ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0139/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0139/02/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Դ. Խաչատրյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Արմենտել» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Մարզպետունի Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Ընկերության՝ աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը՝ ամսական 41.000 ՀՀ դրամ, բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Մարզպետունի Հովհաննիսյանը պահանջել է վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել Ընկերությունից հարկադիր պարապուրդի գումարը` ամսական 41.000 ՀՀ դրամի չափով:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. Ընկերությունը պարտավորեցվել է միջին աշխատավարձի չափով Մարզպետունի Հովհաննիսյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում` սկսած 19.12.2008թ-ից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը: Աշխատանքում վերականգնելու մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 19.03.2009 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան նոր քննության:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարզպետունի Հովհաննիսյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի խախտման հիմքերով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 130-132-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 86-րդ հոդվածը, 120-րդ հոդվածի 3-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասը, 86-րդ հոդվածը, սխալ է մեկանաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը, չի կիրառել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել Մարզպետունի Հովհաննիսյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է Ընկերությունում կատարել ցանկացած աշխատանք, այդ թվում նաև վարորդ-ավտոբեռնիչի աշխատանք, որի հաստիքների թիվն ավելացել է երկուսով: Վերաքննիչ դատարանը հայտարարությունն ընդունել է որպես անվիճելի և հաստատված փաստ, և չի անդրադարձել այն հարցերին, թե գործատուն արդյոք ունեցել է նման հնարավորություն, աշխատողն արդյոք կարող էր կատարել այդ աշխատանքը, և այն արդյոք համապատախանում է վերջինիս մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանն ու առողջական վիճակին: Վերաքննիչ դատարանի պնդումն այն մասին, որ վարորդ-ավտոբեռնիչների քանակն Ընկերությունում ավելացել է երկու հոգով, ինչը ապացուցում է, որ աշխատողի կրճատման ժամանակ Ընկերությունում եղել է ազատ աշխատատեղ, անհիմն է, քանի որ վարորդի և վարորդ-ավտոբեռնիչի պաշտոնը և աշխատանքային գործառնություններն այլ են:
Վերաքննիչ դատարանի կողմից չի գնահատվել այն հանգամանքը, որ Ընկերություն Տնօրենների խորհրդի 07.10.2008 թվականի թիվ 06/08 որոշմամբ հաստատվել է Ընկերության նոր հաստիքացուցակը, և 30.11.2008 թվականի դրությամբ վարորդների թվաքանակը կրճատվել է 52 անձով: Հետևաբար, Ընկերությունը չէր կարող 52 անձանց առաջարկել վարորդ-ավտոբեռնիչի հաստիքը, քանի որ վարորդ-ավտոբեռնիչն աշխատում է Ընկերության պահեստներում, որպես պահեստում ստացված ապրանքների տեղափոխման և տեղադրման աշխատանքները կարգավորողներ և որպես աշխատանքային գործիք օգտագործում են ավտոբեռնիչը, որը մեքենա չէ: Բացի այդ, վարորդ-ավտոբեռնիչները տարին մեկ անգամ անցնում են հատուկ դասընթացներ հատուկ ընկերություններում` անվտանգության կանոնները ապահովելու համար, ինչպես նաև տրվում է հատուկ թույլտվություն, որը երկարացվում է տարին մեկ անգամ դասընթացներն անցնելուց հետո: Այդ հաստիքը գտնվում է պահեստների գործառնությունների խմբում, այլ ոչ թե տրանսպորտային բաժնում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Վերաքննիչ դատարանը, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննելով գործը, ըստ էության, կայացրել է ճիշտ որոշում, որը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով: Ընկերությունը թույլ է տվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի խախտում, այն է` իրեն չի առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանն ու առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, այնինչ Ընկերությունն ունեցել է նման հնարավորություն, իսկ ինքն էլ ունեցել է ավտովարորդի առաջին կարգ և վարորդի բազմամյա աշխատանքային փորձ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Մարզպետունի Հովհաննիսյանի և Ընկերության միջև 29.12.2006 թվականին կնքվել է թիվ 3706 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` Մարզպետունի Հովհաննիսյանը նշանակվել է Ընկերության հեռահաղորդակցության գլխավոր տնօրինության Շիրակի տարածքային կենտրոնի վարչական և ֆինանսական գրասենյակում՝ վարորդի պաշտոնում (գ.թ 14-18):
2) Ընկերությունը 16.12.2008 թվականին Մարզպետունի Հովհաննիսյանին ծանուցել է, որ Ընկերությունում տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման պատճառով 19.12.2008 թվականից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով լուծվելու է Ընկերության և Մ. Հովհաննիսյանի միջև կնքված թիվ 3706 պայմանագիրը: Նույն ծանուցմամբ հայտնվել է, որ Ընկերությունը Մ. Հովհաննիսյանին այլ աշխատանք չի առաջարկում՝ նման հնարավորության բացակայության պատճառով (գ.թ 13):
3) Ընկերության 16.12.2008 թվականի թիվ 6395-Կ հրամանով Մ. Հովհաննիսյանը տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով 19.12.2008 թվականից ազատվել է աշխատանքից: Նույն հրամանով Ընկերության հաշվապահական հաշվառման ծառայությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ՝ ինչպես նաև տույժ՝ ծանուցման ժամկետանց 57 օրվա համար՝ հիմք ընդունելով աշխատողի միջին ժամային աշխատավարձը (գ.թ 11):
4) Ընկերության 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշմամբ Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 137 հոգուց 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը կազմել է 89 հոգի, որոնցից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ (գ.թ 47-50):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, սույն հիմքով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:
Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշմամբ Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը 137 անձանցից կազմել է 89 անձ, որից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ: Ընկերությունը 16.12.2008 թվականին Մարզպետունի Հովհաննիսյանին տեղեկացրել է, որ վերջինիս այլ աշխատանք չի առաջարկվում՝ համապատասխան հնարավորության բացակայության պատճառով:
Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Ընկերությունը դատարանին չի ներկայացրել ապացույցներ այն մասին, որ հայցվորի վկայակոչած այլ աշխատանքը չի համապատասխանում նրա մասնագիտական պատրաստվածության, որակավորման կամ առողջական վիճակին: Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ հայցվորը Դատարանում որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ նշել է ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքի առկայությունը, ինչը կրճատված հաստիքի փոխարեն իրեն չի առաջարկվել և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի խախտմամբ միակողմանի լուծել է աշխատանքային պայմանագիրը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Ընկերության կողմից ներկայացվել են բավարար ապացույցներ ինչպես Ընկերությունում համապատասխան աշխատանքի բացակայության, այնպես էլ ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքի` նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին անհամապատասխանության մասին:
Այսպես` Ընկերությունը ներկայացրել է 07.10.2008 թվականի տնօրենների խորհրդի թիվ 06/08 որոշումը, համաձայն որի՝ Ընկերությունում տեղի է ունեցել վարորդների թվաքանակի կրճատում և 01.01.2009 թվականի դրությամբ Ընկերությունում վարորդների ընդհանուր թիվը 137 անձանցից կազմել է 89 անձ, որոնցից 81 վարորդ, 3 վարորդ-կռունկավար, 5 վարորդ-ավտոբեռնիչ: Միաժամանակ, սույն գործի քննության ընթացքում նշվել է, որ Մարզպետունի Հովհաննիսյանի կողմից նշված ավտոբեռնիչ-վարորդի հաստիքը գտնվում է Ընկերության Պահեստների գործառնությունների խմբում, այլ ոչ թե տրանսպորտային բաժնում, քանի որ վարորդ-ավտոբեռնիչն աշխատում է Ընկերության պահեստներում, որպես պահեստում ստացված ապրանքների տեղափոխման և տեղադրման աշխատանքները կարգավորողներ և որպես աշխատանքային գործիք օգտագործում են ավտոբեռնիչը, որը մեքենա չէ: Բացի այդ, վարորդ-ավտոբեռնիչները տարին մեկ անգամ անցնում են հատուկ դասընթացներ հատուկ ընկերություններում` անվատանգության կանոնները ապահովելու համար, ինչպես նաև տրվում է հատուկ թույլտվություն, որը երկարացվում է տարին մեկ անգամ դասընթացներն անցնելուց հետո: Այսինքն` Ընկերությունը չէր կարող Մարզպետունի Հովհաննիսյանին առաջարկել Պահեստների գործառնությունների խմբում ավելացված վարորդ-ավտոբեռնիչի հաստիքը, քանի որ վարորդի հաստիքն ընդգրկված է եղել Ընկերության տրասնպորտային բաժնում:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ավտոբեռնիչ-վարորդի աշխատանքն ունի այնպիսի առանձնահատկություններ, որ չի կարող կատարվել ընդհանուր վարորդական որակավորմամբ և փորձով:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տե՛ս, Ալվարդ Խաչատրյանի օրինական ներկայացուցիչ Թեհմինե Խաչատրյանն ընդդեմ Արմեն, Անահիտ Խաչատրյանների, Քանաքեռավանի գյուղապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Եղվարդի տարածքային ստորաբաժանման՝ Քանաքեռավանի շրջխորհրդի գործկոմի 31.01.1995 թվականի թիվ 1 որոշումը, սեփականության իրավունքի պետական գրանցումը, գրանցման վկայականը մասնակիորեն անվավեր ճանաչելու և համասեփականատեր ճանաչելու և Արմեն Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Թեհմինե Խաչատրյանի՝ բնակության իրավունքը դադարեցնելու և բնակելի տարածությունից վտարելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ԿԴ03/0026/02/08): Ուստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական խնդրին:
Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Մարզպետունի Հովհաննիսյանի հայցը մերժել:
2 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |