ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1399/02/08 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1399/02/08 2009թ. |
Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան | |
Դատավորներ՝ Ա. Մկրտչյան Ն. Բարսեղյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Տ. Պետրոսյանի | |
|
Վ. Աբելյանի | |
|
Ս. Անտոնյանի | |
Վ. Ավանեսյանի | ||
|
Ա. Բարսեղյանի | |
Մ.Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյանի | ||
|
Ե. Սողոմոնյանի |
2009 թվականի դեկտեմբերի 4-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արսեն Միրզոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արևհատ Ղարիբյանի ընդդեմ Արսեն Միրզոյանի՝ երեխաներին իր հետ բնակվել թույլատրելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արևհատ Ղարիբյանը պահանջել է թույլատրել երկու երեխաներին՝ 29.04.1992 թվականին ծնված Արտակ Միրզոյանին և 17.05.2002 թվականին ծնված Լուիզա Միրզոյանին, բնակվել իր հետ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.02.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 18.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 17.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արսեն Միրզոյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արևհատ Ղարիբյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 41-րդ, 42-րդ, 49-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը, 47-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 90-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, չի կիրառել ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 53-րդ հոդվածները, 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը դուրս է եկել բողոքի շրջանակներից և առաջնորդվել է երեխաների շահերի առավել ապահովման սկզբունքով, սակայն վեճի լուծումն իրականում բացարձակ չի բխում երեխաների շահերից, քանի որ հաշվի չի առնվել ծնողների հավասարության սկզբունքը: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել բողոք բերած անձի կողմից երեխաների բնակության վայրը համաձայնությամբ որոշելու առաջարկը, չի անդրադարձել երեխաների կողմից ծնողների, քույրերի, հարազատների հետ կապվածության հանգամանքին, ինչպես նաև հայցվորի բարոյական հատկանիշներին: Վերաքննիչ դատարանը, գտնելով, որ բողոք բերած անձը չի ապացուցել Արևհատ Ղարիբյանի գույքային դրության և երեխաների խնամքը լիարժեք հոգալու հարցերի հետ կապված իր փաստարկների հիմքում ընկած հանգամանքները, չի ուսումնասիրել և գնահատել գործով ներկայացված ապացույցները, որոնցով հաստատվում է, որ Արևհատ Ղարիբյանը նպաստառու է, իսկ ինքն աշխատում է և գույքային ու ֆինանսական առումով բավականին ապահովված է:
Վերաքննիչ դատարանը քննության չի առել ինքնաբացարկի հանգամանքը` պատճառաբանելով, որ պատասխանողը նման միջնորդություն չի ներկայացրել, իսկ ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ստորադաս դատարանի դատավորը, տեղյակ լինելով, որ իր որդին խնամակալության մարմնի անդամ է և անմիջական կապ ունի այդ մարմնի հետազոտության ակտերի հետ, պարտավոր էր ինքնաբացարկ հայտնել, մինչդեռ չի հայտնել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.05.2009 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Արդեն մեկ տարի է, ինչ բողոք բերած անձը որևէ փորձ չի կատարել կապվելու իր երեխաների հետ: Որդին սովորում է, նրա ուսման ծախսերը կատարում է ինքը, իսկ աղջիկը հաճախում է դպրոց: Բողոք բերած անձն իրականում չունի որևէ սեփականություն և ոչ մի տեղ հաշվառված չէ: Խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ գործը գտնվել է այլ դատավորի վարույթում: Բացի այդ, Խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի որոշումը ոչ թե միանձնյա կայացրել է առաջին ատյանի դատարանում գործը քննող դատավորի որդին, այլ հանձնաժողովը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) 06.05.1992 թվականի թիվ VIII-СЛ N 263738 և 20.05.2002 թվականի թիվ ԱԱ 333589 ծննդյան վկայականների համաձայն` Արսեն Միրզոյանը և Արևհատ Ղարիբյանը համատեղ կյանքում ունեցել են երկու երեխա` 29.04.1992 թվականին ծնված Արտակ Միրզոյանին և 17.05.2002 թվականին ծնված Լուիզա Միրզոյանին (գ.թ. 6, հ. 1):
2) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 20.06.2008 թվականի վճռով Արսեն Միրզոյանի և Արևհատ Ղարիբյանի ամուսնությունը լուծվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2008 թվականի որոշմամբ նշված վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ (գ.թ. 7, 34-35, հ.1):
3) Սույն գործի քննությանը մասնակցել է Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովը, որի 23.10.2008 թվականի և 03.11.2008 թվականի հետազոտության ակտերի համաձայն` անչափահասներ Արտակ և Լուիզա Միրզոյանների կենսապայմաններն ուսումնասիրելու նպատակով այցելություններ են կատարվել Արսեն Միրզոյանի և Արևհատ Ղարիբյանի բնակության վայրեր: Հանձնաժողովի կազմում ընդգրկվել, աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել և հետազոտության ակտերը ստորագրել է իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը, ով սույն գործով առաջին ատյանի դատարանում վճիռ կայացրած դատավորի որդին է (գ.թ. 56-58, հ. 1):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ: Սույն օրենքի իմաստով անձի հետ արյունակցական կապի առաջին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, ամրագրելով յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը՝ սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը՝ օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես՝ Կարինե Հարությունյանի դիմումը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականի որոշումը):
Սույն քաղաքացիական գործով Դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել նաև Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի 23.10.2008 թվականի և 03.11.2008 թվականի հետազոտության ակտերը:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, առարկայազուրկ է համարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի խախտման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը դատարանում նման միջնորդությամբ հանդես չի եկել, իսկ այդ փաստարկի հիմքը չի կարող ազդել գործի ելքի վրա, առավել ևս, որ ինքնաբացարկի վերաբերյալ որոշումները բողոքարկման ենթակա չեն:
Սույն գործի փաստերի համաձայն` որպես գործին մասնակցող անձ Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկվել, աշխատանքներին անմիջական մասնակցություն է ունեցել և հետազոտության ակտերը ստորագրել է «Արաբկիր թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը, ով սույն գործով վճիռ կայացրած առաջին ատյանի դատարանի դատավորի որդին է:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձ Երևանի Արաբկիր համայնքի խնամակալության և հոգաբարձության հարցերի հանձնաժողովի կազմում ընդգրկված և հանձնաժողովի դիրքորոշման հարցում իր անմիջական մասնակցությունն ունեցած իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետը սույն գործով վճիռ կայացրած դատավորի հետ գտնվում է արյունակցական կապի առաջին աստիճանի մեջ:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքի մասին տեղյակ լինելով` դատավորը պարտավոր էր իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ հայտնել, ինչը չանելու պատճառով ողջամիտ կասկած է հարուցել տվյալ գործով իր անկողմնակալության մեջ և չի առաջարկել բավարար երաշխիքներ իր անաչառության կապակցությամբ առաջացած օրինաչափ կասկածը բացառելու համար:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խախտվել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության, հետևաբար նաև` արդար դատաքննության իրավունքը:
Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում վկայակոչված նյութական և դատավարական իրավունքի մյուս նորմերի խախտման վերաբերյալ փաստարկներին, ապա վերը նշված դատավարական նորմի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանց չի անդրադառնում:
Վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները հերքվում եմ վերոնշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` | Տ. Պետրոսյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Ե. Սողոմոնյան |