնօրինակով` հայերեն, բուլղարերեն և ռուսերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի կատարման ընթացքում դրա դրույթների մեկնաբանման առնչությամբ Կողմերի միջև տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008 թ. փետրվարի 21-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|