Գլխավոր տեղեկություն
Համար
N 48
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.02.2010-08.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.02.05/6(181)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.01.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.01.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.07.2018

040.0048.18.01.02

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

18 հունվարի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունվարի 2002 թվականի N 48

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների շրջանակներում և համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 18-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 


Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
հունվարի 18-ի N 48 որոշմամբ



Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման, ներառյալ պետության և համայնքների բոլոր դրամական միջոցների (այսուհետև` բյուջեներ) շրջանառման, գործընթացն ու կարգավորում են այդ գործընթացի հետ կապված հիմնական հարաբերությունները:

2. Բյուջեների կատարումն իրականացվում է գանձապետական համակարգի միջոցով` միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսվում է բյուջեների դրամական միջոցների շրջանառումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության (այսուհետև` նախարարություն) միասնական գանձապետական հաշվով:

Միասնական գանձապետական հաշիվը գտնվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում և արտահայտված է Հայաստանի Հանրապետության արժույթով: Միասնական գանձապետական հաշվին են հաշվեգրվում Հայաստանի Հանրապետության և համայնքներին ամրագրված` Հայաստանի Հանրապետության արժույթով արտահայտված բոլոր դրամական միջոցները:

Նախարարության անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացվում են արտարժույթով արտահայտված միասնական գանձապետական արտարժութային հաշիվներ: Նախարարությունը միասնական գանձապետական արտարժութային հաշիվներ բացում է օրենքով, միջազգային պայմանագրերով և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված դեպքերում:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կամ օրենքի հիման վրա հիմնարկի անվամբ բանկային հաշիվ (այսուհետ` արտաբյուջետային հաշիվ) բացվում է միայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` տվյալ հիմնարկն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում և միայն այն դեպքում, եթե առկա է արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշում:

Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կամ օրենքով ուղղակիորեն նախատեսվում է հիմնարկի անվամբ բանկային հաշվի բացում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դեսպանությունների, ներկայացուցչությունների, ռազմական կցորդների և ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խաղաղության» ծրագրի համադրման օղակում Հայաստանի Հանրապետության կապի սպայի գործունեության ապահովման նպատակով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և ներկայացուցչությունների (շրջիկ դեսպանություններ) կարող են բանկային հաշիվներ բացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկում:

(2-րդ կետը խմբ. 05.05.05 N 529-Ն)

3. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար պատասխանատու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ համայնքի բյուջեի համար` համայնքի ղեկավարը:

4. Նախարարությունն իրականացնում է բյուջեի կատարման գործընթացի կազմակերպումը, որի նպատակով ապահովում է`

ա) բյուջեների կատարման գործընթացի մեթոդական ապահովումը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համամասնությունների կազմման ու հաստատման ներկայացման կազմակերպումը.

գ) բյուջեների դրամական միջոցների կառավարման և ծախսերի ֆինանսավորման կազմակերպումը.

դ) պետության և համայնքների տնօրինության տակ գտնվող դրամական միջոցների մուտքագրման և դրանց հաշվին ծախսերի` գանձապետական միասնական հաշվով կատարման կազմակերպումը.

ե) բյուջեների կատարմանը վերաբերող ֆինանսական հաշվետվություններ կազմելու, ներկայացնելու և ամփոփելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորման ու բյուջետային հաշվապահական հաշվառման նորմերի սահմանման ապահովումը.

զ) բյուջեներից կատարվող վճարումների նկատմամբ նախնական հսկողության իրականացումը` գանձապետական համակարգի միջոցով.

է) բյուջեների կատարման մասին ստացված ֆինանսական հաշվետվությունների հիման վրա դրանցում արտացոլված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելը, ամփոփելը և ներկայացնելը.

ը) գանձապետական հաշիվների վարման կարգի հաստատումը.

թ) արտաքին պետական պարտքի սպասարկումը.

ժ) ներքին պետական պարտքի ընթացիկ կառավարումը.

ժա) օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված ապրանքային վարկերի ու դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումն ու հսկումը (մոնիտորինգ).

ժբ) Հայաստանի Հանրապետության նկատմամբ առաջացած` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պարտավորությունների սպասարկումը.

ժգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և սույն կարգից բխող այլ գործառույթների իրականացումը:

5. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետև` ԲԳԿ) են համարվում տվյալ տարվա բյուջեով` բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:

ԲԳԿ-ները`

ա) սահմանված կարգով հաստատում և փոփոխում են իրենց և իրենց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության նախահաշիվները (այսուհետև` նախահաշիվ).

բ) պատասխանատու են իրենց և ենթակա հիմնարկների ֆինանսական, տնտեսական ու հաշվապահական գործունեության համար.

գ) իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ լիազորություններ և պարտականություններ:

6. ԲԳԿ-ի` սույն կարգով նախատեսված պարտականությունների կատարման համար պատասխանատու է այդ մարմնի ղեկավարը: ԲԳԿ-ի` սույն կարգով նախատեսված լիազորությունների իրականացումը կազմակերպում է ԲԳԿ-ի գլխավոր ֆինանսիստը:

7. Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ (այսուհետև` ԲՍԿ) են հանդիսանում այն հիմնարկները, որոնք ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հաստատված նախահաշիվ:

8. ԲՍԿ-ի ղեկավարի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է գլխավոր հաշվապահ: ԲԳԿ չհանդիսացող ԲՍԿ-ի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունների և պարտականությունների կատարումն ապահովում է գլխավոր հաշվապահը:

9. ԲԳԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ստորագրում են`

) առաջին կարգի ստորագրության իրավունքով` «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինների համար` ԲԳԿ-ի աշխատակազմի ղեկավարը կամ աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի ևուղղ. այլ պետական մարմինների համար` գլխավոր ֆինանսիստը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համար` համայնքի ղեկավարը, գլխավոր ֆինանսիստը կամ ղեկավարի հրամանով լիազորված անձը.

բ) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲԳԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը:

(9-րդ կետը խմբ. 23.09.09 N 1129-Ն)

10. ԲՍԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը ստորագրում են`

ա) առաջին կարգի ստորագրության իրավունքով` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերի և այլ պետական մարմինների համար՝ ղեկավարի հրամանով լիազորված անձըուղղ., իսկ տեղական ինքնակառավարման մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի կողմից լիազորված անձը.

բ) երկրորդ կարգի ստորագրության իրավունքով` ԲՍԿ-ի ֆինանսական ծառայության ղեկավարը, ֆինանսական ծառայության ղեկավարի տեղակալը, գլխավոր հաշվապահը կամ գործերի կառավարիչը:

(10-րդ կետը խմբ. 23.09.09 N 1129-Ն)

101. Սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերում նշված փաստաթղթերի ստորագրության (ստորագրությունների) և կնիքի (կնիքների) նմուշները հաստատում է ԲԳԿ-ի կառավարումը (ղեկավարումը) իրականացնող պաշտոնատար անձը:

(101 կետը լրաց. 23.09.09 N 1129-Ն)

11. Բյուջեները կատարվում են միասնական մեթոդաբանության սկզբունքով, որը նախատեսում է բյուջեների կատարման միասնական մեթոդական հիմքի առկայություն և բյուջեների կատարման գործընթացին մասնակից` նույնատիպ գործառույթներ իրականացնող սուբյեկտների համար միատեսակ իրավասությունների և պատասխանատվության սահմանում: Բյուջեների կատարման մեթոդական ապահովումն իրականացնում է նախարարությունը, որը`

ա) բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենքներն ու իրավական ուժ ստացած այլ իրավական ակտերը (այսուհետև` ակտ) պաշտոնապես հրապարակվելուց հետո, սույն կետի «բ» ենթակետի համաձայն կազմում և ԲԳԿ-ներին է տրամադրում (ուղարկում) նորմատիվ բնույթ չունեցող մեթոդական ցուցում (այսուհետև` ցուցում).

բ) ցուցումը պարունակում է ակտի կարգավորման առարկայի, նպատակի, գործողության ոլորտի, ուժի մեջ մտնելու պահի, այդ ակտով սահմանվող իրավունքների և պարտականությունների համառոտ նկարագիրը.

գ) բացառությամբ սույն կետի «ա» ենթակետի համաձայն տրամադրվող ցուցումի` ակտի (ակտերի) մասին իրեն վերապահված իրավասության սահմաններում, նորմատիվային բնույթ չունեցող պարզաբանումներ և (կամ) այլ ցուցումներ տրամադրում է իր հայեցողությամբ կամ ԲԳԿ-ների` պարզաբանում կամ ցուցումներ ստանալու համար գրավոր դիմումի առկայության դեպքում:

 

II. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ (ՄՈՒՏՔԵՐԸ)

 

12. Բյուջեների եկամուտները (մուտքերը) ձևավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան:

13. Բյուջեների եկամուտների (մուտքերի) հավաքագրման գործի կազմակերպման համար պատասխանատու մարմիններ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն այդ լիազորությամբ օժտված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Այդ մարմինները պատասխանատու են համապատասխան բյուջեներով նախատեսված ու բյուջե փոխանցման ենթակա եկամուտների (մուտքերի)` ամբողջությամբ և ժամանակին համապատասխան բյուջե փոխանցման համար: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների (մուտքերի) հավաքագրման համար պատասխանատու մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

14. Բյուջեների եկամուտների հաշվառումը կազմակերպում է գանձապետարանը` այդ նպատակով բացված գանձապետական եկամտային հաշիվների վարման միջոցով: Բյուջեների եկամուտների հաշվառման հիմքը միասնական գանձապետական հաշվին եկամտի հաշվեգրումն է:

141. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում, երբ միասնական գանձապետական հաշվին եկամտի հաշվեգրման դիմաց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գործարքի կատարման համար հիմք են հանդիսանում այդ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին ներկայացված բյուջեի օգտին գումարի վճարումը հիմնավորող փաստաթղթերը (վճարման անդորրագրեր, վճարման հանձնարարականներ), ապա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինն այդ վճարումը հիմնավորելու նպատակով` մինչև գործարքի կատարումը` ներկայացված փաստաթղթերի տվյալները համեմատում է այդ վճարումների հաշվեգրման համար գանձապետարանում բացված համապատասխան հաշվից քաղվածքի տվյալների հետ: Տվյալների անհամապատասխանության (այդ թվում` նաև վճարման նպատակը հստակ չնշելու կամ սխալ նշելու, անշաժ գույքի գնման դեպքում ձեռք բերվող գույքի գտնվելու հասցեն չնշելու կամ սխալ նշելու, վճարողի անձնագրային տվյալները չնշելու կամ սխալ նշելու, վճարման նպատակին չհամապատասխանող այլ տվյալների առկայության) դեպքում գործարքի կատարումը մերժվում է:

Սույն կետի առաջին պարբերությունում նշված քաղվածքը գանձապետարանը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրում է օրական կտրվածքով` յուրաքանչյուր աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում: Քաղվածքը տրամադրվում է էլեկտրոնային ձևով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից գանձապետարան գրավոր ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկման միջոցով: Նույն ժամկետում քաղվածքը նախարարության կողմից սահմանված ձևով տեղադրվում է նաև նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Քաղվածքն էլեկտրոնային ձևով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին տրամադրելու անհնարինության դեպքում տրամադրվում է թղթային կրիչով` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և գանձապետարանի միջև փոխհամաձայնեցված ժամկետում:

(141 կետը լրաց. 02.11.06 N 1638-Ն)

15. Բյուջեներով հաստատված եկամուտների մեծությունը չի հանդիսանում տվյալ եկամտատեսակի ձևավորման համար սահմանված տարեկան առավելագույն չափ, ինչը նախատեսում է սահմանված կարգով ձևավորված բյուջետային եկամուտների պարտադիր կարգով մուտքագրում գանձապետական հաշվին:

16. Բյուջեների եկամուտների հավաքագրման համար պատասխանատու մարմինները նախարարության սահմանած կարգով վերջինիս են ներկայացնում իրենց կողմից հավաքագրվող եկամուտների մասին տեղեկություններ:

17. Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից ապրանքային վարկերի ու դրամաշնորհների (գրանտների) դրամայնացման (այսուհետև` դրամայնացում) հաշվառումը և դրա հետ կապված գործառույթների համակարգումը և հսկումն իրականացնում է նախարարությունը:

Նշված գործառույթների շրջանակներում`

ա) օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև այլ անձանց կողմից Հայաստանի Հանրապետությանն ապրանքային վարկերի և դրամաշնորհների (գրանտների) տրամադրման նպատակով, հիշյալ մարմինների և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված բոլոր համաձայնագրերն ու պայմանագրերը (այսուհետև` համաձայնագիր) հաշվառվում են նաև նախարարությունում.

բ) համաձայնագրերի հաշվառումն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր առանձին համաձայնագրի վավերացումից հետո տասնօրյա ժամկետում այդ համաձայնագրերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող մարմինները նախարարությանն են տրամադրում համաձայնագրի պատճենը.

գ) նախարարության կողմից համաձայնագրերը հաշվառվում են գրանցամատյանում, որի վարման կարգը սահմանում է նախարարությունը.

դ) համաձայնագրի շրջանակներում ապրանքների ստացման, դրամայնացման և դրա արդյունքում գոյացած միջոցների օգտագործման հետ կապված որևէ պայմանի փոփոխության դեպքում պատասխանատու պետական մարմինը հինգօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է նախարարությանը` վերջինիս տրամադրելով կատարված փոփոխությունը պարունակող փաստաթղթի պատճենը.

ե) ապրանքային վարկերի և դրամաշնորհների իրացման համար պատասխանատու պետական մարմինները նախարարության սահմանած կարգով վերջինիս են ներկայացնում տեղեկություններ.

զ) ապրանքային վարկը կամ դրամաշնորհը Հայաստանի Հանրապետություն ներկայացվելուց և սահմանված կարգով իրացվելուց հետո իրացման արդյունքում ստացված ողջ դրամական հասույթը փոխանցվում է այդ նպատակով բացված գանձապետական հաշվին (այսուհետև` դրամայնացման հաշիվ).

է) դրամայնացման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են դրամայնացման հաշվում` համապատասխան ապրանքների իրացումից ստացված մուտքերի հաշվին, եթե այլ բան համաձայնագրով և (կամ) այլ նորմով նախատեսված չէ.

ը) յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը դրամայնացման հաշվում առկա դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի` այդ նպատակով բացված եկամտային հաշվին, բացառությամբ այն միջոցների, որոնք տվյալ բյուջետային տարում ենթակա չեն փոխանցման և (կամ) անհրաժեշտ են դրամայնացման գործընթացը սահմանված կարգով ապահովելու համար: Սույն կետով նախատեսված միջոցների չափը որոշում է նախարարությունը:

18. Բյուջետային եկամուտների (մուտքերի) հաշվառման կազմակերպման շրջանակներում նախարարությունը կազմակերպում է`

ա) եկամուտների ձևավորման մասին գանձապետարանում հաշվառված և պատասխանատու պետական մարմինների ներկայացրած տեղեկությունների համադրումը.

բ) համադրման արդյունքում արձանագրված անհամապատասխանությունների մասին պատասխանատու պետական մարմիններից հիմնավորումների ստացումը:

 

III. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԸ (ԵԼՔԵՐԸ)

 

19. Բյուջեների ծախսերը (ելքերը) սահմանվում են տվյալ տարվա բյուջեներով և կատարվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Բյուջեներից վճարումները հաշվառում է գանձապետարանը` այդ նպատակով բացված գանձապետական ծախսային հաշիվների վարման միջոցով: Բյուջեների ծախսերի հաշվառման հիմքը գանձապետական հաշիվներից համապատասխան միջոցների ելքագրումը հավաստող սկզբնական փաստաթղթերի ստացումն է:

21. Բյուջեներով հաստատված ծախսերի մեծությունը հանդիսանում է տվյալ ծախսատեսակի կատարման համար սահմանված առավելագույն չափ:

22. Բյուջեների ծախսերի կատարման համար պատասխանատու են բյուջետային հատկացումների կարգադրիչները, իսկ միասնական գանձապետական հաշվից միջոցների ելքագրման համար` նախարարությունը` հիմք ընդունելով ԲԳԿ-ների կողմից ներկայացված հիմնավորող փաստաթղթերը:

23. Յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատման օրվանից 45-օրյա ժամկետում նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համամասնությունները:

24. Համայնքի բյուջեի կատարման համամասնությունները հաստատում է համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի հաստատման մասին համայնքի ավագանու որոշում ընդունելու օրվանից 10-օրյա ժամկետում:

25. Մինչև բյուջեների կատարման համամասնությունների (այսուհետև` համամասնություններ) հաստատումը, բյուջեները յուրաքանչյուր ամիս կատարվում են նախարարության սահմանած համամասնությամբ:

26. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման համամասնությունների հաստատումից հետո հինգ օրվա ընթացքում այն տրամադրում է համայնքին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումներին:

(26-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

27. Համամասնությունները հաստատվում և փոփոխվում են բյուջեների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի դասակարգման և բյուջեների հավելվածների:

28. Համամասնությունները հաստատվելուց հետո ԲԳԿ-ները նախարարության սահմանած կարգով հաստատում են ԲՍԿ-ների նախահաշիվները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրերի և տնտեսական դասակարգման տարրերի: ԲԳԿ-ները ապահովում են նախահաշիվները ԲՍԿ-ին սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումներ ներկայացնելը:

Ելնելով բյուջետային ծախսերի գործառական դասակարգման առանձին ծրագրերի գծով առաջացող պարտավորությունների յուրահատկություններից` գանձապետարանի ստորաբաժանում ներկայացված նախահաշիվ կարող է համարվել նույն ծրագրի գծով տվյալ տարվա ընթացքում ֆինանսավորման նպատակով կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցված գումարների մեծությունը: Տվյալ բյուջետային տարվա համար համապատասխան ծրագրերի ցանկը հաստատում է նախարարությունը

(28-րդ կետը լրաց. 22.04.04 N 535-Ն, փոփ. 05.05.05 N 529-Ն)

29. Գանձապետարանի ստորաբաժանումն դրոշմակնիքով հաստատում է նախահաշիվը, եթե այն կազմված և ներկայացված է սահմանված կարգով: Հաստատված նախահաշվի մեկ օրինակը պահվում է գանձապետարանի ստորաբաժանումում: Գանձապետարանի ստորաբաժանումն սահմանած կարգին չհամապատասխանող նախահաշիվը, այն ներկայացվելու օրվանից երկու աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է ներկայացնողին:

(29-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

30. Գանձապետական հաշվից միջոցների ելքագրման հիմքը` գանձապետարանի ստորաբաժանման կողմից նախահաշվի հաստատումն ու ծախսերը հիմնավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի ընդունումն է: Հիմնավորող փաստաթղթերի ցանկը և դրանց ձևերը սահմանում է նախարարությունը:

(30-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

31. Նախահաշիվը գանձապետարանի ստորաբաժանումի կողմից հաստատվելուց հետո ԲՍԿ-ն նախարարության սահմանած կարգով սպասարկող գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին կանխատեսվող ծախսերի գծով ստանձնվող ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցը (այսուհետև` վճարման ժամանակացույց)` ըստ ամիսների:

(31-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

32. Գանձապետարանի ստորաբաժանումն դրոշմակնիքով հաստատում է ժամանակացույցը, եթե այն կազմված և ներկայացված է սահմանված կարգով: Հաստատված ժամանակացույցի 1 օրինակը պահվում է գանձապետարանի ստորաբաժանումում: Սահմանած կարգին չհամապատասխանող ժամանակացույցը, այն ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվում է ԲՍԿ:

(32-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

33. Վճարման ժամանակացույցը հաստատվելուց հետո և միայն դրան համապատասխան, ԲՍԿ-ն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով ստանձնելու ֆինանսական պարտավորություններ, որոնք պետք է ֆինանսավորվեն նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին:

34. ԲՍԿ-ների կարիքների համար կատարվող գնումների գծով ստանձնված պարտավորությունների, բացառությամբ գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսերի (բացի օդային տրանսպորտի ծախսերի), ֆինանսավորման կարգը սահմանվում է գնումների մասին օրենսդրությամբ:

Այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքներով պետական հիմնարկներին թույլատրվում է վճարովի ծառայություններ մատուցել այլ պետական հիմնարկների, նման ծառայությունների գծով առաջացած պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարովի ծառայություն մատուցելու վերաբերյալ երկու պետական հիմնարկների միջև ստորագրված վարչական ակտի պատճենը, ինչպես նաև նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր` առանց այդ վճարումը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու։ Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան։ Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանման կողմից վերադարձվում են բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչին:

(34-րդ կետը լրաց. 05.05.05 N 529-Ն, 12.01.06 N 6-Ն)

35. ԲՍԿ-ների կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնված և սույն կարգի 34-րդ կետում նշված պարտավորությունների խմբին չդասվող պարտավորությունները ֆինանսավորվում են հետևյալ կարգով`

ա) քաղաքացիաիրավական պայմանագրերով ստանձնված պարտավորությունների դեպքում` ԲՍԿ-ն նախարարության սահմանած ձևով գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում քաղվածք պայմանագրից, պայմանագիրը կնքելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում: Գանձապետարանի ստորաբաժանումն դրոշմակնիքով հաստատում է քաղվածքը, եթե այն կազմված և ներկայացված է սահմանված կարգով: Հաստատված քաղվածքի 1 օրինակը պահվում է գանձապետարանի ստորաբաժանումում: Սահմանած կարգին չհամապատասխանող քաղվածքը, այն ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձվում է ԲՍԿ: Պայմանագրի շրջանակներում վճարում կատարելու համար ԲՍԿ-ն նախարարության սահմանած ձևով գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման համաձայնագիր և այդ վճարումը հիմնավորող փաստաթղթեր: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են ԲՍԿ.

բ) սույն կետի «ա» ենթակետով նշված պարտավորությունների խմբին չդասվող պարտավորությունները, ներառյալ գործուղման և ծառայողական շրջագայությունների գծով ծախսերը (բացի օդային տրանսպորտի ծախսերից) ֆինանսավորելու համար ԲՍԿ-ն նախարարության սահմանած ձևով գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման հանձնարարագիր և այդ վճարումը հիմնավորող փաստաթղթեր: Գանձապետարանի ստորաբաժանումն ընդունում է ներկայացված փաստաթղթերը, եթե դրանք կազմված են սահմանված կարգին համապատասխան: Հակառակ դեպքում, դրանք ներկայացվելու օրվանից 2 աշխատանքային օրվա ընթացքում գանձապետարանի ստորաբաժանումի կողմից վերադարձվում են ԲՍԿ:

(35-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն, լրաց. 12.01.06 N 6-Ն)

351. Բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչի նախորդ բյուջետային տարիների գործունեության արդյունքում առաջացած բյուջետային պարտքերի մարման համար բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում նախարարության սահմանած ձևով վճարման հանձնարարագիր և բյուջետային պարտքի առաջացման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված, համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթեր:

(351 կետը լրաց. 05.05.05 N 529-Ն)

36. Նախահաշիվների շրջանակներում վճարում կատարելու համար ԲՍԿ-ն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում վճարման վերջնաժամկետից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

(36-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

37. Գանձապետարանի ստորաբաժանումն վճարում է կատարում միայն ԲՍԿ-ի գանձապետական հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում և դրա սահմաններում: ԲՍԿ-ի գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցում է ԲԳԿ-ն` իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանում ներկայացված միջգանձապետական փոխանցագրի հիման վրա: Գանձապետարանի ստորաբաժանումն ԲԳԿ-ի գանձապետական հաշվից ԲՍԿ-ի գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցում է ԲԳԿ-ի գանձապետական հաշվում դրամական միջոցների առկայության դեպքում և դրա սահմաններում: ԲԳԿ-ի գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցում է կենտրոնական գանձապետարանը` ԲԳԿ-ի կողմից նախարարության սահմանած կարգով ներկայացված վճարման հայտի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ելքերի ֆինանսավորման նպատակով կենտրոնական գանձապետարանի կողմից փոխանցված գումարների մեծությունը ցանկացած պահի դրությամբ չի կարող գերազանցել այդ պահի դրությամբ միասնական գանձապետական հաշվին հաշվեգրված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի փաստացի մեծության 115 տոկոսը` բյուջետային տարվա վերջին օրվա դրությամբ փոխանցված գումարների և տվյալ տարվա բյուջետային մուտքերի փաստացի մեծությունները հավասար մակարդակի պահելու պայմանով:

(37-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

38. Գանձապետարանը բյուջեների կատարման նկատմամբ նախնական հսկողություն իրականացնում է սույն կարգով վերապահված լիազորությունների կատարմամբ, որի արդյունքում նախքան գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը, գանձապետարանում սույն կարգի համաձայն գնահատվում է ԲՍԿ-ների կողմից իրականացվող ֆինանսական գործառույթների համապատասխանությունը` բյուջեների կատարման գործընթացը կարգավորող` օրենքներով և այլ ակտերով սահմանված պահանջներին: անհամապատասխանության հայտնաբերման դեպքում ԲՍԿ-ների անվամբ բացված գանձապետական հաշիվներից ֆինանսական միջոցների ելքագրումը ժամանակավորապես դադարեցվում է, որից հետո`

ա) Գանձապետարանի ստորաբաժանումն ԲՍԿ-ին գրավոր հայտնում է անհամապատասխանության շտկման (կարգավորման) անհրաժեշտության մասին.

բ) պետական հիմնարկների համար` արձանագրված անհամապատասխանությունը վերջիններիս կողմից չկարգավորվելու դեպքում գանձապետարանի ստորաբաժանումն այդ մասին գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության գլխավոր գանձապետին, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, որը ցուցում է տալիս հետագա գործողությունների վերաբերյալ.

գ) համայնքների կողմից ստեղծված հիմնարկների համար` գանձապետարանի ստորաբաժանումի պետը գրավոր տեղյակ է պահում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարին, որն ապահովում է անհամապատասխանության շտկումը:

(38-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

39. Վճարումը համարվում է կատարված, եթե վճարման ենթակա գումարը դուրս է գրվել գանձապետական հաշվից:

391. Բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գանձապետական հաշիվներից բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչներ հանդիսացող պետական հիմնարկների անվամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում, Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա առևտրային բանկերում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և օրենքների հիման վրա բացված հաշիվներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված և այդ հիմնարկների նախահաշիվներով հաստատված գումարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանի կողմից` համապատասխան բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների կողմից կենտրոնական գանձապետարան ներկայացված վճարման հանձնարարագրերի հիման վրա` առանց միջգանձապետական փոխանցագիրը և ծախսերը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթերը ներկայացնելու:

(391 կետը լրաց. 05.05.05 N 529-Ն)

392. Սույն որոշման 391-րդ կետում նշված վճարումների նկատմամբ գանձապետարանը չի իրականացնում նախնական հսկողություն և սույն որոշման 391-րդ կետում նշված պետական հիմնարկներն իրենց բանկային հաշիվներին փոխանցված գումարները տնօրինում են իրենց նախահաշիվներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ գումարների ծախսման համար սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սույն որոշման 391-րդ կետին համապատասխան փոխանցված գումարների շրջանակներում պետական հիմնարկների բանկային հաշիվներից վճարումները կատարվում են այդ հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստանձնված ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով, ընդ որում, վճարման ժամանակացույցները, պայմանագրերից քաղվածքները և ծախսերը հիմնավորող փաստաթղթերը հիմնարկների կողմից հաստատվում են ինքնուրույն` առանց գանձապետարանի հետ լրացուցիչ համաձայնեցման և պահվում են այդ հիմնարկներում` որպես հիմք:

(392 կետը լրաց. 05.05.05 N 529-Ն)

393. Պետական հիմնարկները, սույն որոշման 392-րդ կետին համապատասխան ծախսված գումարների վերաբերյալ պետական հիմնարկների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու համար սահմանված կարգով կազմում և իրենց վերադաս պետական կառավարման մարմիններ են ներկայացնում հաշվետվություններ:

(393 կետը լրաց. 05.05.05 N 529-Ն)

40. Տվյալ ժամանակահատվածում բյուջեներից վճարումները համարվում են ոչ ամբողջությամբ կատարված (այսուհետև` չվճարում), եթե սահմանված կարգով ստանձնված և տվյալ ժամանակահատվածում կատարման ենթակա ֆինանսական պարտավորությունները գերազանցում են տվյալ ժամանակահատվածում կատարված փաստացի վճարումների մեծությունը: Չվճարված համարվող ֆինանսական պարտավորությունները հանդիսանում են բյուջետային պարտքեր և ենթակա են մարման (կատարման):

41. ԲՍԿ-ները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների դիմաց վճարումներն իրականացնում են անկանխիկ` փոխանցման եղանակով, և կանխիկ դրամի ձևով: Անկանխիկ վճարումները իրականացվում են սույն կարգի համաձայն` գանձապետական հաշիվներից միջոցների ելքագրման ձևով: Կանխիկ դրամով վճարումներ կարող են իրականացվել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման միայն հետևյալ հոդվածներով`

ա) աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ,

բ) նպաստներ,

գ) գործուղման և ծառայողական շրջագայությունների ծախսեր` միայն օրապահիկ, գիշերավարձ, տրանսպորտի (բացառությամբ օդային տրանսպորտի) ծախսեր,

դ) կրթաթոշակներ,

ե) կենսաթոշակներ,

զ) այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի:

42. Հայաստանի Հանրապետության պաշտպանական, ռազմական, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության կարիքների համար, Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի , Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(42-րդ կետը լրաց. 18.07.02 N 1013-Ն, 31.03.04 N 412-Ն, 17.09.04 N 1274-Ն, 22.02.08  N 162-Ն, 10.07.08 N 726-Ն)

43. Սույն կարգի 41-րդ և 42-րդ կետերում չնշված ուղղություններով կանխիկ դրամով ծախսեր չեն կարող կատարվել:

Կանխիկ դրամով վճարում կատարելու նպատակով ԲՍԿ-ն գանձապետարանի ստորաբաժանում է ներկայացնում սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը: Սույն կարգի 42-րդ կետով նախատեսված պետական մարմինների կողմից կանխիկ դրամով վճարում իրականացնելու համար նախարարության կողմից սահմանվում են սույն կարգի 35-րդ կետով նախատեսված` ԲՍԿ-ի կողմից գանձապետարանի ստորաբաժանում ներկայացվող փաստաթղթերին փոխարինող փաստաթղթեր, որոնք ներկայացվում են գանձապետարանի ստորաբաժանում` սույն կարգի 35-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում:

(43-րդ կետը լրաց. 31.03.04 N 412-Ն, փոփ. 05.05.05 N 529-Ն)

44. ԲՍԿ-ները շաբաթական կտրվածքով սպասարկող գանձապետարանի ստորաբաժանում են ներկայացնում նախարարության սահմանած ձևով հաշվետվություն կանխիկ ձևով կատարված ծախսերի վերաբերյալ` բացառությամբ սույն կարգի 42-րդ կետի համաձայն իրականացվող ծախսերի:

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման նույն հոդվածով նախատեսված հատկացումների սահմաններում կարող է կանխիկ ձևով վճարում իրականացվել նախկին վճարումը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

(44-րդ կետը փոփ. 05.05.05 N 529-Ն)

45. Կանխիկ դրամի ձևով վճարումներն իրականացվում են առևտրային բանկերի միջոցով` նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

46. Տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների (Հայաստանի Հանրապետության կառավարությանն օրենքով տրված իրավասության շրջանակներում) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվում են նախարարության ներկայացմամբ:

47. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի համաձայն պետական կառավարման մարմինների ղեկավարներին տրված իրավասության սահմաններում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված հատկացումների միջհոդվածային վերաբաշխումները նախապես համաձայնեցվում են նախարարության հետ` վերջինիս կողմից սահմանված կարգով:

 

IV. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

48. Սույն կարգի իմաստով բյուջետային երաշխիք (այսուհետև` երաշխիք) է համարվում այլ անձի (պրինցիպալ) քաղաքացիաիրավական պարտավորությունների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության (այսուհետև` երաշխավոր) ստանձնած գրավոր պարտավորությունը` պրինցիպալի պարտատիրոջը (այսուհետև` բենեֆիցիար) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բենեֆիցիարի պահանջով որոշակի գումար վճարելու վերաբերյալ: Երաշխիքի տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 383-394-րդ հոդվածներով:

(48-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

49. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին երաշխիք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա` նախարարության կողմից:

(49-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

50. Երաշխիքը տրամադրվում է գրավոր փաստաթղթի ձևով և հանդիսանում է միակողմ գործարք:

(50-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

51. Երաշխիքում նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) պրինցիպալի անվանումը, գտնվելու վայրը,

բ) երաշխավորի անվանումը` Հայաստանի Հանրապետություն` ի դեմս նախարարության,

գ) երաշխիքի գումարը,

դ) երաշխիքի գումարի վճարման պայմանները, ներառյալ երաշխավորին պահանջի ներկայացման կարգը,

ե) երաշխիքի գործողության ժամկետը,

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկություններ:

Սույն կետի պահանջներին չհամապատասխանող փաստաթուղթը երաշխիք չի համարվում:

(51-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

52. Երաշխիքով երաշխավորը բենեֆիցիարի հանդեպ կրում է սահմանափակ պատասխանատվություն` դրանով ապահովված հիմնական պարտավորության կատարման համար:

(52-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

53. Բենեֆիցիարի նկատմամբ երաշխավորի պատասխանատվությունը սահմանափակվում է երաշխիքում նշված գումարով:

(53-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

54. Երաշխիքի կատարումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հատկացումների հաշվին:

(54-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

55. Երաշխիքներ տրամադրելու նպատակով երաշխավորը պրինցիպալի հետ կնքում է երաշխիք տալու մասին պայմանագիր: Պայմանագրով պետք է նախատեսվի, որ երաշխիքի գումարը կամ դրա մի մասը երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարելու հետևանքով ծագող հետադարձ պահանջի գումարը համարվում է երաշխավորի կողմից պրինցիպալին տրամադրված վարկ, որի տարեկան տոկոսադրույքը հավասար է բանկային տոկոսի հաշվարկային դրույքին:

(55-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

56. Սույն կարգի 55-րդ կետի համաձայն տրամադրված վարկի մարման ժամկետ է համարվում երաշխավորի կողմից բենեֆիցիարին վճարված գումարի (դրա մի մասի) վճարման օրվան հաջորդող օրվանից հաշվված մեկամսյա ժամկետը, բայց ոչ ավելի, քան տվյալ բյուջետային վերջին օրը, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա նախարարության կողմից ավելի երկար ժամկետ չի առաջարկվել:

(56-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

57. Պրինցիպալը, մինչև վարկի մարման ժամկետի ավարտը, պարտավոր է երաշխավորին վճարել վերջինիս կողմից բենեֆիցիարին երաշխիքով վճարված ամբողջ գումարը ու հաշվարկված տոկոսագումարը:

(57-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

58. Երաշխավորին պրինցիպալի կողմից վարկի գումարի և տոկոսագումարի վճարումն ապահովելու նպատակով պրինցիպալը երաշխիք տալու մասին պայմանագիրը կնքելուց հետո 15-օրյա ժամկետում երաշխավորին տրամադրում է ապահովման միջոց (գրավ, պահում, բանկային երաշխիք): Ապահովման չափը չի կարող փոքր լինել երաշխիքի գումարի մեծությունից:

(58-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

59. Եթե պրինցիպալը պայմանագրով սահմանված ժամկետներում չի վերադարձնում վարկի և (կամ) տոկոսների գումարը, ապա երաշխավորը ձեռնարկում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողություններ` իր պահանջի իրավունքի իրականացման համար:

(59-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

60. Երաշխավորը երաշխիքի գործողության ամբողջ ընթացքում կարող է պայմանագրով սահմանված հաճախականությամբ և կարգով պրինցիպալից պահանջել տեղեկատվություն վերջինիս գործունեության վերաբերյալ:

(60-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

61. Պրինցիպալի կողմից` պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտման դեպքում երաշխավորն իրավունք ունի պայմանագրով սահմանված կարգով պրինցիպալի մոտ կատարելու ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ:

(61-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

62. Նախարարությունն իրականացնում է երաշխիքներով ապահովված պարտավորությունների հաշվառում` ըստ պրինցիպալի, բենեֆիցիարի, երաշխավորված պարտքային պարտավորության մեծության, պրինցիպալի կողմից ներկայացված ապահովման միջոցի ձևի և չափի, պրինցիպալի կողմից ինքնուրույն կատարված ու երաշխավորի կողմից կատարված վճարումների, ձևակերպված վարկի տոկոսադրույքների և մարման ժամկետի, պրինցիպալի կողմից կատարված մարումների ու կետանցված պարտավորության:

(62-րդ կետը խմբ. 10.04.02 N 377)

 

V. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՎԱՐՏԸ

 

63. Եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փաստացի մուտքերի հանրագումարը ավելի քան 25 տոկոսով ցածր է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համամասնություններով սահմանված կիսամյակային համապատասխան ցուցանիշից (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված նպատակային ծրագրերի իրականացման հետ կապված արտաքին աղբյուրներից ստացվող պաշտոնական ու մասնավոր տրանսֆերտների և (կամ) վարկերի ստացման ժամկետների` տվյալ բյուջետային տարվա սահմաններում հետաձգման դեպքերի), ապա բյուջետային ծախսերի սահմանափակման գործընթաց սկսելու նպատակով նախարարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ:

64. Բյուջեների ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումը կազմում է բյուջեների հավելուրդը, որն առաջացնում է`

ա) հավելուրդով հաստատված բյուջեների կատարմամբ.

բ) բյուջեներով սահմանված ծախսերի կատարման համեմատ` տարեկան մուտքերի գերակատարմամբ.

գ) բյուջեներով սահմանված մուտքերի կատարման համեմատ` տարեկան ծախսերի թերակատարմամբ:

65. Հավելուրդը տվյալ տարվան հաջորդող տարվա բյուջեի մուտքն է:

66. Տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, բացառությամբ համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-5-րդ կետերով նախատեսված հիմնարկների, չի թույլատրվում ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի, ընդ որում, մինչև սահմանված ժամկետն ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը տվյալ տարվա դեկտեմբերի 25-ից հետո գանձապետարանի ստորաբաժանումը չի ընդունում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի:

Համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-5-րդ կետերով նախատեսված հիմնարկներին թույլատրվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` պայմանով, որ ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանի ստորաբաժանում են ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը

(66-րդ կետը փոփ. 26.12.02 N 2057-Ն, 05.05.05 N 529-Ն, խմբ. 14.01.10 N 79-Ն)

67. Նախարարությունը մինչ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը պետք է ապահովի սահմանված կարգով ստանձնված ֆինանսական պարտավորությունների դիմաց վճարումների իրականացումը` միասնական գանձապետական հաշվում առկա միջոցների շրջանակներում:

68. Գանձապետական ծախսային հաշիվների և ԲՍԿ-ների դրամարկղներում առկա մնացորդը բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա ավարտին փոխանցվում են հաջորդ տարվա բյուջեի ազատ մնացորդի գանձապետական եկամտային հաշվին:

69. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետով կարող է երկարաձգվել տվյալ բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձևակերպումը (եզրափակիչ շրջանառություն):

70. Եզրափակիչ շրջանառության դեպքում սույն կարգի 66-68-րդ կետերով նախատեսված աշխատանքները (բացառությամբ ֆինանսական նոր պարտավորությունների ստանձնման) երկարաձգվում են մինչև եզրափակիչ շրջանառության վերջին ժամկետը:

71. Եզրափակիչ շրջանառության ընթացքում տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներով նախատեսված ծախսերը կատարվում են միայն տվյալ տարվա համապատասխան բյուջեների դրամական մուտքերի հաշվին:

 

VI. ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

72. Բյուջեների կատարման, ԲԳԿ-ների և ԲՍԿ-ների ֆինանսական ու հաշվապահական գործունեության մասին հաշվետվությունների ձևերը, դրանք կազմելու, ներկայացնելու և ամփոփելու կարգը սահմանում է նախարարությունը:

72.1. Սույն կարգում նշված դրոշմակնքման, կնքման և ստորագրության ձևով հաստատվող փաստաթղթերը Էլեկտրոնային փաստաթղթի տարբերակով ներկայացվելու դեպքում հաստատվում են միայն Էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

(72.1 կետը լրաց. 21.06.07 N 725-Ն)

 

VII. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

73. Սույն կարգով սահմանված գործառույթների չկատարումը կամ ոչ պատշաճ ձևով կատարումը հանդիսանում է բյուջեների կատարման կարգի խախտում և հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան