Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.09/8(360).1 Հոդ.198
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0504/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/0504/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

               Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին,

դռնբաց դատական նիստում, քննելով Նելսոն Խաչատրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Նելսոն Խաչատրյանի հայցի ընդդեմ Լյովա Հարությունյանի` 2.178.000 ՀՀ դրամ պատճառված վնասի, 43.560 և 100.000 ՀՀ դրամ փաստացի կատարված ծախսերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Նելսոն Խաչատրյանը պահանջել է բռնագանձել Լյովա Հարությունյանից 2.178.000 ՀՀ դրամ պատճառված վնասը, 100.000 ՀՀ դրամ փաստաբանական ծառայություն մատուցելու համար վճարված գումարը, 43.600 ՀՀ դրամ պետական տուրքը, ինչպես նաև 31.12.2007 թվականից մինչև պարտքի փաստացի մարման օրը 2.178.000 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` ըստ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 22.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 30.04.2009 թվականի որոշմամբ Լյովա Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 22.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելսոն Խաչատրյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է Նելսոն Խաչատրյանի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 22.12.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Վերաքննիչ դատարանին հասցեագրված 05.02.2009 թվականի դիմումով Նելսոն Խաչատրյանը խնդրել է փաստաթղթերն ուղարկել Երևանի Պուշկինի 35 թիվ 20 հասցեով (հատոր 2-րդ, գ.թ.38):

2. Վերաքննիչ դատարանի 22.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Նելսոն Խաչատրյանին ուղարկվել է Երևանի Մաշտոցի պողոտա 3 շենք թիվ 30 հասցեով (հատոր 2-րդ, գ.թ. 64,66):

3. Նելսոն Խաչատրյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս` ըստ Հասմիկ Էլոյանի դիմումի` 13.03.2009թ., քաղաքացիական գործ թիվ 3-15/ՎԴ (ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և ժառանգ ճանաչելու պահանջների մասին):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատշաճ ձևով չի տեղեկացրել Նելսոն Խաչատրյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու որոշում կայացրել:

Մասնավորապես, Նելսոն Խաչատրյանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Վերաքննիչ դատարանին հայտնել է գործի վարույթի ժամանակ իր հասցեն փոխելու մասին: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը 22.04.2009 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Նելսոն Խաչատրյանին ուղարկել է նախկին` Երևանի Մաշտոցի պողոտա 3 շենք թիվ 30 հասցեով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը Նելսոն Խաչատրյանին պատճաշ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.04.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան