Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.209
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0749/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0749/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սվետլանա Թադևոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արմեն Դոլմազյանի ընդդեմ Գոհար Վարդանյանի, Սվետլանա Թադևոսյանի, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալության Շենգավիթի տարածքային բաժնի (այսուհետ՝ Ռեգիստր), երրորդ անձ «Ֆարմ Գոհար» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինն առանձնացնելու, Ընկերության 100 տոկոս բաժնեմասը Սվետլանա Թադևոսյանին օտարելու գործարքը, Ռեգիստրի կողմից Ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ Սվետլանա Թադևոսյանին 100 տոկոս բաժնեմասով մասնակիցների ցուցակում ներառելու մասով, և որպես մասնակից Ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը՝ Սվետլանա Թադևոսյանին 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքների գրանցման մասով անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արմեն Դոլմազյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքն Ընկերության 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ, անվավեր ճանաչել Ընկերության 100 տոկոս բաժնեմասը Սվետլանա Թադևոսյանին օտարելու գործարքը, Ռեգիստրի կողմից Ընկերության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը՝ 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ Սվետլանա Թադևոսյանին մասնակիցների ցուցակում ներառելու մասով, և Ընկերության մասնակիցների գրանցամատյանում կատարված գրանցումը՝ Սվետլանա Թադևոսյանին 100 տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքների գրանցման մասով:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 24.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Թադևոսյանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Դոլմազյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետը, 201-րդ հոդվածը և 319-րդ հոդվածի 1-ին կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Մինչև սույն գործի քննությունը Սվետլանա Թադևոսյանը չի իմացել Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի ամուսնության գրանցված լինելու մասին, ինչպես նաև այն մասին, որ Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի կողմից 27.03.2000 թվականից հետո ձեռք բերված գույքը համարվելու է նրանց համատեղ սեփականությունը: Արմեն Դոլմազյանը և Գոհար Վարդանյանը փաստացի ամուսնացել են 1995 թվականից և չեն գրանցել իրենց ամուսնությունը, ավելին՝ 28.10.1995 թվականին նրանց դստեր՝ Նարե Դոլմազյանի և 23.06.1998 թվականին որդու՝ Տիգրան Դոլմազյանի ծնվելու ժամանակ հայրություն է ճանաչվել, քանի որ ամուսնությունը գրանցված չի եղել: Նման պարագայում Սվետլանա Թադևոսյանը չգիտեր և չէր կարող իմանալ, որ Գոհար Վարդանյանի մոտ 25.06.2008 թվականին բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը վաճառելու անհրաժեշտ լիազորությունները բացակայում են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի, 201-րդ հոդվածի 1-ին կետի և 319-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությունից հետևում է, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնօրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների` ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես՝ գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն այն դեպքում, եթե միաժամանակ առկա են հետևյալ երկու պայմանները՝ համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն և գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը:

Դատարանը և Վերաքննիչ դատարանը հաշվի չեն առել, որ Արմեն Դոլմազյանը գործի քննության ընթացքում չի ներկայացրել Գոհար Վարդանյանի՝ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության և այդ մասին մյուս կողմի՝ գնորդ Սվետլանա Թադևոսյանի կողմից այդ հանգամանքի մասին իմանալու կամ իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը հիմնավորող որևէ թույլատրելի ապացույց: ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459 (ՏԴ) և 26.09.2008 թվականի թիվ 539 (ՎԴ) որոշումների մեկնաբանությունների լույսի ներքո՝ Արմեն Դոլմազյանը պետք է ապացուցեր իր կողմից վկայակոչած՝ Գոհար Վարդանյանի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին իմանալու կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայության փաստը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459 (ՏԴ), 26.09.2008 թվականի թիվ 539 (ՎԴ) և 13.02.2009 թվականի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը և այն փոփոխել՝ Արմեն Դոլմազյանի հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Սվետլանա Թադևոսյանն իր ներկայացուցչի միջոցով Դատարանում 07.11.2008 թվականի նիստի ընթացքում ընդունել է այն փաստը, որ ինքն իմացել է Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցված լինելու մասին։ Սվետլանա Թադևոսյանի և Գոհար Վարդանյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճաոքի պայմանագիրը կնքվել է Գոհար Վարդանյանի կողմից ամուսնալուծության հայցադիմումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարան 24.06.2008 թվականին ներկայացնելու անմիջապես հաջորդ օրը։ Նշված փաստերով հերքվում են վճռաբեկ բողոքի հիմքերը, ինչպես նաև հիմնավորվում է, որ սույն գործի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են վճռաբեկ բողոքում նշված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշումներից:

Բողոք բերած անձի հայտարարությունը, թե Գոհար Վարդանյանը Ընկերությունը հիմնադրել է Սվետլանա Թադևոսյանի կողմից նվեր ստացած գումարներով, զուրկ է որևէ հիմքից, Սվետլանա Թադևոսյանը ֆինանսական առումով որևէ նման առնչություն չի ունեցել Ընկերության հիմնադրման հետ: Բողոք բերողն ասվածով հասարակ տրամաբանական հակասություն է ստեղծում, այսինքն՝ մի դեպքում փորձում է ինքն իրեն ներկայացնել որպես հոգատար մայր ու զոքանչ, որը 50.000 ԱՄՆ դոլար է նվիրում դստեր ընտանիքին, մյուս դեպքում ներկայանում է որպես բոլորովին անտարբեր մայր ու զոքանչ, որն իբր չգիտի իր դուստրն ամուսնացած է օրինական կարգով, թե՝ ոչ և նույնիսկ չգիտի, որ դուստրն ամուսնալուծվում է, բայց ամուսնալուծության հայցադիմում ներկայացնելու հաջորդ օրն իսկ գնում է Ընկերության բաժնեմասը։

Գոհար Վարդանյանը համատեղ սեփականություն հանդիսացող բաժնեմասի օտարման գործարք կնքելու լիազորություն չի ունեցել։ Ավելին, վիճարկվող գործարքով Սվետլանա Թադևոսյանը և Գոհար Վարդանյանը խախտել են նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, քանի որ եթե նույնիսկ Գոհար Վարդանյանը ցանկանար վաճառել իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասը, ապա Արմեն Դոլմազյանն այն հավասար պայմաններով ձեռք բերելու նախապատվության իրավունք ուներ։

Սվետլանա Թադևոսյանը միանշանակ գիտեր Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի ամուսնության՝ օրինական կարգով գրանցված լինելու, հետևաբար բաժնեմասը համատեղ սեփականություն հանդիսանալու մասին, իսկ պատասխանողների կողմից դատարանին չի ներկայացվել որևէ ապացույց, որով կհաստատվեր Գոհար Վարդանյանի՝ վիճարկվող գործարքը կոնկրետ պայմաններով կնքելու լիազորությունները, կամ Արմեն Դոլմազյանի՝ մյուս մասնակցի բաժնեմասը ձեռք բերելու իր նախապատվության իրավունքից հրաժարվելու փաստը։ Նշված փաստերով ակնհայտ է դառնում, որ սույն գործի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են վճռաբեկ բողոքում նշված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի գործերի փաստական հանգամանքներից։

Եթե Սվետլանա Թադևոսյանի՝ որոշ հանգամանքների մասին իմանալու փաստն ապացուցում էր պահանջում, ապա Գոհար Վարդանյանը հաստատ գիտեր իր լիազորությունների բացակայության մասին և այն մասին, որ Արմեն Դոլմազյանը չի պատրաստվել նվիրելու նրան իր բաժնեմասը։ Այնուհանդերձ, Գոհար Վարդանյանն օտարել է նաև Արմեն Դոլմազյանի սեփականությունը հանդիսացող բաժնեմասը` առուվաճառքի պայմանագրի 9-րդ կետում ամրագրելով, որ «սույն բաժնեմասը վեճի առարկա չէ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 27.03.2000 թվականին տրված թիվ ԱԱ 068393 ամուսնության վկայականի համաձայն՝ Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի ամուսնությունը 27.03.2000 թվականին ստացել է պետական գրանցում (գ.թ. 10):

2) Ռեգիստրի 23.06.2008 թվականի թիվ 3-2/1667-08 գրության համաձայն՝ Ընկերությունը գրանցվել է 21.08.2000 թվականին, և Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը, ինչպես նաև 100 տոկոս բաժնեմասով մասնակիցը Գոհար Վարդանյանն է (գ.թ. 9):

3) 25.06.2008 թվականին կնքված բաժնեմասի առուվաճառքի պայմանագրի համաձայն՝ Ընկերության մասնակից Գոհար Վարդանյանը վաճառել է սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած 100 տոկոս բաժնեմասը, իսկ Սվետլանա Թադևոսյանը գնել է նշված բաժնեմասը (գ.թ. 70): Սվետլանա Թադևոսյանը Գոհար Վարդանյանի մայրն է:

4) Ռեգիստրի 29.08.2008 թվականի թիվ 3-2/2268-08 գրության համաձայն՝ 21.08.2000 թվականին գրանցված Ընկերության 100 տոկոս բաժնեմասով մասնակիցն է Սվետլանա Թադևոսյանը, իսկ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարը Գոհար Վարդանյանն է (գ.թ. 33):

5) Դատարանի 07.11.2008 թվականի դատական նիստի արձանագրության համաձայն՝ Գոհար Վարդանյանի և Սվետլանա Թադևոսյանի ներկայացուցիչ Արգինե Հարությունյանն ընդունել է, որ Սվետլանա Թադևոսյանը գիտեր, որ Արմեն Դոլմազյանի և Գոհար Վարդանյանի ամուսնությունը գրանցված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189 հոդվածի համաձայն՝ երկու և ավելի անձանց սեփականության ներքո գտնվող գույքը նրանց պատկանում է ընդհանուր սեփականության իրավունքով, ընդ որում գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

Սույն գործով ստորադաս դատարանի կողմից հետազոտված ապացույցների ուժով հաստատվել է, որ Ընկերության 100 տոկոս բաժնեմասն ամուսնության ընթացքում ձեռք բերելու հիմքով հանդիսացել է Գոհար Վարդանյանի և Արմեն Դոլմազյանի ընդհանուր համատեղ սեփականությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով՝ գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ այլ անձի անունից գործելու լիազորության բացակայությամբ կամ նման լիազորությունների սահմանազանցմամբ գործարքը կնքված է համարվում այն կնքած անձի անունից և ի շահ նրա, եթե մյուս անձը (ներկայացվողը) հետագայում ուղղակի հավանություն չի տալիս տվյալ գործարքին:

Վերը հիշատակված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք սերտորեն փոխկապակցված են և իրավակիրառական պրակտիկայում դրանցից յուրաքանչյուրը պետք է մեկնաբանվի մյուսների բովանդակության և տրամաբանության տիրույթում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Ընկերության 100 տոկոս բաժնեմասը դիտարկելով որպես ամուսինների համատեղ սեփականություն և հաստատված համարելով այն հանգամանքը, որ Սվետլանա Թադևոսյանն իմացել է Գոհար Վարդանյանի և Արմեն Դոլմազյանի ամուսիններ լինելու հանգամանքի մասին, եկել է այն եզրահանգման, որ Սվետլանա Թադևոսյանն իմացել է Ընկերության 100 տոկոս բաժնեմասի՝ Գոհար Վարդանյանին և Արմեն Դոլմազյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանելու և Գոհար Վարդանյանի մոտ բաժնեմասի առուվաճառքի գործարքի կնքման համար անհրաժեշտ լիազորության բացակայության մասին:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացած որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնoրինման գործարքն անվավեր ճանաչելու համար բավարար չէ համատեղ սեփականության մասնակիցների՝ ամուսիններ հանդիսանալու մասին գործարքի մյուս կողմի, մասնավորապես՝ գնորդի տեղեկացված լինելու փաստը: Նման պահանջը դատարանի կողմից կարող է բավարարվել միայն երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ 1. համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայություն, 2. գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալը կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորության առկայությունը(տե՛ս օրինակ ըստ Թագուշ Պետրոսյանի հայցի ընդդեմ Ժաննա Ղազարյանի՝ «Բիզնես կենտրոն» ԲԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, և ըստ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ Ցոլակ Միլիտոսյանի հայցի ընդդեմ Թագուշ Պետրոսյանի և Ժաննա Ղազարյանի՝ Ընկերության բաժնետոմսերի 16.08.2004 թվականի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի թիվ 3-459(ՏԴ)որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ Սվետլանա Թադևոսյանը չգիտեր, որ Գոհար Վարդանյանի մոտ 25.06.2008 թվականին բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Ընկերությունում ունեցած իր 100 տոկոս բաժնեմասը վաճառելու անհրաժեշտ լիազորությունները բացակայում են, անհիմն է և չի բխում գործի նյութերից:

Մասնավորապես, սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության 100 տոկոս բաժնեմասը ամուսիններ Գոհար Վարդանյանի և Արմեն Դոլմազյանի համատեղ սեփականությունն էր, իսկ Սվետլանա Թադևոսյանը, լինելով Գոհար Վարդանյանի մայրը, ակնհայտորեն պետք է տեղյակ լիներ այն Գոհար Վարդանյանի և Արմեն Դոլմազյանի համատեղ սեփականությունը հանդիսանալու հանգամանքի և Գոհար Վարդանյանի մոտ բաժնեմասի առուվաճառքի գործարքի կնքման համար անհրաժեշտ լիազորությունների բացակայության մասին: Ավելին, նշված փաստը Դատարանում ընդունել է նաև Սվետլանա Թադևոսյանի ներկայացուցիչը:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից Ընկերության 100 տոկոս բաժնեմասի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելը հիմնավոր է և բխում է գործի փաստական հանգամանքներից:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի 25.03.2009 թվականի որոշումը չի հակասում ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշումներին, քանի որ սույն գործի փաստական հանգամանքներն էապես տարբերվում են: Մասնավորապես, սույն գործով ապացուցվել է համատեղ սեփականության մասնակցի մոտ վիճելի գործարքը կնքելու համար անհրաժեշտ լիազորությունների բացակայությունը և գործարքի մյուս կողմի՝ այդ մասին իմանալու ակնհայտ հնարավորության առկայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.03.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան