Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.04.09/8(360).1 Հոդ.213
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0758/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0758/02/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Կ. Չիլինգարյան

               Կ. Հակոբյան

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Էլիչկա Զաքարովայի, Ֆենյա, Վարդան, Ալվարդ, Գառնիկ Նիկողոսյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էլիչկա Զաքարովայի ընդդեմ Ֆենյա, Արթուր, Ռոբերտ, Վարդան, Ռուզաննա, Արշակ, Անդրանիկ, Ալվարդ, Գառնիկ, Մարինե, Մերինե, Կարեն, Գոռ Նիկողոսյանների և Կարինե Հովսեփյանի՝ առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, Կարինե Հովսեփյանի, Արթուր Նիկողոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Էլիչկա Զաքարովայի և Լարիսա Գասպարյանի` ապօրինի զբաղեցրած բնակարանից վտարելու պահանջի մասին, Ռուզաննա Նիկողոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Էլիչկա Զաքարովայի և Լարիսա Գասպարյանի` բնակարանից վտարելու և գործարքն անվավեր ճանաչելու պահանջների մասին և Արթուր, Կարեն, Գոռ Նիկողոսյանների և Կարինե Հովսեփյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ֆենյա, Ռուզաննա, Արշակ, Մարինե, Անդրանիկ, Վարդան, Ալվարդ, Գառնիկ Նիկողոսյանների, երրորդ անձինք Էլիչկա Զաքարովայի և Լարիսա Գասպարյանի` գնելու նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան` Էլիչկա Զաքարովան պահանջել է վավեր ճանաչել 02.03.2006 թվականի Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 հասցեի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կարինե Հովսեփյանը և Արթուր Նիկողոսյանը պահանջել են Էլիչկա Զաքարովային և Լարիսա Գասպարյանին վտարել Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանից:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ռուզաննա Նիկողոսյանը պահանջել է Էլիչկա Զաքարովային և Լարիսա Գասպարյանին վտարել Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանից և անվավեր ճանաչել 02.03.2006 թվականի Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 հասցեի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը:

 Էլիչկա Զաքարովան, փոփոխելով հայցապահանջը, հրաժարվել է առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջից և պահանջել է բռնագանձել 74040 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

 Էլիչկա Զաքարովան, փոփոխելով հայցի պահանջը, հրաժարվել է 74040 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջից և պահանջել է վավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը:

 Երևանի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2008 թվականի վճռով Էլիչկա Զաքարովայի հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է հօգուտ Էլիչկա Զաքարովայի բռնագանձել 20970 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռուզաննա Նիկողոսյանի, Կարինե Հովսեփյանի և Արթուր Նիկողոսյանի հակընդդեմ հայցերը բավարարվել են:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.06.2008 թվականի որոշմամբ բեկանվել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 10.03.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան` նոր քննության:

 Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արթուր, Կարեն, Գոռ Նիկողոսյանները և Կարինե Հովսեփյանը պահանջել են Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի նկատմամբ ճանաչել իրենց գնելու նախապատվության իրավունքը:

 Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 24.02.2009 թվականի վճռով Էլիչկա Զաքարովայի հայցը բավարարվել է: Վճռվել է վավեր ճանաչել Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 հասցեում գտնվող բնակարանի առուվաճառքի գործարքը` Էլիչկա Զաքարովային թույլատրելով Կարինե Հովսեփյանին, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյաններին վճարելու 3517 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ռուզաննա Նիկողոսյանի, Կարինե Հովսեփյանի և Արթուր Նիկողոսյանի, ինչպես նաև Արթուր, Կարեն, Գոռ Նիկողոսյանների և Կարինե Հովսեփյանի հակընդդեմ հայցերը մերժվել են: Ֆենյա, Արթուր, Ռոբերտ, Վարդան, Ռուզաննա, Արշակ, Անդրանիկ, Ալվարդ, Գառնիկ, Մարինե, Մերինե, Կարեն, Գոռ Նիկողոսյաններից, Կարինե Հովսեփյանից համապարտության կարգով հոգուտ Էլիչկա Զաքարովայի 74040 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2009 թվականի որոշմամբ Դատարանի 24.02.2009 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության:

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Էլիչկա Զաքարովան, Ֆենյա, Վարդան, Ալվարդ և Գառնիկ Նիկողոսյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Արթուր, Կարեն, Գոռ Նիկողոսյանները և Կարինե Հովսեփյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածը, 48-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 217-րդ հոդվածի 4-րդ մասը, 219-րդ հոդվածը, 220-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, 53-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արթուր Նիկողոսյանը 26.05.2006 թվականի լիազորագրով լիազորել է Կարինե Հովսեփյանին վաճառելու Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանը, և Կարինե Հովսեփյանը Էլիչկա Զաքարովայից ստացել է 3000 ԱՄՆ դոլար և տվել ստացական, որ ստացել է բնակարանի վաճառքի գումարի մի մասը:

Բացի այդ, Կարեն և Գոռ Նիկողոսյանները գործարքի կնքման պահին եղել են անչափահասներ, որոնց անունից հանդես է եկել նրանց օրինական ներկայացուցիչը` Կարինե Հովսեփյանը: Էլիչկա Զաքարովան, բացառությամբ Արթուր, Կարեն, Գոռ Նիկողոսյաններին և Կարինե Հովսեփյանին վճարվելիք 3517 ԱՄՆ դոլար գումարի, ամբողջությամբ վճարել է Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի պայմանագրով նախատեսված գումարը, որի մասին են վկայում գործում առկա ստացականները, որոնք նույնպես չեն գնահատվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 24.02.2009 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման հիման վրա:

Համասեփականատերերի կողմից պարտավորությունները գրելու պահին Արթուր Նիկողոսյանը գտնվել է ՌԴ-ում, իսկ նրա ընտանիքը, գտնվելով Երևանում, անգամ տեղյակ չի եղել մյուս համասեփականատերերի կողմից բնակարանը վաճառելու մտադրության մասին: Էլիչկա Զաքարովան ոչ միայն խուսափել է գումարներ տալուց, այլ շարունակել է անօրինական համագործակցությունը Ֆենյա, Ռոբերտ և Վարդան Նիկողոսյանների հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 20.10.2003 թվականին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Գայի 29 շենքի թիվ 40 բնակարանը սեփականության իրավունքով պատկանում է Գառնիկ, Ֆենյա, Արթուր, Վարդան, Ռուզաննա, Ալվարդ և Անդրանիկ Նիկողոսյաններին (հ.1-ինգ.թ.18):

Բնակելի ֆոնդի հաշվառման, կառավարման համատիրության աշխատանքների համակարգման բաժնի պետի 02.06.2006 թվականի գրության համաձայն՝ Երևանի քաղաքապետի 12.09.1997 թվականի թիվ 1075 որոշմամբ Գայի 29 շենքի թիվ 40 բնակարանի սեփականաշնորհմանը մասնակցել են 15 անձինք՝ Նիկողոսյան Գառնիկ (վարձ.), Նիկողոսյան Ֆենյա (կինը), Նիկողոսյան Արթուր (տղան), Նիկողոսյան Ռոբերտ (տղան), Նիկողոսյան Վարդան (տղան), Նիկողոսյան Ռուզաննա (հարսը), Նիկողոսյան Արշակ (թոռը), Նիկողոսյան Անդրանիկ (թոռը), Սարգսյան Ալվարդ (հարսը) Նիկողոսյան Գառնիկ (թոռը), Նիկողոսյան Մարինե (թոռը), Նիկողոսյան Մերինե (թոռը), Հովսեփյան Կարինե (հարսը), Նիկողոսյան Գոռ (թոռը), Նիկողոսյան Կարեն (թոռը) (հ. 1-ին գ. թ. 17):

2. 25.05.2006 թվականին վաճառողներ Ֆենյա, Ռոբերտ, Վարդան, Ալվարդ, Արշակ Նիկողոսյանների և գնորդ Էլիչկա Զաքարովայի միջև կնքվել է Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքի պայմանագիրը (հ. 1-ին գ. թ. 9):

3. 30.05.2006 թվականի հայտարարության և 11.05.2006 թվականի պարտավորագրի համաձայն` Ռոբերտ և Վարդան Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել են 1520 և 1491 ԱՄՆ դոլար (հ. 1-ին գ. թ. 18, 222):

4. 07.06.2006 թվականի ստացականի համաձայն՝ Կարինե Հովսեփյանը Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել է 3000 ԱՄՆ դոլար (հ. 1-ին գ. թ. 12):

5. 05.06.2006 թվականի ստացականի համաձայն` Ռուզաննա Նիկողոսյանը Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել է իրեն հասանելիք մասնաբաժինը և ոչ մի պարտք ու պահանջ չունի (հ. 1-ին գ. թ. 13):

6. 05.06.2006 թվականի ստացականի համաձայն` Վարդան, Ալվարդ և Ռուզաննա Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել են 2000 ԱՄՆ դոլար (հ. 1-ին գ. թ. 13):

7. 05.06.2006 թվականի, 13.06.2006 թվականի և 07.06.2006 թվականի ստացականների համաձայն` Վարդան և Ալվարդ Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել են 100 ԱՄՆ դոլար, 530 ԱՄՆ դոլար և 27.000 ՀՀ դրամ և 200 ԱՄՆ դոլար (հ. 1-ին գ. թ. 14, 15, 227ա):

8. 07.07.2006 թվականի Վարդան Նիկողոսյանի հայտարարության համաձայն` Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի կոմունալ ծախսերը մարելու, փաստաթղթերը կարգավորելու համար Էլիչկա Զաքարովան կատարել է վճարումներ (հ. 1-ին գ. թ. 16):

9. 03.05.2006 թվականի հայտարարության համաձայն` Ռոբերտ, Ռուզաննա, Անդրանիկ, Արշակ, Մերինե և Մարինե Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել են 3060 ԱՄՆ դոլար (հ. 1-ին գ. թ. 218):

10. 05.06.2006 թվականի հայտարարության համաձայն` Ռոբերտ և Ռուզաննա Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքից Էլիչկա Զաքարովայից ստացել են իրենց և իրենց երեխաների մասնաբաժինը ամբողջությամբ և ոչ մի պարտք ու պահանջ չունեն (հ. 1-ին գ. թ. 219):

11. 15.06.2006 թվականի ստացականի համաձայն` Ռոբերտ Նիկողոսյանը Էլիչկա Զաքարովայից Արշակ Նիկողոսյանի փոխարեն ստացել է 1533 ԱՄՆ դոլար` որպես Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանի առուվաճառքի հասանելիք մասնաբաժինը (հ. 1-ին գ. թ. 225):

12. Արթուր Նիկողոսյանի կողմից տրված 26.05.2006 թվականի լիազորագրի համաձայն` Կարինե Հովսեփյանը լիազորվել է ցանկացած գնով և պայմաններով վաճառել Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանը (հ. 1-ին գ. թ. 204):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համատեղ uեփականության մաuնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնoրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեuված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ uեփականության մաuնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր uեփականության տնoրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մաuնակիցների պահանջով՝ գործարք կնքող մաuնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուu կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մաuին:

 Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական վերլուծությանը:

Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով համասեփականատերերից յուրաքանչյուրն իրավունք ունի տնօրինելու համատեղ գույքը, եթե այլ բան նախատեuված չէ նրանց համաձայնությամբ: Ընդ որում ընդհանուր սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված՝ ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը մնացած մասնակիցների պահանջով կարող է անվավեր ճանաչվել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ գործարք կնքած անձի լիազորությունների բացակայության մասին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր համատեղ սեփականության գույքը տնօրինելու դեպքում գործում է համասեփականատերերի համաձայնության և դրա տնօրինման իրավունքի առկայության կանխավարկածը (տես՝ Անուշ Արտաշեսյանի հայցն ընդդեմ Արմենուհի Ստեփանյանի, ՀՀ Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի, Լյուդվիկ Հովհաննիսյանի` բնակարանի առուվաճառքի պայմանագիրը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին. Վճռաբեկ դատարանի 18.09.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/0275/02/08 գործով որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելիս, իսկ հակընդդեմ հայցերը մերժելիս հաստատված է համարել, որ Էլիչկա Զաքարովան մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, Կարինե Հովսեփյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տրվել է համաձայնություն գործարքն իրականացնելու համար, իսկ գնելու նախապատվության իրավունքը ճանաչվում է միայն բաժնային սեփականության մասնակիցների միջև եղած հարաբերություններում:

Վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց, որ բնակարանն օտարելու համար համասեփականատերեր Կարինե Հովսեփյանը, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյանները տվել են իրենց համաձայնությունը, և հաստատված է համարել, որ Կարինե Հովսեփյանը, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյանները բնակարանի ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներից վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով չի ապացուցվել այն փաստը, որ վեճի առարկա գործարքը կնքելու ժամանակ Ֆենյա, Ռոբերտ, Վարդան, Ալվարդ, Արշակ Նիկողոսյանների մոտ բացակայել է վեճի առարկա գույքը վաճառելու լիազորությունը և դրա մասին գործարքի մյուս կողմը՝ գնորդ Էլիչկա Զաքարովան իմացել է կամ դրա մասին ողջամտորեն ենթադրելու ակնհայտ հնարավորություն է ունեցել:

 Մասնավորապես, սույն գործի փաստերի համաձայն՝ Գայի 29 շենքի թիվ 40 բնակարանի համասեփականատերեր են Ֆենյա, Վարդան, Ալվարդ և Գառնիկ Նիկողոսյանները, ինչպես նաև Կարինե Հովսեփյանը, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյանները, 25.05.2006 թվականին կնքված պայմանագրով Ֆենյա, Ռոբերտ, Վարդան, Ալվարդ, Արշակ Նիկողոսյանները Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանը վաճառել են Էլիչկա Զաքարովային, գործում առկա ստացականների համաձայն` Էլիչկա Զաքարովան Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանը գնելու համար մասնակի կատարել է Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 հասցեում գտնվող բնակարանի առուվաճառքի գործարքը, վճարել է բնակարանի բոլոր համասեփականատերերին, այդ թվում Կարինե Հովսեփյանին: Կարինե Հովսեփյանին, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյաններին պակաս է վճարել 3517 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Բացի այդ, Արթուր Նիկողոսյանի կողմից տրված 26.05.2006 թվականի լիազորագրի համաձայն` Կարինե Հովսեփյանը լիազորվել է ցանկացած գնով և պայմաններով վաճառել Երևանի Գայի պողոտա 29 շենքի թիվ 40 բնակարանը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ֆենյա, Ռոբերտ, Վարդան, Ալվարդ և Արշակ Նիկողոսյանները համասեփականության իրավունքով իրենց պատկանող Գայի 29 շենքի թիվ 40 բնակարանը վաճառելիս ունեցել են այդ գույքը տնօրինելու իրավունք, իսկ տան մյուս համասեփականատերեր Կարինե Հովսեփյանը, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյանները տեղյակ են եղել այդ պայմանագրի մասին և նույնիսկ Կարինե Հովսեփյանը Էլիչկա Զաքարովայից ստացել է տան առուվաճառքի դիմաց վճարված գումարի մասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե կողմերից մեկը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը, իսկ մյուս կողմը խուսափում է գործարքի նոտարական վավերացումից, դատարանն իրավունք ունի գործարքը կատարած կողմի պահանջով այն վավեր ճանաչել:

Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ գործարքը կատարած կողմի պահանջով գործարքը կարող է վավեր ճանաչվել այն պարագայում, երբ այդ կողմը լրիվ կամ մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Էլիչկա Զախարովան մասնակի կատարել է նոտարական վավերացում պահանջող գործարքը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 300-րդ հոդվածը, հիմնավոր չէ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ Կարինե Հովսեփյանը, Արթուր, Կարեն և Գոռ Նիկողոսյանները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի ուժով սեփականության մյուս մասնակիցներից վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի իր բաժինը վաճառել՝ պահպանելով նույն օրենսգրքի 195-րդ հոդվածում նախատեսված կանոնները:

Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն, բացառությամբ հրապարակային սակարկություններով վաճառքի դեպքի:

Նշված հոդվածներից հետևում է, որ բաժնային սեփականության մասնակիցները բաժնային uեփականության ներքո գտնվող գույքը տնoրինելու, այդ թվում բաժնային uեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու իրավունք ունեն: Ընդ որում, եթե բաժնային սեփականության մասնակիցն իր բաժինը վաճառում է երրորդ անձի, ապա բաժնային սեփականության մնացած մասնակիցները, վաճառքի գնով և այլ հավասար պայմաններով, վաճառվող բաժինը գնելու նախապատվության իրավունք ունեն:

Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` վեճի առարկա բնակարանը ընդհանուր համատեղ սեփականություն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր համատեղ սեփականության վաճառքի հետ կապված հարաբերություններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածը կիրառելի չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի քաղաքացիական դատարանի 24.02.2009 վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան