Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ, ԵՐԿՐԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴԱՎՈՐՄԱՆ, ՀՈՂԱՅԻՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՈՒ ՎԱՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
նկատի ունենալով գեոդեզիայի, քարտեզագրման և հողային կադաստրի զարգացման կարևորությունը իրենց երկրների սոցիալական ու տնտեսական զարգացման համար,
առաջնորդվելով 2001 թվականի մայիսի 26-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության Պայմանագրում առկա սկզբունքներով,
ցանկանալով ստեղծել գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության իրավական հիմք, ինչը կնպաստի Կողմերի տնտեսական ու սոցիալական շահերի համար այդ համագործակցության արդյունքների կիրառմանը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Սույն Համաձայնագրի հիման վրա Կողմերը համաձայնում են իրականացնել համագործակցություն գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման և հողային ռեսուրսների կառավարման բնագավառում:
Սույն Համաձայնագրով նախատեսված համագործակցությունը կիրականացվի հետևյալ ուղղություններով.
գիտատեխնիկական և արտադրական տեղեկատվության փոխանակում,
համատեղ գիտահետազոտական, փորձարարական և արտադրական աշխատանքների իրականացում,
Կողմերի համար անհրաժեշտ` համատեղ աերոտիեզերական նկարահանումների կատարում և Երկրի հեռահար զոնդավորման տվյալների փոխանակում,
գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման աշխատանքների կատարման համար կադրերի պատրաստում ու որակավորման բարձրացում,
գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվամիջոցներում,
երկկողմ համաձայնագրերի հիման վրա ելակետային գեոդեզիական, քարտեզագրական նյութերի և, ըստ տարածքային պատկանելության, աերոտիեզերական նկարահանման նյութերի փոխանակում, բացառությամբ Կողմերի պետությունների պետական գաղտնիք կազմող նյութերի,
«1:500-1:10000 մասշտաբներում թվային քարտեզագրման ավտոմատացված համակարգերում օգտագործման համար տեղագրական տեղեկատվության դասակարգչի», ինչպես նաև քարտեզագրական արտադրության ավտոմատացման համար 1:500-1:10000 մասշտաբների միասնական պայմանական նշանների համատեղ մշակում,
տեղագրական-գեոդեզիական արտադրության արդյունավետության և հուսալիության բարձրացման նպատակով գեոդեզիական և ֆոտոգրամետրական գործիքների, սարքերի և այլ սարքավորումների հավաստագրման և չափաբանական ապահովման համար ստանդարտների համատեղ մշակում,
երկրաշարժերի կանխատեսման նպատակով համագործակցում երկրակեղևի շարժի ուսումնասիրման բնագավառում,
համագործակցություն այլ ուղղություններով, որոնք Կողմերը կգտնեն նպատակահարմար:
Հոդված 2
Համագործակցությունը կիրականացվի հետևյալ ձևերով.
սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով համատեղ ծրագրերի և նախագծերի մշակում և իրագործում,
խորհրդակցությունների, համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդատվությունների անցկացում,
համատեղ զեկույցների, հոդվածների և մենագրությունների հրապարակում,
օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի, մեթոդական, գիտատեխնիկական գրականության փոխանակում գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման ոլորտում,
համատեղ գիտահետազոտական աշխատանքների անցկացում և համատեղ տեղեկատվական համակարգերի ստեղծում գեոդեզիայի, քարտեզագրման ու աերոտիեզերական նկարահանման ուղղություններով,
գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված առաջարկությունների մշակում,
Կողմերի կամ նրանց պետական մարմինների ու սուբյեկտների միջև կնքվող քաղաքացիաիրավական պայմանագրերի և կոնտրակտների հիման վրա աշխատանքների անցկացում, խորհրդատվական ծառայությունների մատուցում:
Համագործակցությունը կարող է իրականացվել նաև այլ` սույն Համաձայնագրի իրագործման ընթացքում համաձայնեցված ձևերով:
Հոդված 3
Կողմերը նշանակում են սույն Համաձայնագրի իրագործման համար պատասխանատու իրավասու պետական մարմիններ`
հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն,
բելառուսական Կողմից` Բելառուսի Հանրապետության Կառավարությանն առընթեր հողային ռեսուրսների, գեոդեզիայի և քարտեզագրման կոմիտեն:
Այլ իրավասու պետական մարմին նշանակելու դեպքում Կողմերը սեղմ ժամկետներում այդ մասին դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցեն միմյանց:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի իրագործմանն ուղղված գործունեությունը համակարգելու համար Կողմերը ստեղծում են գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման բնագավառում համագործակցության հայ-բելառուսական համատեղ հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով):
Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Կողմերը վեց ամսվա ընթացքում միմյանց ծանուցում են Հանձնաժողովի համանախագահների նշանակման մասին. համանախագահները ձևավորում են Հանձնաժողովի կազմը:
Հանձնաժողովը կգործի դրա առաջին նիստի ընթացքում հաստատված կանոնակարգի հիման վրա:
Հանձնաժողովը մշակում և հաստատում է Կողմերի միջև համագործակցության ծրագրերը` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված ուղղություններով, համակարգում է դրանց կատարումը և ընդունում է համատեղ որոշումներ համագործակցության զարգացման ուղղությամբ:
Հոդված 5
Համագործակցության ֆինանսական պայմանները և համատեղ ծրագրերի իրագործումը յուրաքանչյուր առանձին դեպքում դիտարկվում են Կողմերի, ինչպես նաև իրավասու պետական մարմինների բյուջետային հնարավորությունների շրջանակում:
Հոդված 6
Հանձնաժողովի նիստերին և սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում նշված համագործակցության ուղղությունների շրջանակներում աշխատանքների կատարման համար խորհրդակցություններին մասնակցելու համար Կողմերի ներկայացուցիչների գործուղման դեպքում գործուղող Կողմը հոգում է իր ներկայացուցիչների ճանապարհածախսը, սնվելու և կեցության ծախսերը: Ընդունող Կողմը ստանձնում է Հանձնաժողովի նիստերի կազմակերպման ու անցկացման և Հանձնաժողովի աշխատանքային պլանից բխող այլ հանդիպումների հետ կապված ծախսերը:
Հոդված 7
Կողմերը, իրենց պետությունների օրենսդրության համաձայն, կնպաստեն երկու պետությունների այն տնտեսավարող սուբյեկտների միջև անմիջական կապերի հաստատմանն ու զարգացմանը, որոնց գործունեությունը կապված է գեոդեզիայի, քարտեզագրման, Երկրի հեռահար զոնդավորման, հողային կադաստրի ստեղծման ու վարման համակարգերի ստեղծման ոլորտի հարցերի հետ:
Սույն Համաձայնագրի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները կարող են կնքել քաղաքացիաիրավական պայմանագրեր, որոնք կսահմանեն համագործակցության պայմանները:
Կողմերը պատասխանատվություն չեն կրում սույն Համաձայնագրի հիման վրա քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում տնտեսավարող սուբյեկտների ստանձնած պարտավորությունների համար:
Հոդված 8
Սույն Համաձայնագրի շրջանակներում քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա իրականացվող աշխատանքների ընթացքում ֆինանսավորման պայմանները, հաշվարկների կատարման կարգը, պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվությունը, ինչպես նաև մասնագետների գործուղման կարգը սահմանվում են այդ պայմանագրերով:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համատեղ գործունեության ընթացքում ստացված արդյունքները հրապարակման ենթակա չեն, չեն կարող փոխանցվել կամ վաճառվել երրորդ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, եթե Կողմերի միջև չկա այլ պայմանավորվածություն:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի միջև ծագող անհամաձայնությունները կարգավորվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի մասնակցությամբ այլ միջազգային պայմանագրերից բխող նրանց իրավունքները և պարտականությունները:
Հոդված 12
Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Կողմերի կատարելու մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հնգամյա ժամանակահատվածներով, եթե Կողմերից որևէ մեկը սույն Համաձայնագրի գործողության ավարտից առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի հիման վրա կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերը ուժի մեջ են մնում մինչև դրանց ողջ ծավալով կատարումը:
Կատարված է Երևան քաղաքում 2006 թվականին հոկտեմբերի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների շուրջ տարաձայնությունների դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. մարտի 18-ին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|