Գլխավոր տեղեկություն
Համար
N 01-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.05.2010-11.10.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.19/21(755)
Ընդունող մարմին
Դատավորների ընդհանուր ժողով
Ընդունման ամսաթիվ
23.04.2010
Ստորագրող մարմին
Վճռաբեկ դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N 01-Ն

 

«ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Կարևորելով վարքագծի կանոնների էական դերը դատարանների անկախության ապահովման, դատավորի պատասխանատվության բարձրացման և դրանով իսկ դատարանի ու արդարադատության նկատմամբ հասարակության հավատի ամրապնդման և հեղինակության բարձրացման հարցերում, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 87-րդ հոդվածը` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը որոշում է.

1. Սահմանել «Դատավորի վարքագծի կանոնները»` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ««Դատավորի վարքագծի կանոնագիրքը» հաստատելու մասին» ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 08.12.2005 թվականի թիվ 77 որոշումը:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

 նախագահ

Ա. Մկրտումյան


2010 թ. ապրիլի 23
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
2010 Թ. ԱՊՐԻԼԻ 23-Ի
ԹԻՎ 01-Ն ՈՐՈՇՄԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կանոն 1 - Դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը:

Արդարադատություն իրականացնելիս և ոչ դատական գործունեության ընթացքում դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:

Կանոն 2 - Դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:

Կանոն 3 - Արդարադատության իրականացմանն ուղղված պարտականությունների կատարումը դատավորի համար պետք է առաջնային լինի օրենքով նրան թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ:

Կանոն 4 - Դատավորը պարտավոր է զերծ մնալ օրենսդիր և գործադիր մարմինների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների ազդեցությունից, ինչպես նաև ամեն տեսակի միջամտությունից և անկախ մարդու համբավ ձեռք բերել անկողմնակալ դիտորդի մոտ:

Կանոն 5 - Լինելով հասարակության ուշադրության կենտրոնում` դատավորը պարտավոր է գիտակցաբար և ինքնակամ իր համար ընդունել այնպիսի անձնական սահմանափակումներ, որոնք կապահովեն նրա բարեկրթության, հավասարակշռվածության և արդարամտության հասարակական ընկալումը:

Դատավորը ցանկացած իրավիճակում պարտավոր է բարձր պահել իր պատիվն ու արժանապատվությունը, խուսափել այն ամենից, ինչը կարող է արատավորել դատական իշխանության հեղինակությունը, վնաս հասցնել դատավորի համբավին և կասկածի տակ դնել նրա օբյեկտիվությունն ու անկախությունն արդարադատություն իրականացնելիս:

Կանոն 6 - Դատավորը պարտավոր է միջոցներ ձեռնարկել իր գիտելիքների հարստացման, հմտության և անձնական հատկանիշների շարունակական կատարելագործման ուղղությամբ` այդ նպատակներին հասնելու համար օգտագործելով դատավորների վերահսկողության ներքո գտնվող վերապատրաստման բոլոր հնարավորությունները:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ

 

Կանոն 7 - Դատավորն արդարադատություն իրականացնելիս պետք է գործի անկախ ու անաչառ, ազատ լինի կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից:

Այն որոշումների կայացման ժամանակ, որոնք դատավորը պարտավոր է կայացնել ինքնուրույն, նա պետք է անկախ լինի նաև դատավոր գործընկերներից: Սակայն չի բացառվում, որ դատավորը կարող է բարդ գործերի վերաբերյալ իրավաբանական հարցերի շուրջ խորհուրդ ստանալ դատավոր գործընկերներից` պայմանով, որ վերջնական որոշում կայացվի ինքնուրույն:

Արդարադատություն իրականացնելիս դատավորը չպետք է դրսևորի խտրականություն կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:

Կանոն 8 - Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է զերծ մնալ մասնավոր շահերի, հասարակական կարծիքի ազդեցությունից, ինչպես նաև ազատ լինել քննադատության մտավախությունից:

Կանոն 9 - Դատավորը պարտավոր է բարեխղճորեն կատարել իր մասնագիտական պարտականությունները և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները գործերի և նյութերի ողջամիտ ժամկետում քննության համար, որպեսզի կասկածներ չառաջացնի արդարադատության արդյունավետության նկատմամբ:

Կանոն 10 - Դատավորը պետք է լինի արժանապատիվ, համբերատար և բարեկիրթ: Նա պարտավոր է հարգալից վերաբերմունք դրսևորել գործով կողմերի, դատավարության այլ մասնակիցների, գործընկեր դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց հանդեպ, որոնց հետ առնչվում է դատարանում: Դատավորը նման վարքագիծ պետք է պահանջի նաև դատավարության մասնակից բոլոր անձանցից:

Կանոն 11 - Դատական նիստից դուրս դատավորը պարտավոր է ձեռնպահ մնալ կողմերի և դատավարության այլ մասնակիցների հետ առանձին շփումից:

Կանոն 12 - Դատավորն իրավունք չունի արդարադատության իրականացմանը չվերաբերող նպատակներով օգտագործել, հրապարակել կամ այլ կերպ մատչելի դարձնել իր պարտականությունների իրականացման կապակցությամբ ստացած գաղտնի տեղեկատվությունը:

Կանոն 13 - Դատավորը պետք է տեղյակ լինի միջազգային իրավունքի զարգացման միտումներին և այդ ուղղությամբ ձեռք բերված գիտելիքները դրանց կիրառելիության ոլորտում մշտապես օգտագործի իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս:

Կանոն 14 - Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում իրեն դրսևորել այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի գործի քննությունից իր հեռացման անհրաժեշտություն առաջացնող դեպքերը:

Կանոն 15 - Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ երբ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել: Նման հիմքեր կարող են լինել, մասնավորապես, երբ`

ա) դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ,

բ) դատավորը նախկինում տվյալ գործով եղել է քննիչ, դատախազ, փաստաբան, կամ ներկայացուցիչ և պաշտպանել կողմերից մեկի շահերը,

գ) դատավորը տվյալ գործով հանդիսացել է վկա, որի ցուցմունքներն էական նշանակություն են ունեցել գործի հանգամանքները պարզելու համար,

դ) դատավորը կամ նրա ընտանիքի անդամները (ազգականները, ընկերներն ու ծանոթները) դատավարության մասնակիցներ են կամ ունեն տնտեսական կամ այլ շահագրգռվածություն վեճի ելքով:

Դատավորի ինքնաբացարկ չի պահանջվում, եթե գործով որոշում կայացնելու համար նա չի կարող փոխարինվել մեկ այլ դատավորով կամ գործի լուծման հրատապության առումով անգործությունը կարող է դատական լուրջ սխալների հանգեցնել:

Կանոն 16 - Մինչև գործի քննության ավարտը դատավորը պարտավոր է`

ա) ձեռնպահ մնալ փաստերի կամ օրենքների այնպիսի մեկնաբանությունից, որը կարող է գործի լուծման ակնհայտ կանխորոշվածության տպավորություն ստեղծել,

բ) չարտահայտել իր դրական կամ բացասական վերաբերմունքը դատավարության կողմերի հանդեպ,

գ) չցուցաբերել այնպիսի վարքագիծ (միմիկա, ժեստիկուլյացիա, հեգնանք և այլն), որը դատավարության մասնակիցների կողմից կարող է ընկալվել որպես նախատրամադրվածության դրսևորում,

դ) խուսափել գործի հանգամանքների վերաբերյալ հայտարարություններից, հրապարակային ելույթներից ու մեկնաբանություններից,

ե) չմիջամտել ձայնագրման համակարգի անխափան աշխատանքին,

զ) նիստերը վարել օրենքով սահմանված հանդերձանքով,

է) խուսափել ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ կարծիք հայտնելուց:

Կանոն 17 - Դատավորը պարտավոր է իրեն կցված ծառայողներից պահանջել իրենց գործի նկատմամբ նվիրված և բարեխիղճ մոտեցում:

Կանոն 18 - Դատավորը պարտավոր է հարգել դատավարության հրապարակայնության սկզբունքը, չխոչընդոտել հասարակությանը և լրատվամիջոցներին` օրենքին համապատասխան ստանալ և տարածել տեղեկատվություն, եթե այդ իրավունքի իրականացումն ակնհայտորեն չի օգտագործվում դատարանի աշխատանքը խանգարելու կամ դատական որոշման կայացման վրա անօրինական ներգործություն ունենալու նպատակով:

Դատավորն իրավասու չէ անել հրապարակային հայտարարություններ, մեկնաբանել դատական որոշումները, լրատվության միջոցներում հանդես գալ դատարանի վարույթում գտնվող գործերի էության հետ կապված հարցերով:

Կանոն 19 - Իրավական պահանջների պահպանմամբ և հրապարակայնության ապահովման պայմանով դատավորը կարող է ստանալ հիշարժան նվեր կամ պարգև, եթե դա չի կարող գնահատվել որպես իր պարտականությունները կատարող դատավորի վրա ազդելու դիտավորություն, կամ նրա անաչառությունը կասկածի տակ դնելու հիմք ստեղծել:

 

ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՈՉ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

Կանոն 20 - Դատավորը չպետք է օգտագործի դատավորի կամ դատարանի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ այլ շահեր իրականացնելու նպատակով:

Կանոն 21 - Դատավորը պետք է խուսափի շահերի բախումից. նա չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա:

Դատավորը չպետք է պահանջի կամ ընդունի որևէ նվեր, արտոնյալ վարկ կամ այլ ծառայություն` ի հատուցումն մասնագիտական պարտականությունների կատարման: Նույնը դատավորը չպետք է թույլատրի իր ընտանիքի անդամներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են իր ղեկավարության կամ ազդեցության ներքո:

Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին:

Կանոն 22 - Դատավորն իրավունք չունի հրապարակայնորեն կասկածի տակ առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները:

Կանոն 23 - Դատավորը պետք է խուսափի իր կոչմանն անհարիր կապերից, որոնք կարող են արատավորել նրա հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Կանոն 24 - Դատավորն իրավունք ունի ինքնարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ:

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Կանոն 25 - Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ:

Կանոն 26 - Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից բացի դատավորը կարող է`

ա) մասնակցել իրավունքի զարգացմանը, օրենքի կիրառմանը և նման այլ հարցերի վերաբերյալ միջոցառումներին, հանդես գալ զեկույցներով և դասախոսություններով,

բ) հանդես գալ պետական մարմինների բաց լսումներում, հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների և փորձի օգտագործում,

գ) լինել պետական կամ խորհրդատվական մարմնի անդամ, եթե դա չի հակասում դատավորի անկախության, անաչառության և քաղաքական չեզոքության սկզբունքներին,

դ) մասնակցել դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրության զարգացմանն ուղղված գործընթացին,

ե) զբաղվել գործունեության այլ տեսակներով, եթե դա չի նսեմացնում դատավորի պատիվն ու արժանապատվությունը:

Կանոն 27 - Դատավորն իրավունք ունի զբաղվել գիտական, մանկավարժական, դասախոսական և այլ ստեղծագործական գործունեությամբ, այդ թվում վճարովի (փոխհատուցվող) հիմունքներով: Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը և վնաս չի հասցնում մասնագիտական պարտականությունների կատարմանը, պետք է աջակցվի և խրախուսվի:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հայաստանի Հանրապետության դատավորի վարքագծի կանոններն ընդունված է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 23.04.2010 թ. թիվ 01-Ն որոշմամբ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.09.2014, N 01-Ն 11.10.2014, N 01-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան