Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2006.12.28/8(16).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
13.06.2005
Ստորագրման ամսաթիվ
13.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2006

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության եվ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջեվ` միմյանց դեսպանությունների տեղակայման համար շենքեր եվ հողամասեր փոխադարձաբար տրամադրելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

առաջնորդվելով դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով,

հիմնվելով փոխադարձ շահավետության սկզբունքի վրա,

բարեկամական խորհրդակցությունների միջոցով

 

պայմանավորվում են հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

1. Չինական կողմը հայկական կողմին անհատույց օգտագործման է տրամադրում երկու շենք իրենց հարակից հողատարածքներով և կառույցներով, ներառյալ` ավտոտնակ` Պեկինի Չաոյանցույ Թայուաննանսյաոձեի 9 հասցեում: Հողատարածքը 3174.99 քառ. մետր է, իսկ երկու շինությունների տարածքը` 2734.65 քառ. մետր: Վերոնշյալ շենքերի, հողատարածքի և հարակից կառույցների, ներառյալ ավտոտնակը, հատակագծերը սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածն են և դրա բաղկացուցիչ մասը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված շենքերից մեկը` 592.58 քառ. մետր տարածքով, հայկական կողմին կփոխանցվի 2006 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ ժամկետը հայկական կողմին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է Պեկինի դիվանագիտական Թայուան թաղամասի 9-րդ շենքի 1-ին մուտքի 31-րդ բնակարանը, ներառյալ նույն հասցեում գտնվող ստորգետնյա ավտոկանգառը:

 

Հոդված 2

 

1. Հայկական կողմը չինական կողմին անհատույց օգտագործման է հանձնում Երևան քաղաքի Մարշալ Բաղրամյան 12 հասցեում տեղակայված շինությունը` հարակից կառույցներով: Հողատարածքի մակերեսը 2500 քառ. մետր է, իսկ շինությանը` 758.2 քառ. մետր: Վերոնշյալ շենքի, հողատարածքի և հարակից կառույցների հատակագծերը սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածն են և դրա բաղկացուցիչ մասը:

2. Հայկական կողմը Իսակովի պողոտայում 2.5 հա մակերեսով հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրում է չինական կողմին` դեսպանատուն կառուցելու համար: Հողատարածքի նախագիծը սույն Համաձայնագրի 3-րդ Հավելվածն է և նրա բաղկացուցիչ մասը:

 

Հոդված 3

 

1. Հայկական կողմը ստանձնում է Պեկինի Չաոյանցույ Թայուաննանսյաոձեի 9 հասցեում գտնվող շինության վերանորոգումն ու հոգում անհրաժեշտ ծախսերը:

2. Չինական կողմը ստանձնում է Մարշալ Բաղրամյան 12 հասցեում գտնվող տան վերանորոգումն ու հոգում անհրաժեշտ ծախսերը:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում շինարարությունը, ընդլայնումը և վերանորոգումն իրականացնում են Կողմերը` տեղական օրենքներին համաձայն և իրավասու մարմինների թույլտվությամբ: Բոլոր ծախսերը հոգում է հողատարածքն օգտագործող Կողմը:

 

Հոդված 5

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում շինարարության, ընդլայնման և վերանորոգման աշխատանքների իրականացման համար յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն է հրավիրում հյուրընկալ կամ սեփական երկրի ընկերություններին` նախագծման, շինարարական աշխատանքների, վերահսկման, ստուգման և ընդունման համար: Վերոնշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու տեխնիկան երկիր են ներմուծվում առանց մաքսային զննման: Հյուրընկալ երկիրը պայմաններ է ստեղծում վերոնշյալ աշխատանքներն իրականացնող անձնակազմի համար մուտքի արտոնագրեր ձևակերպելու ժամանակ:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված հողատարածքներում կառուցվելիք կառույցները կարող են դառնալ վերոնշյալ կառույցները կառուցած Կողմի սեփականությունը: Շինարարության ավարտից անմիջապես հետո կառույցը կառուցած Կողմին մյուս Կողմը օժանդակություն կցուցաբերի դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործում:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրում նշված հողատարածքներն ու շինությունները օգտագործվում են բացառապես դիվանագիտական և հյուպատոսական ծառայողական նպատակների, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի տեղավորման համար: Դրանց օգտագործումը այլ նպատակների համար անթույլատրելի է: Կողմերից ոչ մեկը չի կարող, առանց մյուս Կողմի թույլտվության, որևէ տեսքով վաճառել, վարձակալության տալ կամ փոխանցել սույն Համաձայնագրում նշված հողատարածքները և շինությունները:

 

Հոդված 8

 

Այն դեպքում, եթե հայկական կողմը, քաղաքաշինական կամ այլ հանգամանքներից ելնելով, ցանկանա, որ չինական կողմը վերադարձնի սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված հողատարածքը, նա պետք է տեղեկացնի այդ մասին չինական կողմին ոչ ուշ, քան հետ վերցնելուց մեկ տարի առաջ` փոխարենը չինական կողմին տրամադրելով նման պայմաններով և նույն չափին համարժեք այլ տարածք: Հայկական կողմը փոխհատուցում է չինական կողմին վերադարձվող հողատարածքի վրա գտնվող` վերջինիս կողմից կառուցված շինությունների արժեքը, որը ելնելով իրական վիճակից համաձայնեցվում է Կողմերի կողմից:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի միմյանց ծանուցելու պահից և գործում է 70 տարի: Սույն Համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և այլ հարցերի հետ կապված` Կողմերը խորհրդակցությունների մեջ են մտնում գործողության ժամկետի լրանալուց մեկ տարի առաջ:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի կիրառման և մեկնաբանման ժամանակ ծագած տարաձայնությունները Կողմերը կարգավորում են բարեկամական խորհրդակցությունների միջոցով:

 

Կատարված է Պեկին քաղաքում, 2005թ. հունիսի 13-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն. ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ընթացքում որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 5-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան