ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2010 թվականի N 211-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի N 174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 13-ի N 995-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումների 2009 թվականի ժամանակացույցի 1-ին կետը`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդ:
2. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 370 որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված N 1 մարտի 30-ի N 211-Ա որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում խորհրդատվական մարմին է, որը քննարկում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման ու բնագավառին վերաբերող այլ հարցերի վերաբերյալ:
2. Խորհուրդը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան: Խորհուրդն ունի իր անվանմամբ ձևաթուղթ:
II. ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
3. Խորհրդի նպատակը Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացմանն աջակցելն է:
4. Խորհրդի խնդիրներն են`
1) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
2) Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունների կարգավորման նպատակով առաջարկությունների մշակումը.
3) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական կարգավորման բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
4) Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման ծավալների և ձևերի վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
5) ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններին, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ առաջարկությունների մշակումը.
6) ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
5. Իր առջև դրված խնդիրներին համապատասխան` խորհուրդը`
1) աջակցում է Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրով (այսուհետ` գործողությունների ծրագիր) նախատեսված միջոցառումների իրականացմանը, որոշակի պարբերականությամբ վերանայում դրանք և ըստ անհրաժեշտության առաջարկություններ է ներկայացնում` դրանք վերանայելու նպատակով.
2) քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման միջոցների հարցը` տարեկան կտրվածքով.
3) հաստատում է խորհրդի աշխատանքների կազմակերպման նպատակով ձևավորվող քարտուղարության աշխատանքային պլանները.
4) հաստատում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման նպատակով ձևավորվող աշխատանքային խմբերի (այսուհետ` աշխատանքային խմբեր) գործունեության սկզբունքները, սահմանում խնդիրները, հսկում դրանց աշխատանքը.
5) ներկայացնում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքների գնահատման չափանիշների վերաբերյալ առաջարկություններ, նախապես քննարկում է գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների մասին պատասխանատու մարմինների հաշվետվությունները և դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
6) քննարկում է ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի վիճակի վերաբերյալ վերլուծությունները և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.
7) քննարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի վերաբերյալ օրենսդրական ակտերի, ստանդարտների, տեխնիկական նորմերի և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.
8) կազմակերպում է միջգերատեսչական գիտական համաժողովներ, խոհրդակցություններ և սեմինարներ ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի վերաբերյալ.
9) աջակցում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը կապված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ.
10) տարեկան մեկ անգամ իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
III. ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության վարչապետն է:
7. Խորհրդի կազմում ընդգրկվում են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառին առնչվող պետական կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Երևանի քաղաքապետը (համաձայնությամբ): Խորհրդի անդամն իր լիազորություններն իրականացնում է հասարակական հիմունքներով:
8. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը, աշխատանքային խմբերի գործունեությունը համակարգում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է քարտուղարության պետը: Խորհրդի քարտուղարության գործունեության արդյունավետ և օպերատիվ, ինչպես նաև հնարավորինս գործնական իրականացման նպատակով նրա գործառույթները վերապահվում են «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպությանը: Քարտուղարության պետի գործառույթները վերապահվում են կազմակերպության գործադիր տնօրենին` կազմակերպության հետ կնքված ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի հիման վրա: Կազմակերպության հետ ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր կնքող խորհրդի լիազոր անձը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարն է, որն իրականացնում է խորհրդի քարտուղարության աշխատանքների նկատմամբ հսկողություն և գործունեության ընդհանուր համակարգում:
9. Խորհրդի քարտուղարությունը`
1) կազմում է խորհրդի աշխատանքային պլանը.
2) արձանագրում է խորհրդի նիստերը.
3) խորհրդի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ դրա մասին գրավոր ծանուցում է խորհրդի անդամներին` ծանուցման մեջ նշելով նիստի անցկացման վայրը, օրը, ժամը, նիստի օրակարգը.
4) համակարգում է աշխատանքային խմբերի աշխատանքը և ապահովում նրանց կանոնավոր հանդիպումները (ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում` մեկ անգամ).
5) իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:
10. Խորհրդի քարտուղարության պետը`
1) խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ներկայացնում է խորհուրդը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ հարաբերություններում.
2) խորհրդի կամ խորհրդի նախագահի լիազորությամբ իրականացնում է խորհրդի գործունեության արդյունավետության ապահովմանն ուղղված այլ գործառույթներ:
11. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցել է խորհրդի անդամների կեսից ավելին: Նիստերը գումարվում են պարբերաբար` բայց առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև արտահերթ` խորհրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ` խորհրդի նախագահի կողմից, պահանջը ներկայացնելուց հետո 7 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հարցման կարգով` էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:
12. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:
13. Պետական և տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները խորհրդի քարտուղարությանը տրամադրում են համապատասխան փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև խորհրդի քարտուղարության գործառույթների պատշաճ իրականացման համար` այլ օժանդակություն:
14. Խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ խորհրդի որոշման հետ, գրավոր ներկայացնում է իր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և նշվում նիստի արձանագրության մեջ:
15. Խորհրդի նիստերը սահմանված կարգով արձանագրվում են: Արձանագրությունը, որն ստորագրում է խորհրդի նախագահը, կազմվում է նիստի ավարտից հետո 5 օրվա ընթացքում` երկու օրինակից:
16. Խորհրդի նիստերին ներկայացվող նյութերի նախապատրաստման, խորհրդի անդամներին ներկայացնելու, նիստերի արձանագրությունների կազմման, խորհրդի որոշումների համարակալման գործառույթներն իրականացնում է խորհրդի քարտուղարը:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
17. Խորհրդի նախագահը`
1) հրավիրում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, խորհրդի անդամներից մեկը նախագահում է նիստը.
2) իրականացնում է վերահսկողություն ընդունված որոշումների կատարման նկատմամբ և պատասխանատու է խորհրդի խնդիրների իրականացման համար.
3) խորհրդի անդամների միջև բաշխում է պարտականությունները և տալիս խորհրդի աշխատանքների հետ կապված հանձնարարականներ.
4) որոշում է խորհրդի նիստերի անցկացման ժամանակը:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
18. Խորհրդի անդամները`
1) մասնակցում են խորհրդի նիստերին և աշխատանքային խմբերի ու խորհրդի աշխատանքային ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքներին.
2) հարցեր են ներկայացնում խորհրդի քննարկմանը.
3) ներկայացնում են առաջարկություններ խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.
4) իրենց մասնագիտության շրջանակներում` քննարկվող հարցերի վերաբերյալ տալիս են բանավոր կամ գրավոր եզրակացություն:
VI. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
19. Խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 մարտի 30-ի N 211-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան | - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ) |
Ա. Գևորգյան | - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար |
Գ. Բեգլարյան | - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ) |
Ա. Աշոտյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար |
Գ. Դանիելյան | - ՀՀ արդարադատության նախարար |
Տ. Դավթյան | - ՀՀ ֆինանսների նախարար |
Ն. Երիցյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ա. Երիցյան | - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար |
Մ. Վարդանյան | - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Հ. Քուշկյան | - ՀՀ առողջապահության նախարար |
Ա. Սարգսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ |
Ա. Թումանյան | - ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ) |
Մ. Օհանյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետ |
Է. Ոսկանյան | - Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչության դիտարկումների բաժնի պետ (համաձայնությամբ) |
Գ. Անանյան | - ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (համաձայնությամբ) |
Ա. Դավիդյանց | - «Հասարակական առողջության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Հովհաննիսյան | - «Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2017, N 332-Ա | 06.04.2017, N 211-Ա | |
10.02.2012, N 98-Ա | 11.02.2012, N 211-Ա | |
21.03.2011, N 207-Ա | 22.03.2011, N 211-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|