Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի եՎ սպորտի բնագավառում համագործակցության մասին
Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունները` ի դեմս կառավարությունների (այսուհետ` Կողմեր),
ելնելով յուրաքանչյուր մարդու` ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու իրավունքից և այդ իրավունքի իրականացման համար պետության պատասխանատվությունից,
նկատի առնելով Համագործակցության երկրների ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված կապերը, դրանք պահպանելու փոխադարձ շահագրգռվածությունը,
արտահայտելով Կողմերի միջազգային սպորտային կապերի ընդլայնման ու ամրապնդման ձգտում,
հաստատելով Կողմերի ցանկությունը` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ընդլայնել և կատարելագործել փոխադարձ հարգանքի և իրավահավասարության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունները,
ցանկանալով զարգացնել այդ հարաբերությունները Կողմերի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական մարմինների, ազգային օլիմպիական կոմիտեների, միջազգային, տարածաշրջանային և այլ ֆիզկուլտուրային-սպորտային կազմակերպությունների միջև լայն համագործակցության միջոցով,
գիտակցելով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման գործում Կողմերի համագործակցության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերն օժանդակում են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը Կողմերի պետական մարմինների, ազգային օլիմպիական կոմիտեների, ազգային սպորտային ֆեդերացիաների (միությունների, ասոցիացիաների), միջազգային, տարածաշրջանային և այլ ֆիզկուլտուրային-սպորտային կազմակերպությունների և միությունների գծով, աջակցում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և օլիմպիական շարժման արդյունավետ զարգացմանն ուղղված նրանց նախաձեռնություններին:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակով Կողմերն ստեղծում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ): Խորհուրդը գործում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող Կանոնադրությանը համապատասխան:
Հոդված 3
Կողմերն ստեղծում են բարենպաստ պայմաններ օլիմպիական շարժման զարգացման համար` աջակցություն ցուցաբերելով ազգային օլիմպիական կոմիտեներին:
Հոդված 4
Կողմերն օժանդակում են առողջ ապրելակերպ և սպորտում նվաճումներ քարոզող տեղեկատվության փոխանակմանն ու տարածմանն իրենց տարածքներում:
Հոդված 5
Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում բնակչության տարբեր շերտերի շրջանում զանգվածային ֆիզկուլտուրային-առողջարարական և սպորտային միջոցառումների անցկացման և զարգացման համար:
Հոդված 6
Կողմերը փոխադարձության հիմքի վրա աջակցություն են ցուցաբերում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցներով բնակչության առողջացման ազգային ծրագրերի մշակման և իրականացման գործում:
Հոդված 7
Կողմերը փոխադարձության հիմքի վրա աջակցում են գիտահետազոտական բազաների ստեղծմանը և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում գործունեության գիտամեթոդական և բժշկական ապահովման համակարգի կատարելագործմանը:
Հոդված 8
Կողմերը փոխադարձության հիմքի վրա մասնակցում են նյութական-սպորտային բազայի զարգացմանն ու ամրապնդմանը` զանգվածային ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառումների անցկացման, օլիմպիական խաղերին, աշխարհի առաջնություններին, այլ խոշոր սպորտային մրցումներին նախապատրաստվելու համար այն համատեղ օգտագործելու նպատակով:
Հոդված 9
Կողմերն օժանդակում են գործընկերային հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում, դրանց բժշկական և գիտական ապահովման, մասնագետների պատրաստման, սովորողների, ուսանողների, ասպիրանտների և փորձնակների փոխանակման գործում պայմանագրային պայմաններով:
Հոդված 10
Կողմերն անցկացնում են համատեղ գիտական ուսումնասիրություններ, իրականացնում են տեղեկատվության և փաստաթղթերի փոխանակում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում:
Հոդված 11
Կողմերն իրականացնում են պարբերական խորհրդակցություններ զանգվածային ֆիզիկական կուլտուրայի զարգացման, սպորտի, բարձր նվաճումների, օլիմպիական շարժման, մանկական և պատանեկան սպորտի, հաշմանդամային սպորտի, գիտական, բժշկական, տեղեկատվական ապահովման, մասնագետների պատրաստման հարցերով, անցկացնում են համատեղ գիտագործնական խորհրդաժողովներ և ցուցահանդեսներ, սեմինարներ և սիմպոզիումներ, օգտագործում են փորձի փոխանակման այլ ձևեր:
Հոդված 12
Կողմերը պարբերաբար փոխանակում են տեղեկատվություն սույն Համաձայնագրի իրականացման մասին:
Հոդված 13
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանումից և կիրառումից ծագող վեճերը Կողմերի միջև լուծվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հոդված 14
Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են Կողմերը:
Հոդված 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին հանձնելու ամսաթվից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու ամսաթվից:
Հոդված 16
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով, որոնք հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 15-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 17
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության միանալու համար և ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալու ամսաթվից:
Անկախ Պետությունների Համագործակցության մեջ չմտնող պետությունների համար, որոնք ընդունում են սույն Համաձայնագրի դրույթները, միանալը համարվում է ուժի մեջ մտած, եթե Կողմերից ոչ մեկն առարկություն չի ուղարկում ավանդապահի` համապատասխան ծանուցում ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում:
Հոդված 18
Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետի լրանալուց հետո Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:
Հոդված 19
Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալու ամսաթվից վեց ամիս առաջ:
Կատարված է Յալթա քաղաքում 2007 թվականի մայիսի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը դրա վավերացված պատճենը կուղարկի սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության:
Համաձայնագիրն ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության (վերապահումով (վերապահման տեքստը կցված չէ)), Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կառավարությունների կողմից:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության համար` 21.03.2008, Տաջիկստանի Հանրապետության համար` 21.03.2008, Ղազախստանի Հանրապետության համար` 21.03.2008, Ռուսաստանի Դաշնության համար` 28.03.2008:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել
Հայաստանի Հանրապետության համար` 21.03.2008,
Տաջիկստանի Հանրապետության համար` 21.03.2008,
Ղազախստանի Հանրապետության համար` 21.03.2008,
Ռուսաստանի Դաշնության համար` 28.03.2008,
Բելառուսի Հանրապետություն` 11.07.2008
Հավելված
Անկախ Պետությունների Համագործակցության
մասնակից պետությունների` ֆիզիկական
կուլտուրայի և սպորտի բնագավառում
համագործակցության մասին 2007 թվականի
մայիսի 25-ի Համաձայնագրին կից
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի ԵՎ սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի ԵՎ սպորտի Խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ) ստեղծվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) իրականացման, Համաձայնագրի մասնակիցների միջազգային կապերի ընդլայնման և ամրապնդման նպատակով:
1.2. Խորհուրդն իր գործունեության մեջ ղեկավարվում է Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի որոշումներով, Համաձայնագրով և սույն Կանոնադրությամբ:
1.3. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է` համագործակցելով ԱՊՀ գործադիր կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ կանոնադրական և ճյուղային մարմինների հետ:
1.4. Խորհուրդը ձևավորվում է Համաձայնագրի մասնակիցների իրավասու ներկայացուցիչներից (Խորհրդի անդամներից). Համաձայնագրի մասնակիցներից յուրանքաչյուրի կողմից` մեկական:
Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակից Խորհրդում ունի մեկ ձայն:
1.5. Խորհուրդը խորհրդատվական-համակարգող մարմին է:
II. Խորհրդի գործառույթները
2. Խորհուրդն իր իրավասության շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
2.1. Կառավարման պետական մարմինների, ազգային օլիմպիական կոմիտեների, սպորտային ֆեդերացիաների և ընկերությունների գծով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում հեռանկարների և միտումների ուսումնասիրում.
2.2. Համաձայնագրի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին այլ բազմակողմ պայմանագրերի իրականացման ընթացքի վերլուծում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համատեղ ծրագրերի մշակում և իրականացում.
2.3. Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում միջոցառումների անցկացում, որոնք ուղղված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցներով բնակչության առողջացմանը, սպորտային ռեզերվի և բարձրակարգ մարզիկների պատրաստմանը, օլիմպիական շարժման զարգացմանը, սպորտի` որպես բացասական սոցիալական երևույթների դեմ արդյունավետ պայքարի միջոցի քարոզմանը, միջազգային կազմակերպություններում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների շահերի առաջ մղմանը.
2.4. Օժանդակում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
2.5. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի` բժշկական և գիտական ապահովման փորձի ուսումնասիրում և ընդհանրացում.
2.6. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման, մասնագետների փոխանակման և որակավորման բարձրացման բնագավառում միջազգային համագործակցության օժանդակում:
III. Խորհրդի իրավունքները
3. Իր գործունեության իրականացման համար Խորհուրդն իրավունք ունի.
3.1. Համաձայնագրի մասնակիցների համապատասխան մարմիններից հայցելու տեղեկատվություն, որն անհրաժեշտ է իր խնդիրների լուծման համար, ինչպես նաև` Խորհրդի որոշումների կատարման մասին տեղեկատվություն.
3.2. Խորհրդի անդամներից և ներգրավված մասնագետներից ստեղծելու հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր Խորհրդի գործունեության հարցերի լուծման և Համաձայնագրի իրականացման համար.
3.3. Համաձայնագրի մասնակիցների պետական մարմիններին և Անկախ Պետությունների Համագործակցության կանոնադրական մարմիններին սահմանված կարգով ներկայացնելու Խորհրդի կողմից պատրաստված փաստաթղթերի նախագծեր:
IV. Խորհրդի աշխատանքի կազմակերպումը և կարգը
4.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս հաճախականությամբ, քան տարին մեկ անգամ, և ճանաչվում են իրավազոր, եթե դրանց մասնակցում է Խորհրդի անդամների առնվազն կեսը:
Հերթական նիստի անցկացման վայրը որոշվում է Խորհրդի անդամների նախնական պայմանավորվածությամբ:
Խորհրդի արտահերթ նիստ կարող է գումարվել Համաձայնագրի ցանկացած մասնակցի նախաձեռնությամբ:
4.2. Խորհրդում նախագահությունն իրականացվում է հերթով, Համաձայնագրի յուրաքանչյուր մասնակցի կողմից` ի դեմս նրա ներկայացուցչի, ռուսերենի այբուբենի կարգով ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամկետով:
Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները հանդիսանում են դրա համանախագահներ: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
4.3. Նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքը, ներկայացնում է Խորհուրդը Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ Պետությունների Համագործակցության այլ մարմինների նիստերում, ինչպես նաև` Համաձայնագրի մասնակիցների առաջ Խորհրդի գործունեության հետ կապված հարցերով:
4.4. Խորհրդի որոշումներն ընդունվում են դրա` նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր հետաքրքրված չլինելու մասին, ինչը չպետք է դիտվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար: Խորհրդի այն անդամները, որոնք համաձայն չեն դրա որոշման հետ, կարող են արտահայտել հատուկ կարծիք, որն ընդգրկվում է նիստի արձանագրության մեջ:
4.5. Խորհրդի նիստերին դրա որոշմամբ կարող են մասնակցել Համաձայնագրի մասնակիցների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ, սպորտային ընկերությունների ղեկավարներ, ինչպես նաև` միջազգային կազմակերպությունների:
4.6. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական ապահովումն իրականացնում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի համապատասխան ճյուղային ստորաբաժանումը:
4.7. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ծախսերը կատարում է ընդունող Կողմը, իսկ նիստերին մասնակցելու համար գործուղման հետ կապված ծախսերը` ուղարկող Կողմը: