Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2011.01.14/12(20) Հոդ.11
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2005
Ստորագրման ամսաթիվ
25.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2010

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եվ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս կառավարությունների, այսուհետ՝ Կողմեր,

նկատի առնելով այն, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումները զգալի վնաս են հասցնում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերին և պետություններին,

ուշադրության առնելով այն, որ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցները կարող են օգտագործվել ահաբեկչական, քրեական և այլ հակաօրինական գործողությունների համար,

մտահոգություն հայտնելով այն մասին, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումներն ստացել են անդրազգային բնույթ,

ընդունելով, որ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն բոլոր շահագրգիռ կողմերի փոխգործակցության հիման վրա,

գիտակցելով ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման և դրանց վերադարձի ապահովման համար համաձայնեցված միջոցներ իրականացնելու անհրաժեշտությունը,

ղեկավարվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

ավտոտրանսպորտային միջոց - մեխանիկական սարք, որը նախատեսված է մարդկանց, բեռների կամ իր վրա տեղադրված սարքավորման և մեխանիզմների, այդ թվում` կցասայլերի, կիսակցասայլերի և մոտոցիկլետների փոխադրման համար,

ավտոտրանսպորտային միջոցի հափշտակում - ավտոտրանսպորտային միջոցի` ցանկացած անօրինական, ըստ Կողմերի ազգային օրենսդրության` քրեորեն պատժելի անհատույց բռնագրավում կամ զավթում,

ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածություն - ավտոտրանսպորտային միջոցի պահպանումն այն լրակազմով, որը համապատասխանում է դրա հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի տակ դնելու ժամանակ կազմված` ավտոտրանսպորտային միջոցի զննության արձանագրության մեջ նշված նկարագրությանը մինչև այդ ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման մասին հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի որոշման ուժի մեջ մտնելու պահը,

գրանցման փաստաթուղթ - ավտոտրանսպորտային միջոցի պետական գրանցման մասին լիազորված մարմինների կողմից տրված փաստաթուղթ, այդ թվում` նաև ժամանակավոր,

ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր - ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու ավտոտրանսպորտային միջոցը.

Կողմի կենտրոնական իրավասու մարմին - պետական իրավապահ մարմին, որը, սույն Համաձայնագրին համապատասխան, լիազորված է հայցեր ուղարկելու հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին և որոշումներ ընդունելու դրանք վերադարձնելու մասին.

Կողմի իրավասու մարմին - պետական իրավապահ մարմին, որը, ազգային օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրավախախտման դեպքում իրականացնելու ավտոտրանսպորտային միջոցի հետախուզում, կալանք, առգրավում կամ արգելանք,

հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի վերադարձում - հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կամ դատական մարմնի որոշմամբ ավտոտրանսպորտային միջոցի հանձնումը հայցող Կողմի իրավասու մարմնին։

 

Հոդված 2

 

Կողմերը, պահպանելով միջազգային պարտավորությունները և ազգային օրենսդրությունը, սույն Համաձայնագրի հիման վրա համագործակցում են ավտոտրանսպորտային միջոցների հափշտակման հետ կապված հանցագործությունների մասին նախազգուշացման, հայտնաբերման, կանխման, բացահայտման և քննության, դրանց հետախուզման և վերադարձման գործում։

 

Հոդված 3

 

1. Կողմերը համագործակցություն են իրականացնում իրենց իրավասու մարմինների միջոցով։

2. Յուրաքանչյուր Կողմ որոշում է իրավասու մարմինների ցանկը` նշելով կենտրոնական իրավասու մարմինը, և այն փոխանցում է ավանդապահին:

3. Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը գրավոր տեղեկացնում է ավանդապահին։

 

Հոդված 4

 

1. Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների կանխման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման նպատակով յուրաքանչյուր Կողմ ապահովում է ավտոտրանսպորտային միջոցների մասին տեղեկատվական բազայի առկայությունը, որը պետք է ընդգրկի տեղեկություններ.

ա) գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մասին, այդ թվում` ուրիշ պետության` ժամանակավորապես գրանցված այն ավտոտրանսպորտային միջոցների, որոնք շահագործվում կամ օգտագործվում են Կողմերից մեկի տարածքում,

բ) հետախուզվող ավտոտրանսպորտային միջոցների և դրանց կալանքի ու արգելանքի համար տրված փաստաթղթերի մասին,

գ) կալանավորված և հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցների մասին,

դ) հափշտակված և/կամ կորած գրանցման փաստաթղթերի, գրանցման նշանների, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջոցի հանդեպ սեփականության իրավունքը հաստատող այլ փաստաթղթերի մասին։

2. Կողմերն ապահովում են վերոնշյալ տեղեկատվական բազայում ընդգրկված տվյալների օպերատիվ տրամադրումը մյուս Կողմերի իրավասու մարմինների հայցի հիման վրա։

 

Հոդված 5

 

1. Հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի` Կողմերից մեկի տարածքում հայտնաբերման, կալանքի, առգրավման կամ արգելանքի դեպքում տվյալ Կողմի իրավասու մարմինը այդ ավտոտրանսպորտային միջոցի կալանման կամ հայտնաբերման օրվանից հետո` քսան օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում է մյուս Կողմի իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է քրեական գործը։ Կողմերի իրավասու մարմիններն այդ մասին ծանուցում են իրենց կենտրոնական իրավասու մարմիններին:

2. Ծանուցումը պարունակում է մասնավորապես հետևյալ տեղեկությունները նման ավտոտրանսպորտային միջոցի մասին, եթե դրանք հայտնի են.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տեսակը,

բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, ամրաշրջանակի և շարժիչի համարները,

գ) ավտոտրանսպորտային միջոցի ագրեգատների համարների կամ գույնի փոփոխության մասին տեղեկատվություն,

դ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա հանձնման վայրը և ամսաթիվը,

ե) ավտոտրանսպորտային միջոցի գտնվելու վայրի, նրա տեխնիկական վիճակի և կոմպլեկտացիայի մասին տեղեկատվություն,

զ) ավտոտրանսպորտային միջոցը կալանքի տակ վերցրած կամ այն հայտնաբերած մարմնի անվանումը,

է) ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովող մարմնի անվանումը, ինչպես նաև կապ հաստատելու հեռախոսահամարը, որով կարելի է դիմել ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման հնարավորության մասին տեղեկատվություն ստանալու համար,

ը) տեղեկատվություն այն մասին, թե արդյո՞ք ավտոտրանսպորտային միջոցն օգտագործվել է հանցագործության կատարման հետ կապված,

թ) տեղեկատվություն այն անձանց մասին, ովքեր օգտագործել են ավտոտրանսպորտային միջոցը հանցագործության կատարման համար:

 

Հոդված 6

 

Կողմի իրավասու մարմինները, որոնք կալանել կամ հայտնաբերել են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը, ձեռնարկում են համապատասխան միջոցներ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի պահպանվածությունն ապահովելու համար և չեն կարող օգտագործել կամ տնօրինել այն։

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածին համապատասխան կերպով ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը կարող է հայց ուղարկել հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին։

2. Հայցն ուղարկվում է գրավոր և մասնավորապես պարունակում է հետևյալ տեղեկությունները.

ա) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, մոդելը, գույնը, արտադրության տարեթիվը և տեսակը,

բ) իդենտիֆիկացիոն համարը, թափքի, ամրաշրջանակի և շարժիչի համարները,

գ) գրանցման նշանը, գրանցման փաստաթղթի սերիան և համարը, դրա հանձնման վայրը և ամսաթիվը,

դ) ավտոտրանսպորտային միջոցի գրանցված սեփականատերը,

ե) քրեական գործի համարը, տեղեկություններ այն մարմնի մասին, որի վարույթում այն գտնվում է, քրեական գործում հայցի առկայությունը։

3. Հայցին կցվում են ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան կերպով վավերացված պատճենները` նշելով այն ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ում անունով այն ձևակերպված է։

4. Հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա գրավոր ուղարկված կամ հաստատված հայցը պետք է ստորագրված լինի ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատված լինի տվյալ մարմնի` զինանշանի պատկերն ունեցող կնիքով։

 

Հոդված 8

 

1. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցը քննարկում է այն ստանալու օրվանից երեսուն օրվա ընթացքում և քննարկման արդյունքների մասին տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին։

2. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն՝ որոշակի ժամկետ սահմանելով այն տրամադրելու համար, սակայն հայցը ստանալու պահից առավելագույնը քսան օրվա ընթացքում։

3. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը, ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին որոշում կայացնելով, տասնհինգ օրվա ընթացքում այդ մասին իրազեկում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին։

4. Հափշտակվածների թվում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ Կողմերի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև վեճեր ծագելու դեպքում դրա օրինական տիրոջ հարցը լուծվում է դատական մարմինների միջոցով` համապատասխան այն Կողմի ազգային օրենսդրության, որի տարածքում ավտոտրանսպորտային միջոցը հայտնաբերվել է կամ կալանվել։

 

Հոդված 9

 

1. Կալանված կամ հայտնաբերված ավտոտրանսպորտային միջոցը հանձնվում է հայցող Կողմի ներկայացուցչին նրա լիազորությունները հաստատող այնպիսի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, որը տրվել է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից։

2. Չպահանջված ավտոտրանսպորտային միջոցը կարող է վերածվել այն պետության հասույթի, որի տարածքում այն գտնվում է, տվյալ պետության օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 10

 

1. Կողմերից յուրաքանչյուրն ապահովում է մյուս Կողմից ստացված տեղեկությունների գաղտնիությունը, եթե հայցող Կողմը անցանկալի է համարում դրանց բովանդակության հրապարակումը։ Գաղտնիության աստիճանը որոշում է հայցող Կողմը։

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված գաղտնի տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու անհրաժեշտության դեպքում պահանջվում է այդ տեղեկությունները տրամադրած Կողմի գրավոր համաձայնությունը։

 

Հոդված 11

 

1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցի կատարումը կարող է մերժվել այն դեպքերում, եթե.

ա) հայցվող Կողմի դատական որոշման հիման վրա ավտոտրանսպորտային միջոցը փոխանցվում է այնպիսի անձի, որը վերադարձնելու մասին հայցի մեջ նշված չէ որպես տվյալ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր, կամ նրա ներկայացուցչին,

բ) լրացուցիչ տեղեկատվության մասին հայցի պատասխանը չի ներկայացվել սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետում,

գ) վերադարձնելու մասին հայցն ուղարկվել է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնի կողմից ավտոտրանսպորտային միջոցը կալանելու կամ հայտնաբերելու մասին ծանուցումը ստանալու օրվանից երեսուն օր անց,

դ) առկա են այլ օրինական հիմքեր, որոնք խոչընդոտում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելուն։

2. Հայցի կատարումը մերժելու մասին անհապաղ գրավոր ծանուցվում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը` մերժման պատճառների նշումով։

 

Հոդված 12

 

1. Ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հայցի կատարումը կարող է հետաձգվել, եթե.

ա) ավտոտրանսպորտային միջոցը, որի վերաբերյալ ստացվել է հայցը, պահվում է վարչական վարույթի, քրեական հետաքննության կամ դատական քննության հետ կապված,

բ) ավտոտրանսպորտային միջոցի, որի նկատմամբ ստացվել է վերադարձնելու մասին հայցը, սեփականության իրավունքի, կալանման կամ արգելանքի տակ դնելու հարցը հանդիսանում է հայցվող Կողմում տրված դատական հայցի առարկա մինչև տվյալ գործով դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը։

2. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին անհապաղ տեղեկացնում է ավտոտրանսպորտային միջոցը վերադարձնելու մասին հարցի լուծումը սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա հետաձգելու մասին։

 

Հոդված 13

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան վերադարձվող ավտոտրանսպորտային միջոցներից չեն գանձվում մաքսատուրքեր, հարկեր, ակցիզների, գանձումներ այլ վճարումներ, որոնք կապված են Կողմերի սահմաններով ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխման հետ, Կողմերի կենտրոնական իրավասու մարմինների կողմից տրված փաստաթղթի ներկայացման դեպքում, որը հաստատում է, որ ավտոտրանսպորտային միջոցը վերադարձվում է սույն Համաձայնագրի շրջանակներում։

2. Ավտոտրանսպորտային միջոցը կալանելու և մինչև հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին փոխանցելու պահը պահելու հետ կապված ծախսերը հոգում է հայցվող Կողմը։

3. Ավտոտրանսպորտային միջոցը հայցող Կողմի տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը հոգում է հայցող Կողմի իրավասու մարմինը։

4. Ավտոտրանսպորտային միջոցի վերադարձման հետ կապված` կատարված ծախսերը ենթակա են հատուցման Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 14

 

Կողմերը դադարեցնում են հափշտակված ավտոտրանսպորտային միջոցի հետախուզումը այն Կողմի իրավասու մարմնի որոշմամբ, որը հանդիսանում է հետախուզման նախաձեռնողը։

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս և կիրառելիս ծագող վիճելի հարցերը լուծվում են Կողմերի միջև` խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով։

 

Հոդված 16

 

Կողմերի իրավասու մարմիններն ինքնուրույն կրում են սույն Համաձայնագրի կատարման ընթացքում առաջացող ծախսերը` բացի սույն Համաձայնագրի 13-րդ հոդվածում նշվածներից։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում Կողմերի իրավասու մարմինները կարող են համաձայնեցնել այդ ծախսերի ֆինանսավորման այլ կարգ։

 

Հոդված 17

 

Կողմերը համագործակցություն իրականացնելիս որպես աշխատանքային լեզու օգտագործում են ռուսերենը։

 

Հոդված 18

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են այլ միջազգային պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք։

 

Հոդված 19

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարվելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից։ Նման ընթացակարգերն ուշ կատարած պետությունների համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան ծանուցումներն ավանդապահի ստանալու օրվանից։

 

Հոդված 20

 

Սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են դրա անբաժանելի մասը հանդիսացող և սույն Համաձայնագրի 19-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող արձանագրությամբ:

 

Հոդված 21

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա դրույթներն ընդունող այլ պետությունների միանալու համար այդ միանալու մասին փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով։ Միացող պետության համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից։

 

Հոդված 22

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին դուրս գալու օրվանից առնվազն վեց ամիս առաջ։

 

Հոդված 23

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում։ Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Համաձայնագրի գործողությունն ինքնաբերաբար երկարացվում է, յուրաքանչյուր անգամ` հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում։

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2005 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Համաձայնագիրը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով), Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ռուսաստանի Դաշնության Կառավարության կողմից, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության կողմից, Ուկրաինայի Կառավարության կողմից, Բելառուսի Հանրապետության Կառավարության կողմից, Վրաստանի Կառավարության կողմից Ղազախստանի Հանրապետության Կառավարության կողմից Ղրղզստանի Հանրապետության Կառավարության կողմից, Մոլդովայի Հանրապետության Կառավարության կողմից (վերապահումով):

 

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. նոյեմբերի 3-ին

 

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին» կառավարությունների ղեկավարների խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշման վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության

 

Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը

 

 Սույն Համաձայնագրի դրույթները չեն կարող կիրառվել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև մինչև Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության գրավված տարածքների ազատումը:

 

Ադրբեջանի Հանրապետության

վարչապետի առաջին տեղակալ`

Ա. Աբբասով

 

Հայաստանի Հանրապետության առարկությունը

 

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության վերապահման դեմ

 

«Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի վերաբերյալ Կառավարությունների ղեկավարների խորհրդի 2005 թվականի նոյեմբերի 25-ի որոշման մասին Ադրբեջանի Հանրապետության վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

 Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքին ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:

 

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 8.14-րդ կետի վերաբերյալ Մոլդովայի Հանրապետության

 

Վ Ե Ր Ա Պ Ա Հ ՈՒ Մ Ը

 

25-ը նոյեմբերի, 2005 թ.

Ք. Մոսկվա 

 

 «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագիր»

 

 «Համագործակցությունը կիրականացվի տվյալ ոլորտում Մոլդովայի Հանրապետության ազգային օրենսդրության և միջազգային պարտավորություններին համապատասխան»:

 

Վարչապետի առաջին տեղակալ`

Զինաիդա Գրեչանի