ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2288/05/09 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2288/05/09 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության (այսուհետ` Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Ոստիկանության հայցի ընդդեմ Արմեն Գևորգյանի` 1.000.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին և Արմեն Գևորգյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Ոստիկանության` Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը պահանջել է բռնագանձել Արմեն Գևորգյանից 1.000.000 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Արմեն Գևորգյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ բավարարվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արմեն Գևորգյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները, սխալ է կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, 57-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, պետք է կիրառեր նույն հոդվածների 5-րդ և 2-րդ մասը, չպետք է կիրառեր ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշումը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճռում պատճառաբանվել է, որ վիճարկվող ակտում նշված չէ, թե ճանապարհային երթևեկության որ կանոնն է խախտվել, ակտում բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ այն բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը: Մինչդեռ ՀՀ կառավարության 955-Ն որոշման որևէ կանոն նշելու անհրաժեշտություն չկար, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը վարորդների կողմից կատարվող մի շարք զանցանքների համար պատասխանատվություն է նախատեսում ինքնուրույն՝ առանց հղում կատարելու ՀՀ կառավարության հիշյալ որոշմանը:
Ինչ վերաբերում է վարչական ակտի որոշակիությանը, ապա թե՛ հակընդդեմ հայցվորի, թե՛ Ոստիկանության և թե՛ Դատարանի համար միանշանակ պարզ էր վարչական պատասխանատվության ենթարկվող անձը և ենթարկող մարմինը: Ակտը կնքված է Ոստիկանության պաշտոնական կնիքով, իսկ բողոքարկման և անհրաժեշտ այլ տվյալները նշված են ակտի դարձերեսին:
Բացի այդ, Դատարանն ակտն անվավեր ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման արձանագրության մեջ նշված չէ դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ խախտող անձի մասին, վարչական իրավախախտման տեղը, ժամանակը և էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների և տուժողների ազգանուններն ու հասցեները, եթե այդպիսիք կան, խախտողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տվյալներ: Նշվածը դիտել է որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի խախտում: Մինչդեռ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից հստակ երևում է, որ այն կազմվել է 23.01.2008 թվականին Թաիրովի փողոցում, արձանագրությունը կազմող անձը Ոստիկանության 1-ին գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Անդրանիկ Գևորգի Խաչատրյանն է, խախտողը՝ Գևորգյան Արմեն Տոլիկի, ծնված 1975 թվականին, որի հասցեն է` Երևան, Ուլնեցու 54 շենք, բն. 6, հեռ՝ 093139477, վարչական իրավախախտման տեղը՝ Ֆրիկ-Դեմիրճյան խաչմերուկը, զանցանքը կատարվել է ժամը 18.00-ին, զանցանքը կայացել է նրանում, որ վարորդը, հատելով առանցքային հոծ գիծը, կատարել է ձախ շրջադարձ և չի կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` օրենքով սահմանված կարգով տրված հրամանը` խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասով: Ինչ վերաբերում է խախտողի բացատրությանը, ապա վարչական իրավախախտում կատարած անձի բացատրությունը, դիտողությունը, ստորագրությունը տողում Ա.Գևորգյանի կողմից բացի ստորագրությունից որևէ այլ առարկություն կամ նշում չկա:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/0073/05/08 և 22.04.2009 թվականի թիվ ՎԴ/5476/05/08/ որոշումներով անդրադարձել է նշված հանգամանքներին արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ և 57-րդ հոդվածի 1-ին մասերը կիրառելի չեն:
Մասնավորապես, վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որի նկատմամբ կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը: Իսկ վիճարկվող որոշումն իր բովանդակությամբ համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 27.06.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ոստիկանության տեսուչն օրենքով սահմանված կարգով կանգառի ազդանշան չի տվել, իսկ Ոստիկանությունը, կրելով զանցանքի փաստի ապացուցման բեռը, զանցանքի կատարման փաստը չի ապացուցել: Դատարանը ճիշտ է կիրառել Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ և 57-րդ հոդվածները:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
Ոստիկանության տեսուչ Անդրանիկ Խաչատրյանը 23.01.2008 թվականին կազմել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, համաձայն որի` Արմեն Գևորգյանը թույլ է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 124-րդ հոդվածի 37-րդ կետով սահմանված խախտում, որի համար 24.01.2008 թվականին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 200.000 ՀՀ դրամ տուգանքի չափով, տուգանքի գումարը չվճարելու հետևանքով այն հնգապատկվել է: (գ.թ 4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին oրենսդրության հիմունքներին, նույն oրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:
Նույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ ճանապարհի բաժանարար գոտին չնախատեսված վայրերում տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հատելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
Նշված օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով: Մասնավորապես, վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներն են (իրավական հիմնավորումները տե՛ս, օրինակ՝ ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի՝ 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):
Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումը պետք է պարունակի՝ այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը:
Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշման մեջ ընդունող մարմնի անվանումը հստակ և ընթեռնելի գրված չէ, բացակայում է նկարագրական և պատճառաբանական մասերը, բացակայում է Ոստիկանության կնիքը, նշված չէ այն բողոքարկելու վայրը, ժամկետը, կարգը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, նախատեսված վարչական իրավախախտման համար վարչական տույժ նշանակելու վերաբերյալ որոշումներին ներկայացվող պահանջները սահմանված են նշված օրենսգրքով և այդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը կիրառելի չէ: Տվյալ դեպքում էական է այն հարցի պարզումը, թե վիճարկվող ակտը համապատասխանում է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, թե՝ ոչ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին, քանի որ նշված որոշումը պարունակում է այն ընդունած պաշտոնատար անձի պաշտոնը, կայացնելու ամսաթիվը, վարչական իրավախախտում կատարած անձի անունը և ազգանունը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը (որոշման մեջ նշված է, որ Արմեն Գևորգյանը հատել է առանցքային հոծ գիծը, կատարել է ձախ շրջադարձ և չի կատարել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի օրենքով սահմանված կարգով տրված պահանջը), տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը (որոշման մեջ որպես վարչական պատասխանատվության իրավական հիմք է նշված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասը), ինչպես նաև գործի վերաբերյալ ընդունված որոշումը (որոշմամբ Արմեն Գևորգյանը ենթարկվել է 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի): Հետևաբար, Ոստիկանության 24.01.2008 թվականի թիվ 312559 որոշումն իրավաչափ է և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի հիմքով ենթակա է կատարման:
Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ նշված չէ, թե Ճանապարհային երթևեկության ո՞ր կանոնն է խախտվել, ապա Արմեն Գևրորգյանը վարչական պատասխանատվության է ենթարկվել Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասի պահանջը խախտելու, մասնավորապես, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի` oրենքով սահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից չկատարելու համար, ինչը և արձանագրվել է Ոստիկանության վիճարկվող որոշման մեջ:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հայցը բավարարել՝ Արմեն Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ: Արմեն Գևորգյանի հակընդդեմ հայցը մերժել:
2. Արմեն Գևորգյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի և 30.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի գումար:
3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ՝ |
|
Վ. Ավանեսյան |
|
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
|
Ե. Սողոմոնյան |