Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.493.14
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0228/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0228/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

 

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների ընդդեմ Երևան քաղաքի «Կենտրոն» թաղապետարանի (իրավահաջորդ` Քաղաքապետարան)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղային տարածքների նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 03.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.09.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.07.2009 թվականի վճիռը թողնվել է ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ և 187-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984 թվականի թիվ 59/36-մ36 հանձնարարականով Երևանի Լալայան փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար, իսկ 06.03.1992 թվականի թիվ 9/68 որոշմամբ նույն հասցեի նկուղային հարկի 18քմ տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց օգտագործելու համար: Այսինքն` Սուրեն և Գրիգոր Մկրտչյաններն իմացել են, որ վեճի առարկա գույքը տրվել է օգտագործման իրավունքով, և չէին կարող այն օգտագործել որպես սեփական գույք, հետևաբար, այդ տարածքների նկատմամբ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները չէին կարող ձեռք բերել սեփականության իրավունք:

Բացի այդ, վերանայվող դատական ակտն առերևույթ հակասում է Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-184 (ՎԴ) որոշմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Քաղաքապետարանի վկայակոչած Վճռաբեկ դատարանի 27.03.2007 թվականի թիվ 3-184 (ՎԴ) նախադեպային որոշումը չի կարող կիրառվել, քանի որ սույն գործով իրական և փաստական հանգամանքները տարբեր են: Քաղաքապետարանը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղների սեփականատերը չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984թ. թիվ 59/36-մ/36 հանձնարարականով Երևանի Լալայանց փողոց 37 շենքի ազատված նկուղի 18քմ մակերեսը հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար (հատորառաջին գ.թ 15):

2) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 06.03.1992թ. թիվ 9/68 որոշմամբ Երևանի Լալայանց փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ մակերեսի տարածքը հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց (հատոր առաջին գ.թ 13):

3) ՀՀ կառավարության 12.02.2004 թվականի թիվ 215-Ն որոշմամբ Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի ոչ բնակելի տարածքներն ընդգրկվել են Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում (հատոր առաջին գ.թ. 29):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով: Բացի այդ, Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերելու հարցին (տես օրինակ` Ռիմա Վարդանյանն ընդդեմ Միքայել Միրիջանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ Միքայել Միրիջանյանի հակընդդեմ հայցի` բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-184 (ՎԴ) քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն` ՀՀ Սպանդարյանի շրջսովետի գործկոմի 18.04.1984 թվականի թիվ 59/36-մ36 հանձնարարականով Երևանի Լալայան փողոցի թիվ 37 շենքի նկուղային հարկի 18քմ մակերեսով տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Գրիգոր Մկրտչյանին` որպես օժանդակ հարմարություն օգտագործելու համար, իսկ նույն շրջսովետի 06.03.1992 թվականի թիվ 9/68 որոշմամբ նույն հասցեի նկուղային հարկի 18քմ մակերեսով տարածքն օգտագործման նպատակով հատկացվել է նույն շենքի թիվ 4 բնակարանի բնակիչ Սուրեն Մկրտչյանին` որպես ստեղծագործական արվեստանոց օգտագործելու համար:

Վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս պատճառաբանել է, որ ավելի քան տասը տարի Երևանի Լալայան 37-րդ շենքի ոչ բնակելի 18քմ և 18քմ մակերեսով տարածքները գտնվել են Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետման ներքո, որն էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 178-րդ, 187-րդ հոդվածների հիման վրա ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու հիմք է:

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների կողմից վեճի առարկա գույքի տիրապետումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի իմաստով չի կարող դիտվել բարեխիղճ, քանի որ վերը նշված փաստերի հիման վրա Սուրեն և Գրիգոր Մկրտչյանները ձեռք են բերել վեճի առարկա գույքի օգտագործման իրավունք:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սուրեն և Գրիգոր Մկրտչյանների կողմից գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նրանք այդ գույքը տիրապետելու են որպես սեփականություն:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում առկա փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև բողոքի պատասխանի այն փաստարկը, համաձայն որի` Քաղաքապետարանը Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի թիվ 4 բնակարանի տակ գտնվող նկուղների սեփականատերը չէ, քանի որ ՀՀ կառավարության 12.02.2004 թվականի թիվ 215-Ն որոշմամբ Երևանի Լալայան փողոցի 37-րդ շենքի ոչ բնակելի տարածքներն ընդգրկվել են Կենտրոն թաղային համայնքի սեփականություն հանդիսացող գույքի ցանկում, իսկ Քաղաքապետարանը համայնքի իրավահաջորդն է:

 

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 25.09.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.09.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան