Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.17/11(745) Հոդ.206
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության պետ-նախարար
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3613/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3613/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան

Դատավորներ՝ Ս. Միքայելյան

               Դ. Խաչատրյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի (այսուհետ` Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի, Եվգենիա Մանուկյանի ընդդեմ Հիմնադրամի` հրամաններն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

 1. Գործի դատավարական նախապատմությունը

 Դիմելով դատարան` Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը, Եվգենիա Մանուկյանը պահանջել են անվավեր ճանաչել Հիմնադրամի թիվ 07.11.2008-Ա5, 07.11.2008-Ա4, 07.11.2008-Ա3, 07.11.2008-Ա2, 07.11.2008-Ա1 հրամանները, Արտակ Մուրադյանին, Հովհաննես Դերձակյանին, Սրբուհի Հարությունյանին, Սուրեն Թադևոսյանին և Եվգենիա Մանուկյանին վերականգնել նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի գումարը:

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացել Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը և Սուրեն Թադևոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերլուծության արդյունքում հանգել է այն հետևության, որ նշված հոդվածով սահմանվում են գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման երկու հիմք` 1. արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը. 2. արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատումը:

Այսինքն՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում, որն առկա է սույն գործում:

 

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.05.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 27.02.2009 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը, առաջնորդվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 5-րդ պարբերության պահանջներով, ճիշտ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Հիմնադրամի կողմից ներկայացված մեկնաբանությունը հակասում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածին և փոփոխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 17.08.2007 թվականի Հիմնադրամի և Արտակ Մուրադյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Արտակ Մուրադյանը նշանակվել է ֆինանսական տնօրեն (հ. 1-ին, գ. թ. 25-29):

2. 30.11.2007 թվականի Հիմնադրամի և Հովհաննես Դերձակյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Հովհաննես Դերձակյանը նշանակվել է շինարարական աշխատանքների հաշվապահ (հ. 1-ին, գ. թ. 30-34):

3. 01.11.2005 թվականի Հիմնադրամի և Սրբուհի Հարությունյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Սրբուհի Հարությունյանը նշանակվել է հաշվապահ (հ. 1-ին, գ. թ. 35-39):

4. 01.06.2005 թվականի Հիմնադրամի և Սուրեն Թադևոսյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Սուրեն Թադևոսյանը նշանակվել է գանձապահ (հ. 1-ին, գ. թ. 40-44):

5. 30.11.2007 թվականի Հիմնադրամի և Եվգենիա Մանուկյանի միջև կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Եվգենիա Մանուկյանը նշանակվել է աշխատավարձի գծով հաշվապահ (հ. 1-ին, գ. թ. 45-48):

6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 07.11.2008 թվականի թիվ 002 որոշմամբ որոշվել է հաշվապահական հաշվառման վարումը հանձնարարել մասնագիտական կազմակերպությանը և դրանով պայմանավորված՝ հաստատվել է հիմնադրամի նոր կառուցվածքը, ինչպես նաև նոր հաստիքացուցակը (հ. 1-ին, գ. թ. 131):

7. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 07.11.2008 թվականի թիվ 002 որոշմանը կից նոր հաստիքացուցակում Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի, Եվգենիա Մանուկյանի զբաղեցրած հաստիքները` համապատասխանաբար` ֆինանսական տնօրենի, շինարարական աշխատանքների հաշվապահի, հաշվապահի, գանձապահի աշխատավարձի գծով հաշվապահի հաստիքները բացակայում են (հ. 1-ին, գ. թ. 140-142):

8. 07.11.2008 թվականին Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը, Եվգենիա Մանուկյանը գրավոր ձևով ծանուցվել են այն մասին, որ իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվելու են 2008 թվականի նոյեմբերի 11-ից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով: Միաժամանակ հայտնվել է, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 002 որոշմամբ հաստատվել և 2008 թվականի նոյեմբերի 7-ից գործողության մեջ է դրվել հիմնադրամի կառուցվածքը և հաստիքացուցակը, որով աշխատանքի պայմանների փոփոխման հետևանքով աշխատողների թվաքանակը, այդ թվում նաև իրենց պաշտոնը կրճատվել է (հ. 1-ին, գ. թ. 50-54):

9. Հիմնադրամի թիվ 07.11.2008-Ա5, 07.11.2008-Ա4, 07.11.2008-Ա3, 07.11.2008-Ա2, 07.11.2008-Ա1 հրամաններով աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետևանքով աշխատողների թվաքանակի կրճատման արդյունքում լուծվել են Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի, Եվգենիա Մանուկյանի և Հիմնադրամի միջև կնքված աշխատանքային պայմանագրերը (հ. 1-ին, գ. թ. 20-24):

10. 01.05.2008 թվականի լիազորագրի համաձայն` Հիմնադրամի գործադիր տնօրեն Ջոն-Ջոսեֆ Վատերսը լիազորել է Մայքլ Դե Մարշին Հիմնադրամի անունից հանդես գալ Հիմնադրամի գործունեության հետ կապված բոլոր հարցերով, այդ թվում կառավարել աշխատակազմը, աշխատանքի ընդունել և ազատել աշխատողներին, բանակցել և ստորագրել պայմանագրեր (հ. 1-ին, գ. թ. 164):

11. 25.12.2008 թվականի Մայքլ Դե Մարշի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Հիմնադրամը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին որևէ անձի հետ չի կնքել աշխատանքային պայմանագիր և ոչ ոքի չի ընդունել աշխատանքի (հ. 1-ին, գ. թ. 143):

12. Սույն գործով չի վիճարկվել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 07.11.2008 թվականի թիվ 002 որոշումը (հ. 1-ին, գ. թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցադրումը.

Արդյո՞ք հայցվորների հետ անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 3-րդ մասի պահանջների պահպանմամբ:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների թվաքանակի կրճատման դեպքում:

 Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով գործատուն աշխատանքային պայմանագիրը կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:

Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել, եթե աշխատողների թվաքանակի կրճատումը պայմանավորված է`

1. արտադրության ծավալների փոփոխման անհրաժեշտությամբ,

2. տնտեսական պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

3. տեխնոլոգիական պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

4. աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ,

5. արտադրական անհրաժեշտությամբ:

Ընդ որում, օրենսդրի կողմից սահմանվել է, որ վերը նշված հիմքերի առկայության դեպքում գործատուն իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում պարտավոր է աշխատողին այլ աշխատանք առաջարկել նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, իսկ նման հնարավորությունների բացակայության դեպքում լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի հետ՝ առանց այլ աշխատանք առաջարկելու:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործատուի մոտ միայն արտադրության ծավալների, տնտեսական պայմանների, տեխնոլոգիական պայմանների, աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը, ինչպես նաև արտադրական անհրաժեշտությունը ինքնին բավարար չէ աշխատողի հետ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործատուի կողմից լուծելու համար, եթե նշված հանգամանքները չեն հանգեցրել աշխատողների թվաքանակի կրճատմանը:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի, Եվգենիա Մանուկյանի աշխատանքից ազատման համար հիմք է հանդիսացել արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված աշխատողների թվաքանակի կրճատումը և հանգել է այն հետևության, որ վերջիններս աշխատանքից ազատվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների պահպանմամբ:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով հիմք է ընդունել այն հանգամանքը, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը սահմանում է աշխատանքային պայմանագրի լուծման երկու առանձին պայմաններ՝ 1. արտադրության ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական և աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխումը և 2. արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ աշխատողների թվաքանակի կրճատում և հաստատված համարելով, որ Արտակ Մուրադյանը, Հովհաննես Դերձակյանը, Սրբուհի Հարությունյանը, Սուրեն Թադևոսյանը, Եվգենիա Մանուկյանը աշխատանքից ազատվել են աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հետևանքով աշխատողների թվաքանակի կրճատման արդյունքում, հանգել է այն հետևության, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը չի նախատեսում աշխատողների թվաքանակի կրճատում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը (տես՝ Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի՝ ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի՝ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Մինչդեռ սույն գործով Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կարգավորումը, հանգել է անհիմն եզրակացության այն մասին, որ օրենքը աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման հիմքով աշխատողների թվաքանակի կրճատման հնարավորություն չի նախատեսում:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.05.2009 թվականի որոշումը և այն փոփոխել. Արտակ Մուրադյանի, Հովհաննես Դերձակյանի, Սրբուհի Հարությունյանի, Սուրեն Թադևոսյանի և Եվգենիա Մանուկյանի հայցը մերժել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան