ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1498/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1498/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան | |
Դատավորներ՝ Ն. Տավարացյան Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Անտոնյանի | |
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի (այսուհետ Ընկերություն) ընդդեմ Գևորգ Հակոբյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից վերադարձնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է պարտավորեցնել Գևորգ Հակոբյանին վերադարձնել «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այուհետ՝ Դատարան) 18.03.2009 թվականի վճռով հայցը բավարարել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Հակոբյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանագմանքը, որ Ընկերության կողմից չի ապացուցվել այն հանգամանքը, որ «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան գտնվել է Գևորգ Հակոբյանի տիրապետման ներքո: Սույն գործում բացակայում է որևէ ապացույց, որը կհիմնավորեր այն հանգամանքը, որ վեճի առարկա գույքը գտնվում է Գևորգ Հակոբյանի տիրապետման ներքո:
Ավելին, վիճելի ավտոմեքենայի նկատմամբ 12.01.2009 թվականին հայտարարվել է հետախուզում, և 15.01.2009 թվականին հարկադիր կատարողն ավարտել է կատարողական վարույթը` կատարողական թերթի պահանջների փաստացի կատարման հիմքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 31.05.2008 թվականին լուծվել է Ընկերության և Գևորգ Հակոբյանի միջև 06.03.2008 թվականի աշխատանքային պայմանագիրը: Նույն հրամանով հանձնարարվել է Ընկերության ավտոհավաքակայանի պետ Վարդան Մելքոնյանին երկու օրվա ընթացքում կազմակերպել և իրականացնել Գևորգ Հակոբյանին կցված «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի բեռնատար-սառնարան ավտոմեքենայի ընդունում-հանձնումը (գ.թ. 49):
2) ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 21.07.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և առգրավելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա.Վշտունու փողոցի 73 հասցեից առգրավվել է «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան և տեղափոխվել է ԴԱՀԿ ծառայություն:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապoրինի տիրապետումից:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու գործով ապացուցման առարկան է պատասխանողի կողմից վեճի առարկա գույքը տիրապետելու փաստը:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների՝ ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Ուստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:
Սույն գործի փաստերով չի հիմնավորվել Ընկերության «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Գևորգ Հակոբյանի տիրապետման ներքո գտնվելու փաստը:
Բացի այդ, ՀՀ ԴԱՀԿ ծառայության Երևանի ստորաբաժանման 21.07.2009 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու և առգրավելու մասին» ակտի համաձայն` Երևանի Ա.Վշտունու փողոցի 73 հասցեից առգրավվել է «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան և տեղափոխվել է ԴԱՀԿ ծառայություն: Այսինքն` վերը նշված փաստով հիմնավորվել է այն հանգամանքը, որ «Մերսեդես Բենց 612 D» մակնիշի 861 ՏՍ 65 պետհամարանիշի ավտոմեքենան Գևորգ Հակոբյանի տիրապետման ներքո չի գտնվում:
Հիմք ընդունելով վերոգյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և գնահատում, հետևաբար կայացված դատական ակտն անհիմն է:
Այսպիսով, վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 18.07.2009 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ի հայցը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
|
Մ. Դրմեյան | |
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|