Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.114
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0883/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

                    Դ. Խաչատրյան


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

 

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ֆլորա Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Ֆլորա Զաքարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), երրորդ անձ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության՝ դրամական փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու, վնասը փոխհատուցելու և տոկոսներ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ֆլորա Զաքարյանը պահանջել է Քաղաքապետարանին պարտավորեցնել Արաբկիր 8-րդ փողոց (Գուլակյան) թիվ 85 տան իրացման կապակցությամբ նույն տեղում հատկացված շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց բնակարանի փոխարեն իր ընտանիքին տրամադրելու դրամական փոխհատուցում` Երևան քաղաքի Արաբկիր համայնքի բազմաբնակարան բնակելի տների բնակարանների շուկայական միջինացված արժեքներին համապատասխան, ինչպես նաև հատուցել կրած վնասներն ու բռնագանձել չվճարված գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կարգով հաշվարկված տոկոսները:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 25.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 25.12.2008 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ֆլորա Զաքարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ, 53-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 18-րդ, 345-րդ, 347-րդ, 408-րդ, 409-րդ, 411-րդ, 441-րդ, 1186-րդ, 1187-րդ, 1225-րդ, 1226-րդ, 1227-րդ, 1249-րդ հոդվածների պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի գնահատել ներկայացված ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել միայն Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի մոտ, իսկ բողոք բերած անձը պայմանագրի կողմ չէ, ուստի պայմանագրի ուժով նրա համար իրավունք չի կարող ծագել:

Մինչդեռ, նշված պայմանագիրը կնքվել է Քաղաքապետարանի և Գուլակյան 85 հասցեի բնակիչների անունից հանդես եկող անձի` Ջեմիկ Ղազարյանի միջև, որը ներկայացրել է բնակիչների` ընտանիքի անդամների շահերը և դրամական փոխհատուցման պայմանագիրը կնքել է ընտանիքի անդամների համար, հետևաբար, բողոք բերած անձը ևս որպես ընտանիքի անդամ նշված պայմանագրի կողմ է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերած անձը Ջեմիկ Ղազարյանի մահից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնից օրենքով սահմանված կարգով ստացել է 2007 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած թոշակը և 2007 թվականի դեկտեմբեր ամսից էլ դիմումներ է ներկայացրել Քաղաքապետարան, այսինքն` ընդունել է ամուսնու ժառանգությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.12.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 21.02.1969 թվականին տրված ամուսնության վկայականի համաձայն` Ջեմիկ Ղազարյանի և Ֆլորա Զաքարյանի ամուսնությունը գրանցվել է Երևանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյում` 21.02.1969 թվականին (գ.թ. 18, հ. 1):

2) 26 կոմիսարների շրջսովետի կոմունալ բաժնի իրացման սեկտորի վարիչի և Երևանի Արաբկիր 8-րդ փողոց (Գուլակյան) թիվ 85 տան բնակիչ Ջեմիկ Ղազարյանի միջև 16.07.1987 թվականին կնքված պայմանագրի համաձայն` Ջեմիկ Ղազարյանը պարտավորվել է պայմանագիրը ստորագրելուց հետո 5 օրվա ընթացքում ազատել քանդման ենթակա, իր ընտանիքի չորս անդամների կողմից զբաղեցված Գուլակյան թիվ 85 տունը և տրամադրել շրջսովետի գործկոմի կոմունալ բաժնին` քանդելու համար, իսկ շրջսովետի կոմունալ բաժինը պարտավորվել է տեղում կառուցվող բնակելի շենքի շինարարությունն ավարտելուց անմիջապես հետո Ջեմիկ Ղազարյանին տրամադրել վերոհիշյալ շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց կոմունալ հարմարություններով 48,36 քմ բնակելի մակերես ունեցող բնակարանը: Պայմանագրի դարձերեսին առկա է պայմանագրում նշված անձանց վերաբերյալ տեղեկանք` Ղազարյան Ջեմիկ Ղազարի, Զաքարյան Ֆլորա Ավետիկի, Ղազարյան Տիգրան Ջեմիկի, Ղազարյան Արփինե Ջեմիկի (գ.թ. 14, հ. 1):

3) Հայկական ՍՍՀ Երևան քաղաքի ժողովրդական դեպուտատների 26 կոմիսարների շրջսովետի գործկոմի 23.07.1987 թվականի նիստի արձանագրության համաձայն` Երքաղսովետի գործկոմի 1986 թվականի որոշման հիման վրա 26 կոմիսարների շրջսովետի գործադիր կոմիտեն որոշել է հաստատել կոմունալ և բարեկարգման վարչության կողմից քաղաքացի Ջեմիկ Ղազարյանի ընտանիքի չորս անձին առաջարկված տեղում կառուցվող շենքի 3-րդ հարկի թիվ 8 երեքսենյականոց 48,36 քմ բնակելի մակերեսով բնակարանի հատկացումը (գ.թ. 16, հ. 1):

4) ՀՀ կառավարությունը 25.10.2000 թվականին կայացրել է պետական և հասարակական կարիքների համար 1987-1991 թվականներին Երևան քաղաքում հողամասերը վերցնելու կապակցությամբ բնակտարածությունից զրկված քաղաքացիներին դրամական փոխհատուցում տրամադրելու կամ բնակարան հատկացնելու մասին N 683 որոշումը (գ.թ. 6-10, հ. 1):

5) Երևանի քաղաքապետի անունից հանդես եկող Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչների անունից հանդես եկող Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրի համաձայն` 16.07.1987 թվականին կնքված պայմանագրով հատկացված երեքսենյականոց բնակարանի փոխարեն, համաձայն Երևանի քաղաքապետի 15.01.2003 թվականի հ.52-Լ որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 11.04.2003 թվականի գործ հ. 8-09 արձանագրության, Քաղաքապետարանը պարտավորվել է Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչ Ջեմիկ Ղազարյանին վճարել 13.198,2 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ (գ.թ. 15, հ. 1):

6) 05.12.2007 թվականին տրված ԱԱ թիվ 100753 մահվան վկայականի համաձայն` Ջեմիկ Ղազարյանը մահացել է 04.12.2007 թվականին (գ.թ. 17, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից, գործարքներից ու գործողություններից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:

Վճռաբեկ դատարանի նախկին որոշումներում անդրադարձ է կատարվել դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելով, հանգել է այն հետևության, որ Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի միջև 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել միայն պայմանագրի կողմ հանդիսացող Քաղաքապետարանի և Ջեմիկ Ղազարյանի մոտ, իսկ Ֆլորա Զաքարյանը պայմանագրի կողմ չէ, ուստի պայմանագրի ուժով նրա համար չէր կարող որևէ իրավունք ծագել:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել 26.06.2003 թվականին կնքված դրամական փոխհատուցում տրամադրելու մասին պայմանագիրը, որը կնքվել է Երևանի քաղաքապետի անունից հանդես եկող Քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և Գուլակյան փողոցի թիվ 85 հասցեի իրացված տան բնակիչների անունից հանդես եկող Ջեմիկ Ղազարյանի միջև:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ջեմիկ Ղազարյանը դրամական փոխհատուցում տրամադրելու մասին 26.06.2003 թվականին կնքված պայմանագիրը կնքել է իր ընտանիքի անդամների, այդ թվում և` Ֆլորա Զաքարյանի անունից, հետևաբար այդ պայմանագրով քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ են ծագել նաև վերջինիս համար:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված այն փաստարկին, թե Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ջեմիկ Ղազարյանի մահից հետո բողոք բերած անձն օրենքով սահմանված կարգով ստանալով 2007 թվականի դեկտեմբեր ամսվա չստացած թոշակը, ընդունել է ամուսնու ժառանգությունը, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Արաբկիրի սոցիալական ապահովության տարածքային բաժնի 30.03.2009 թվականի գրությունը ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

 

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

Ե. Սողոմոնյան