ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
19 մարտի 2010 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 09.02.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007թ. նոյեմբերի 8-ին` Դամասկոսում:
2. Համաձայնագրի նպատակն է մաքսային օրենսդրության խախտումների և թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության կանխմանն ուղղված մաքսային ծառայությունների գործողությունների արդյունավետության բարձրացումը:
Համաձայնագրով նախատեսվում է մաքսային համագործակցության զարգացում, փոխադարձ վարչական օգնության ցուցաբերում և այդ նպատակով տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև համագործակցության առանձին ձևեր, որոնց շրջանակներում երկու կողմերի մաքսային ծառայություններն իրականացնելու են անձանց, ապրանքների և փոխադրամիջոցների հսկողություն, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ ուղղված համապատասխան գործողություններ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● ցուցաբերել փոխադարձ օգնություն մաքսային իրավախախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
● մյուս կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա տրամադրել տեղեկատվություն` կապված այն գործողությունների հետ, որոնք մյուս կողմի տարածքում կարող են հանգեցնել մաքսային իրավախախտումների, ինչպես նաև տրամադրել անհրաժեշտ տվյալներ` կապված ապրանքների փոխադրման և առաքման հետ,
● մյուս կողմի մաքսային ծառայության հարցման դեպքում` իրականացնել անհրաժեշտ ամբողջ հետաքննությունը, ներառյալ` մաքսային իրավախախտման մեջ կասկածվող անձանց հարցաքննումը, ինչպես նաև իրականացնել ստուգումներ, հսկողություն և հետաքննություն,
● համաձայնագրով սահմանված դեպքերում ստանալով տեղեկատվություն` ցուցաբերել փոխադարձ օգնություն, եթե դա անհրաժեշտ է մաքսային օրենսդրության ճշգրիտ կիրարկման համար,
● համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը, փաստաթղթերը և այլ հաղորդագրություններն օգտագործել միայն համաձայնագրի նպատակների համար և դրանց տալ պաշտպանության այն աստիճանը, որը գործում է ներպետական օրենսդրությամբ նմանատիպ փաստաթղթերի և տեղեկատվության համար,
● հոգալ համաձայնագրի կիրարկման ժամանակ առաջացած ծախսերը, եթե դրանք առաջացել են իր տարածքում, և հրաժարվել համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող ծախսերի հատուցումից` բացառությամբ փորձագետների, վկաների և թարգմանիչների ծախսերի,
● իրականացնել հսկողություն այն անձանց նկատմամբ, որոնք մյուս կողմի տարածքում կատարել են մաքսային իրավախախտումներ կամ կասկածվում են դրանում,
● իրականացնել հսկողություն այն ապրանքների նկատմամբ, որոնց վերաբերյալ հայտնի են կասկածներ առ այն, որ մյուս կողմի տարածք կամ տարածքից դուրս ապօրինի փոխադրման առարկա են,
● իրականացնել հսկողություն ցանկացած փոխադրամիջոցի նկատմամբ, որոնց վերաբերյալ հայտնի է կամ կասկածներ կան, որ օգտագործվել են մյուս կողմի տարածքում մաքսային իրավախախտումներ կատարելիս,
● աջակցել թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների ապօրինի շրջանառության կանխման և հետաքննության հարցերում` տրամադրելով համապատասխան ողջ տեղեկատվությունը:
Համաձայնագրով սահմանվում է տարաձայնությունների լուծման, այն ուժի մեջ մտնելու և դադարեցման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
19 մարտի 2010 թ. ՍԴՈ-867 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|