Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին 1999 թվականի հոկտեմբերի 8-ի Համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Համաձայնագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «հաշվի առնելով «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի արձանագրության և «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի դրույթները»։
2. 2-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ԱՊՀ մասնակից պետությունների տարածքների ծագման ապրանքների մասով մաքսային ընթացակարգերի պարզեցումը (ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 1993 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ հաստատված՝ Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին համապատասխան` հաշվի առնելով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 1996 թվականի հոկտեմբերի 18-ի որոշմամբ կատարված՝ 9-րդ կետի խմբագրումը, և «Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» 2009 թվականի նոյեմբերի 20-ի համաձայնագրի անբաժանելի մասը կազմող՝ Ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին համապատասխան)՝ առանց նշված պետություններից յուրաքանչյուրի ազգային շահերին վնաս հասցնելու»։
3. 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Սույն Համաձայնագիրը կիրառվում է «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրի, դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի արձանագրության կամ «Ազատ առևտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի մասնակից պետությունների կողմից»։
4. 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6
Անհրաժեշտության դեպքում Կողմերը միջազգային երկկողմ պայմանագրերի հիման վրա պետական (մաքսային) սահմանների անցակետերում ստեղծում են համատեղ մաքսային հսկողության իրականացման և մաքսային գործառնությունների կատարման համար պայմաններ»։
5. 2-րդ, 5-րդ և 9-րդ հոդվածներում «մաքսային ձևակերպման» բառերը փոխարինել «մաքսային գործառնությունների կատարման» բառերով։
6. 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածներում «ապրանքների մաքսային ձևակերպման» բառերը փոխարինել «ապրանքների մասով մաքսային գործառնությունների կատարման» բառերով։
Հոդված 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին հանձնելու օրվանից։
Կատարված է Աշխաբադ քաղաքում 2019 թվականի մայիսի 31-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն։ Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
Ադրբեջանի Հանրապետության
|
Ռուսաստանի Դաշնության
|
Հայաստանի Հանրապետության
|
Տաջիկստանի Հանրապետության
|
Բելառուսի Հանրապետության
|
Թուրքմենստանի Կառավարության
|
Ղազախստանի Հանրապետության
|
Ուզբեկստանի Հանրապետության
|
Ղրղզստանի Հանրապետության
|
Ուկրաինայի Կառավարության
|
Մոլդովայի Հանրապետության |
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՊԱՀՈՒՄԸ
2019 թ. մայիսի 31-ի՝ ««Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին» 1999 թվականի հոկտեմբերի 8-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ
Համաձայնագրում շարադրված իրավունքներից, պարտականություններից և դրույթներից ոչ մեկը Ադրբեջանի Հանրապետության կողմից չի կիրառվի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության բոլոր բռնագրավված տարածքներում իրականացվող գործունեության նկատմամբ մինչև Հայաստանի Հանրապետության կողմից դրանց ազատումն ու ագրեսիայի հետևանքների լիակատար վերացումը:
Ադրբեջանի Հանրապետության վարչապետ` |
Նովրուզ Մամեդով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
««Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին» 1999 թվականի հոկտեմբերի 8-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության կողմից վերապահում ներկայացվելու առնչությամբ
Ադրբեջանի Հանրապետության կողմից ««Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին» 1999 թվականի հոկտեմբերի 8-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վերաբերյալ վերապահում ներկայացնելու առնչությամբ՝ նշված Արձանագրության ոչ մի իրավունք, պարտավորություն և դրույթ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ չեն կիրառվի մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, որը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի (Արցախի Հանրապետություն) նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության իրականացրած էթնիկ զտումների քաղաքականության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանք է:
Փոխվարչապետ՝ |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |