ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/1433/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1433/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.09.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ասյա Հարությունյանի ընդդեմ Կոմիտեի՝ ավտոմեքենան հաշվառման վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ասյա Հարությունյանը պահանջել է պարտավորեցնել Կոմիտեին տրամադրելու ավտոմեքենան հաշվառման վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ և 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 131-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը, պարտադրելով կոմիտեին մաքսային ձևակերպում չստացած ավտոմեքենայի վերաբերյալ Ասյա Հարությունյանին տրամադրել հաշվառման վերցնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, անմիջականորեն չի գնահատել գործում եղած բոլոր ապացույցները, կատարել է գործի միակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն` հաշվի չառնելով գործի իրական փաստերը:
Դատարանը վճիռ կայացնելիս չի անդրադարձել Կոմիտեի այն փաստարկին, որ Ասյա Հարությունյանը 25.02.2009 թվականին դիմել է Կոմիտեին ավտոմեքենայի մաքսազերծման խնդրով և ՀՀ ԿԱ ՊԵԿ 05.03.2009 թվականի թիվ 3969/11-5 գրությամբ Ասյա Հարությունյանին հայտնվել է, որ ավտոմեքենայի նույնացման համարի վերադաջված լինելու հետևանքով մաքսային ձևակերպում չի կարող թույլատրվել, ինչպես նաև նմանատիպ խնդիրներով ներմուծված ավտոմեքենաների ձևակերպումը (որը ներառում է ինչպես մաքսային, այնպես էլ պետական գրանցման ձևակերպումները) հնարավոր կլինի հարցի օրենսդրական կարգավորումից հետո։ Դատարանը, անտեսելով նշված պատասխանը, որից երևում է, որ Ասյա Հարությունյանը դիմել է ավտոմեքենայի մաքսազերծման պահանջով և Կոմիտեն իր պատասխան գրությամբ նշել է ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարելու համար առկա խոչընդոտը, հիմք է ընդունել Ասյա Հարությունյանի չհիմնավորված պնդումը, որ ավտոմեքենան ստացել է մաքսային ձևակերպում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Ասյա Հարությունյանը 20.10.2006 թվականին թիվ 158002 փոխադրման ամփոփագրով Հայաստանի Հանրապետություն է ներմուծել 1997 թվականի արտադրության Աուդի A 4 մակնիշի ավտոմեքենա:
2. Կոմիտեին հասցեագրված 25.02.2009 թվականի դիմումով Ասյա Հարությունյանը, նկատի ունենալով, որ ներկրված ավտոմեքենան «հետախուզման մեջ չի գտնվում, վերադաջումն իրականացվել է օրինական ճանապարհով, մաքսազերծված է», խնդրել է տրամադրելու ավտոմեքենայի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
3. Կոմիտեի 05.03.09 թվականի թիվ 3969/11-5 գրությամբ Ասյա Հարությունյանին հայտնվել է, որ ավտոմեքենայի նույնացման համարը վերադաջված լինելու պատճառով ավտոմեքենայի մաքսային ձևակերպմանը հնարավոր կլինի անդրադառնալ նույնացման համարի վերադաջված կամ ջնջված կամ հափշտակության այլ հատկանիշների առկայությամբ ՀՀ ներմուծված ավտոմեքենայի ձևակերպման հարցի օրենսդրական կարգավորումից հետո:
4. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի կողմից հաստատված՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին 08.05.2009 թվականի որոշման համաձայն՝ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 3-րդ վարչության 4-րդ բաժնի ՀԿԳ ավագ օպեր լիազոր Ս. Մնացականյանը, վերանայելով քաղ. Ասյա Հարությունյանի անվամբ «Աուդի Ա 4» մակնիշի ավտոմեքենայի Հայաստանի Հանրապետություն ներմուծելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը, պարզելով, որ 06.12.2006 թվականին Լեհաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից ստացվել է տեղեկություն այն մասին, որ տրամադրված թիվ DR/BAB 0470917 տեխնիկական անձնագիրն իսկապես տրվել է խնդրո առարկա ավտոմեքենային, որի նախկին տերը չի անցնում քրեական հաշվառումներով, մեքենան Լեհաստանում չի գտնվում հետախուզման մեջ, ինչպես նաև վերջինս հայտնել է, որ ավտոմեքենան վաճառել է Ասյա Հարությունյանին, որոշել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ մաքսային օրենսգրքի 2-րդ հոդվածի «ժե» կետի համաձայն՝ մաքսային ձևակերպում է համարվում նույն օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան ապրանքների և տրանսպորտային միջոցների բացթողման համար սահմանված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը՝ մինչև որոշակի մաքսային ռեժիմով դրանց բացթողումը:
ՀՀ մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումն իրականացվում է նույն oրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 128-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, ենթակա են հայտարարագրման տարածաշրջանային կամ մասնագիտացված մաքսատներում կամ մաքսային կետերում վերադաս մաքսային մարմնի սահմանած կարգով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգով: Ընդ որում, հայտարարագրման ժամանակ մաքսային մարմիններ ներկայացվում են մաքսային նպատակների համար պահանջվող փաստաթղթեր և տեղեկություններ՝ համաձայն նույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին կետի:
ՀՀ մաքսային օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուն մաքսային հայտարարագիրը ներկայացնում է մաքսային մարմին: Ներկայացված մաքսային հայտարարագիրը գրանցվում է մաքսային մարմնում, ինչի կապակցությամբ մաքսային մարմինը մաքսային հայտարարագրի վրա նշում է գրանցման հերթական համարը և գրանցման ամսաթիվը, ամիսը, տարին: Ներկայացված մաքսային հայտարարագիրն ընդունում է մաքսային մարմինը, ինչի կապակցությամբ վերջինս մաքսային հայտարարագրի վրա նշում է ընդունման հերթական համարը, ամսաթիվը, ամիսը, տարին: Մաքսային հայտարարագրի ընդունման պահից այն համարվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթուղթ՝ համաձայն նույն հոդվածի 3-րդ կետի:
ՀՀ կառավարության 13.12.2002 թվականի թիվ 2144-Ն որոշման 3-րդ կետի «գ» ենթակետի հիման վրա ընդունված՝ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության՝ «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողության և ձևակերպումների իրականացման կարգը հաստատելու մասին» 24.03.2003 թվականի թիվ 3-Ն համատեղ հրամանի 3-րդ կետի համաձայն՝ մաքսատներում և մաքսային կետերում ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձին տրվում է փոխադրման ամփոփագրի մեկ oրինակ և տեղափոխվող ավտոտրանսպորտային միջոցի բոլոր փաստաթղթերը՝ կնքված մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից: Փոխադրման ամփոփագիրը և ավտոտրանսպորտային միջոցի փաստաթղթերն ավտոտրանսպորտային միջոցներ տեղափոխող անձը մաքսային ձևակերպումներ իրականացնելու համար ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատուն է ներկայացնում մինչև փոխադրման ամփոփագրում նշված ժամկետի ավարտը:
Նույն հրամանի 4-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումներում ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար հիմք է հանդիսանում մաքսային մարմինների կողմից վավերացված մաքսային հայտարարագիրը՝ լրացված «Ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով:
Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցն ազատ շրջանառության մեջ դնելու համար նախ և առաջ պետք է իրականացվի ապրանքի մաքսային ձևակերպում՝ համապատասխան հայտարարագրման տեսքով, որը և հիմք է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության վարչության համապատասխան ստորաբաժանումների համար ավտոտրանսպորտային միջոցները գրանցելու և հաշվառելու համար:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Սույն գործով հայցը բավարարելով՝ Դատարանը հաստատված է համարել ավտոմեքենայի մաքսազերծված լինելու հանգամանքը, մինչդեռ սույն գործում վերոգրյալ փաստը հաստատող որևէ թույլատրելի ապացույց առկա չէ:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.09.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:
2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Ե. Խունդկարյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |