Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.12/60.1 Հոդ.218
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1095/02/08

Քաղաքացիական գործ  թիվ ԵԱՔԴ/1095/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

            Դատավորներ՝ Կ. Հակոբյան

              Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռազմիկ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ Սոֆյա Ավետիսյանի, Մերուժան Ավետիսյանի, Մանե Ավետիսյանի հայցի ընդդեմ Ռազմիկ Հարությունյանի, Ամալյա Ստեփանյանի` երեխայի հետ շփման, խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ սահմանելու պահանջների մասին, և ըստ Սոֆյա Ավետիսյանի, Մերուժան Ավետիսյանի հայցի ընդդեմ Ռազմիկ Հարությունյանի՝ երեխայի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքը սահմանափակելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը Սոֆյա Ավետիսյանին և Մերուժան Ավետիսյանին հանձնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սոֆյա, Մերուժան և Մանե Ավետիսյանները պահանջել են սահմանել երեխայի՝ 02.01.2005 թվականին ծնված Լուիզա Հարությունյանի հետ շփման, խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգ:

Դիմելով դատարան` Սոֆյա և Մերուժան Ավետիսյանները պահանջել են սահմանափակել երեխայի՝ 02.01.2005 թվականին ծնված Լուիզա Հարությունյանի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքը և երեխայի խնամքն ու դաստիարակությունը հանձնել Սոֆյա և Մերուժան Ավետիսյաններին:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2008 թվականի վճռով Սոֆյա և Մերուժան Ավետիսյանների հայցը՝ երեխայի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքը սահմանափակելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը Սոֆյա և Մերուժան Ավետիսյաններին հանձնելու պահանջների մասին, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.06.2008 թվականի որոշմամբ Սոֆյա և Մերուժան Ավետիսյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ որոշվել է բեկանել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 18.03.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 28.07.2008 թվականի որոշմամբ նշված քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.12.2008 թվականի վճռով հայցերը բավարարվել են:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.05.2009 թվականի որոշմամբ Ռազմիկ Հարությունյանի և Ամալյա Ստեփանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 11.12.2008 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռազմիկ Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սոֆյա, Մերուժան և Մանե Ավետիսյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը, 51-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը սույն գործով ծանր հանգամանք է համարել Ռազմիկ Հարությունյանի եղբոր կողմից Ռազմիկ Հարությունյանի առաջին կնոջ՝ անչափահաս Լուիզա Հարությունյանի մոր սպանությունը: Մինչդեռ, նշված իրավիճակը ոչ մի դեպքում չի կարող դիտարկվել որպես ծանրացնող հանգամանք, քանի որ խոսքը գնում է միանգամայն տարբեր անձանց մասին: ՀՀ քրեական օրենսդրության սկզբունքներից է անձնական պատասխանատվության սկզբունքը, որի համաձայն՝ անձը ենթակա է պատասխանատվության միայն անձամբ իր կատարած արարքի համար: Ռազմիկ Հարությունյանը, թեև Գրիգոր Հարությունյանի եղբայրն է, պատասխանատու չէ վերջինիս արարքների համար: Ավելին, Ռազմիկ Հարությունյանը ևս տուժել է Գրիգոր Հարությունյանի արարքներից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ Դատարանի կայացրած վճռով Ռազմիկ Հարությունյանը կորցնում է երեխային անձամբ դաստիարակելու իրավունքը: Դատարանի վճիռը խախտում է նաև անչափահաս Լուիզա Հարությունյանի իրավունքները, քանի որ վերջինիս ընտանիքն իր հայրն է, որի խնամքից երեխային զրկելը ոչնչով արդարացված չէ, ՀՀ ոչ մի օրենսդրական ակտով նշված չէ հոր ծնողական իրավունքների սահմանափակման նման հնարավորություն: Բացի այդ, Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ Ռազմիկ Հարությունյանը, լինելով օրինավոր հայր, կատարում է բոլոր պարտականությունները, հետևաբար չկա ոչ մի փաստ, որը կվկայեր Ռազմիկ Հարությունյանի իրավունքների սահմանափակման անհրաժեշտության մասին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը և այն Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքների սահմանափակման և վերջինիս շփումը Լուիզա Հարությունյանի հետ երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնի ներկայությամբ թույլատրելու մասով փոփոխել՝ հայցը մերժել, իսկ մնացած մասով գործն ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն արձանագրել են, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածը, որը սահմանում է, որ ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք, ինքնին չի բացառում այլ անձանց կողմից երեխային դաստիարակելու հնարավորությունը: Այդ պնդումը հաստատվում է նաև նույն օրենսգրքի 63-րդ հոդվածով, որի բովանդակությունից ավելի քան հստակ է, որ ծնողներից մեկի կամ երկուսի ծնողական իրավունքներն էլ դատական կարգով կարող են սահմանափակվել:

Հետևաբար հիմնավոր չեն բողոքի փաստարկներն այն մասին, թե Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 51-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, և որ կիրառել է նույն օրենսգրքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, թե Վերաքննիչ դատարանը, երեխայի մոր սպանության փաստը գնահատելով որպես ծանր հանգամանք, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, ապա այն ակնհայտ անհիմն է, քանի որ երեխայի հայրը՝ Ռազմիկ Հարությունյանը, քաջատեղյակ լինելով իր եղբոր թմրամոլ և հոգեկան հիվանդ լինելու մասին, որևէ միջոց չի ձեռնարկել իր ընտանիքը նրա ոտնձգություններից զերծ պահելու ուղղությամբ: Ավելին, Ռազմիկ Հարությունյանի եղբայրը Ֆրանսիայի իշխանությունների կողմից քրեական պատասխանատվության չի ենթարկվել, վերջինս տեղավորվել է հարկադիր բուժման, այսինքն՝ չկա որևէ երաշխիք, որ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքները չսահմանափակվելու դեպքում նա չի շարունակի շփումները եղբոր հետ, իսկ այնուհետև երեխային մասնակից չի դարձնի այդ շփումներին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սոֆյա և Մերուժան Ավետիսյանները Լիաննա Ավետիսյանի ծնողներն են: Լիաննա Ավետիսյանը 2004 թվականին ամուսնացել է Ռազմիկ Հարությունյանի հետ, և նրանք բնակություն են հաստատել Ֆրանսիայում: Համատեղ ամուսնական կյանքի ընթացքում վերջիններս ունեցել են մեկ երեխա՝ 02.01.2005 թվականին ծնված Լուիզա Հարությունյանին: Լիաննա Ավետիսյանի և Ռազմիկ Հարությունյանի հետ Ֆրանսիայում բնակվել է նաև Ռազմիկ Հարությունյանի եղբայրը՝ Գրիգոր Հարությունյանը: Վերջինս սպանել է Լիաննա Ավետիսյանին՝ մարմնական վնասվածքներ հասցնելով նաև Ռազմիկ Հարությունյանին: Գրիգոր Հարությունյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Լիաննա Հարությունյանի սպանության և Ռազմիկ Հարությունյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Գործով նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ Գրիգոր Հարությունյանը տառապում է քրոնիկ փսիխոզով՝ արտահայտված մտավոր և հոգեկան խանգարումներով: Վերջինիս կատարած հանցագործությունը պայմանավորված էր այդ խանգարումներով, և նա ենթակա չէ քրեական պատժի և պետք է բուժվի մասնագիտացված հոգեբուժական հաստատությունում: Նշված դեպքից հետո Ֆրանսիայի սոցիալական ծառայությունը վերցրել է Լուիզա Հարությունյանին իր հովանավորության տակ՝ ժամանակավորապես տեղավորելով մանկատանը:

2) Ֆրանսիայի Հանրապետության Թուլուզի վերաքննիչ դատարանի 20.02.2006 թվականի դաստիարակչական աջակցության դատավճռի (տեղավորման դադարեցում) համաձայն՝ «դադարեցվել է Լուսիա Արությունյանի տեղավորումը Օտ Գարոնի «Սոցիալական օգնություն մանկությանը» ծառայությունում»: Նույն դատավճռով նշվել է, որ «պարոն Արությունյանն ընդունել է պայմանագրային կարգով դաստիարակչական աջակցությունը» (հատ. 1, գ.թ. 27):

3) ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 06.06.2007 թվականի դատավճռով Սոֆյա Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ (երեխային առանց ծնողների համաձայնության նրանցից բաժանելը) և դատապարտվել է ազատազրկման 2 տարի 6 ամիս ժամանակով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով (հատ. 1, գ.թ. 132-134):

4) ՀՀ առողջապահության նախարարությանը կից ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովի 05.12.2007 թվականի թիվ 323/07 բժշկական եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Հարությունյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում: Նույն եզրակացության համաձայն՝ Ռազմիկ Հարությունյանը որևէ նարկոլոգիական հիվանդությամբ չի տառապում (հատ. 2, գ.թ. 117-120):

5) Երևանի Արաբկիր թաղային համայնքի ղեկավարը 21.11.2008 թվականի «Անչափահաս Լուիզա Հարությունյանի խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու և Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքները սահմանափակելու մասին» թիվ 157 որոշմամբ, հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից կատարված երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտը, ելնելով վերոնշյալ հանգամանքներից, անչափահասի շահերից, ղեկավարվելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 56-րդ, 57-րդ հոդվածների պահանջներով և ՀՀ կառավարության 22.06.2006 թվականի թիվ 922-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերով հանձնաժողովի 14.11.2008 թվականի թիվ 46 որոշումը, նպատակահարմար է գտել և թույլատրել է Սոֆյա, Մերուժան և Մանե Ավետիսյաններին մասնակցելու անչափահաս Լուիզա Հարությունյանի խնամքին ու դաստիարակությանը հետևյալ կարգով՝ յուրաքանչյուր երկուշաբթի և չորեքշաբթի օրերին՝ ժամը 16:00-ից մինչև 20:00-ն և ուրբաթ օրը ժամը 17:00-ից մինչև շաբաթ օրը ժամը 17:00-ն՝ առանց որևէ անձի միջամտության: Նույն որոշմամբ առաջարկվել է Դատարանին արգելել Լուիզա Հարությունյանին Հայաստանի Հանրապետությունից դուրս հանել որևէ այլ երկիր մինչև նրա 10 տարին լրանալը: Նշված որոշմամբ նշվել է նաև, որ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքները սահմանափակելու նպատակահարմարության մասին Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը եզրակացություն տալ չի կարող՝ նրա արտերկրում գտնվելու պատճառով (հատ. 2, գ.թ. 252):

6) Ֆրանսիայի Հանրապետության Թուլուզի՝ երեխաների գործերով դատարանի փոխնախագահ Էրիկ Լ՛Ելգուլաշի՝ Լուսիա Արությունյանի դրությանը վերաբերող գրությամբ նշվել է, որ «2006թ. հունվարի 15-ի որոշմամբ Լուսիան հրատապ կարգով տեղավորվել է Երեխաների սոցիալական օգնության բաժին՝ հաշվի առնելով մոր մահը և հոր հոսպիտալացումը, որը ծանր վիրավորվել էր և չէր կարող զբաղվել երեխայով այդ ժամանակահատվածում: Ուժեղ ցնցված այդ սպանությամբ՝ պարոն Արությունյանը չի ցանկացել այլևս մնալ համատեղ բնակության վայրում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: Հենց որ նա «Լե Գիտ դը լ՛Էքսկլյուզ» միության միջոցով ստացել է նոր բնակարան, ես հրահանգել եմ փոխել բնակարանը 2006թ. փետրվարի 20-ի վճռով, որպեսզի զբաղվի իր աղջկանով: Նա համաձայնվել է իրականացնել դաստիարակչական հսկողություն որոշակի ժամանակահատվածում՝ իր վրա վերցնելով իր դստեր հարմարվելը: Ես ճշտում եմ, որ սա բացառապես չի նշանակում, որ նա ի վիճակի չէր նրան դաստիարակել բավարար ձևով, այլ խոսքը գնում է ծանր ժամանակահատվածում սովորական օգնության մասին կապված իր կնոջ ծանր մահվան հետ: Բացի այդ, եթե ես համաձայնվել եմ արագ կերպով աղջկան հանձնել նրան, ապա նա ուներ բոլոր երաշխիքները նրանով զբաղվելու համար» (հատ. 3, գ.թ. 74):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար:

«Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից, առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնակից պետությունները պարտավորվում են երեխային ապահովել նրա բարեկեցության համար անհրաժեշտ պաշտպանությամբ և հոգատարությամբ՝ ուշադրության առնելով նրա ծնողների, խնամակալների կամ օրենքով նրա համար պատասխանատվություն կրող այլ անձանց իրավունքներն ու պարտականությունները, և այդ նպատակով ձեռնարկում են օրենսդրական ու վարչական բոլոր համապատասխան միջոցները:

Նշված կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխան գրանցվում է ծնվելուց անմիջապես հետո և ծննդյան պահից ձեռք է բերում անվան և քաղաքացիության իրավունք, ինչպես նաև, որքան դա հնարավոր է, իր ծնողներին ճանաչելու և նրանց խնամքի իրավունք:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ պարբերությունների համաձայն՝ յուրաքանչյուր երեխա ունի ընտանիքում ապրելու և դաստիարակվելու (որքան դա հնարավոր է), իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է հակասել նրա շահերին: Երեխան ունի նաև իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունք:

Նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն և պարտավոր են դաստիարակելու իրենց երեխաներին: Ծնողները պատասխանատվություն են կրում իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար: Նրանք պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների առողջության, ֆիզիկական, հոգեկան, հոգևոր և բարոյական զարգացման մասին: Ծնողները բոլոր այլ անձանց հանդեպ ունեն իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունք:

Նշված օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ելնելով երեխայի շահերից՝ դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)՝ առանց ծնողական իրավունքներից զրկելու, իսկ վերոգրյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն): Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ձեռք է բերում ընտանիքում ապրելու և դաստիարակվելու, իր ծնողներին ճանաչելու, նրանց հոգատարությանն արժանանալու, նրանց հետ համատեղ ապրելու, իր ծնողներից դաստիարակություն ստանալու, նրա շահերի ապահովության, համակողմանի զարգացման, նրա մարդկային արժանապատվությունը հարգելու, ինչպես նաև ֆիզիկական, մտավոր, հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու երաշխավորված իրավունքներ, իսկ ծնողներն իրավունք ունեն և միաժամանակ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար: Երեխաների և ծնողների նշված իրավունքների լիարժեք իրականացման և ծնողների նշված պարտականությունների պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ծնողների համար երաշխավորված է նաև այլ անձանց հանդեպ իրենց երեխաներին դաստիարակելու նախապատվության իրավունքը: Նշվածի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությունը երեխայի իրավունքների իրականացման և պաշտպանության գործընթացում պարտավոր է ելնել միմիայն երեխայի լավագույն շահերից, երեխային ապահովել բարեկեցության համար անհրաժեշտ հոգատարությամբ: Հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը և նրան երաշխավորված իրավունքների գերակայությունը՝ օրենսդիրը սահմանել է ծնողական իրավունքների սահմանափակման հնարավորություն, որը կարող է կիրառել միայն դատարանը՝ ելնելով երեխայի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից: Մասնավորապես, ծնողական իրավունքները թույլատրվում է սահմանափակել, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդությունը, ծանր հանգամանքների առկայությունը և այլն: Ծնողական իրավունքները թույլատրվում է սահմանափակել նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքները, որ Դատարանը, կատարելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի քննություն, համադրելով գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, իրավացիորեն հանգել է այն հետևության, որ 02.01.2005 թվականին ծնված Լուիզա Հարությունյանի խնամքն ու դաստիարակությունն ավելի պատշաճ կիրականացվի հարազատ պապու և տատու կողմից: Դատարանի նման դիրքորոշումը հիմնավորված է բավարար ապացույցներով, մասնավորապես, Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ երեխայի հոր՝ Ռազմիկ Հարությունյանի կարգավիճակը Ֆրանսիայի Հանրապետությունում դեռևս պարզ չէ, վերջինս չունի մշտական աշխատանք, ուսանող է, ապրում է պետությունից ստացվող թոշակով, ունի նոր ընտանիք, նրա խնամքին է գտնվում կինը և երկրորդ ամուսնությունից ծնված անչափահաս երեխան: Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ երեխայի մայրը սպանվել է Ռազմիկ Հարությունյանի եղբոր կողմից, որը մշտապես բնակվել է իրենց հետ: Երեխայի հորեղբայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ, և չկա ոչ մի երաշխիք նրա կողմից այլ նոր հանցավոր արարքների չկատարման: Դատարանի նման դիրքորոշումը միանգամայն օրինաչափ է և միանշանակ բխում է երեխայի շահերից: Անվիճելի փաստ է, որ երեխայի հորեղբայրը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Վերջինս Լուիզա Հարությունյանի մոր սպանության համար չի ենթարկվել քրեական պատասխանատվության, այլ ուղարկվել է հարկադիր բուժման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հոգեկան հիվանդության պատճառով չի հասկացել իր գործողությունները և դրանց հետևանքները: Անվիճելի փաստ է նաև այն, որ Գրիգոր Հարությունյանը Ֆրանսիայի Հանրապետությունում չունի այլ հարազատներ, բացի եղբորից՝ Ռազմիկ Հարությունյանից:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է չհիմնավորված և սխալ հետևության, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքների սահմանափակման համար առկա չէ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 63-րդ հոդվածով սահմանված որևէ հիմք, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը խախտել է ինչպես անչափահաս Լուիզա Հարությունյանի՝ ծնողի հետ համատեղ ապրելու և դաստիարակվելու, ծնողի հոգատարությանն արժանանալու և ծնողից դաստիարակություն ստանալու իրավունքները, այնպես էլ Ռազմիկ Հարությունյանի՝ այլ անձանց հանդեպ երեխային դաստիարակելու նախապատվության, երեխայի դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման և կրթության համար հոգ տանելու իրավունքները և պարտականությունները: Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է միայն, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից, որը դրսևորվում է հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդությամբ, ծանր հանգամանքների առկայությամբ և այլ հանգամանքներով, որոնք պետք է հաշվի առնի դատարանը՝ ելնելով կոնկրետ գործի ողջ փաստական տվյալներից, իսկ տվյալ դեպքում այդպիսի հանգամանքներ առկա չեն: Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար, իսկ տվյալ դեպքում առկա չէ որևէ ապացույց, որը կհավաստեր, որ Լուիզա Հարությունյանին Ռազմիկ Հարությունյանի մոտ թողնելը վերջինիս վարքագծի հետևանքով կարող է վտանգավոր լինել երեխայի համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը Ռազմիկ Հարությունյանի եղբոր կողմից Ռազմիկ Հարությունյանի առաջին կնոջ՝ Լուիզա Հարությունյանի մոր սպանությունը դիտել է ծանր հանգամանքի առկայություն: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն՝ Լիաննա Ավետիսյանին սպանել է Գրիգոր Հարությունյանը՝ Ռազմիկ Հարությունյանի եղբայրը, հետևաբար վերջինիս ծնողական իրավունքները չեն կարող սահմանափակվել այլ անձի՝ նույնիսկ եղբոր կատարած հանցանքի համար, քանի որ Գրիգոր Հարությունյանի հանցանքը որևէ կերպ կապված չէ Ռազմիկ Հարությունյանի անձի հետ, ավելին, վերջինս նույնպես տուժվել է այդ հանցագործությունից՝ ստացել է մարմնական վնասվածքներ, ուստի այն չի կարող դիտվել որպես ծանր հանգամանքի առկայություն:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Դատարանը հաշվի է առել այն հանգամանքները, որ երեխայի հոր՝ Ռազմիկ Հարությունյանի կարգավիճակը Ֆրանսիայի Հանրապետությունում դեռևս պարզ չէ, վերջինս չունի մշտական աշխատանք, ուսանող է, ապրում է պետությունից ստացվող թոշակով, ունի նոր ընտանիք, նրա խնամքին է գտնվում կինը և անչափահաս երեխան, ապա նշված հանգամանքները նույնպես չեն կարող հիմք հանդիսանալ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքների սահմանափակման համար, քանի որ Ռազմիկ Հարությունյանը պետությունից ստանում է թոշակ, հետևաբար վերջինս զրկված չէ իր երեխայի բարեկեցության ապահովման համար անհրաժեշտ հոգատարություն ապահովելու հնարավորությունից, իսկ սույն գործում առկա չէ որևէ ապացույց, որը կհավաստեր, որ Ռազմիկ Հարությունյանը չի կարող հոգ տանել Լուիզա Հարությունյանի դաստիարակության, առողջության, լիարժեք և ներդաշնակ զարգացման և կրթության մասին, ինչպես նաև ապահովել երեխայի լավագույն շահերը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել նաև գործում առկա Ֆրանսիայի Հանրապետության Թուլուզի երեխաների գործերով դատարանի փոխնախագահ Էրիկ Լ՛Ելգուլաշի՝ Լուսիա Արությունյանի դրությանը վերաբերող գրությանը, որով հաստատվում է, որ նույն գրությամբ նշվածը բացառապես չի նշանակում, որ Ռազմիկ Հարությունյանն ի վիճակի չէր Լուիզա Հարությունյանին դաստիարակել բավարար ձևով, այլ խոսքը գնում է ծանր ժամանակահատվածում սովորական օգնության մասին՝ կապված Ռազմիկ Հարությունյանի կնոջ ծանր մահվան հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել են Լուիզա Հարությունյանի և Ռազմիկ Հարությունյանի երաշխավորված իրավունքները, քանի որ առանց օրենքով սահմանված հիմքի առկայության սահմանափակվել է վերջինիս ծնողական իրավունքները, ինչի հետևանքով երեխան զրկվել է ծնողի հետ համատեղ ապրելու և դաստիարակվելու, ծնողի հոգատարությանն արժանանալու և իր ծնողից դաստիարակություն ստանալու իրավունքներից:

Միաժամանակ հաշվի առնելով Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքների սահմանափակման վերացման հետևանքները, մասնավորապես, Ռազմիկ Հարությունյանի համար Լուիզա Հարությունյանի հետ առանց որևէ սահմանափակման տեղաշարժվելու և բնակության վայր ընտրելու հնարավորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ Դատարանի վճռով Սոֆյա, Մերուժան և Մանե Ավետիսյաններին թույլատրվել է մասնակցելու Լուիզա Հարությունյանի խնամքին և դաստիարակությանը, ու սահմանվել է տեսակցության և խնամքի կարգ, որը Դատարանի սահմանած ձևով կարող է խոչընդոտել Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքների լիարժեք իրականացմանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մասերով գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ, 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Սոֆյա Ավետիսյանի, Մերուժան Ավետիսյանի հայցը՝ երեխայի նկատմամբ Ռազմիկ Հարությունյանի ծնողական իրավունքը սահմանափակելու և երեխայի խնամքն ու դաստիարակությունը Սոֆյա Ավետիսյանին և Մերուժան Ավետիսյանին հանձնելու պահանջների մասին, մերժել, իսկ Լուիզա Հարությունյանի հետ շփման, խնամքին ու դաստիարակությանը մասնակցելու կարգի մասով գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Սոֆյա և Մերուժան Ավետիսյաններից հօգուտ Ռազմիկ Հարությունյանի բռնագանձել 5.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի և 10.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան