Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.259
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ 

Վարչական գործ թիվ ՎԴ/0488/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/0488/05/09

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան
 


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.08.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Ենոք Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ենոք Ղազարյանը պահանջել է պարտավորեցնել Կադաստրին ընդունելու Երևանի քաղաքապետարանի 28.02.2005 թվականի թիվ 382-Ա որոշումը և իր զբաղեցրած հասարակական նշանակության տարածքը՝ ռեստորանային համալիրը, գրանցել որպես հասարակական նշանակության օբյեկտ։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 07.08.2009 թվականի վճռով Ենոք Ղազարյանի հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ, 24-րդ հոդվածների, 86-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ենոք Ղազարյանի կողմից զբաղեցված հասարակական նշանակության տարածքը՝ ռեստորանային համալիրը, որպես հասարակական նշանակության օբյեկտ գրանցելը չի բխում գործող օրենսդրության պահանջներից, քանի որ որպես երկու առանձին գույքային միավորներ գրանցված (1-ինը՝ տունը, ռեստորանը և 0,0473 հա հողամասը, 2-րդը՝ 108,7 քմ կիսակառույց բնակելի տունը, 0,001242 հա հողամասը և 0,002508 հա վարձակալված հողամասը) գույքերը փաստացի միացված են և հնարավոր չէ բաժանում կատարել, քանի որ բացակայում է համապատասխան եզրակացությունը բաժանման հնարավորության կամ անհնարինության մասին։ Ներկայումս փաստացի չի երևում, թե ռեստորանային համալիրն ինչ մակերես է զբաղեցնում և որ մասում է գտնվում։

Դատարանի կողմից չի սահմանվել ապացույցների ներկայացման պարտականություն այն մասին, թե 108,7 քմ մակերեսով շինությունը, որը գրանցված է որպես բնակելի կիսակառույց տուն, բայց ներկայումս փաստացի ավարտված է և բացակայում է դրա վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ավարտական ակտը, համաձայն ՀՀ կառավարության 08.05.2003 թվականի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» թիվ 626-Ն որոշմամբ հաստատված կարգի 27-րդ կետի, արդյո՞ք համապատասխանում է քաղաքաշինական նորմերին, թե՝ ոչ, քանի որ դրա բացակայության դեպքում կառույցը չի կարող օրինականացվել։ Բացի այդ, վճռով չի սահմանվել, թե փաստացի ավարտված, սակայն շինարարության շահագործման փաստագրման ավարտական ակտ չունեցող կառույցը (որպիսի ապացույց գործում առկա չէ) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվի՝ որպես կիսակառույց, թե որպես ինքնակամ։

Ենոք Ղազարյանը Կադաստրին հասցեագրված դիմումով խնդրել է 0,002508 հա վարձակալության իրավունքով գրանցված հողամասը գրանցել սեփականության իրավունքով և դիմումին կից ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկանքը, որի համաձայն՝ նշված հողամասն ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, որը սակայն չի համապատասխանում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Դատարանն անտեսել է, որ գրանցված կիսակառույցն այժմ ավարտված է, սակայն չկա ավարտական ակտ: Այնինչ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն և «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումներով կարգավորում են ստացել ինքնակամ կառույցների օրինականացման և դրանց հետագա տնօրինման հարցերը։ Վարձակալված հողամասի վրա առկա շինությունը շինարարության շահագործման փաստագրման ակտի բացակայության պայմաններում համարվում է ինքնակամ կառույց, ուստի այդ կառույցը կարող է օրինականացվել միայն ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 731 և թիվ 912 որոշումներով սահմանված կարգով։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 07.08.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի Չկալովի փողոցի 71 հասցեում Ենոք Ղազարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 108,7քմ կիսակառույց բնակելի տուն, 0,001242 հա հողամաս, ինչպես նաև 0,002508 հա հողամաս՝ վարձակալության իրավունքով (հիմք՝ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 26.09.2002 թվականի թիվ 2-2437 վճիռ, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.10.2002 թվականի թիվ 505569 վկայական)։

2) Երևանի Չկալովի փողոցի 71 հասցեում Ենոք Ղազարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 828,08քմ մակերեսով բնակելի տուն և 0,0473 հա հողամաս (հիմք՝ պետ.նոտարի վավերացրած 26.02.1992 թվականի թիվ 1256 նվիրատվության պայմանագիր, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.04.1998 թվականի թիվ 000426 վկայական)։

3) 26.03.2007 թվականին Ենոք Ղազարյանը դիմել է Կադաստրին՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու և գույքը 2 միավորի բաժանելու խնդրանքով։ Կադաստրի կողմից դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ երկու տարբեր սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներով գրանցված գույքերը փաստացի միավորված են, սակայն համապատասխան ձևակերպում կատարված չէ, ուստի այն նորից առանձնացնել հնարավոր չէ։

4) 16.10.2008 թվականին Ենոք Ղազարյանը կրկին դիմել է Կադաստր՝ գույքը բաժանելու և պետական գրանցում կատարելու խնդրանքով։ Կադաստրի կողմից դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի ներկայացվել անշարժ գույքի մասին գործառնական նշանակությունը փոխելու և առանձնացող մասին առանձին փոստային հասցե տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի որոշումը, կարգավիճակը չորոշված շինությունների օրինականությունը հաստատող փաստաթղթերը, և բացի այդ, որպես առանձին գույքային միավորներ գրանցված անշարժ գույքերը փաստացի միավորված են, սակայն դրանց միացումը պետական գրանցում չի ստացել:

5) 19.01.2009 թվականին Ենոք Ղազարյանը դիմել է Կադաստրին՝ 0,002508 հա վարձակալության իրավունքով գրանցված հողամասը սեփականության իրավունքով փոխանցելու խնդրանքով։ Դիմումը մերժվել է, քանի որ «տունը միացված է հարևան Չկալովի 71 հասցեում գտնվող տանը, որն առանց գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ համապատասխան որոշման մասնակի օգտագործվում է որպես հասարակական նշանակության օբյեկտ, ինչպես նաև առկա են կարգավիճակը չորոշված շինություններ՝ համաձայն Կադաստրի 21.01.2009 թվականի թիվ Ել-368 գրության:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն oրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Սույն գործով Դատարանը հաստատված է համարել գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելու մասին Ենոք Ղազարյանի 26.03.2007 թվականի, 16.10.2008 թվականի և 19.01.2009 թվականի դիմումները Կադաստրի կողմից անհիմն մերժելու հանգամանքները, որից ելնելով էլ վճռել է «պատասխանողին պարտավորեցնել հայցվորի զբաղեցրած հասարակական նշանակության տարածքը, այսինքն՝ ռեստորանային համալիրը, գրանցել որպես հասարակական նշանակության օբյեկտ»։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը չի իրականացրել վարչական գործում առկա ապացույցների, մասնավորապես՝ Ենոք Ղազարյանի անվամբ տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի, «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» ՓԲԸ-ի կողմից տրված 02.10.2003 թվականի «Երևան քաղաքի Չկալովի փողոցի 71 հասցեով տան ինքնակամ կառուցված հատվածների տեխնիկական վիճակի վերաբերյալ» եզրակացության պատշաճ գնահատում` միաժամանակ անտեսելով այն հանգամանքները, որ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Երևանի Չկալովի փողոցի 71 հասցեում Ենոք Ղազարյանի անվամբ գրանցված են երկու առանձին գույքային միավորներ (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 28.10.2002 թվականի թիվ 505569 վկայականի համաձայն նշված հասցեում Ենոք Ղազարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 108,7քմ կիսակառույց բնակելի տուն, 0,001242 հա հողամաս, ինչպես նաև 0,002508 հա հողամաս՝ վարձակալության իրավունքով, իսկ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.04.1998 թվականի թիվ 000426 վկայականի համաձայն նույն հասցեում Ենոք Ղազարյանի անվամբ սեփականության իրավունքով գրանցված է 828,08քմ մակերեսով բնակելի տուն և 0,0473 հա հողամաս), այնինչ ներկայումս կիսակառույց բնակելի տան շինարարությունը փաստացի ավարտված է (միմյանց հարևանությամբ գտնվող շինությունների միացված լինելու տեսքով) և սույն գործում բացակայում է շինարարության շահագործման փաստագրման ավարտական ակտը: Բացի այդ, Դատարանը Երևանի Չկալովի փողոցի 71 հասցեում գտնվող շինության գործառնական նշանակությունը որպես հասարակական նշանակության օբյեկտի փոխելու հանգամանքը հաստատված է համարել Երևանի քաղաքապետի 28.02.2005 թվականի թիվ 382-Ա որոշման առկայությամբ, այնինչ նշված որոշումը Դատարան չի ներկայացվել, և այն որպես ապացույց չի հետազոտվել:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.08.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

 

Ս. Սարգսյան

Դատավորներ՝

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան