Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.12.12/60.1 Հոդ.210
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0846/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0846/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ա. Մկրտչյան

               Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

 դռնբաց դատական նիստում, քննելով Վազգեն Ասատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վազգեն Ասատրյանի ընդդեմ «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) 42.925.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վազգեն Ասատրյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 42.925.000 ՀՀ դրամ:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Ընկերությունից հօգուտ Վազգեն Ասատրյանի բռնագանձվել է 15.500.000 ՀՀ դրամ, հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.04.2009 թվականի որոշմամբ Վազգեն Ասատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Ընկերության բողոքը բավարարվել է` Երևանի քաղաքացիական դատարանի 15.12.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը բեկանվել և փոփոխվել է` Վազգեն Ասատրյանի հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վազգեն Ասատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ մասը, 51-րդ հոդվածը, 132-րդ հոդվածը, 219-րդ հոդվածի 1-ին մասը, 227-րդ, 228-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ, 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վկայակոչել է «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը և նշել, որ փոխառության պայմանագրերը և Ընկերության տնօրենի ու փոխատուի միջև կազմված փոխառության գումարը ստանալու մասին ակտերը չեն կարող թույլատրելի ապացույցներ համարվել, քանի որ Ընկերության կողմից ներկայացվել են ապացույցներ գումարներն Ընկերության կողմից ստացված չլինելու մասին՝ նկատի ունենալով ներկայացված դրամարկղային գրքերը, որոնցում բացակայում են վիճելի գործարքների վերաբերյալ գրառումներ:

Մինչդեռ դրանք վերաբերելի ապացույց չեն սույն գործի համար, քանի որ Դատարան է ներկայացվել թիվ 1 դրամարկղային գրքից պատճեններ, որտեղ արտացոլված են Ընկերության 03.02.2003 թվականից մինչև 30.09.2006 թվականը կանխիկ դրամի մուտքերն ու ելքերը, ինչպես նաև թիվ 2 դրամարկղի գրքից պատճեններ, որտեղ արտացոլված են Ընկերության 2007 թվականի դեկտեմբերի 11-28-ն ընկած ժամանակահատվածի կանխիկ դրամի մուտքերն ու ելքերը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից որպես հաստատված փաստ ընդունված փոխառության պայմանագրերը կնքվել են 01.02.2007 թվականին և 27.02.2007 թվականին:

Վերաքննիչ դատարանն անհիմն նշել է նաև, որ փոխառության պայմանագրերով գումարի փոխանցման փաստն ապացուցված համարելու հիմք կարող է հանդիսանալ միայն Ընկերության կողմից գումարի ստանալը հավաստող թույլատրելի ապացույցը, և եկել է այն եզրահանգման, որ 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրն Ընկերությանը 15.500.000 ՀՀ դրամ գումարի փոխանցման փաստը հաստատող ապացույց չէ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.04.2009 թվականի որոշումը, այն փոփոխել` հայցը բավարարել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

01.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը կնքելիս Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանը` որպես Ընկերության տնօրեն, գրանցված չի եղել իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, այսինքն` Հայկ Հունանյանն Ընկերության անունից հանդես գալու իրավասություն չի ունեցել: Փոխառության պայմանագրերով ստացված գումարները Ընկերության դրամարկղային մուտքերի օրդերներում բացակայում են: Այնինչ, գործող օրենսդրության համաձայն` Ընկերության կողմից կանխիկ դրամի ընդունման դեպքում լրացվում են դրամարկղային գրքում:

Ինչ վերաբերում է 26.12.2007 թվականին կնքված հաշտության համաձայնագրի հիմքով 04.03.2008 թվականին Ընկերությանը 14.975.000 ՀՀ դրամ տրված լինելուն, ապա դա անհիմն է, քանի որ հաշտության համաձայնագիրը չի հաստատվել դատական ակտով և 04.03.2008 թվականի հանձնման-ընդունման ակտում չի նշվել վճարման նպատակը: Բացի այդ, հաշտության համաձայնագրում գումարի չափը նշվել է 15.000.000 ՀՀ դրամ, այլ ոչ թե՝ 14.975.000 ՀՀ դրամ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև 01.02.2007 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնում 12.450.000 ՀՀ դրամ Փոխառուի կողմից կանաչ սուրճ ձեռք բերելու համար, իսկ Փոխառուն պարտավորվում է Փոխատուին վերադարձնել նույն չափով ՀՀ դրամ: Վերը նշված փոխառության պայմանագրի համաձայն` 01.02.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև կազմվել է 12.450.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտ (հատոր առաջին գ.թ. 10-12):

2) Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև 27.02.2007 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որի 1.1 կետի համաձայն` Փոխատուն որպես սեփականություն Փոխառուին է հանձնում 15.500.000 ՀՀ դրամ` Փոխառուի կողմից կանաչ սուրճ ձեռք բերելու համար, իսկ Փոխառուն պարտավորվում է Փոխատուին վերադարձնել նույն չափով ՀՀ դրամ: Վերը նշված փոխառության պայմանագրի համաձայն` 01.03.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև կազմվել է 15.500.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտ (հատոր առաջին գ.թ. 7-9):

3) 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանը և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանը կնքել են հաշտության համաձայնագիր, որի 4-րդ կետի համաձայն` համաձայնագիրը ենթակա է ներկայացման ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` ըստ հայցի Վազգեն Ասատրյանի ընդդեմ «Փարիզյան սուրճ» ՍՊԸ-ի և Վալերի` Աշխեն Գործունյան Ասատրյանի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի հիման վրա կարճելու նպատակով և ուժի մեջ է մտնում դատարանի վճիռը ուժի մեջ մտնելու պահից (հատոր առաջին գ.թ. 13-14):

4) Սույն գործի փաստերից չի հիմնավորվել, որ 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանի միջև կնքված հաշտության համաձայնագիրը հաստատվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից:

 5) ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի տարածքային բաժնի կողմից տրված Ընկերության իրավաբանական անձի պետական գրանցման 01 Ա013789 վկայականի 010 և 011 ներդիրներով հաստատվում է, որ Հայկ Հունանյանի ` որպես Ընկերության տնօրենի լիազորությունները գրանցվել են 02.02.2007 թվականին (հատոր առաջին գ.թ. 43-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշներով այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքային հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրամ կամ այլ գույք հանձնելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

Նույն օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթների կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հայկ Հունանյանը 01.02.2007 թվականին Ընկերության տնօրեն չի հանդիսացել, բացակայել է Ընկերության անունից գործելու նրա լիազորությունը, պայմանագրային հարաբերություններ են առաջացել Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև, այլ ոչ թե Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև, ինչի հիմքով էլ 12.450.000 ՀՀ դրամ գումարի պահանջը ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է 27.07.2007 թվականին կնքված պայմանագրի և 01.03.2007 թվականին կազմված դրամական միջոցների ստացման մասին ակտի հիմքով 15.500.000 ՀՀ դրամի պահանջին, ապա այդ մասով հայցը բավարարելու հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ երբևէ ոչ մի հիմքով նշված գործարքը չի վիճարկվել: Ուստի նշված պայմանագրից ծագող իրավունքներն ու պարտականությունները կողմերի միջև չեն դադարել: Ինչի հիմքով էլ Դատարանը գտել է, որ այդ մասով հայցը ենթակա է բավարարման: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող ըստ Վազգեն Ասատրյանի հայցի ընդդեմ Վալերի-Աշխեն Գուրգենի Գործունյան Ասատրյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին 26.12.2007 թվականին կողմերի միջև կազմված հաշտության համաձայնության և 04.03.2007 թվականի դրամական միջոցների ընդունման-հանձնման ակտի հիմքերով 14.975.000 ՀՀ դրամ գումարը ստանալու պահանջին, ապա Դատարանը այդ մասով հայցը գտել է անհիմն այն պատճառաբանությամբ, որ Դատարան ներկայացված հաշտության համաձայնությունը դեռևս քաղաքացիական իրավունքներ ու պարտականություններ չի սահմանում, փոփոխում կամ դադարեցնում: Այն գործարք չէ, և դրա նկատմամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված գործարքների անվավերության վերաբերյալ դրույթները:

Վերաքննիչ դատարանը Ընկերության վերաքննիչ բողոքի բավարարման և վճռի փոփոխման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վազգեն Ասատրյանը չի ապացուցել վիճարկվող գումարներն Ընկերության կողմից ստացված լինելու փաստը, ուստի 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը չի կարող Ընկերությանը 15.500.000 ՀՀ դրամի փոխհատուցման հիմք հանդիսանալ:

Սույն գործի փաստերի համաձայն` 01.03.2007 թվականին Վազգեն Ասատրյանը Ընկերությանն է հանձնել փոխառության պայմանագրով սահմանված 15.500.000 ՀՀ դրամը, իսկ Ընկերությունը ստացել է այն:

Վերոհիշյալ պայմանագրի 1.2 կետի համաձայն` փոխատուն փոխառուին է հանձնել փոխառության գումարը մեկ տարի ժամանակով: Գործի նյութերով փոխառուի կողմից փոխառության 27.02.2007 թվականի պայմանագրով ստանձնած պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել: Հիմնավորված է նաև այն հանգամանքը, որ նշված փոխառության պայմանագիրը չի վիճարկվել Ընկերության կողմից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ և 347-րդ հոդվածների հիման վրա 27.02.2007 թվականի փոխառության պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման:

Ինչ վերաբերում է 26.12.2007 թվականին Վազգեն Ասատրյանի և Վալերի-Աշխեն Գործունյան Ասատրյանի միջև կնքված հաշտության համաձայնագրին, ապա այդ հիմքով հայցվող 14.975.000 ՀՀ դրամի մերժումը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն` կողմերը դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ: Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե այն հակասում է օրենքին և այլ իրավական ակտերին կամ խախտում է այլ անձանց իրավունքները և օրինական շահերը: Այդ դեպքում դատարանը վեճը քննում է ըստ էության:

Սույն գործով չի հիմնավորվել Վերաքննիչ դատարանի կողմից 26.12.2007 թվականին կնքված հաշտության համաձայնությունը հաստատված լինելու փաստը, հետևաբար, այն որևէ պարտավորություն չի կարող առաջացնել:

Ինչ վերաբերում է 01.02.2007 թվականին կնքված պայմանագրին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով հայցապահանջի մերժումը նույնպես հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Սույն գործի փաստերի համաձայն` Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև 12.450.000 ՀՀ դրամ ստանալու մասին ակտը կազմվել է 01.02.2007 թվականին, իսկ Ընկերության տնօրեն Հայկ Հունանյանի լիազորությունները գրանցվել են 02.02.2007 թվականին: Այսինքն` վերոնշյալ ակտը ստորագրելու պահին Ընկերության անունից հանդես գալու Հայկ Հունանյանի լիազորությունը բացակայել է: Հետևաբար, պայմանագրային հարաբերություններ են առաջացել Վազգեն Ասատրյանի և Հայկ Հունանյանի միջև, այլ ոչ թե՝ Վազգեն Ասատրյանի և Ընկերության միջև:

Վճռաբեկ բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի խախտման հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ սույն գործով Վազգեն Ասատրյանը նման պահանջ չի ներկայացրել:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 18.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև՝ գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 19.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան