Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.247
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/6418/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/6418/05/08

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մկրտիչ Մանգասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) հայցի ընդդեմ Մկրտիչ Մանգասարյանի՝ գումար բռնագանձելու և մաքսային պարտավորությունները կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է բռնագանձել Մկրտիչ Մանգասարյանից 151.325 ՀՀ դրամ տուգանքի գումարը և պարտավորեցնել կատարել ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մկրտիչ Մանգասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 95-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռում նշել է, որ Մկրտիչ Մանգասարյանը գործի դատաքննությանը չի ներկայացել՝ չնայած դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված էր: Մինչդեռ, ծանուցված լինելու հանգամանքն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ծանուցագիրը ստացել են բողոք բերած անձի հարազատները, իսկ բողոք բերած անձը ծանուցագրի մասին տեղեկություն չի ունեցել, քանի որ դատական քննության ամբողջ ընթացքում գտնվել է ազատազրկման մեջ և դատական քննության մասին ծանուցագիր չի ստացել:

Նշված դատական սխալը հանգեցրել է բողոք բերած անձի՝ դատական քննությանը մասնակցելու, դատարանում դիրքորոշում ներկայացնելու իրավունքների խախտմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 02.06.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.02.2009 թվականի որոշմամբ Մկրտիչ Մանգասարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 25.09.2008 թվականից, և խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ:

2) Դատարանի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին Մկրտիչ Մանգասարյանին պատշաճ ձևով ծանուցելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի համաձայն՝ դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով: Նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները: Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի և վայրի վերաբերյալ:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը՝ փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե որպես հասցեատեր հանդես է գալիս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա առաքման փաթեթը պետք է հանձնվի ընդհանուր բաժնին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու այլ ստորաբաժանմանը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Մկրտիչ Մանգասարյանը ստացել է 31.10.2008 թվականին, սակայն սահմանված ժամկետում չի ներկայացրել հայցադիմումի պատասխան: Մկրտիչ Մանգասարյանը գործի քննությանը չի ներկայացել, ինչպես նաև ներկայացված հայցի դեմ որևէ առարկություն չի ներկայացրել:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի հայցադիմումը Վարչական դատարանում մուտքագրվել է 20.10.2008 թվականին, իսկ գործի քննությունն ավարտվել է 02.06.2009 թվականին: Նշված ժամանակահատվածում դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը բողոք բերած անձին ուղարկվել են Կոմիտեի հայցադիմումում նշված Երևանի Տիգրան Մեծի նրբանցքի թիվ 15 շենքի թիվ 6 բնակարան հասցեով: Մինչդեռ, Մկրտիչ Մանգասարյանը 25.09.2008 թվականից գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, որը հաստատվում է վճռաբեկ բողոքին կից ներկայացված ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 20.02.2009 թվականի որոշմամբ, որով Մկրտիչ Մանգասարյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու սկիզբը հաշվվել է 25.09.2008 թվականից, և խափանման միջոց ընտրված կալանքը թողնվել է անփոփոխ:

Այսինքն՝ Դատարանը դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցագրերը բողոք բերած անձին ուղարկել է այն հասցեով, որտեղ վերջինս չի գտնվել: Հետևաբար բողոք բերած անձը պատշաճ չի տեղեկացվել դատական նիստերի ժամանակի և վայրի մասին, ուստի վերջինս զրկվել է սույն գործով դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ տեղեկացվելու և գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու իրավունքներից:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 02.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան