ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0039/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ՏԴ2/0039/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Մանուշակ Մակինյանի և Վարշամ Ղարիբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Մանուշակ Մակինյանին և Վարշամ Ղարիբյանին վերադարձնել «Մերսեդես Բենց VITO-112 CDI» մակնիշի 999 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 02.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է պարտավորեցնել Մանուշակ Մակինյանին «Մերսեդես Բենց VITO-112 CDI» մակնիշի 999 ՏԼ 65 պետհամարանիշի ավտոմեքենան վերադարձնել Ընկերությանը:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.08.2009 թվականի որոշմամբ Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարշամ Ղարիբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը և 29-րդ հոդվածի 4-րդ մասը, 31-րդ հոդվածի 4-րդ մասը, 53-րդ հոդվածը և 95-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը Վարշամ Ղարիբյանին է ուղարկել 07.05.2009 թվականին, որը նա ստացել է 11.05.2009 թվականին, իսկ գործի քննությունը նշանակվել է 21.05.2009 թվականին, այսինքն` Դատարանը չի ապահովել երկշաբաթյա ժամկետում հայցադիմումին պատասխան ներկայացնելու Վարշամ Ղարիբյանի դատավարական իրավունքը: Վերանայվող դատական ակտը նաև առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.08.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Վարշամ Ղարիբյանի ներկայացուցիչը 06.05.2009 թվականին դիմել է Դատարան և խնդրել է ուղարկել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, Վարշամ Ղարիբյանին պատասխանող ներգրավելու մասին որոշումը, Մանուշակ Մակինյանի հայտարարության պատճենը (գ.թ.64):
2) Դատարանը 06.05.2009 թվականին Վարշամ Ղարիբյանի ներկայացուցչին ուղարկել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, Մանուշակ Մակինյանի հայտարարության պատճենը, որը ստացել է 11.05.2009 թվականին (գ.թ. 67-69):
3) Դատարանը գործի քննությունը նշանակել է 21.05.2009 թվականին: 21.05.2009 թվականի դատական նիստով ավարտվել է դատաքննությունը (գ.թ.76):
4) Դատարանի 02.06.2009 թվականի վճռով Վարշամ Ղարիբյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ չի կայացվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը կարող է վճռաբեկ բողոք բերել դատական ակտի` միայն իր համար անբարենպաստ մասի դեմ:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 02.06.2009 թվականի և Վերաքննիչ դատարանի 07.08.2009 թվականի դատական ակտերով Վարշամ Ղարիբյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ դատական ակտ չի կայացվել, հետևաբար, Վարշամ Ղարիբյանի նկատմամբ վերը նշված դատական ակտերը իրավունքներ և պարտականություններ չեն առաջացրել:
Այսինքն` Վարշամ Ղարիբյանը վճռաբեկ բողոք է բերել իր համար ոչ անբարենպաստ դատական ակտի դեմ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն պնդմանը, որ վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի թիվ 3-1894 (ՏԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված քաղաքացիական գործով փաստական հանգամանքները սույն գործի փաստական հանգամանքների հետ նույնական չեն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.08.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |