Գլխավոր տեղեկություն
Համար
N 123-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.03.2010-13.05.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.03/9(743) Հոդ.150
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.02.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.02.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2010 թվականի N 123-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման տեխնիկական առաջադրանքը` համաձայն N 1 հավելվածի.

2) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների ամփոփ նախահաշիվը` համաձայն N 2 հավելվածի.

3) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների իրականացման ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հատկացնել 81777.6 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահի հետ համատեղ ապահովել Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմման աշխատանքների կատարումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. փետրվարի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 11-ի N 123-Ն որոշման

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

Աշխատանքների նպատակը Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքում քարտեզագրագեոդեզիական աշխատանքների իրականացումն է, 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության, էքսպլիկացիայի կազմումը:

 

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

Կատարվող աշխատանքների անհրաժեշտ բաղադրիչներն են գոյություն ունեցող ելակետային տվյալների հավաքագրումն ու ուսումնասիրությունը, հանութային պլանաբարձունքային հիմքի ստեղծումը, մինչև 1905.00 մ նիշը 1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզների ստեղծման նպատակով իրադրության և ռելիեֆի հանութագրումը` ռելիեֆի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով, նոր առաջացած գույքերի հանութագրումը, աշխարհագրական օբյեկտների սահմանների ճշգրտումն ու հանութագրումը, գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային քարտեզների համադրումն ու թարմացումը, քարտեզների թվայնացումը, հողամասերի սահմանազատումը և դասակարգումն ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային ու գործառնական նշանակությունների, անշարժ գույքի միավորների ցուցակների, և էքսպլիկացիայի կազմումը:

1:1000 մասշտաբի տեղագրական քարտեզները պետք է ստեղծվեն թվային միասնական կոորդինատային ու բարձունքային համակարգերում, որոնք արտացոլում են տեղանքի արդիական պատկերը տվյալ ժամանակահատվածում: Կատարվող աշխատանքներն իրենց ճշտությամբ պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հուլիսի 11-ի «1:500, 1:2000 և 1:5000 մասշտաբի տեղագրական հանույթների իրականացման հրահանգի մասին» N 392-Ն և 2009 թվականի փետրվարի 26-ի «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների իրականացման հրահանգը հաստատելու մասին» N 51-Ն հրամանների պահանջներին:

Նշված աշխատանքների իրականացման համար պետք է հիմք ընդունել գոյություն ունեցող բոլոր մասշտաբների տեղագրական և կադաստրային հատակագծերը, օդալուսանկարահանման և տիեզերալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերը, հողահատկացման հատակագծերը և այլ գրաֆիկական տվյալներ:

Հանութագրման համար հարկավոր է ստեղծել հանութային խտացման ցանց` խտացնելով գեոդեզիական պլանաբարձունքային հիմքը ՋիՊիէս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումների օգնությամբ: ՋիՊիԷս (գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգ - GPS) դիտարկումներն անհրաժեշտ է իրականացնել արբանյակային դիրքորոշման կայաններով, 1-2 ժամ տևողությամբ` կետերի հեռավորությամբ պայմանավորված:

Հանութային հիմքի կետերի պլանային դիրքի սահմանային սխալանքը պետական գեոդեզիական և գեոդեզիական խտացման ցանցի կետերի նկատմամբ չպետք է գերազանցի հատակագծի մասշտաբի 0.2 մմ-ը:

Հանութագրման ընթացքում պետք է հանութագրել բոլոր շենքերը, շինությունները, հողամասերի սահմանները, ռելիեֆի տարրերը, գծային ենթակառուցվածքները, այդ թվում` ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդման և կապի գծերը, գազատարները, ջրատարները, պոմպակայանները և այլն:

Ռելիեֆը պետք է հանութագրվի 0.5 մ կտրվածքով, իսկ մինչև 4 աստիճան թեքություններում` 0.25 մ ռելիեֆի կտրվածքով: Ռելիեֆի հանութագրվող տարրերի պիկետների միջև հեռավորությունը պետք է լինի 20-30 մ, իսկ խտությունը պետք է բավարարի նշված կտրվածքներով ռելիեֆի ավտոմատ գծագրման պահանջները:

Քարտեզագրման աշխատանքները պետք է իրականացվեն ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84):

Կադաստրային և տեղագրական քարտեզների համադրման, մեկ ընդհանուր քարտեզագրական հիմքի ստեղծման և թարմացման նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները`

1) գոյություն ունեցող տեղագրական և կադաստրային հատակագծերի հավաքագրում, ուսումնասիրում և մուտքագրում.

2) անհրաժեշտության դեպքում կոորդինատների վերահաշվարկ ՎիՋիԷս համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում (WGS-84).

3) տեղագրական և կադաստրային հատակագծերի հիման վրա բնության մեջ փաստացի օգտագործվող և գրանցված իրավունքներին համապատասխան գույքի սահմանների համադրում.

4) համադրված հատակագծերի տպագրում` 1:1000 մասշտաբով.

5) համադրված հատակագծերի վրա իրադրության դաշտային ճշգրտում.

6) ճշգրտված ու թարմացված հատակագծերի թվայնացում և գրասենյակային մշակում.

7) անշարժ գույքի միավորների ծածկագրում.

8) անշարժ գույքի միավորների մակերեսների հաշվարկում և ցուցակների կազմում.

9) հողամասերի սահմանազատում և դասակարգում` ըստ սեփականության սուբյեկտների, ըստ նպատակային և գործառնական նշանակության.

10) էքսպլիկացիայի կազմում.

11) քարտեզների տպագրում:

 

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ՆՅՈՒԹԵՐԸ

 

Աշխատանքների ավարտից հետո պատվիրատուին պետք է հանձնվեն`

1) Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի տեղագրական և կադաստրային թվային քարտեզների էլեկտրոնային տարբերակը.

2) կադաստրային և տեղագրական հատակագծի թղթային տարբերակը` 1:1000 մասշտաբով, տպագրված` 2 օրինակից:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 11-ի N 123-Ն որոշման

Ա Մ Փ Ո Փ  Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Աշխատանքի անվանումը

Չափի
միավորը

Ծավալը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդամենը (հազ. դրամ)

1.

Գոյություն ունեցող ելակետային նյութերի հավաքագրում և ուսումնասիրություն, հանութային պլանաբարձունքային հիմքի ստեղծում, հիմքի կետերի ՋիՊիԷս (GPS) դիտարկում, իրադրության հանութագրում, ռելիեֆի 0,5 մ, մինչև 40  թեքություններում` 0,25 մ կտրվածքով հանութագրում

հա

5400

11484

62013.6

2.

Դաշտային չափագրման տվյալների մուտքագրում, ռելիեֆի թվայնացում, իրադրության տարրերի թվայնացում, բնության մեջ փաստացի օգտագործվող և գրանցված իրավունքներին համապատասխան գույքի սահմանների համադրում

հա

5400

2135

11529.0

3.

Անշարժ գույքի միավորների թվայնացում, ցուցակների կազմում, միավորների ծածկագրում, մակերեսների հաշվարկ, հողերի դասակարգում` ըստ նպատակային և գործառնական նշանակության, էքսպլիկացիայի կազմում, ստեղծված նյութերի տպագրում

հա

5400

1525

8235.0

 

 Ընդամենը

     

81777.6

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

փետրվարի 11-ի N 123-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՓԱՄԵՐՁ` ՄԻՆՉԵՎ 1905.00 Մ ԲԱՑԱՐՁԱԿ ՆԻՇԸ ՏԱՐԱԾՔԻ 1:1000 ՄԱՍՇՏԱԲԻ ՏԵՂԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Նախատեսված աշխատանքների ծավալները և արժեքները` ըստ ամիսների

Ընդամենը

ապրիլ-մայիս

հունիս-հուլիս

օգոստոս-սեպտեմբեր

Սևանա լճի ափամերձ` մինչև 1905.00 մ բացարձակ նիշը տարածքի 1:1000 մասշտաբի տեղագրական և կադաստրային հատակագծերի կազմում

հա

1500.0

2100.0

1800.0

5400.0

հազ. դրամ

22716.0

31802.4

27259.2

81777.6

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան