Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.252
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ4/0188/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ4/0188/05/08

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանի, Հայկազուն և Անահիտ Սարգսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.04.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Նարինե Սարգսյանի, Միհրան և Սիրանուշ Հայկազունու Սարգսյանների հայցի ընդդեմ Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանի, Հայկազուն և Անահիտ Սարգսյանների, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վաղարշապատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` 18.10.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցումը և 12.09.2002 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և տան մասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նարինե Սարգսյանը, Միհրան և Սիրանուշ Հայկազունու Սարգսյանները պահանջել են անվավեր ճանաչել Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տան նկատմամբ Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանի և Հայկազուն Սարգսյանի անվամբ կատարված 18.10.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցումը և 12.09.2002 թվականին Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանի և Անահիտ Սարգսյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրն ու տան մասի նկատմամբ ճանաչել սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատարանի 06.04.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանը, Հայկազուն և Անահիտ Սարգսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի, 338-րդ հոդվածի 1-ին մասի, 344-րդ հոդվածի 1-ին մասի և 346-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը և 24-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները և այն հանգամանքը, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից:

Մինչդեռ Էջմիածնի շրջանի ժողդատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.05.1990 թվականի վճիռն օրենքով սահմանված կարգով չի կատարվել, դրանից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, հետևաբար այն չէր կարող սահմանել քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Բացի այդ, հայցվորները բաց են թողել նշված վճիռն օրենքով սահմանված կարգով ինչպես կատարելու, այնպես էլ գրանցելու ժամկետները:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 18-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը մերժելիս անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորները սեփականատերեր չեն, հետևաբար սույն իրավահարաբերության նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառելի չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Էջմիածնի շրջանի ժողդատարանի` օրինական ուժի մեջ մտած 10.05.1990 թվականի վճռով հաստատվել է այն փաստը, որ Նարինե Սարգսյանը և Հայկազուն Սարգսյանը ամուսնացել են 1986 թվականին և ունեն երկու երեխաներ՝ Միհրան և Սիրանուշ Հայկազունու Սարգսյաններ, մինչև 1989 թվականը համատեղ բնակվել են ամուսնու հոր՝ Միհրան Արտեմի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տանը: (գ.թ. 13): Նշված վճռով բավարարվել է Նարինե Սարգսյանի հայցն ընդդեմ Միհրան և Հայկազ /Հայկազուն/ Սարգսյանների` սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու պահանջի մասին: Վճռվել է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող Միհրան Արտեմի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տնից ըստ հատակագծի Ա-2 31,2քմ սենյակը և թիվ 2 27,8քմ նկուղը սեփականության իրավունքով հատկացնել Նարինե Սարգսյանին և երկու երեխաներին: Փակել Ա-1 և Ա-2 սենյակների միջև եղած մուտքը, դեպի բակ և նախասենյակ տանող մուտքերը թողնել ընդհանուր օգտագործման, իսկ նշված աշխատանքները պետք է կատարվեն պատասխանողների կողմից (գ.թ. 13):

2. 18.10.2001 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 706071 վկայականի համաձայն` Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տունը սեփականության իրավունքով պատկանել է Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանին և Հայկազուն Սարգսյանին (գ.թ. 108-109):

3. Նոտարական կարգով վավերացված 12.09.2002 թվականի նվիրատվության պայմանագրով Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանն Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տան իր բաժինը նվիրել է իր դուստր Անահիտ Սարգսյանին (գ.թ. 40):

4. 26.09.2002 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 737165 վկայականի համաձայն` Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տունը սեփականության իրավունքով պատկանում է Անահիտ և Հայկազուն Սարգսյաններին (գ.թ. 37-39):

5. Նարինե Սարգսյանին հասցեագրված Կադաստրի 01.09.2008 թվականի թիվ 3064 գրությամբ հայտնվել է, որ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ գյուղապետարանի կողմից 01.07.1999 թվականին ներկայացվել է քաղվածք տնտեսության գրքից, որի համաձայն Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող բնակելի տան սեփականատերեր են նշվել Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանը և Հայկազուն Սարգսյանը: Վերոհիշյալ անձանց անվամբ 18.10.2001 թվականին տրամադրվել է սեփականության իրավունքի գրանցման վկայական: Ինչ վերաբերում է Էջմիածնի շրջանի ժողդատարանի 10.05.1990 թվականի վճռին, ապա այն ստորաբաժանում չի ներկայացվել ոչ գյուղապետարանի և ոչ էլ Նարինե Սարգսյանի կողմից: Սիրանուշ Նիկողոսի Սարգսյանն իր բաժինը 12.09.2002 թվականին նվիրել է Անահիտ Սարգսյանին (գ.թ. 14):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաuտի հաuտատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանող դատական ակտից:

Վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսգրքի սույն հատվածում շարադրված կանոնների համաձայն կատարման ենթակա են քաղաքացիական գործերով դատարանների վճիռները և որոշումները:

Նույն օրենսգքրի 338-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կատարողական փաստաթղթեր են դատարանների վճիռների հիման վրա տրվող կատարողական թերթերը, իսկ նույն օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի վճիռն այն գործով, որի կողմերից թեկուզև մեկը քաղաքացի է, հարկադիր կատարման կարող է ներկայացվել օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում, իսկ մնացած բոլոր գործերով` մեկ տարվա ընթացքում, եթե օրենսդրությամբ այլ ժամկետներ չեն սահմանված:

Բացի այդ, վիճելի իրավահարաբերության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` կատարողական թերթը կամ կատարողական մակագրությունը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառներով կատարման ներկայացնելու ժամկետը բաց թողած պահանջատերերի համար բաց թողնված ժամկետը կարող է վերականգնվել, եթե օրենքով այլ բան չի սահմանված: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը տրվում է վճիռը կայացնող դատարանին կամ կատարման վայրի դատարանին: Դիմումը քննության է առնվում դատական նիստում: Գործին մասնակցող անձինք տեղեկացվում են նիստի ժամանակի և տեղի մասին, սակայն նրանց չներկայանալը բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցի լուծմանը արգելք չի հանդիսանում: Ժամկետը վերականգնելու հարցի վերաբերյալ դատարանի որոշման դեմ կարող է մասնավոր գանգատ տրվել և մասնավոր բողոք բերվել:

Սույն գործով Դատարանը հայցապահանջի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Էջմիածնի շրջանի ժողդատարանի 10.05.1990 թվականի օրինական ուժի մեջ մտած վճիռը պահպանում է իր օրինական ուժը և ենթակա է կատարման, քանի դեռ այդ վճռով իրավունքներ ձեռք բերած Նարինե Սարգսյանը և նրա որդի Միհրան Սարգսյանը օրենքով սահմանված կարգով չեն հրաժարվել վիճելի տան մասի նկատմամբ իրենց սեփականության իրավունքից կամ չեն կորցրել այդ իրավունքը, իսկ հարկադիր կատարման չներկայցնելը չի հանգեցնում օրինական ուժի մեջ մտած վճռի կատարման բացառմանը կամ դրա իրավաբանական ուժը կորցնելուն:

Մինչդեռ, սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էջմիածնի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 10.05.1990 թվականի վճռով Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում գտնվող տնից ըստ հատակագծի Ա-2 31,2քմ սենյակի և թիվ 2 27,8քմ նկուղի նկատմամբ ճանաչվել է Նարինե Սարգսյանի և նրա երկու երեխաների սեփականության իրավունքը, և ՀՀ նախկին քաղաքացիական դատավարության օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի ուժով հայցվորներին դատական ակտի oրինական ուժի մեջ մտնելու պահից երեք տարվա ընթացքում այն հարկադիր կատարման ներկայացնելու իրավունք է վերապահվել:

Մինչդեռ հայցվորները չեն օգտվել օրենքով սահմանված իրենց իրավունքից և սահմանված ժամկետում դատական ակտը կատարման չեն ներկայացրել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էջմիածնի շրջանի ժողդատարանի օրինական ուժի մեջ մտած 10.05.1990 թվականի վճիռը օրենքով սահմանված երեք տարվա ժամկետում կատարման չներկայացնելով` հայցվորները զրկվել են այդ իրավունքի իրականացման իրավական հնարավորությունից (տես նաև` «Արդշինբանկ» ԲԲԸ հայցն ընդդեմ «Արոր-Բագրատ» արտադրական կոոպերատիվի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ՀՔԴ/0024/04/08 որոշումը):

 

2) Վճռաբեկ բողոքն երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, որը պետք է տրվի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Նույն օրենսգքրի 337-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգքրի 344-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հայցային վաղեմությունը չի տարածվում uեփականատիրոջ` պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են uեփականատիրոջ գույքի տիրապետման, oգտագործման և տնoրինման իրավունքները, անվավեր ճանաչելու մաuին պահանջների վրա:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը: Ընդ որում, հայցային վաղեմություն չի կիրառվում այն դեպքում, երբ uեփականատերը վիճարկում է պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտը, որով խախտվել են իր գույքի տիրապետման, oգտագործման և տնoրինման իրավունքները:

Սույն գործով Դատարանը հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության մերժման հիմքում դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ կետը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն իրավահարաբերության նկատմամբ նշված դրույթը կիրառելի չէ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 344-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է հայցային վաղեմություն չտարածելու այն դեպքը, երբ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց ակտով խախտվել է սեփականատիրոջ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինաման իրավունքները: Մինչդեռ, սույն գործով հայցվորները Էջմիածնի շրջանի ժողդատարանի 10.05.1990 թվականի վճիռը կատարման չներկայացնելու պատճառով նրանց սեփականության իրավունքը պետական գրանցման չի ենթարկվել, հետևաբար, նրանք սեփականատեր չեն դարձել, բացի այդ պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց որևէ ակտով նրանց որևէ իրավունք չի խախտվել:

 

 Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 06.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Նարինե Սարգսյանի, Միհրան և Սիրանուշ Հայկազունու Սարգսյանների հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան