Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2009-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.03.10/10(744) Հոդ.254
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.12.2009
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.12.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ5/0316/05/08

վարչական գործ թիվ ՎԴ5/0316/05/08

2009թ.

Նախագահող դատավոր՝ Էդ. Նահապետյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի դեկտեմբերի 4-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ անհատ ձեռնարկատեր Արմեն Դարմոյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արթիկի տարածքային հարկային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն)՝ ստուգման ակտը փոփոխելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Դարմոյանը պահանջել է փոփոխել Տեսչության 28.10.2008 թվականի թիվ 1101377 ստուգման ակտը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 30.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Տեսչությանը պարտավորեցնել Արմեն Դարմոյանի անձնական հաշվի քարտում կատարել վերահաշվարկ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 24-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործում որևէ ապացույց չկա այն մասին, որ ապրանքները պատկանում են այլ կազմակերպությանը կամ Արմեն Դարմոյանի առօրյա օգտագործման ապրանքներ են, և որքան է կազմում դրանց գումարը: Ընդհակառակը, գործում գտնվող ապացույցները հերքում են Արմեն Դարմոյանի բերած և Դատարանի հաստատած փաստարկներն այն մասին, որ արձանագրության 1, 2, 8, 11, 12, 16, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 կետերում նշված ապրանքները գրանցված են գրանցման գրքում: Մասնավորապես, գրանցման գրքում առկա գրառումներից երևում է, որ արձանագրության 1-9, 13-15, 17-21, 23-28 կետերում նշված ապրանքները գրանցված չեն, իսկ 11, 12, 16, 22 կետերում նշված ապրանքների գների փոփոխությունը կատարվել է գույքագրումից հետո՝ 16.10.2008 թվականին, հետևաբար նշված հանգամանքները ստուգման արդյունքների հետ կապ ունենալ չեն կարող:

Այսպիսով, Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չգնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, այն է՝ լիազորված անձի ստորագրած գույքագրման ակտերը, գրանցման գրքերը, չգրանցված ապրանքների մասին 15.10.2008 թվականի արձանագրությունը, 28.10.2008 թվականի թիվ 1101377 ակտը, 15.10.2008 թվականի Սևակ Ղազարյանի հայտարարությունը՝ Արմեն Դարմոյանի լիազորված անձ համարվելու և լիազորագիրը ներկայացնելու վերաբերյալ, որոշում է կայացրել փաստի հաստատված լինելու մասին:

Դատարանը, կարևորելով Արմեն Դարմոյանի կողմից Սևակ Ղազարյանին լիազորելու փաստը, կողմերից չի պահանջել ներկայացնել այդ փաստը հաստատող ապացույցը՝ լիազորագիրը:

ՀՀ վճռաբեկ դատարանը 17.04.2009 թվականի թիվ ՎԴ/5525/05/08 որոշմամբ նշված իրավական խնդրի վերաբերյալ արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 14.10.2008 թվականի թիվ 1101377 հանձնարարագրի հիման վրա Արմեն Դարմոյանի մոտ ՀՀ օրենսդրությամբ հարկային ծառայության մարմնին վերապահված իրավասության սահմաններում կատարվել է ձեռնարկատիրական գործունեության առարկաների (առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների) գրանցման ճշտության ստուգում (գ.թ. 22):

2) 15.10.2008 թվականին կազմվել է արձանագրություն, որում նշվել են արտադրանքի, ապրանքների և դրանց գների գրանցման (հաշվառման) գրքերում չգրանցված ապրանքների տեսակը, քանակը և գինը: Նշված արձանագրությունը ստորագրել է նաև որպես Արմեն Դարմոյանի լիազորած անձ հանդես եկող Սևակ Ղազարյանը: Վերջինս Արմեն Դարմոյանի լիազորած անձը հանդիսանալու վերաբերյալ 15.10.2008 թվականին տվել է հայտարարություն, ինչպես նաև ստորագրել է 15.10.2008 թվականին կազմված գույքագրման ակտերը (գ.թ. 8, 27, 28-32):

3) Ստուգման արդյունքում 28.10.2008 թվականին կազմվել է թիվ 1101377 ակտը, որով արձանագրվել է, որ «Ա/Ձ Արմեն Դարմոյանի մոտ 15.10.2008թ-ին կատարված գույքագրման արդյունքում պարզվեց, որ նրան պատկանող ք. Արթիկ, Անկախության 31 և Անկախության 42ա հասցեներում գտնվող առևտրի օբյեկտներում առկա ընդամենը ընդհանուր գումարով 5649,0 հազ. դրամի ապրանքներ գրանցված չէին արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) համապատասխանաբար N 3215 և N 3214 գրքերում: Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասը, գանձվում է տուգանք՝ ձեռնարկատիրական գործունեության չգրանցված առարկաների վաճառքի (իրացման) գներով արտահայտված (հաշվարկված) ամբողջ արժեքի 25 տոկոսի չափով՝ գումարով 1412,3 (5649,0 X 25%) հազ. դրամ» (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես, պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունք է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տե՛ս, օրինակ` ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության հայցի ընդդեմ «Ջորջ ընդ Բրանդն» ՍՊԸ-ի` 131.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, թիվ ՎԴ/5525/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ ստուգման ակտի հիմք հանդիսացող 15.10.2008 թվականին կազմված արձանագրությունը Արմեն Դարմոյանի անունից ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը:

Մինչդեռ, Դատարանը, կարևորելով 15.10.2008 թվականին կազմված արձանագրությունն Արմեն Դարմոյանի լիազորած անձի կողմից ստորագրված լինելու փաստը և նշված փաստի ապացուցման բեռը դնելով Տեսչության վրա, պարտավոր էր պահանջել ներկայացնել այդ փաստի ապացույցները, սակայն Դատարանը, առանց համապատասխան ապացույցներ պահանջելու, վերոգրյալ փաստը հիմնավորված չի համարել և այդ հանգամանքը դրել է հայցը բավարարելու հիմքում: Բացի այդ, սույն գործում առկա են հայտարարություններ՝ տրված Սևակ Ղազարյանի՝ որպես ներկայացուցչի կողմից այն մասին, որ կից ներկայացնում է Արմեն Դարմոյանի կողմից տրված լիազորագիրը: Հայտարարություններով Սևակ Ղազարյանը հայտնել է նաև, որ ծանոթացել է հանձնարարագրին և ստուգումը փաստացի սկսվել է, ինչպես նաև հայտնել է, որ փաստացի գների անհամապատասխանության պատճառով 5.649.000 ՀՀ դրամի ապրանք գրանցված չէր հաշվառման գրքերում, ինչը հաշվապահի կողմից գները հաշվառման գրքում սխալ գրանցելու արդյունքում է առաջացել: Սևակ Ղազարյանը՝ որպես ներկայացուցիչ, ստորագրել է նաև գույքագրման ակտերը: Նշված ապացույցները Դատարանը չի գնահատել և չի պահանջել նաև գույքագրման ակտերը Սևակ Ղազարյանի կողմից ստորագրելու լիազորության վերաբերյալ հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ ստուգողները չեն ճշտել Արմեն Դարմոյանին պատկանող գույքը, չեն ստուգել վերջինիս պատկանող փաստաթղթերը, որի արդյունքում արձանագրության մեջ հաշվառվել է այլ կազմակերպությանը պատկանող և առօրյա օգտագործվող գույք: Ստուգողների արձանագրած ապրանքների մեծ մասը գրանցված էր համապատասխան գրքում, չնայած դրան, տարբերություն կար վաճառքի և գրանցման գրքում նշված գների մեջ, որը վերաբերում է արձանագրության 1, 2, 8, 11, 12, 16, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26 համարներում նշված ապրանքներին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանը նշված փաստերը համարել է հաստատված, սակայն բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել և չի գնահատել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող գույքագրման ակտերը, գրանցման գրքերը, չգրանցված ապրանքների մասին 15.10.2008 թվականի արձանագրությունը, 28.10.2008 թվականի թիվ 1101377 ակտը:

Այսպես, գործում առկա չէ որևէ ապացույց, որը թույլ կտար Դատարանին եզրահանգում անել այն մասին, որ արձանագրության մեջ նշված գույքը պատկանում է այլ կազմակերպությանը կամ Արմեն Դարմոյանի առօրյա օգտագործման գույք է:

Ավելին, գործում առկա ապացույցներով հերքվում է նաև Դատարանի պատճառաբանությունն այն մասին, որ ստուգողների արձանագրած ապրանքների մեծ մասը գրանցված էր համապատասխան գրքում, քանի որ գործում առկա գրանցման գրքերում արված գրառումներից երևում է, որ արձանագրությամբ նշված որոշ ապրանքներ գրանցված չեն, իսկ որոշ ապրանքների գների փոփոխությունը կատարվել է 16.10.2008 թվականին, այսինքն՝ գույքագրման ակտերի կազմումից հետո, ինչը ևս չի հետազոտվել և գնահատվել Դատարանի կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.04.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան