Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.217
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3117/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3117/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Լ. Գրիգորյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ավետիք Սաֆրազյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Ավետիք Սաֆրազյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Ավետիք Սաֆրազյանին վերադարձնել «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 15.04.2009 թվականի վճռով հայցը բավարարել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.07.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ավետիք Սաֆրազյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի կիրառման, այն է՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու համար անհրաժեշտ է ապացուցել այն հանգամանքը, որ վեճի առարկա «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվում է պատասխանողի տիրապետման ներքո: Մինչդեռ, սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Ավետիք Սաֆրազյանի տիրապետման ներքո:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ավետիք Սաֆրազյանն ընդունել է այն փաստը, որ «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է իր տիրապետման տակ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 31.05.2008 թվականին լուծվել է Ընկերության և Ավետիք Սաֆրազյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Ավետիք Սաֆրազյանին կցված «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 5):

2) ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 16.01.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա.Վշտունու փողոցի 73 հասցեում «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք (գ.թ. 92):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:

Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Ավետիք Սաֆրազյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:

Բացի այդ, ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 16.01.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա.Վշտունու փողոցի 73 հասցեում «Մերսեդես Բենց 609 D» մակնիշի 347 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա դրվել է արգելանք:

Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 01.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.07.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

 

Ս. Սարգսյան

Դատավորներ՝

 

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան