Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.02.24/8(742) Հոդ.118
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3668/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/3668/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Կոմպյուտեր» ԱԿ-ի (այսուհետ` Կոոպերատիվ) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 13.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հանքարտադրողների ոլորտային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) հայցի ընդդեմ Կոոպերատիվի` 3.998.000 ՀՀ դրամ վճարման պարտավորությունը կատարելուն պարտադրելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է պարտադրել Կոոպերատիվին կատարել 3.998.000 ՀՀ դրամ վճարման պարտավորությունը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 13.01.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է Կոոպերատիվից բռնագանձել 3.998.000 ՀՀ դրամ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 6.1-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Կոոպերատիվին տրված լիցենզիան ուժի մեջ է մտել 29.07.2005 թվականին, հետևաբար, պետական տուրք վճարելու վերջինիս պարտավորությունը ծագել է այդ օրվանից: Դատարանը հաշվի չի առել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.05.2007 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքն այն մասին, որ Կոոպերատիվին տրված հանքարդյունահանման 10.10.2003 թվականի թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիան ուժի մեջ է մտել լիցենզային պայմանագրի կնքման պահից՝ 29.07.2005 թվականից:

Կոոպերատիվը մինչև 2007 թվականը վճարել է ընդհանուր 2.002.500 ՀՀ դրամ այն դեպքում, երբ վերջինս պետք է տարեկան վճարեր 500.000 ՀՀ դրամ, իսկ մինչև 2007 թվականը՝ 750.000 ՀՀ դրամ 2005 թվականի երկրորդ կիսամյակի և 2006 թվականի համար: Այսինքն՝ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոոպերատիվն ուներ 1.252.500 ՀՀ դրամի գերավճար, որի հիմքով վերջինիս՝ 2007 թվականի համար պետական տուրք վճարելու պարտավորությունը դադարել է:

 

2) Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 23-27-րդ, 64-րդ, 85-րդ, 113-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 131-րդ, 134-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վճռի եզրափակիչ մասում նշել է միայն հայցապահանջների հանրագումարը՝ առանց այն տրոհելու ըստ հարկատեսակների, ապառքների, տույժերի և տուգանքների:

Բացի այդ, Դատարանը մասնակի փոխել է հայցի հիմքն ու առարկան և դուրս է եկել սույն գործով ներկայացված հայցի հիմքի շրջանակից, քանի որ իր նախաձեռնությամբ հայցապահանջի ծավալից հանել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով սահմանված 107.000 ՀՀ դրամ տուգանքը և ավելացրել է հարկային մարմնի զարգացման ֆոնդի պարտավորությունը 193.600 ՀՀ դրամի չափով:

Ավելին, Տեսչությունը չի կատարել ապացուցման, իսկ Դատարանը՝ ի պաշտոնե փաստերը պարզելու պարտականությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 13.01.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ այն փոփոխել՝ հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում մուտքագրվել է 16.04.2009 թվականին թիվ 865 մուտքի համարի տակ: Փաստորեն, վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածով նախատեսված եռամսյա ժամկետի խախտումով, քանի որ վճիռը կայացվել է 13.01.2009 թվականին, իսկ վճռաբեկ բողոքը բերվել է 16.04.2009 թվականին, որով խախտվել է բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Կոոպերատիվի պարտավորությունների հաշվարկների Տեսչության տեղեկանքի համաձայն՝ 21.04.2008 թվականի դրությամբ Կոոպերատիվի պարտավորությունները կազմում են 3.998.000 ՀՀ դրամ, որից պետական տուրքի գծով՝ 1.145.000 ՀՀ դրամ՝ ապառք՝ 500.000 ՀՀ դրամ, տույժ՝ 645.000 ՀՀ դրամ:

2) Տեսչության հայցադիմումի և նշված տեղեկանքի համաձայն՝ Կոոպերատիվի պարտավորության՝ պետական տուրքի գծով 500.000 ՀՀ դրամ ապառքն առաջացել է 10.10.2003 թվականի թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիայի համար 2007 թվականի տարեկան պետական տուրքը չվճարելու հետևանքով, ինչի արդյունքում հաշվարկվել է նաև 645.000 ՀՀ դրամ տույժ (գ.թ. 2-3, 6):

3) 06.11.2003 թվականի, 12.10.2005 թվականի և 15.09.2006 թվականի վճարման անդորրագրերի համաձայն՝ Կոոպերատիվը վճարել է համապատասխանաբար 500.000 ՀՀ դրամ, 500.000 ՀՀ դրամ և 45.000 ՀՀ դրամ պետական տուրքեր (գ.թ. 116-118):

4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 18.05.2007 թվականի թիվ 3-627(ՏԴ) որոշմամբ հաստատված է համարվել, որ Կոոպերատիվին 10.10.2003 թվականին տրված լիցենզիան ուժի մեջ է մտել լիցենզային պայմանագրի կնքման պահից՝ 29.07.2005 թվականից, հետևաբար, տնտեսվարող սուբյեկտի մոտ տարեկան պետական տուրքերը վճարելու պարտավորությունն առաջացել է 29.07.2005 թվականից սկսած:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչն արգելված չէ օրենքով և չի խախտում այլոց իրավունքները և ազատությունները: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի վճարման՝ իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար՝ պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում:

Նույն օրենքի 6.1-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ անկախ նույն օրենքի 6 հոդվածում նշված դրույթներից՝ ֆիզիկական անձանց և կազմակերպությունների հերթական տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է՝ այդ պարտավորության կատարմամբ՝ նույն օրենքով սահմանված դրույքաչափերով ու ժամկետներում հերթական տարեկան պետական տուրքի գումարների (պետական տուրքի գումարը համարվում է վճարված Հայաստանի Հանրապետության բյուջեի համապատասխան հաշվին հաշվեգրվելու օրվանից), ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար նույն օրենքով սահմանված տույժերի գումարների վճարմամբ, տարեկան պետական տուրքի վճարումից ազատումով, օրենքով տարեկան պետական տուրքի վերացմամբ, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև նույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ անձ չի կարող կրել օրենքով չնախատեսված պարտականություններ: Մասնավորապես, պետական տուրքի մասին օրենսդրությամբ պետական տուրքի գծով իրավաբանական անձի ունեցած պարտավորությունը ենթակա է դադարման դրա կատարմամբ, որի դեպքում վերջինիս նկատմամբ չեն կարող հաշվարկվել տույժեր:

Սույն գործով Դատարանը պետական տուրքի մասով հայցը բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պետական տուրքի գծով Կոոպերատիվի ունեցած պարտավորությունը կազմում է 1.145.000 ՀՀ դրամ, որից ապառք՝ 500.000 ՀՀ դրամ, որն առաջացել է 2007 թվականի տարեկան հաշվարկից, տույժ՝ 645.000 ՀՀ դրամ, որն առաջացել է 2007 թվականի տարեկան հաշվարկից առաջացած գումարները չվճարելու հետևանքով: Դատարանն անհիմն է համարել Կոոպերատիվի առարկություններն այն մասին, որ պետական տուրքի գծով Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա Կոոպերատիվն ունեցել է գերավճարներ, հետևաբար, 2007 թվականի համար պետական տուրքի վճարման պարտավորություն չպետք է առաջադրվեր, և այդ գումարների վրա տույժեր չպետք է հաշվարկվեին: Որպես նշված առարկության ապացույց Կոոպերատիվը ներկայացրել է 12.10.2005 թվականի 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր, 15.09.2006 թվականի 45.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր, 06.11.2003 թվականի 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր: ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով Կոոպերատիվի համար որևէ գերավճար չի առաջացել: Պետական տուրքի գծով գերավճարի մասին որևէ ապացույց Կոոպերատիվը չի ներկայացրել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, ինչի արդյունքում Դատարանը հանգել է չհիմնավորված և սխալ հետևության, քանի որ Դատարանն անտեսել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանը 18.05.2007 թվականի թիվ 3-627(ՏԴ) որոշմամբ հաստատված է համարել Կոոպերատիվին 10.10.2003 թվականին տրված լիցենզիան լիցենզային պայմանագրի կնքման պահից՝ 29.07.2005 թվականից, ուժի մեջ մտնելու և Կոոպերատիվի մոտ տարեկան պետական տուրքերը վճարելու պարտավորությունը 29.07.2005 թվականից սկսած առաջանալու հանգամանքները: Հետևաբար, Կոոպերատիվի կողմից 06.11.2003 թվականին, 12.10.2005 թվականին և 15.09.2006 թվականին համապատասխանաբար 500.000 ՀՀ դրամ, 500.000 ՀՀ դրամ և 45.000 ՀՀ դրամ պետական տուրքերի վճարումների արդյունքում վերջինիս չէր կարող 29.07.2005 թվականին ուժի մեջ մտած 10.10.2003 թվականի թիվ ՀԱ-Լ-14/19 լիցենզիայի հիման վրա 2007 թվականի համար պետական տուրքի գծով առաջադրվել 500.000 ՀՀ դրամ ապառք, և այն չվճարելու հետևանքով հաշվարկվեր 645.000 ՀՀ դրամ տույժ:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի փաստարկին այն մասին, որ Կոոպերատիվը մինչև 2007 թվականը վճարել է ընդհանուր 2.002.500 ՀՀ դրամ, այսինքն՝ 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ վերջինս ուներ 1.252.500 ՀՀ դրամի գերավճար, ապա Վճռաբեկ դատարանը նշված փաստարկին չի անդրադառնում, քանի որ այն հաստատող ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 08.04.2009 թվականի թիվ 2-813-424 տեղեկանքը Դատարան չի ներկայացվել և վերջինիս կողմից չի գնահատվել, այլ ներկայացվել է միայն վճռաբեկ բողոքին կից:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի փաստարկն այն մասին, որ Դատարանը վճռի եզրափակիչ մասում նշել է միայն հայցապահանջների հանրագումարը՝ առանց այն տրոհելու ըստ հարկատեսակների, ապառքների, տույժերի և տուգանքների, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մասով սույն վճռաբեկ բողոքի փաստարկը հիմնավոր է: Այսպես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ դրամական միջոցները գանձելու վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում դատարանը վճռի եզրափակիչ մասում սահմանում է բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը, ինչպես նաև այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը և դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը և ամսաթիվը: Մինչդեռ տվյալ դեպքում նշվածն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ մասերով վճիռը բեկանելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի՝ ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ Դատարանը դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից, ապա տվյալ փաստարկն անհիմն է, քանի որ և՛ հայցապահանջը, և՛ վճռով բռնագանձվելիք գումարները նույնն են՝ 3.998.000 ՀՀ դրամ:

 

Ինչ վերաբերում է Կոոպերատիվի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու որոշումները ուժի մեջ են մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չեն: Հետևաբար, վճռաբեկ բողոքի պատասխանի վերոնշյալ փաստարկը ենթակա չէ քննարկման:

Չնայած վերոնշյալ հանգամանքին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է որ Կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն` վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ամիսներով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն ամսվա հաջորդող օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կապի կազմակերպությանը մինչև ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը տրված գրավոր դիմումները և ծանուցումները համարվում են ժամկետին տրված:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է Կոմիտեի վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկն այն մասին, որ Կոոպերատիվի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանում մուտքագրվել է 16.04.2009 թվականին, հետևաբար, վճռաբեկ բողոքը ներկայացվել է վճռի կայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 229-րդ հոդվածով նախատեսված եռամսյա ժամկետի խախտմամբ, քանի որ Կոոպերատիվը սույն վճռաբեկ բողոքը մինչ բողոքարկման եռամսյա ժամկետի լրանալը` 14.04.2009 թվականը, մուտքագրել է փոստային ծառայություն, ինչը հաստատվում է գործում առկա ծրարի վրա դրված դրոշմակնիքով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 13.01.2009 թվականի վճռի՝ պետական տուրքի գծով հայցը բավարարելու մասը և այդ մասով գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան