Գլխավոր տեղեկություն
Համար
N 237-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.24/12(746) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.01.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հունվարի 2010 թվականի N 237-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 823-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Պետական գույքի մասնավորեցման վաճառքի գները սահմանելու մասին» N 823-Ն որոշման 1-ին կետը «25 տոկոսի չափով» բառերից հետո, 2-րդ կետը` «75 տոկոսի չափով» բառերից հետո, 3-րդ կետը` «50 տոկոսի չափով» բառերից հետո և 4-րդ կետը` «25 տոկոսի չափով» բառերից հետո լրացնել «, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ» բառերով:

2. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 823-Ն որոշմանը համապատասխան` «Ավտոճանապարհային մեքենաներ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Զվարթնոց, գ. Նորակերտ) բաժնետոմսերը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «ԴԱՐԴԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 5/4):

3. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի փետրվարի 1-ին ընկերության ակտիվների գնահատված արժեքը` 1687553 հազ. դրամ, պարտավորությունների գնահատված արժեքը` 894898,5 հազ. դրամ, գույքի գնահատված շուկայական արժեքը` 792654,5 հազ. դրամ.

2) որպես ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող գույքի խորհրդանշական գին` 100 դրամը, պայմանով, որ գնորդը պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից կգնի Համաշխարհային բանկի ծրագրով ընկերության նկատմամբ պետության ունեցած վարկային պահանջը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, պարտավորվելով գնի վճարումը կատարել 30 տոկոսի չափով` միանվագ, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ` տարեկան 2 տոկոսադրույքով հաշվարկվող տոկոսագումարի չափով` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո հինգ տարվա ընթացքում` հավասարաչափ տարեկան վճարումներով.

3) որ գնորդն ապահովում է ընկերության, որպես երրորդ անձ գրավատուի ակտիվների գրավադրումը հօգուտ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` վարկային պահանջի գնի տարաժամկետված մասի իր վճարային պարտավորության ապահովման համար:

4. Ընկերության պարտավորությունները 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 894898,5 հազ. դրամ, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 494 հազ. դրամ.

2) կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 1236 հազ. դրամ.

3) պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 972 հազ. դրամ.

4) անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3904 հազ. դրամ.

5) այլ ոչ ընթացիկ պարտավորություններ (Համաշխարհային բանկի ծրագրով բյուջետային վարկ, տոկոս և դատական ծախս)` 888292,5 հազ. դրամ:

5. Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ ոչ հարկային պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում, իսկ մասնավորեցումից հետո հայտնաբերված հարկերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները դադարում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածին համապատասխան:

6. Ընկերությունը 2000-2008 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գնորդի պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով փոխանցել Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ընկերության նկատմամբ առկա 2321515.27 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ և 5507,5 հազ. դրամ անվանական արժեքով վարկային պահանջի իրավունքը` 2217000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ զեղչված գնով, որի 30 տոկոսը միանվագ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` պայմանագրի կնքումից հետո 3 բանկային օրվա ընթացքում, իսկ 70 տոկոսի և մնացորդի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարը` մասնավորեցման պայմանագրի կնքումից հետո հինգ տարվա ընթացքում` տարեկան հավասարաչափ վճարումներով, ինչպես նաև ընկերության, որպես երրորդ անձ գրավատուի հետ կնքել անշարժ գույքի և այլ հիմնական միջոցների գրավի պայմանագիր:

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով նախատեսված առաջին վճարումից, գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1920 հազ. դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ ընկերությունը, որպես երրորդ անձ գրավատու, գնորդի պարտավորությունների կատարման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ պետք է կնքի գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով ընկերության անշարժ գույքը և այլ հիմնական միջոցներ, ինչպես նաև, որ գրավի պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` գրավատուի միջոցների հաշվին:

9. Գույքի վաճառքի գումարը վճարել 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով: Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 17
 Երևան