Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.242
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

 Վարչական գործ թիվ ՎԴ/2463/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/2463/05/08

2009թ. 

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

 Ս. Սարգսյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Ե. Խունդկարյանի

   

Է. Հայրիյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.06.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Սպարտակ Առուստամյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է բռնագանձել Սպարտակ Առուստամյանից 15.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 23.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 753-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է կիրառել անձի վիճակը վատթարացնող իրավական նորմի հետադարձ ուժի մերժման ինստիտուտը և եկել այն հետևության, որ խնդրո առարկա հաշվետվությունը հարկային մարմնին ներկայացնելու պատասխանողի պարտականությունն առաջացել է ոչ թե 2007 թվականի երրորդ, այլ նույն թվականի չորրորդ եռամսյակում:

Մինչդեռ, Դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 753-Ն որոշմամբ խնդրո առարկա հաշվետվությունը համապատասխան մարմիններին ներկայացնելու Ընկերության պարտավորությունն առաջանում է 2007 թվականի երրորդ եռամսյակի վերջին` սեպտեմբեր ամսվա հաջորդ ամսվա սկզբից (հոկտեմբերի 1) մինչև նույն ամսվա 20-ը:

Այսինքն` ՀՀ կառավարության վերը նշված որոշման ընդունման (28.06.2007 թվական) և ուժի մեջ մտնելու (28.07.2007 թվական) պահի նկատմամբ Ընկերության պարտականությունն իրականում գտնվում է ապագայի, այլ ոչ թե անցյալի վիճակում: Ակնհայտ է, որ 28.07.2007 թվականի դրությամբ Ընկերության համար առաջացած պարտավորությունը վերաբերում է 01.10.2007-20.10.2007 ժամանակահատվածին (հաշվետվության ներկայացման ժամկետ):

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վարչական իրավախախտման վերաբերյալ 12.12.2007 թվականի արձանագրության համաձայն` Ընկերության տնօրեն Սպարտակ Առուստամյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում 2007 թվականի 3-րդ եռամսյակի ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների հաշվետվությունը հարկային մարմին չի ներկայացրել (գ.թ. 18):

2) Տեսչության պետի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» 25.12.2007 թվականի որոշման համաձայն` Սպարտակ Առուստամյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 15.000 ՀՀ դրամ տուգանքի (գ.թ. 16):

3) 21.07.2008 թվականին ներկայացված հայցադիմումի պատասխանի համաձայն՝ Ընկերությունն արդյունահանում է տրավերտինի օգտակար հանածո և արտադրում տրավերտինե երեսպատման սալիկներ (գ.թ. 55):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի լուծման համար անհրաժեշտ է պարզել այն իրավական հարցը, թե արդյոք Ընկերությունը 2007 թվականի 3-րդ եռամսյակի համար ունեցել է օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա, այսինքն` ունի հետադարձ ուժ միայն նույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև տվյալ իրավական ակտով նախատեսված դեպքերում:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկ վճարողները պարտավոր են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ցանկում ընդգրկված ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, ինչպես նաև իրացման փաստացի գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններ:

«Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշմամբ հաստատվել է այն ապրանքների ցանկը, որոնց արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ:

 Նշված որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ նույն որոշմամբ հաստատված ցանկերում ընդգրկված ապրանքների վերաբերյալ հաշվետվություն են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային մարմին:

 Նշված նորմի վերլուծությունից հետևում է, որ հաշվետվություն ներկայացնելու հարկ վճարողների պարտականությունը ծագում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 1-ից մինչև 20-ը ներառյալ:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականին ընդունված և 28.07.2007 թվականին ուժի մեջ մտած թիվ 753-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի N 299 որոշման մեջ կատարվել է լրացում, որով սահմանվել է այն օգտակար հանածոների և դրանց արտադրատեսակների ցանկը, որոնց արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկ վճարողները հաշվետվություններ են ներկայացնում հարկային մարմիններ: Այդ ցանկում ընդգրկվել է տրավերտինը, և հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանվել է եռամսյակային հաշվետու ժամանակաշրջան:

Սույն վարչական գործով Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ խնդրո առարկա հաշվետվությունը հարկային մարմին ներկայացնելու Սպարտակ Առուստամյանի պարտականությունն առաջացել է 2008 թվականի հունվարի սկզբից մինչև 20-ը ներառյալ` 2007 թվականի 4-րդ եռամսյակի համար, իսկ 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ներկայացնելու պարտականություն Սպարտակ Առուստամյանը չի ունեցել:

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունն արդյունահանում է տրավերտինի օգտակար հանածո և արտադրում տրավերտինե երեսպատման սալիկներ, Ընկերության տնօրեն Սպարտակ Առուստամյանը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում 2007 թվականի 3-րդ եռամսյակի ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների հաշվետվությունը չներկայացնելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1691-րդ հոդվածի 2-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 15.000 ՀՀ դրամ տուգանքի:

 Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 28.06.2007 թվականի թիվ 753-Ն որոշման ուժով 28.07.2007 թվականին ծագել է Ընկերության կողմից արդյունահանվող ապրանքատեսակի` տրավերտինի, արդյունահանման, շրջանառության ֆիզիկական ծավալների և գների (այդ թվում` միջին) վերաբերյալ հարկային մարմիններ հաշվետվություններ ներկայացնելու Ընկերության պարտականությունը: Այսինքն` այդ պարտականությունը ծագել է մինչև եռամսյակային հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամիսը` 2007 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 20-ը, հետևաբար, 2007 թվականի 3-րդ եռամսյակի համար Ընկերությունը պարտավոր էր ներկայացնել հաշվետվություն, ինչը չկատարելու համար Ընկերության տնօրենն իրավացիորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն վարչական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության հայցը բավարարել` «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՓԲԸ-ի տնօրեն Սպարտակ Առուստամյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 15.000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ վարչական տուգանքի գումարը:

2. «Մուլտի Գրուպ-Սթոուն» ՓԲԸ-ի տնօրեն Սպարտակ Առուստամյանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 10.000 (տասը հազար) ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  

Ս. Սարգսյան

Դատավորներ` Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան