Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2008.02.11/9(17)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2007
Ստորագրման ամսաթիվ
19.03.2007

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեվ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու եվ շահագործելու բնագավառում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ցանկանալով օգտագործել Մեղրի և Ղարաչիլար վայրերում Արաքս գետի հիդրոներուժը,

հաշվի առնելով Կողմերի միջև առկա բարիդրացիական փոխհարաբերությունները,

առաջնորդվելով հավասարության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա տնտեսական և տեխնիկական համագործակցության ամրապնդման և զարգացման, ինչպես նաև միմյանց շահերը փոխադարձ հարգելու ձգտումով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան կազմակերպությունների միջոցով կհամագործակցեն Արաքս գետի վրա (Մեղրի և Ղարաչիլար) հեդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման բնագավառում: Կողմերը պայմանավորվում են ամրագրել Արաքս գետի հիդրոէներգետիկ ներուժն օգտագործելու երկու պետությունների իրավունքը միջազգային պայմանագրերի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություններում և անհրաժեշտության դեպքում պաշտպանել այդ իրավունքը:

 

Հոդված 2

 

Մեղրի և Ղարաչիլար հեդրոէլեկտրակայանների կառուցումը կսկսվի 2007 թվականին և կավարտվի վեց տարվա ընթացքում։

 

Հոդված 3

 

Կողմերը կֆինանսավորեն Մեղրի և Ղարաչիլար հեդրոէլեկտրակայանների նախագծումը, կառուցումը և սարքավորումներով ապահովումը` յուրաքանչյուրը իր տարածքում տեղակայված հիդրոէլեկտրակայանի (Հայաստանի Հանրապետությունում Մեղրիի և Իրանի Իսլամական Հանրապետությունում Ղարաչիլարի) ծախսերը հոգալու միջոցով:

 

Հոդված 4

 

Կողմերը կսահմանագծեն համատեղ ուսումնասիրության և շինարարական գոտին` Արաքս գետի հիդրոէլեկտրակայանների և դրանց առնչվող շինությունների ուսումնասիրություններն ու կառուցումը ավարտելու նպատակով, և կապահովեն այդ գոտու անվտանգությունը շինարարական աշխատանքների իրականացման և շահագործման ընթացքում։ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանով երկու երկրների քաղաքացիների երթևեկության և վերոնշյալ տարածք շինանյութի և սարքավորումների ներմուծման ձևերը կսահմանվեն առանձին կանոնակարգով, որը երկու ամսվա ընթացքում կստորագրեն երկու երկրների պաշտոնյաները` վերոնշյալ ուսումնասիրության և շինարարության գոտում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանային երթևեկությունը դյուրացնելու համար:

 

Հոդված 5

 

Յուրաքանչյուր Կողմ ինքնուրույն կկատարի իր ընթացիկ աշխատանքները, այդ թվում` շինությունների, սարքավորումների և ամբարտակների և հիդրոկայանների շահագործման, պահպանման և վերանորոգման աշխատանքները և կխուսափի ցանկացած քայլից, որը կվնասի էլեկտրակայաններին և դրանց բնականոն գործունեությանը: Այն դեպքերում, երբ Կողմերից որևէ մեկի համար անհրաժեշտություն կառաջանա ստուգելու կամ վերանորոգելու մյուս Կողմի տարածքում գտնվող իր շինությունները, Կողմերը կփոխգործակցեն համապատասխան ներկայացուցիչների` իրենց տարածք անարգել մուտքն ու ելքը ապահովելու հարցում:

Յուրաքանչյուր Կողմ կհոգա իրեն պատկանող շինությունների վերանորոգման, պահպանման և շահագործման հետ կապված բոլոր ծախսերը։

 

Հոդված 6

 

Կողմերը փոխադարձ պայմանավորվածությամբ միմյանց հետ կհամագործակցեն ամբարտակների, թունելների, էլեկտրակայանների և տեխնիկայի ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքներ իրականացնելու հարցերում և կմատուցեն փոխադարձ ծառայություններ այդ պայմանավորվածությունների համաձայն։

 

Հոդված 7

 

Կողմերը կարող են նախապես ձեռք բերված համաձայնությամբ կատարել Ղարաչիլարի և Մեղրիի էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի փոխանակում։

 

Հոդված 8

 

Յուրաքանչյուր Կողմ, ըստ նախնական պայմանավորվածության, մյուս Կողմին կփոխհատուցի Մեղրիի և Ղարաչիլարի հիդրոէլեկտրակայանների կառուցման արդյունքում հողատարածքների և շինությունների ջրասուզման հետևանքով իր պատճառած վնասները։ Կողմերից որևէ մեկի կողմից մյուս Կողմի տարածքում շինությունների (ամբարտակների) կառուցումը մյուս Կողմի համար սեփականության որևէ իրավունք չի առաջացնի կամ չի խախտի Կողմերի տարածքային ամբողջականությունը։

 

Հոդված 9

 

Էլեկտրակայանների կառուցումը դյուրացնելու նպատակով Կողմերը հայտնեցին իրենց մտադրությունը՝ օգտագործելու երկու երկրների ֆինանսական, տեխնիկական, ճարտարագիտական և շինարարական ներուժը, ինչպես նաև շինանյութերի և սարքավորումների ձեռքբերման հարցում իրենց կարողությունները` երկու երկրներում գործող կանոնների և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև փոխադարձ պայմանավորվածության համաձայն:

 

Հոդված 10

 

Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների և ամբարտակների կառուցումը որևէ փոփոխություն չի առաջացնի երկու երկրների սահմանագծերում, և գոյություն ունեցող սահմանագիծը ամբարտակի կառուցումից և ջրամբարի ստեղծումից հետո կսահմանագծվի ջրամբարի մակերևույթի վրայով` երկու երկրների միջև ճանաչված սահմանով:

 

Հոդված 11

 

Կողմերը չպետք է օգտագործեն ջուրը այլ նպատակներով, քան սահմանված է ծրագրով: Կողմերը համաձայնում են, որ պետք է կանխեն ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել վնասակար արտանետումների միջոցով Արաքս գետի, ամբարտակների և շրջակա միջավայրի աղտոտմանը: Կողմերը նաև համաձայնում են, որ կուսումնասիրեն բոլոր բնապահպանական չափանիշները, և Կողմերից մեկի կողմից ամբարտակի և շրջակա միջավայրի աղտոտման դեպքում այդ Կողմը կստանձնի աղտոտումը վերացնելու և պատճառած վնասները հատուցելու պատասխանատվությունը:

 

Հոդված 12

 

Կողմերը սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ իրականացման ընթացքում ծագած տարաձայնությունները (եթե այդպիսիք լինեն) կլուծեն խորհրդակցությունների և դիվանագիտական բանակցությունների միջոցով:

 

Հոդված 13

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ազգային օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցումը ստանալու օրվանից և ուժի մեջ կմնա մինչև դրա ամբողջական կատարումը։

 

Կատարված է Մեղրի քաղաքում, 2007 թ. մարտի 19-ին, որը համապատասխանում է իրանական օրացույցի 1385 թ. Էսֆանդի 28-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, պարսկերեն և անգլերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը: