ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2775/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/2775/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան | |
Դատավորներ՝ Գ. Մատինյան Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին,
դռնբաց դատական նիստում, քննելով Գոհար Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Գոհար Կիրակոսյանի հայցի ընդդեմ Լևոն Զազյանի` ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գոհար Կիրակոսյանը պահանջել է բռնագանձել Լևոն Զազյանից, հօգուտ իր խնամքին գտնվող դստեր` Մանե Զազյանի, ալիմենտ 50.000 ՀՀ դրամի չափով:
Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` 30.000 ՀՀ դրամի չափով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.06.2009 թվականի որոշմամբ Գոհար Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Կիրակոսյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Լևոն Զազյանն աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում և ստանում է կանոնավոր վաստակ, հետևաբար, ալիմենտի չափը պետք է որոշվեր Լևոն Զազյանի վաստակի մեկ քառորդի չափով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և փոփոխել` հայցը բավարարել` Լևոն Զազյանից բռնագանձել ալիմենտ վաստակի մեկ քառորդի չափով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի` 02.03.2009 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Լևոն Զազյանը ճանաչվել է 02.10.2007 թվականին ծնված Մանե Զազյանի հայրը (գ.թ.64):
2. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 19.12.2008 թվականի թիվ 17/10-20628 տեղեկանքի համաձայն` Լևոն Զազյանի աշխատավարձը կազմում է 62.087 ՀՀ դրամ, իսկ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդից ստանում է հավելավճար` ամսական միջին հաշվով 174.000 ՀՀ դրամ: Լևոն Զազյանի միջին ամսական աշխատավարձը և դրան հավասարեցված վճարները կազմում են 236.087 ՀՀ դրամ (գ.թ.40):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով` մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը:
Նույն օրենգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողների միջև երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում դատարանն իրավունք ունի բռնագանձվող ալիմենտի ամենամսյա չափը սահմանելու կայուն դրամական գումարով կամ միաժամանակ և դրամական կայուն գումարով, և բաժիններով:
Նույն մասի առաջին պարբերության նորմերը կիրառվում են, եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև այն դեպքերում, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
ա) ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,
բ) վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,
գ) վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից դատական կարգով ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործեր քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար նախ և առաջ պետք է գնահատման առարկա դարձնի և պարզի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և այլ եկամտի միաժամանակյա կամ դրանցից որևէ մեկի առկայությունը, իսկ կայուն դրամական գումարով ալիմենտի բռնագանձման հնարավորությունը նախատեսվում է բացառիկ դեպքերում, այն է` եթե այդ ծնողների վաստակից և (կամ) այլ եկամտից բաժնային հարաբերակցությամբ ալիմենտի բռնագանձումն անհնար կամ դժվար է կամ էլ էականորեն վնասում է ստացողներից որևէ մեկի շահերին, ինչպես նաև, երբ երեխաների համար ալիմենտ վճարելու պարտականություն ունեցող ծնողը`
-ստանում է ոչ կանոնավոր կամ փոփոխվող վաստակ և (կամ) այլ եկամուտ,
-վաստակ և (կամ) այլ եկամուտ ստանում է բնամթերքի տեսքով կամ արտարժույթով,
-վաստակ և (կամ) այլ եկամուտ չի ստանում կամ չունի:
Սույն գործում առկա ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի 19.12.2008 թվականի թիվ 17/10-20628 տեղեկանքի համաձայն` Լևոն Զազյանը ստանում է կանոնավոր վաստակ և միջին ամսական աշխատավարձն ու դրան հավասարեցված վճարները կազմում են 236.087 ՀՀ դրամ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ ընտանեկան օրենգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասը սույն գործով կիրառելի չէ, քանի որ Լևոն Զազյանի մոտ կանոնավոր վաստակի առկայության դեպքում, ինչպես նաև ելնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի երեխայի շահերից, Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը:
Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լևոն Զազյանը ստանում է կանոնավոր վաստակ, ինչպես նաև անտեսվել են ուշադրության արժանի երեխայի շահերը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.06.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Է. Հայրիյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. Խունդկարյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|